ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿՈՒ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿՈՒՆԵՆԱՅ


Արմենակ Չատինեան

Հայաստանը կարող է ունենալ փաստացի երկու ատոմակայան՝ գործող ատոմակայանը եւ Մեծամօրի հարթակում կառուցւելիք նոր էներգաբլոկը։
Այս սցենարը բաւական իրատեսական է, որը պարզապէս կախւած է լինելու ՀԱԷԿ-ի շահագործման ժամկէտի երկարացման վերջնական որոշումից։ Հայաստանը հետագայում կարող է ունենալ նաեւ երրորդ ատոմակայանը, եթէ երկրում առկայ ուրանի պաշարները բաւականացնեն։
Ուրանի մեծ պաշարների դէպքում Հայաստանը ոչ թէ այն վաճառելու է, այլ ձգտելու է արտադրել եւ արտահանել էլեկտրաէներգիա։
ՀՀ կառավարութիւնում կայացած ասուլիսին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը յայտարարեց, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկէտի (աւարտւում է 2016թ.) երկարացման վերաբերեալ խօսելը դեռ վաղ է։ Մինչեւ երկարացման վերաբերեալ որոշում ընդունելն անհրաժեշտ է կատարել սարքաւորումների մաշւածութեան, դրանց հնարաւոր հետագայ շահագործման, ռէակտորի անվըտանգութեան մասնագիտական խորը ուսումնասիրութիւններ։ Այդ աշխատանքները բաւական թանկ ու ժամանակատար են, եւ դրանք կարող են իրականացւել շահագործման ժամկէտի աւարտին աւելի մօտ ժամանակահատւածում։
Ինչ վերաբերում է կառուցւելիք նոր էներգաբլոկին, ապա Մովսիսեանը նշեց, որ հայկական կողմը տեղաւորւում է կառուցման նախապատրաստական աշխատանքների եւ բուն շինարարութեան համար նախատեսւած գրաֆիկում (նախատեսւում է, որ նոր ատոմային էներգաբլոկը պատրաստ կը լինի մինչեւ 2016թ.,- Ա.Չ.)։
Ատոմակայանի կառուցման ծրագրի կառավարիչ աւստրալական Worley Parsons ընկերութիւնն արդէն ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնաւորման փաստաթղթի նախնական տարբերակը, իսկ վերջնականը կը լինի տարեվերջին։
Նախարարը յիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս յայտարարել է, որ գործող ատոմակայանը կը հանւի էներգետիկ համակարգից միայն այն ժամանակ, երբ Հայաստանն ունենայ համապատասխան նոր հզօրութիւններ՝ նոր էներգաբլոկ։ Ա. Մովսիսյանը կրկնեց, որ հայկական կողմը ցանկանում է նոր էներգաբլոկում ներդնել միջուկային էներգետիկայի դպրոցների լաւագոյն փորձը։
Ըստ նրա՝ ատոմային բլոկը բաղկացած է հիմնական երեք կարեւոր հանգոյցներից՝ ռէակտոր, տուրբինային համակարգ եւ աւտոմատ համակարգ։ Մէկ երկիրը չի տնօրինում այս երեք դպրոցները միասին, այլ ունի նեղ մասնագիտացում։ Օրինակ՝ Ռուսաստանի ռէակտորները համարւում են լաւագոյններից մէկը, լաւ տուրբիններ արտադրում են գերմանական ընկերութիւնները, իսկ աւտոմատ համակարգեր՝ եւրոպական եւ ամերիկեան ընկերութիւնները,- ասաց էներգետիկայի նախարարը։
Մովսիսեանն ասում է, որ նոր էներգաբլոկի կառուցումն ամենայն հաւանականութեամբ կիրականացնի ստեղծւելիք կոնսորցիումը,որում կընդգրկւեն երեք դըպրոցների տեխնոլոգիաներին տիրապետող լաւագոյն ընկերութիւնները։
Իհարկէ, հնարաւոր է, որ կապալառուն լինի մէկ ընկերութիւն, իսկ անհրաժեշտ լաւագոյն սարքաւորումները ձեռք բերի այդ ընկերութիւններից: Բայց այստեղ առաջանում է պատասխանատւութեան հարցը։ Ատոմակայանների հարցում չափազանց կարեւոր է անվտանգութիւնը, եւ արտադրող ընկերութիւնը պատասխանատւութիւն չի կրի իր արտադրանքի համար, որը տեղադրել է մէկ այլ ընկերութիւն,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցման ֆինանսաւորմանը, ապա, ըստ նրա, այսօր դրանով հետաքրքրւած են մէկ տասնեակ ներդրողներ՝ եւրոպական եւ ռուսական ընկերութիւնններ։ Մովսիսեանի խօսքով՝ էներգաբլոկի կառուցման իւրաքանչիւր փուլ աւարտելուց յետոյ ներդրողների թիւն աւելանում է։
Բացի դրանից՝ կառավարութիւնը քննարկում է նաեւ քաղաքացիներին նոր էներգաբլոկի ֆինանսաւորման գործընթացում ներգրաւելու հարցը։ Հնարաւոր է, որ բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխւի բաց եղանակով, եւ ցանկացած քաղաքացի կարողանայ դրանք ձեռք բերել։

Թուրքիային էլեկտրաէներգիա մատակարարելու հարցը՝ կրկին օրակարգում
Թէեւ Հայաստանից Թուրքիա էլեկտրաէներգիա արտահանելու մասին պայմանագիրը հայկական Բարձրավոլտ էլեկտրացանցեր եւ բելգիական Իւնիտ ընկերութիւնները կնքել էին դեռ անցած տարւայ Սեպտեմբերին, այն առ այսօր կեանքի չի կոչւել:
Ա.Մովսիսեանն ասում է, որ քաղաքական պատճառներից ելնելով՝ Իւնիտը չկարողացաւ իրականացնել հայկական էլեկտրաէներգիայի ներկրումը։ Ըստ նրա՝ ներկայում հայ-թուրքական արձանագրութիւնները նոր շունչ են հաղորդում այս գործընթացին, եւ էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է իրատեսական լինել։
Նախարարը տեղեկացրեց, որ էլեկտրաէներգիայի կազմակերպման հարցերի քննարկման նպատակով Հոկտեմբերի վերջին Երեւան են ժամանելու թուրք մասնագէտներ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ էլեկտրագծի թողունակութիւնը կազմում է 200 Մվտ։ Ըստ նախարարի՝ չի բացառւում, որ արտահանման գործընթացի կազմակերպումից յետոյ սկսւեն նոր էլեկտրագծի կառուցման բանակցութիւնները։
Այսօր Թուրքիան ունի էլեկտրաէներգիայի պահանջարկ, իսկ ներկրումները կատարում է երկրի հիւսիսային մասից, եւ ցանկանում է դիւերսիֆիկացնել ներկըրման աղբիւրները,- ասաց նախարարը։
Ի դէպ, Հայաստանը յաւակնում է տարածաշրջանում ստանձնել էլեկտրաէներգիայի տարանցման եւ կարգաւորիչի իւրատեսակ դեր։ Ներկայում ընթանում են Հայաստան-Իրան եւ Հայաստան-Վրաստան նոր էլեկտրագծերի կառուցման նախապատրաստական աշխատանքները։
Կառուցւելիք էլեկտրագծերի շնորհիւ Հայաստան-Իրան էլեկտրագծերի թողունակութիւնն ընդհանուր առմամբ կը լինի 1400-1500 Մվտ, իսկ Հայաստան-Վրաստան գծինը՝ 600 Մվտ։ Այս ծրագգրերը հնարաւորութիւն կը տան փոխկապակցել Հայաստանի էներգահամակարգը Ռուսաստանի եւ Վրաստանի համակարգերի հետ եւ աշխատել զուգահեռ ռեժիմով։ Հայաստանը նման ռեժիմով արդէն աշխատում է Իրանի հետ։
 

Աղբիւր՝ Կապիտալ բիզնես օրաթերթ
 

Յոյս թիւ 67

27 Յունւար 2010