ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը՝ ՏԱՍ ՏԱՐԻ ԱՆՑ
 

Բացառիկ դէպք է 1999 թւականի Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի ահաբեկչութիւնը, որում սպանւեցին Ազգային ժողովի նախագահ Կարէն Դեմիրճեանը եւ վարչապետ Վազգէն Սարգսեանը։ Ի դէպ, Կ. Դեմիրճեանն ու Վ. Սարգսեանը ղեկավարում էին Միասնութիւն դաշինքը, որը մեծ հաւանականութեամբ լինելու էր գալիք ընտրապայքարների յաղթողը։ Այսպիսով, ժամանակի նախագահ Ռոբերտ Քոչարեանը միանգամից ձերբազատւում է իր երկու մրցակիցներից։ Իհարկէ դա դեռ չի նշանակում, որ նախագահը որեւէ ձեւով կարող է դեր ունեցած լինի այդ սպանդի գործում։ Կարելի է ասել, որ պարզա-պէս բախտ է բերել, որ այդ պահին, մի խումբ գաղափարական մարդիկ, կամ ցնդած ուտոպիստներ, դիմել են նման ակտի։ Սակայն կասկածանքները չեն անհետացել եւ շարունակում են քաղաքական նշանակութիւն ունենալ։ Լեւոն Տէր-Պետրոսեանը իր 2008 թւականի նախագահական ընտրարշաւն սկսեց պահանջելով Հոկտեմբերի 27-ի գործի բացայայտումը, որը նա անհնար էր համարում՝ Սերժ Սարգսեանի նախագահ ընտրւելու դէպքում։
Այս տարի ԱԺ-ի շրջափակում տեղադրւելու է Հոկտեմբերի 27-ի զոհերի յուշակոթողը։ Արդե՞օք սրանով հարցը կը դառնայ պատմական-թանգարանային, թէ՞ կը շարունակի մնալ քաղաքական կենդանի բանավէճերի կենտրոնում։
Դէպքի 10-ամեակի առիթով, փնտռել ենք ինտերնետը, եւ մեր ընթերցողների հետ բաժանում ենք մեր յայտնաբերածի լաւագոյնը։
 

 

 

 

 

1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչութեան պահը արձանագրւել է

տեսաերիզի վրայ։ Դէպքի պահը ցուցադրող կարճ վիդէօ-պատկերը

նոյն օրը ցուցադրւեց աշխարհի գլխաւոր հեռուստաալիքներից։

Ահա մի կադր այդ տեսաերիզից։
 

 

 

ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ի ԱՀԱԲԵԿՉՈՒԹԻՒՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՌՕՏ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ
 

Ալեքսանդր Վարպետեան
 

Ալեքսանդր Վարպետեանը փարիզաբնակ էթնոլոգիստ է, որի Genesis (2000), Essence (1995) եւ այլ գրքերը լուրջ պատմական աշխատութիւններ են։ Նա 2009 թւականի Մարտին, Պայքար կայքի (www.payqar.net) էջերում ընդարձակ յօդւածների շարք է հրատարակել տաս տարի առաջ տեղի ունեցած աղէտալի դէպքի մասին, որոնք անպայման պիտի ընթերցի՝ Հայաստանի անկախութեան պատմութեամբ հետաքրքրւող ամէն մարդ։ Առանց բաժանելու այդ գրութիւններում արտայայատւած բոլոր մտքերն ու դիրքորոշումները, վերատպում ենք շարքի առաջին յօդւածից մի հատւած, ուր հեղինակը ներկայացրել է ահաբեկչութեան պահին յանգող դէպքերի համառօտ, բայց եւ միաժամանակ համակողմանի ժամանակագրութիւնը։
 

1991 թւականին, ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ հարկ էր սպասել պատմական ճօճանակի դիալեկտիկական վերադարձը պարուրային այլ մէկ աստիճանի վրայ` մասնաւորապէս Կենտրոնում եւ նրան յարակից թոյլ օղակներում: Առաւել եւս, որ կադրային, նիւթական թէ սոսկ սոցիոհոգեբանական պաշարները ամբողջովին չէին սպառւել, մասամբ անցել էին ընդյատակ, մասամբ պատեհապաշտօրէն այլակերպւել, իսկ ընչազրկւած թէ հիասթափւած զանգւածը սպասում էր նոր վերափոխումների :
- Դրանց առաջին դրսեւորման պատճառ հանդիսացան Հայաստանում 1996 թ. նախագահական տարակուսելի ընտրութիւնները, իրենց յայտնի հետեւանքներով: Տկարացած ՀՀ նախագահը սպարապետ Վ. Սարգսեանի նախաձեռնութեամբ վարչապետի պաշտօնին է հրաւիրում Ռ. Քոչարեանին, իսկ ՆԳ (Ներքին Գործերի) եւ ԱԱ (Ազգային Անվտան-գութեան) միացեալ ու կարեւորագոյն նախարարութիւնները վստահում է նրա գործընկեր Սերժ Սարգըսեանին (երկուսն էլ խորհըրդային երբեմնի կադրայիններ): Եւ անմիջապէս սկսւում է գալիք յեղաշրջման եւ դրա առանցքային` Հոկտեմբեր-27 իրադարձութեան լատենտային գործընթացը:
- Ճիշտ նոյն 1996 թ., Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Ա. Սոբչակը կորցնում է վերընտրութեան ընտրապայքարը, իսկ նրա արդէն գործազուրկ տեղակալը` նախկին հետախոյզ, փոխգնդապետ Վ. Պուտինը ուղղակիօրէն դիմում եւ դառնում է Կրեմլի վարչական ղեկավար, յայտնի զեղծարար Պ.Բորոդինի տեղակալը, իսկ երկու տարի անց միանգամից նշանակւում ՌԴ ԱԴԾ-ի տնօրէն (Ռուսաստանի Դաշնութեան Անվտանգութեան Դաշնային Ծառայութիւններ, նախկին ԿԳԲ-ՊԱԿ )...
- Մինչ այդ, 1997 թ. աշնանը թափ է առնում Լ. Տէր-Պետրոսեանի պաշտօնազրկման սքօղ գործընթացը, իսկ 1998 թ. Փետրւարին, արցախեան հիմնահարցի առնչութեամբ տեղի տալով Վազգէն Սարգսեան - Ռ. Քոչարեան - Ս. Սարգսեան եռեակի ճնշմանը, նա ներկայացնում է իր հրաժարականը` նախապէս այդ մասին տեղեկացնելով դաշնակից երկրներին` այդ թւում ՌԴ նախագահ Բ. Ելցինին (վերջինս խորհուրդ չի տալիս եւ նոյնիսկ առաջարկում է իր օգնութիւնը: Բայց այդ ինչպիսի՞...): Այդպէս, ինքնաբերաբար Ռ. Քոչարեանը նախ դառնում է ՀՀ նախագահի պաշտօնակատար, իսկ 1998 թ. Մարտի 30-ի նախագահական արտահերթ ընտրութիւններում` արդէն լիիրաւ, բնականաբար օգտագործելով իշխանական լծակները, ուժային գործընկերների զօրեղ աջակցութիւնը, այդուհանդերձ սահմանադրական յայտնի խախտումներով եւ ընտրական զեղծարարութիւններով, ընդդէմ քաղաքական դաշտ վերադարձած Կ. Դեմիրճեանի: Թւում էր, թէ յաղթական եռեակը հասել էր իր նպատակին եւ առջեւում գոնէ ներքին հակամարտութիւններ չկան: Վ. Սարգսեանն ու Ս. Սարգսեանը մնացել էին իրենց ուժային նախարարութիւններում եւ փաստացի ողջ իշխանութիւնը հզօր եռեակի ձեռքերում էր: ՌԴ-ն խճճւել էր ներքին եւ արտաքին խնդրականներում, Ադրբեջանը` նոյնպէս, Չեչնիայի առաջին պատերազմը խաղաղւել էր յօգուտ վերջինիս, իսկ Արցախի հիմնահարցը` թէեւ հրատապ, շարունակում էր մնալ միջազգային ատեանների քննարկման առարկան, մինչդեռ Հայաստանը կարծես կարող էր գոնէ առժամեայ բեւեռւել իր տնտեսա-հասարակական հարցերի վրայ:
- Բայց ահա, ներքաղաքական խնդիրների կարգաւորումից ընդամենը մէկ քանի ամիսներ անցըսկըսւում է խորհրդաւոր եւ ցայսօր չբացայայտւած սպանութիւնների միմեանց յաջորդող շարքը. 08.08.1998 թ.` ՀՀ գլխ. դատախազ Հենրիկ Խաչատըրեան, 10.12.1998 թ.` ՀՀ ՊՆ փոխնախարար Վ. Խոռխոռունի, 09.02.1999 թ.` ՀՀ ՆԳ եւ ԱԱ փոխնախարար Արծրուն Մարգարեան ( իմա` հէնց Ս. Սարգսեանի տեղակալը, բայց նաեւ Ներքին զօրքերի հրամանատարը...), 08.03.1999 թ. լրագրող Տ. Հայրապետեանը, այլք, եւ պատահաբար բոլորն էլ Վ. Սարգսեանի մերձակիցներից: Արտառոցն այն է, որ այդ սպանութիւնների մէջ անյաջող փորձ է արւում մեղադրել հէնց Վ. Սարգսեանի շրջանակը: Այս ամէնը զուգորդւում է նաեւ վհուկների որսով` յատկապէս սպարապետի երբեմնի մտերիմ Վ. Սիրադեղեանի: Եւ այդ` սպանւած թէ ինքնասպանւած (երեւի Ա. Մարգարեանի պե՞ս...) ՀՀ գլխ. դատախազի երբեմնի տեղակալ, ապա նրան փոխարինած Աղւան Յովսէփեանի բուռն ջանքերովբայց նրան նշանակած Քոչարեան-Սարգըսեան տանդէմի նոյնքան բուռն հովանաւորութեամբ (խորհրդային ժամանակ նրանք յարաբերւել են Արցախում): Իսկ առաւել արտառոցն այն է, որ ՆԳ եւ ԱԱ միանձնեայ նախարարն իր ոչ պակաս կարեւոր գործընկերով հանդերձ վերոնշեալ սպանութիւնները անկարող եղաւ բացայայտել` ինչպէս նաեւ չի բացայայտւել եւս մի քանի ամիսներ անց Հոկտ.27-ի աննախադէպ ոճրագործութիւնը: Բայց առայժմ ամէն ինչ հերթով :
- Ըմբռնելով արալէզների դաւադրութիւնը եւ կռահելով այժմ արդէն իր դէմ լարւող որոգայթը, Վ. Սարգսեանը յենւում է Երկրապահ-Հանրապետական դաշնութեան վրայ եւ նախընտրելի Կ. Դեմիրճեանի ՀԺԿ կուսակցութեան հետ կազմում Միասնութիւն հզօր ու հեռանկարային դաշինքը: 1999 թ. գարնանը այն վստահօրէն յաղթում է խորհրդարանական ընտրութիւններում, Կ. Դեմիրճեանը ընտրւում է արդէն մեծամասնութեամբ իւրայիններից կազմւած Խորհրդարանի նախագահ, Վ. Սարգսեանը օրինաչափօրէն նշանակւում վարչապետ, ի վերջոյ տարաբաժանում ՆԳ եւ ԱԱ նախարարութիւնները եւ առաջինը վստահում մերձակից Սուրէն Աբրահամեանին` թէեւ Ռ. Քոչարեանի յամառութեամբ եւ հասկանալի նկատառումներով ԱԱ ծառայութիւնների տնօրինութիւնը մնում է Ս. Սարգսեանին (ըստ ոմանց, այդ Վ. Սարգսեանի յաջորդ, ճակատագրական վրիպումն էր...): Այսուհանդերձ, փաստացի իշխանութիւնը հիմնականում Միասնութիւն դաշինքի ձեռքերում էր, իսկ Վ. Սարգսեանը դիտւում էր ՀՀ ապագայ նախագահի ամենահաւանական թեկնածուն: Նա այդպէս էլ ընդունւեց 1999 թ. Սեպտեմբերի վերջերին ԱՄՆ իր այցելութեան եւ փոխնախագահ Ա. Գոռի հետ սպասւածից աւելի ջերմ ընդունելութեան ընթացքում:
Քոչարեան-Սարգսեան տանդէմին մնում էր` բացի նախորդ իշխանափոխութեամբ Հայաստանում վերականգնւած եւ վրէժխնդրութեամբ լի դաշնակցականներից (ի միջի այլոց արդէն թունդ ռուսամէտ...), քաղաքական կուռ յենարան, այլ շարունակելիութիւն եւ կողմնորոշում որոնել...
- Մինչ այդ, Կրեմլի շուրջ պայթում է կոռուպցիայի համաշխարհային աղմուկը` մասնաւորապէս կապւած շւէյցարական Mabetex ընկերութեան հետ: ՌԴ գլխ. դատախազ Իւ. Սկուրատովը փորձում է բացայայտել գործը, ինչն էլ նրան արժեցաւ հեռուստատեսային սեռական շանտաժ-ն ու պաշտօնանկութիւնը: Դրա մէջ իր որոշակի դերն ունեցաւ ՌԴ Անվտանգութեան խորհրդի քարտուղար եւ ԱԴԾ-ի տնօրէն Վ.Պուտինը` արժանանալով կրեմլեան ընտանիքի առաւել վստահութեանը, իսկ 09.08.1999 թ.` միանգամից ՌԴ վարչապետի պաշտօնավարութեանը:
Այդ արդէն ուղիղ ճանապարհ էր բացում դէպի նախագահական բազկաթոռ, ինչն անմիջապէս կռահեցին ներքին եւ արտաքին հեռատեսները...
Եւ յիրաւի նրանց ակնկալիքները սպասեցնել չըտւին: Պուտինն ու թիմակիցները անմիջապէս սկսում են նախապատրաստւել նախ Պետդումայի մօտակայ եւ գալիք 2000 թ. նախագահական ընտրութիւններին` միաժամանակ ամրագրելով Ռուսաստանի ազդեցութիւնը յետխորհրդային հնարաւոր տարածքներում, եւ բաց չթողնելով կամ ստեղծելով նպաստաւոր ցանկացած առիթ :
- Առաջին այդ հնարաւորութիւնը նախ ընձեռեց Շ. Բասաեւը` 05.08.1999 թ. Դաղստանում իր ռազմական գործողութեամբ, որին ՌԴ-ն պատասխանեց ջախջախիչ հարւածով: Երկրորդ առիթը ստեղծւեց 09.9.1999 թ. մերձմոսկովեան բնակշէնքերի տարակուսելի ահաբեկչութեամբ, որն էլ պատճառ ծառայեց չեչենական երկրորդ պատերազմի սանձազերծմանը, իբր ընդդէմ միջազգային ահաբեկչութեան: 12.09.1999 թ. այդ ծրագիրը Վ. Պուտինը ներկայացնում է Մոսկւա ժամանած ԱՄՆ-ի նախագահ Բ. Քլինթոնին, հաւանաբար եւ նաեւ ՀՀ նախագահին` նոյն Սեպտեմբերին երեւանեան իր կարճատեւ այցելութեան ընթացքում (թերեւս վասն թիկունքի ապահովման, բայց դժւար թէ նրան չմտահոգէր Հայաստանի ներքաղաքական նոր եւ ՌԴ-ին ոչ այդքան նպաստաւոր իրավիճակը, ինչպէս նաեւ ղարաբաղեան հարցը աշխարհաքաղաքական ենթատեքստում) :
Եւ 1999 թ. չարաբաստիկ Հոկտեմբերի 1-ին Չեչնիայի դէմ Ռուսաստանն անցնում է ռազմական լայնածաւալ գործողութիւնների, ապա Վ. Պուտինը հիմնում է հայոց նոյն Միասնութիւն անւամբ արհեստական կուսակցութիւնը: Այն Դեկտեմբերին յաղթում է Պետդումայի ընտրութիւններում, իսկ Ամանորի հէնց գիշերը` ի զարմանս բոլորի, Բ. Ելցինը յայտարարում է իր հրաժարականը եւ Վ. Պուտինի փոխանորդութիւնը: 26.03.2000 թ. նախագահական արագացւած ընտրութիւններում այն փառաւորապէս դառնում է լիիրաւ ...
- Մէկ փոքրիկ, ուշացած` բայց թերեւս շատ կարեւոր յաւելում: 09.02.2008 թ., տասնամեայ լռութիւնից յետոյ մեծ քաղաքականութիւն վերադարձած Լ. Տէր-Պետրոսեանընախագահական ընտրարշաւի առնչութեամբ Ազատութեան հրապարակում արեց ցնցող մի յայտարարութիւն, հրապարակելով նոյն 1999 թ. աշնանը բուռն քննարկւող ղարաբաղեան հարցում Մեղրիի տարբերակը: Ըստ այդմ, նախատեսւում էր տարածքների փոխանակում. Արցախի դիմաց` Մեղրիի շրջանը, Լաչինի դիմաց` փոքրիկ մի անցում դէպի Իրան, որի հետ Հայաստանը կորցնում էր 35 կմ ընդհանուր սահմանն ու ինչն ըստ էութեան նշանակում էր լրիւ մեկուսացում: Ռ. Քոչարեանի առաջարկով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի մանրամասները մշակել էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, եւ այն վստահաբար նախապէս համաձայնեցւել էր երաշխաւորող երկրների` ՌԴ-ի, Ֆրանսիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ԵԱՀԿ նախագահի կողմից (վաւերացումը կցւած էր պայմանագրին): Ըստ հաւաստի տեղեկութեան, այդ պայմանագրի հետ համաձայն չեն եղել Վ. Սարգսեանն ու Կ. Դեմիրճեանը, որոնք ոճրագործութեան ճիշտ նախօրէին ՀՀ Անվտանգութեան Խորհրդի նիստում ցասումով լքել են փաստաթղթի վերջնական քննարկումը: Ըստ Լ.Տէր-Պետրոսեանի Այդ փաստաթուղթն էլ լինելու է Հոկտեմբեր 27-ի բացայայտման ամենակարեւոր մոտիւներից մէկը, մինչդեռ իշխանութիւնները ցայսօր դրա կապը Հոկտ. 27-ի ոճրագործութեան հետ շարունակում են բնորոշել որպէս պատահական զուգադիպութիւն...(ԱԶԳ օրաթերթ, #026, 12/02/2008):
- Ահա, ներքին եւ արտաքին այս իրադարձութիւնների թոհուբոհում էլ այդքան պատահական զուգադիպութեամբ Հայաստանում իրագործւում է Հոկտ. 27-ի աննախադէպ ոճրագործութիւնը` այն էլ իբր մի քանի ռոմանտիկ թափթուկների աւելի քան կատարեալ ինքնագործունէութեամբ: Վստահ պատահական չէր Ալֆա ջոկատի կայծակնային եւ սքօղ յայտնութիւնը միջադէպում (բայց այդ ո՞վ էր կանչել, եթէ ոչ միմիայն իրաւասու ՀՀ նախագահը... ): Իսկ մինչ այդ, Վ. Սարգսեանի առաքելութիւնն ԱՄՆ եւ Վ. Պուտինի համարեա միաժամանակ սեպտեմբերեան այցը Երեւան, դժւար թէ ողջամտութիւնը որպէս զուգադիպութիւն ընդունի: Զի, այն պատահականութիւնը, որը հետեւանք է ծնում` ինքնին պատճառ է, իսկ եթէ այդուհանդերձ պատահականութիւն` ապա պարզապէս դրա պատճառը չիմանալու պատճառով:
- Մնացեալն այստեղ արծարծելն աւելորդ է: Բոլորին է յայտնի,թէ ինչպէս ոճրագործութեան հետաքըննութիւնը մտաւ փակուղի, իսկ դրա հնարաւոր կազմակերպիչների մասը կարճւեց 2004 թ.` յանցադէպի բացակայութեան պատճառաբանութեամբ (այն ընդհանուր գործից տարանջատւել էր նոյն 2000 թ. ամռանը...): Միայն նշենք մէկ քանի կարեւոր հանգամանքներ:
Ոճրագործութեանը հետեւեցին մեղմացուցիչ ամիսներ, մինչեւ 2000 թ. Մայիսը, որը նոյնպէս պատահականօրէն համընկաւ Վ. Պուտինի նախագահական ընտրութեան հետ: Քոչարեան-Սարգսեան տանդէմի դիրքերն ամրապնդւեցին, եւ նրանք ձերբազատւեցին ձեւականօրէն վարչապետ նշանակւած Վ. Սարգսեանի եղբայր Արամ Զ. Սարգսեանից ու Պաշտպանութեան վազգէնական նախարար Վ. Յարութիւնեանից: Մնում էր թունդ ընդդիմութեան ամենաըմբոստ ներկայացուցիչ ու ոճրագործութեան պահանջատէր Անդրանիկ Մարգարեանը` իր Երկրապահ- Հանրապետական զօրակցութեամբ: Մայիսեան հնարաւոր սուր առճակատումից մէկ շաբաթ յետոյ նա նշանակւեց վարչապետ եւ պաշտօնավարեց մինչեւ 2006 թ. իր տարօրինակ յանկարծամահը` 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. սկզբին նախագահական ընտրութիւնների ճիշտ նախաշէմին...
Յեղաշրջումն աւարտւած էր, մնում էր աստիճանաբար աւելել մնացեալ հետքերն ու անցանկալի անձանց (ոմանք խորհրդաւոր մահացան, այլք` արտաքսւեցին, միւսները` լռեցւեցին, շատերը` առինքնւեցին, իսկ մնացեալը սսկւեց... ), եւ ոչ մի կերպ բաց չթողնել իշխանութեան բոլոր լծակները, ինչն էլ այլեւս բացէիբաց դրսեւորւեց յաջորդ տարիների յարաճուն բռնատիրութեամբ, աներեւակայելի խարդաւանքներով, ընտրութիւնների լկտի խեղաթիւրումներով եւ յանցագործ աշխարհի բարգաւաճմամբ, բարոյահոգեբանական զանգւածային անկմամբ, իսկ ամենակարեւորը` ռուսական այլեւս բացայայտ կողմնորոշմամբ եւ Հայաստան` պարտքի դիմաց քաղաքական գործարքով...
Այս ամէնը այլեւս բնաւ պատահական չեն, ոչ էլ ռոմանտիկ թափթփուկների ինքնագործունէութիւն, այլ լրիւ ընդհակառակը` խիստ պրոֆեսիոնալ ներքին ու արտաքին շրջանակների եւ կառոյցների օպերատիւ արկածախնդրութիւն:
 

Յոյս թիւ 62

4 Նոյեմբեր 2009