ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒՂԱՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ԱՅՑԸ ԹԵՀՐԱՆ


Լեւոն Ահարոնեան

 


Տեղեակ էի, որ շաբաթ առաւօտեան ՀՀ գիւղատնտեսութեան նախարար պրն. Սերգէյ Կարապետեանը, Իրանի "Ջահադէ Քեշա-ւարզի"-ի (Գիւղատնտեսութեան նախարարութեան) հրաւէրով այցելելու էր Իրան: Ժամանելուց առաջ ՀՀ դեսպանատան եւ Իրանի հիւր-ընկալ նախարարութեան կողմից արդէն նախատեսւել էր պրն. Սերգէյ Կարապետեանի այցելութեան եւ հանդիպումների ծրագիրը: Պրն. Կարապետեանի նախատեսւած մէկ շաբաթեայ այցելութեան ծրագիրը, նրա զբաղւածութեան պատճառով կատարւելու էր աւելի սեղմ ժամանակահատւածում: Շաբաթ առաւօտ, Սեպտ. 3-ին, ըստ ծրագրի, նախարարը հասաւ Թեհրանի "Էմամ Խոմէյնի" օդակայանը, որտեղ պաշտօնական ընդունելութիւնը կատարւեց նախարարի տեղակալի միջոցով: Առաւօտեան ժամը 10:00-ին պատւիրակութիւնն ուղեւորւեց դէպի Քարաջ՝ Գիւղատնտեսական Բիոլգիական կենտրոն, ապա ժամը 15:30-ին հանդիպում ունեցաւ Իրանի գիւղատնտեսութեան նախարար դոկտ. Սադեղ Խալիլեանի հետ:
Երեկոյեան պատւիրակութիւնը ընթրիքի էր հրաւիրւած Իրանի գիւղատնտեսութեան նախարարի մօտ, որի հրաւիրեալների շարքում էի նաեւ ես՝ տողերիս հեղինակը: Երկու նախարարների եւ Իրանի նախարարութեան բարձրագոյն պաշտօնեաների ներկայութեամբ ստեղծւած մտերմիկ մթնոլորտում, խօսակցութիւնն ընթացաւ երկու նախարարների միջեւ եւ նախարար Կարապետեանն իր շնորհակալութիւնն յայտնեց պրն. նախարար Խալիլեանին այս հրաւէրի համար: Այս զրոյցի ընթացքում ես էլ իմ հերթին արտայայտւեցի, նշելով, որ 12 տարի՝ 1956-ից 1968-ը, ծառայել եմ Իրանի գիւղատնտեսութեան նախարարութեան մէջ: Ասածս զարմացրեց պրն. նախարարին եւ նրա տեղակալին: Նախարարի տեղակալը՝ դոկտ. Փուր Հեմմաթն ասաց, թէ դա եղել է իր ծննդից առաջ: Իսկ նախարարն էլ նշեց, թէ ինքն այդ թւականներին դեռ երեխայ է եղել:
Ընթրիքն աւարտելով, մի քանի րոպէ եւս զրուցելուց յետոյ, Իրանի գիւղատնտեսութեան նախարարն իր գործակիցների հետ թողեց նախարարութեան պատկան հիւրանոցը, որը գտնւում էր Վելենջաքում, իսկ պրն. Կարապետեանն ու իր պաշտօնեայ պրն. Անդրանիկ Պետրոսեանը, եւ նախարարութեան արտաքին կապերի վարիչը մնացին հիւրանոցում: Ըստ ծրագրի միւս օրը նախարար Կարապետեանը եւ դեսպան Գ. Առաքելեանը, ես եւ պրն.Ռեզա Հէյդարին պիտի ժամանէինք Ղոմ, որպէսզի այցելէինք այնտեղի "Ֆադաք" ձիթապտղի հսկայական այգին: Այդ այցելութիւնն իմ առաջարկով ու պնդումով կատարւեց հետեւեալ պատճառով.
Տարիներ առաջ ես որոշել էի ձիթապտղի 20 հազար տնկի նւիրել Հայաստանին. այդ օրերին պրն. Հենրիկ Քուչինեանը Լոռու մարզի նահանգապետն էր: Նա իմ առաջարկները ընդառաջեց եւ Լոռու մարզի այգետէրների հետ մի հանդիպում նշանակեց: Մեծ ընդառաջում գտած այդ առաջարկը դժբախտաբար չիրականացաւ պրն. Քուչինեանի հանգամանքից հեռանալու պատճառով: Բայց ես յիշելով իմ խոստումը, տարիներ շարունակ մտապահել էի, սպասելով յարմար առիթի՝ այն իրականացնելու համար: Դա մեծ եկամուտ է խոստանում գիւղացիութեանը: 2008 թւականին Իրանի Առեւտրի ու Արդիւնաբերութեան պալատի կողմից, որն ընդգրկում էր "Շորայէ Ալիէ Զէյթուն"-ը, ես, պրն. Շահրոխ Զահիրին եւ պրն. Ալ Էսհաղը՝ Իրանի նախկին առեւտրի նախարարը, հրաւիրւեցինք Ղոմի "Ֆադաք" այգին: "Ֆադաք"-ը այն պարտէզի անունն է, որը մուսուլմանների Մուհամմեդ մարգարէն նւիրել էր իր դստեր՝ Ֆաթեմէ Զահրային: Այգին այցելելուց յետոյ ուղղակի ապշած էի մնացել: Նրա տէրը՝ պրն. Բոլանդ Նազարը համարեա յիսուն տարեկան մի մարդ էր, որ ժամանակին պետութիւնից 120 հեկտար՝ այսինքն՝ 1. 200. 000 ք.մ. տարածք էր վերցրել եւ այն մշակել ամբողջութեամբ: Քարոտ անապատը մաքրել էր քարերից եւ հեռաւոր շրջաններից հող էր բերել՝անշարժ քարերը ծածկելու համար, որից յետոյ այդ աղաշատ հողի մէջ ձիթապտղի տնկիներ էր տնկել: Պէտք է ասել, որ այդ հսկայական տարածքը անմշակ նոյնիսկ մի փոքրիկ մաս էլ չունէր: Սրանից 4 տարի առաջ խիստ ցրտի պատճառով ծառերի մեծ մասը չորացան, սակայն նա իր կամքի ուժով նորից սկսեց մշակել այգին: Մեր կիրակի՝ ամսի 4-ի այցը Կարապետեանին ուղղակի զարմացրել էր. նա հիացել էր կատարւած այդ հսկայայկան աշխատանքով, որը սկսւում էր տնկիների եւ հողերի ուսումնասիրութիւնից մինչեւ պտղի քաղելը, նրա պահեստաւորումը եւ շուկային յանձնելը: Այդ բոլորը գալիս էր մի մարդու, նրա երկու դստեր ու մի որդու անդադար աշխատանքից: Դա տքնաջան աշխատանքի, ուժի եւ խելքի համատեղութեան այգին էր:
Նախարար Կարապետեանը շատ տպաւորւեց այդ այգու կազմակերպութիւնից, եւ ցանկութիւն յայտնեց՝ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան եւ "Ֆադաք" հաստատութեան կամ Իրանի "Շորայէ Ալի Զէյթուն"-ի միջեւ համագործակցութիւն ստեղծելու ուղղութեամբ: Ադ խօսքերը պրն. նախարարից լսելով, իմ ուրախութեանը չափ չկար: Ես նամակներով եւ թէ անձամբ այցելելով պրն. նախարարին միշտ յուշում էի յատկապէս Հայաստանի տաք վայրերում ձիթապտղի տնկիների մշակման կարեւորութեան մասին եւ խրախուսում Իրանից տրակտորներ գնելու: Իհարկէ այս մի այցելութեամբ բոլոր հարցերը չէին կարգաւորւելու: Այնուամենայնիւ, Իրան-Հայաստան Առեւտրի պալատը այդ հարցին ամենայն լրջութեամբ հետեւելու է, որպէսզի այս գործն իր արժանի աւարտին հասնի: Պիտի խոստովանեմ, որ պրն. Բոլանդ Նազարը շատ յարգանքով ու պատւով ընդունեց մեր խմբի անդամներին՝ պրն. նախարար Կարապետեանին եւ Իրանում ՀՀ դեսպան պրն. Գ. Առաքելեանին եւ արտգործ նախարարութեան պաշտօնեաներին: Նրան դուր էին եկել նախարարի տեղեկութիւնները եւ նրա հարցադրումները:
Յատկանշական է, որ Թեհրան-Ղոմի ողջ ճանապարհը ոստիկանութեան եւ անվտանգութեան ուժերի խիստ հսկողութիւն տակ էր գտնւում:
Նոյն օրը, կիրակի, Սեպտեմբերի 4-ին ժամը 3:30-ին, ըստ նախապէս կայացած պայմանաւորւածութեան, երկու նախարարները երկու տարւայ համատեղ աշխատանքի պայմանագիր ստորագրեցին, որը կը ներկայացւի ստորեւ.

ԳՈՐԾՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Հաշւի առնելով երկու երկրների բարիդրացիական յարաբերութիւնները եւ երկկողմ
համագործակցութիւնը զարգացնելու անհրաժեշտութիւնը՝ կայացած բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերւեցին հետեւեալ համաձայնութիւնները:
1. ՀՀ-ում մասնաւոր հատւածների համատեղ ներդրումներով անասնաբուծութեան բնագաւառում (խոշոր եւ մանր եղջերաւոր) իրանական սելեկցիայի Հոլշտինների եւ կաթնատու այլ ցեղերի բուծման եւ տոհմային երինջների աճեցմամբ զբաղւող տաւարաբուծական համալիր ստեղծելու ուղղութեամբ աշխատանքների շուրջ:
2. Հայկական կողմը հետաքրքրութիւն ցուցաբերեց Իրանում հնդկահաւի եւ ջայլամի բուծման ձեռքբերումների նկատմամբ եւ ցանկութիւն յայտնեց իրանական փորձի ներդրմամբ Հայաստանում եւս զարգացնել այդ թռչունների բուծումը:
3. Հաշւի առնելով ԻԻՀ հնարաւորութիւնները ձկնաբուծութեան եւ ջրային կենդանիների բուծման բնագաւառում, ինչպէս նաեւ Հայաստանում տւեալ արդիւնաբերութեան համար բարե-նպաստ պայմանների առկայութեան հանգամանքը՝ հայկական կողմը հետաքրքրութիւն ցուցաբերեց Իրանից Հայաստան ակւակուլտուրաներին անհրաժեշտ ձկան կերի, մանրաձկան ներմուծմանը:
4. Երկու երկրներում աճեցւող պտղատեսակների փորձնական նպատակով փոխանակման եւ բոյսերի վնասատուների դէմ պայքարի կենսաբանական մեթոդների կիրառման ուղղութեամբ համատեղ հետազօտական աշխատանքների համադրում:
5. Իրանական կողմն առաջարկեց կազմել ծրագիր՝ իրանական տեխնոլոգիաներով եւ սարքաւորումներով Հայաստանում արդիւնաբերական եւ կիսաարդիւնաբերական ջերմոցային տնտեսութիւններ ստեղծելու ուղղութեամբ, հաշւի առնելով հայկական կողմի հետաքրքրութիւնն այդ ոլորտի նկատմամբ: Համաձայնութիւն ձեռք բերւեց հա-մապատասխան ներկայացուցիչների մասնակցութեամբ վարել երկկողմ մասնագիտական բանակցութիւններ:
6. Քննարկել իրանական արտադրութեան տարբեր մշակաբոյսերի սերմերի, պատւաստանութիւների ձեռքբերման եւ Հայաստան ներկրման հնարաւորութեան հարցեր:
7. Ֆինանսաւորման պայմանների շուրջ համաձայնութիւն ձեռք բերելուց հետոյ կը համագործակցեն Թաւրիզի տրակտորաշինական գործարանից տրակտորներ եւ գիւղատնտեսական գործիքներ Հայաստան ներկրելու հնարաւորութեան վերաբերեալ:
8. Համատեղ գիւղատնտեսական ծրագրեր Ֆինանսաւորելու նպատակով ԻԻՀ կողմից միջոցներ տրամադրելու առաջարկը կուսումնասիրւի հայկական կողմից եւ արդիւնքների մասին կը տեղեկացնի իրանական կողմին:
9. Կողմերը իրենց օրէնս-դրութեանը համապատասխան գիւղատնտեսական ծրագրերի համար կը նպաստեն երկու երկրների մասնաւոր հատւածի գործունէութեանը:
10. Կողմերը պատրաստակամութիւն յայտնեցին գիւղատնտեսութեան բնագաւառում համագործակցել ԻԻՀ Արեւելեան Ատրպատականի նահանգի հետ:

Երեկոյեան ՀՀ դեսպանատան կողմից հանդիպում էր կազմակերպւել իրանահայ արտադրողների, արհեստաւորների, եւ այդ ոլորտներում հետաքրքրւողների հետ, որը տեւեց մինչեւ ժամը 21:00-ը: Պրն. Կարապետեանը շատ տպաւորւած էր այդ մասնագէտների հանդիպումից:
Ապա նոյն երեկոյեան նւաստիս հրաւէրով "Արարատ" մարզաւանի Այգեստանում կայացաւ ընթրիք, որին ներկայ էին թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս.Արք. Սարգսեանը, ՀՀ Գիւղատնտեսութեան նախարարը, ՀՀ դեսպան պրն.Գրիգոր Առաքելեանը եւ նրա տեղակալ պրն. Գառնիկ Բադալեանը, պրն.Սահակ Եղիազարեանը, պրն.Անդրանիկ Պետրոսեանը, ԹՀԹ Թեմական Խորհրդի ատենապետ՝ պրն. Էդւարդ Բաբախանեանը եւ Հ. Մ. Ա. Կ. Ի-ի կենտրոնական վարչութեան նախագահ՝ պրն. Համիկ Խալոյեանը: Հայ ընտանիքների միջոցով զբաղւած միւս սեղաները եւս ճոխացնում էին մեր ընթրիքի երեկոն:
Երկուշաբթի առաւօտեան ժամը 5-ին պրն. Կարապետեանը եւ դեսպան Գրիգոր Առաքելեանը, պրն. ԱՆդրանիկ Պետրոսեանի ուղեկցութեամբ ուղեւորւեցին Թաւրիզ, որպէսզի այցելեն Թաւրիզի տրակտորաշինական գործարանը: Հարկ է նշել, որ Իրան-Հայաստան Առեւտրի պալատը մօտ երկու տարի էր, ինչ զբաղւում էր այդ գործով: Ըստ պրն. Առաքելեանի՝ հանդիպումը շատ լաւ եւ արդիւնաւէտ է եղել, պատւիրակութիւնը ընդունւել է բարձր մակարդակով եւ տեղի ունեցած բանակցութիւնները եւս բարեյաջող ընթացք են ունեցել:

 

Յոյս թիւ 106

14 Սեպտեմբեր 2011