ՀԱՄԱԽՄԲՒԵԼ ԵՒ ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
 

Լեւոն Ահարոնեան

Այս տարւայ վերջին ամիսներին հայոց աշխարհում քաղաքական կեանքը նկատելի կերպով աշխուժացաւ, որի պատճառն էլ Թուրքիա-Հայաստան սահմանների վերաբացումն էր։
Հայաստանում ու սփիւռքում բոլոր կազմակերպութիւնները, կուսակցութիւնները, հեռուստատեսային ալիքները եւ մամուլը խօսում են Հայաստանի եւ Թուրքիայի նոր յարաբերութիւնների մասին։ Մտաւորականները, պատմաբանները եւ քաղաքագէտները իրենց կարծիքն են յայտնում այդ հարցի շուրջ։ Արխիւները բացւում եւ ուսումնասիրութեան են ենթարկւում։ Մի խօսքով հայ մտաւորականութիւնն ու ողջ հայ ժողովուրդն անտարբեր չէ այս կարեւոր հարցի վերաբերեալ։
Հ.Յ.Դաշնակցութիւնն իր դժգոհութիւնը յայտնեց ՀՀ Արտաքին Գործոց Նախարարի գաղտնապահութեան եւ ժողովրդին չեզոքացնելու համար։ Այդ կուսակցութիւնն իր դժգոհութիւնն արտայայտող առաջին քայլը վերցրեց ՀՀ կոալիցիոն իշխանութիւնից դուրս գալով, որով նա անցաւ կառավարութեան ընդդիմադիրների շարքը։ Ցոյցեր կազմակերպեցին Հայաստանում եւ սփիւռքում, քաղաքական ակտեր կազմակերպեցին, ստորագրութիւններ հաւաքեցին, հացադուլի դիմեցին եւ այլն, բայց Հայաստանի միւս կուսակցութիւնները երբեք նման քայլերի չդիմեցին։ Դա ունի իր պատճառները, որը մի օրինակով պիտի բացատրեմ։ 1988 թւականին Գիւմրիում եւ Սպիտակում տեղի ունեցաւ մի ահաւոր երկրաշարժ, որին զոհ գնացին մեր հայրենակիցներից շատերը։ Այդ օրերին ողջ հայ ժողովուրդը սգաւոր դարձաւ եւ իւրաքանչիւրն իր հերթին ջանաց ցաւակից ու աջակից դառնալ հայրենիքում տուժած իր քոյրերին ու եղբայրներին, բայց դա երբէք չէր կարող հաւասարւել գիւմրեցիների կամ սպիտակցիների տարած ցաւին ու տառապանքներին։ Մեծ Եղեռնի օրերին ոճրագործ իշխանութեան միջոցով զոհւած, իր պապենական հողից ու տնից բռնի ուժով զրկւած եւ աշխարհով մէկ սփռւած արեւմտահայի վիճակն էլ համեմատելի չէ արեւելեան Հայաստանի հայերի վիճակին ու կեանքին։
Հ.Յ.Դ.-ը եւ խորհրդային իշխանութեան ժամանակաշրջանի աքսորւած միւս կուսակցութիւնները, օրինակ՝ ռամկավարները, հնչակեանները եւ ..իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան ու հնարաւորութեան, կազմակերպեց Եղեռնից փրկւած հայերին, հիմնեց եկեղեցիներ ու դպրոցներ, պահեց ու պահպանեց հայ մշակոյթը։ Հ.Յ.Դ.ը ամարեա 90 տարի ապրեց՝ հայրենիք ու հարազատներ կորցրած հայերի կողքին, եւ նրանց մասին հոգ տարաւ։ Այն որպէս իշխող լաւապէս տեղեակ էր ջախջախւած հայի տառապանքների մասին, եւ դա պատճառներից մէկն է, որ Հայաստանի եւ Թուրքիայի նոր բարեկամութեան հարցում, աւելի ակտիւօրէն է հակառակորդի դեր ստանձնել։ Իհարկէ, ինչպէս որ նշեցի, դա չի նշանակում, որ Հայաստանի հայերն անտարբեր են այդ կապակցութեամբ, այլ իմ շեշտը ազդեցութեան համեմատական լինելու վրայ է։ Չպէտք է մոռանալ, որ ցանկացած սփիւռքահայի հետ խօսելիս պարզւում է, որ կամ նրա ընտանիքն է զոհւել կամ էլ հարազատները։
Այդ կապակցութեամբ ոմանք մեղադրում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին եւ արտգործ- նախարար Պրն. Նալբանդեանին՝ իրենց վարած քաղաքականութեան համար եւ ոմանք էլ կտրականապէս դէմ են հակառակորդների հետ հաշտութիւն կնքելուն, իսկ ուրիշները աւանդականօրէն ոչ թուրքին են սիրում ոչ էլ նրանց հաւատում են՝ ասելով, որ եթէ որեւէ երկիր մի ոճրագործութիւն է կատարել եւ 90 տարի ուրանում է կատարածը, ուրեմն ի՞նչ երաշխիք կայ, որ նորից այդ քայլին չի դիմի։
Այս բոլորն ընդամենը մի ակնարկ էր սփիւռքում ու Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններին, իսկ հիմա ուզում եմ անցնել բուն թեմային եւ քննարկել դրանց պատճառները։

Սկսենք 2001 թւականի Սեպտեմբերից, երբ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները յարձակւեցին Աֆղանստանի եւ Իրաքի վրայ, եւ կարճ ժամանակում տապալեցին երկու երկրների իշխանութիւնները։ Սկզբում Ա.Մ.Ն-ում եւ Եւրոպայում ժողովուրդը մեծ ոգեւորութեամբ էր լցւել. ոգեւորութիւն, որն աստիճանաբար խամրեց ու անհետ մարեց, յատկապէս զինուժ առաքած այդ երկու երկրներում շարունակ զոհեր տալով անվերջ պայթոցների ու բախումների հետեւանքով։ Այսպիսով ԱՄՆ-ում ու Եւրոպայում ժողովուրդը յոգնեց կացութիւնից եւ բացէիբաց իր դժգոհութիւնն արտայայտնեց։
Անգլիայում, որ ԱՄՆ-ի ամենամեծ ու հաւատարիմ դաշնակիցն էր, Թոնի Բլերն իր տեղը զիջեց Գորդոն Բրաունին, իսկ ԱՄՆ-ի նախագահ Բուշն էլ ժողովրդի ուշադրութիւնն Իրաքից շեղելու նպատակով, հրթիռային կայաններ հաստատեց Չեխիայում եւ Լեհաստանում, Նատոյին էլ աստիճանաբար մօտեցնում է Կովկասեան երկրներին մանաւանդ Վրաստանին եւ Ադրբեջանին։ Հայաստանում էլ Ռուսաստանը, ինչպէս ասում են, աստիճանաբար երկաթապատ բետոնով իր դիրքներն ամրացրեց։ Հայաստանի սահմանները ռուս զինւորների հսկողութեան տակ է գտնւում։ Հայաստանի ամենախոշոր էլեկտրակայանները՝ Մեծամօրի միջուկային էլեկտրակայանի 2 միաւորներ, որ 800 մէգավատի շուրջ հոսանք են արտադրում, ամբողջութեամբ գտնւում են Ռուսաստանի հսկողութեան տակ։ Հայաստանի հոսանքի բախշման ցանցը պատկանում է մի ռուսական ընկերութեան։ Հայաստանի գազամատակարարման Գազ Պռոմ ընկերութիւնը ռուսական է։ Հայաստանի կապի կոմունիկացիան Արմէն Թելը վաճառեց Beeline ռուսական ընկերութեանը։ Հայաստանի զինուժի եւ ոստիկանութեան կառավարման սիստեմն ու զէնքերը եւս ռուսական արտադրանք են։ Արդեօք այս բոլորը բաւական չէ, որ եղբայր Մէդւեդեւը, մի աչք ծռելով, վերոնշեալ որեւէ մասի աշխատանքը դադարեցնի եւ փոքրիկ Հայաստանին ծնկի բերի։
Իսկ թէ՝ ինչո՞ւ հայ-թրքական յարաբերութիւններն այսքան տարիներից յետոյ միանգամից գրաւեց ողջ աշխարհի ուշադրութիւնը։ Ընդհանուր առմամբ չպիտի կարծենք, որ աշխարհի մեծ ու հզօր երկրներն անտարբեր են այլ երկրների անցուդարձի հանդէպ։ Այս ուղղութեամբ յիշեցի 80-ական թւականներին Թայմ շաբաթաթերթի հրատարակած մի յօդւած Խորհրդային Միութեան վերաբերեալ, ուր պարզ յայտարարւել էր, թէ այդ միութիւնը 10 տարի աւելի կեանք չի ունենայ։ Եւ դա կատարւեց յօդւածի հրատարակումից աւելի քիչ քան 2 տարի յետոյ եւ հետաքրքիրն այն է, որ այդ յօդւածում կանխատեսւել էր բոլոր այն իրադարձութիւնները, այդ թւում նաեւ Արցախի ազատագրումը, որոնք հետագային պատահեցին Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ։
Սա ապացոյցն է այն բանի, որ տարբեր ժամանակաշրջաններում կատարւում են նախապէս որոշւած ու ծրագրւած փոփոխութիւններ, որոնք երբեմն թէեւ չեն համապատասխանում տեղի իշխանութիւնների ցանկութեանը, այդուհանդերձ դրանք նախապէս գծւած ու որոշւած ծրագրեր են, եւ ընդգրկւում են մի ամբողջութեան մէջ։ Օրինակի համար մեծ Միջին Արեւելքի ծրագիրը Ջորջ Բուշի նախագահութեան օրօք մշակւեց, բայց նրա նախագահութեան ժամանակ այդ ծրագիրն անյաջողութեան մատնւեց։ Սակայն այսօր նախագահ Օբաման աւելի քիչ աղմկով սկսել է իրագործել այն՝ Պաղեստինում կատարւած փոփոխութիւնները եւ հրեաների ցանկութիւնը հաշտութիւն կնքելու իրենց արաբ հարեւանների հետ։ Հէնց նոյնիսկ Իրանում էլ միջուկային հարցում նկատւում են դիրքերի փոփոխութիւն։ Հայաստան-Թուրքիա եւ Արցախ-Ադրբեջան յարաբերութիւնները, Վրաստան-Աբխազիայի եւ ռուսների կապը, Նատոյի նւաճումը եւ նրա կանգ առնելը Վրաստանում եւ Ադրբեջանում, ԱՄՆ-ի հրթիռների յենակների տեղափոխումը Չեխիայից եւ Լեհաստանի տարածքից դէպի ծով... Այս բոլոր փոփոխութիւնները նախօրօք որոշւած, գրւած ու հաստատւած են գերուժերի միջոցով։ Ռուսաստանի, Ա.Մ.Ն-ի, Եւրամիութեան դիմաց Թուրքիան, Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը ենթակայ երկրներ են, եւ ոչ որոշողի դերում։ Նրանք պարտաւոր են իրենց յարմարեցնել այդ ընդհանուր ծրագրերին ու որոշումներին տարածաշրջանում, բայց միաժամանակ պիտի շատ լուրջ ու քաղաքագիտական կերպով աշխատեն, եւ ոչ թէ շրջանից դուրս լոզունգներով իզուր շեղել աշխատանքի ընթացքը։ Օրինակի համար Երեւանում վերջերս լսում էի մի յայտնի քաղաքագէտի ելոյթը, ուր նա ասում էր, որ եթէ ՀՀ նախագահը այս ու այն քայլերը չվերցնի, նրանք կը դիմեն իշխանափոխութեան քայլին։
Հարցս այդ քաղաքագէտ պարոնին այն է, որ ենթադրենք, որ յաջողեցիք ու ՀՀ նախագահին տապալեցիք, եւ հէնց այդ ասողն ինքն ընտրւեց ՀՀ նախագահ, արդեօք բոլոր խնդիրները դրանով կը լուծւե՞ն։ Նախագահ Օբամայի՞ն էլ կարող էք տապալել։ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի եւ Եւրամիութեան բոլոր նախագահներին ինչպէ՞ս։ Սա է վկայում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանագիրն ստորագրելու ժամանակ՝ ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Կլինտոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովի, Ֆրանսիայի արտգործնախարար Գեշների եւ այլ բարձր պաշտօնեաների ներկայութիւնը։ 3 ժամ ուշացաւ ստորագրումը, որովհետեւ բանաձեւի պատճառով Պրն. Նալբանդեանը չէր համաձայնւում ստորագրել այն, սակայն ի վերջոյ տկն.Կլինտոնի ներկայութեամբ եւ նրա աջակցութեամբ ստորագրւեց։ Այդ բարձր պաշտօնատարների ներկայութիւնը ապացոյցն է այն բանի, որ հայ-թրքական հարցն աշխարհի համար կարեւոր է եւ դրան է կապւած աշխարհի մի կարեւոր շրջանի ապահովութիւնը, անվտանգութիւնն ու խաղաղութիւնը։
Այստեղ պէտք է անդրադառնանք նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի որդեգրած քաղաքականութեանը, թէ նա ինչպէս ընդունեց ու իրականացրեց այդ կարեւոր հարցը, որը նածընթաց չունէր։ Նա գիտէր Սփիւռքի հայութեանն ու ծանօթ էր նրանց մեծամասնութեան մօտ մի դարի տառապանքներին ու չարչարանքներին, ուստի մի կարճ ժամանակում կատարեց շուրջ 18 հազար մայլ ուղեւորութիւն, որը հաւասար է գրեթէ 30.000 կիլոմետրի։ Երեւանից ուղեւորւեց Փարիզ, Նիւ-Եօրք, Լոսանջելես, Բէյրութ եւ Ռոստով՝ հանդիպելու այդ հայաշատ վայրերի հայերին եւ բացատրելու այդ քաղաքական հարցի էութիւնը։ ՀՀ նախագահի այդ քայլն իրապէս շատ գնահատելի ու սրտամօտ էր, դրա մէջ կար յարգանք ժողովրդի, նրա իրաւունքների ու նրա պահանջների հանդէպ. չնայած, որ Փարիզում, երբ ՀՀ նախագահը յարգանքի համար ծաղիկ էր մատուցում Կոմիտաս վարդապետի արձանին, մի խումբ ջղայնացած մարդկանց անվայել վերաբերմունքին արժանացաւ եւ դժբախտաբար Փարիզի ոստիկանութեան միջամտութեամբ իրարանցումն աւարտւեց, իսկ դահիլիճում էլ ՀՀ նախագահի ելոյթի ու բացատրութիւնների ընթացքում բանից անտեղեակ եւ քաղաքական հարցերին ոչ գիտակ Պրն. Փ-ն այնպիսի անվայել ու կոպիտ տոնով խօսեց նախագահի հետ, որ նախագահը նրան կարգի հրաւիրեց՝ ասելով թէ Պրն. Փ.ն նախ եւ առաջ պիտի սովորի նախագահի հետ ինչպէս խօսել յետոյ իր հարցերը տայ։ Դժբախտաբար, ոմանք իրենց չափը կորցնում են, նրանք չեն գիտակցում, որ ՀՀ նախագահը հայ ժողովրդի կողմից ընտրւած նախագահ է, եւ եթէ որեւէ մէկը նախագահին անարգի, դա նշանակում է, որ նա հայ ժողովրդին է անպատւում։ Նոյնիսկ երկու թշնամի երկրների բարձր պաշտօնեաները, երբ ժողովրդի մօտ իրար են հանդիպում, յարգանքով ու պատւով են իրար կոչում, իսկ պրն. Փ-ն ի՞նչ հանգամանքով է այդպէս խօսում ՀՀ նախագահի հետ։ Նա իր խօսքով ոչ միայն իրեն ու իր գաղափարը չբարձրացրեց, այլ ընդհակառակը՝ արժեզրկեց ու նւաստացրեց։ Ամէն ինչ չափ ու սահման ունի։ Անտեղեակ մարդիկ կրում էին պաստառներ, որոնց վրայ գրւած լոզունգները ՀՀ նախագահին հաւասարեցնում էին հայ ժողովրդի դահիճներին։ Դա մի աններելի քաղաքական ակտ է։ Թւում է անհաւատալի է, որ հայը կարող է այդպիսի անվայել լոզունգով ներկայանալ ժողովրդի մէջ. դա ոչ թէ ամօթ է, այլ խայտառակութիւն։ Դա ուղղակիօրէն Թուրքիայի օգտին է, որ մենք՝ հայերս, սփիւռքահայերի միջոցով Հայաստանի ժողովրդի ընտրած նախագահի արժանապատւութիւնը հաւասարեցնում ենք երեք հայակործան ոճրագործներին։ Յոյսով եմ, որ այդ լոզունգը կրողը մի անգիտակից ու խելագար մարդ էր, որ թափանցել էր ժողովրդի շարքերի մէջ։
Մի ուրիշ քաղաքագէտ (եթէ նրան կարելի է այդպէս անւանել, քանի որ իւրաքանչիւր մարդ, որ քաղաքականութեան այբուբենին ծանօթ լինի, նախ պիտի կշռադատի իր խօսքը, դրա արժէքը, ազդեցութիւնն ու գործնական կարողութիւնը, եւ դրանից յետոյ միայն խօսի) ասում է՝ մենք սփիւռքին կանջատենք Հայաստանից։ Կուզէի այս պրն. քաղաքագէտին խնդրել, որ առաջ պարզի իր հանգամանքը, ուժն ու կարողութիւնը, ապա նման յայտարարութիւններ կատարի։ Յիշեցնենք, որ հայ ժողովրդի դժբախտութիւններից մէկն էլ մեր պատմական ինքնագլուխ նախարարներն են եղել, որոնք մեծ մասամբ որեւէ հարեւան երկրի նւագի տակ են պարել։ Դրանից հայ ժողովուրդը շա՞տ օգուտ տեսաւ, որ այսօր 21-րդ դարում էլ, այս քաղաքագէտն սպառնում է, որ սփիւռքը կանջատի Հայաստանից։ Չէ՞ որ շատ մեծ ժողովուրդ ենք, որ այսպէս էլ պիտի բաժան-բաժան լինենք։ Հիմա ենթադրենք, որ յաջողեցիք եւ Հայաստանից անջատւեցիք. արդեօք 70 տարի, որ սփիւռքահայերը Հայաստանի հետ կապ չունէին, Հայաստանը քայքայւե՞ց, եւ եթէ դուք մնացիք անջատ, ո՞ր երկիրը ձեր անկախութիւնը ընդունեց, իսկ Հայաստանը Մակի անդամ է։ Դուք որպէս քաղաքագէտ, առաւելագոյնը կը կարողանաք մի խմբի մեկուսացնել Հայաստանից, ուրիշ ի՞նչ կարող էք անել, եւ այդ քայլով, վստահաբար, հէնց ձեր ներսում պայթիւն կը ստեղծէք եւ Հայաստանում ժողովրդի մեծամասնութեան աջակցութիւնից ու հովանաւորութիւնից էլ կը զրկւէք։
Սիրելիներ, այսօր հայ ժողովուրդը միայն եւ միայն պիտի համախմբւի Հայաստանի Ազգային Ժողովի եւ իշխանութեան շուրջ, եւ պաշտպանի ՀՀ նախագահին։ ՀՀ նախագահի ուղեւորութիւնից յետոյ նրա հաղորդած պատգամը հայ ժողովրդին շատ յուսալի եւ գնահատելի էր։ Մեր կուսակցութիւնները պիտի միանան իրար եւ ստեղծելով մի ազգային ճակատ, հովանաւորեն ՀՀ նախագահին, որպէսզի նա էլ կարողանայ հայ ժողովրդի իրաւունքները պաշտպանի, հակառակ դէպքում, անուղղակի կերպով կը ծառայեն հայ ժողովրդի թշնամուն՝ Թուրքիային։
Վստահ եմ, որ մեր դիւանագէտներն ու քաղաքագէտները, պատմաբաններն ու քաղաքական իրաւաբանները քաջատեղեակ են, որ Հայաստանն է, որ Թուրքիային տալիս է մի մեծ դարպաս, որով նա մուտք կը գործի Եւրոպա։ Եւրոխորհրդում Թուրքիայի համար կենսական է հայկական հարցը։ Բոլոր հնարաւորութիւններով պէտք է օգնել, որ Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը հայ ժողովրդի պահանջներով մի բետոնէ պատ կառուցի, եւ ըստ հնարաւորի, պաշտպանւած ու անխոցելի դարձնի հայոց ցեղասպանուեան հարցն ու Հայաստանի գրաււած տարածքները։ Այս հարցը պէտք է այնքան մեծացնենք ու փաստեր բերենք, որ Թուրքիային խեղճացնենք եւ պաշտպանողական դերում դնենք։ Թուքիան լաւ գիտի, որ ցեղասպանութիւն է գործել։ Նրանք լաւ գետեն, որ ներկայ Թուրքիայի մի մասը Հայաստանի հողատարածքն է եղել, եւ դրա համար է, որ Թուրքիայի նախապայմաններից մէկն էլ այն է, որ Հայաստանը ճանաչի իրենց տարածքի ամբողջականութիւնը։
Այս բոլորն իրար կողքի դնելով՝ պարզւում է, որ Թուրքիայի ինքնապաշտպանութեան համար ներկայացրած փաստերն այնքան թոյլ ու խախուտ են, որ մեր ապացոյցների միջոցով կարելի է բոլորն էլ ոչնչացնել։
Այստեղ ցանկանում եմ մի յուշով նկարագրել թուրքերի մտահոգութիւնը։ 24 Ապրիլի մօտակայ օրերից մէկն էր, եւ ես էլ գտնւում էի ԱՄՆ-ում։ Հայկական մի հեռուստաալիք եթերում էր հայերի քայլարշաւը Հարաւային Կալիֆորնիայում։ Այնուհետեւ փորձեցին ուղիղ կապ հաստատել թուրք հիւպատոսի հետ՝ նրա կարծիքն իմանալու այդ մասին եւ ընդհանրապէս Եղեռնի կապակցութեամբ։ Նա իր պատասխանն այսպէս ձեւակերպեց. իր մատն ուղղեց հայ տարրական դպրոցի աշակերտ-աշակերտուհիներին եւ ասաց, որ մեր մտահոգութիւնը սրանք են, եւ այն, որ այդ հարցը աստիճանաբար փոխանցւում է նոր ու նոր սերունդներին։ Ահա սա է՝ հակացեղասպանութեան եւ բռնագրաւեալ տարածքների համար պայքարի ճիշտ ձեւը, ոչ թէ ՀՀ նախագահին անարգելը։ Պարզ է, որ երկրի նախագահն էլ իր հերթին, ի վերջոյ իր երկրի ժողովրդի արդար պահանջներին ենթակայ անձ է։
Վերջում ողջունում եմ սիրելի Արա Պապեանին եւ նրա նման հայորդիներին, որոնք իրենց գրած յօդւածներով ու ընծայած փաստերով, Հայաստանի կառավարութեանն ու նախագահին օգնում են այս դժւարին գործում։ Իհարկէ սրանով չեմ ցանկանում որոշակի անձի առանձնացնել, բայց եւ այնպէս, քանի որ ծանօթ եմ սիրելի Արային, առիթը պատեհ համարելով իմ եւ իրանցի մի խումբ մտաւորականների կողմից մէկ անգամ եւս ողջունում եմ նրան եւ այդ ազգանւէր գործում ի սրտէ յաջողութիւն մաղթում։
 

Յոյս թիւ 62

4 Նոյեմբեր 2009