ՎԱՍՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ԵՒ ԻՐԱՆՑԻ
ԶԲՕՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ
 

Բաբգէն Թունեան
 

 


Եթէ 451թ. Վարդան Մամիկոնեանն իմանար, որ մէկուկէս հազարամեակ յետոյ իր հայրենակիցները պարծենալու են Հայաստանում գտնւող իրանցիների մեծ թւով, երեւի տարակուսէր՝ արժէ՞ արդեօք Աւարայրում ճակատամարտի դուրս գալ պարսիկ զինւորների ու նրանց փղերի դէմ, թէ՞ ոչ։
Իհարկէ, այսօր 451 թւականը չէ, եւ պարսիկներն էլ ոչ միայն մեր թշնամիները չեն, այլ երեւի՝ մեր անմիջական ամենայուսալի հարեւանը։ Եւ, ի տարբերութիւն 5-րդ դարի, այսօր նրանք ոչ իրենց փղերին են խմեցնում, ոչ էլ իրենք են խմում...
Սա վատ չէ։ Որքան էլ մեզանից ոմանք սրտնեղեն, թէ Մարտի 21-ից սկսած Երեւանը վերածւել է Թեհրանի, դա մեզ համար շատ էլ ձեռնտու է։ Այդ թւում` իրանցիներից դժգոհող տաքսու վարորդների, որոնք (ինչպէս ասում են չար լեզուները) օտարերկրեայ հիւրերի համար ՙակցիա՚ էին կազմակերպել՝ տեղափոխում էին շատ աւելի թանկ գներով։
Սակայն պաշտօնական բացատրութիւնը ալկոհոլային գործօնին այդքան էլ մեծ տեղ չի տալիս։ Օրինակ՝ ըստ ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան Զբօսաշրջու-թեան եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան պետ Մեխակ Ապրեսեանի, իրանցի զբօսաշրջիկների մեծ հոսքը պայմանաւորւած է վարւող պետական քաղաքականութեամբ։ Մ. Ապրեսեանը նաեւ ասել է, որ իրանցի զբօսաշրջիկների հոսքի աւելացման պարագայում գործել է ՙմուլտիպլիկացիոն էֆեկտը՚. այսինքն՝ նախկինում իր այցելութիւնից գոհ իրանցի մէկ զբօսաշրջիկն իր յետեւից բերել է հարիւրների։ Փաստօրէն, կարելի է ենթադրել, որ այսօր Հայաստան այցելած հարիւրաւոր իրանցիները միւս տարի իրենց հետ կը բերեն հազարների։ Թերեւս, նաեւ այս համոզւածութիւնն է իր դերը խաղացել, որ ոլորտի պատասխանատուներն այս տարի կանխատեսում են զբօսաշրջիկների թւի 5% աճ։ Սակայն արդեօ՞ք իրանցիները գոհ կը մնան, կը գործի՞ ՙմուլտիպլիկացիոն էֆեկտը՚։ Ներգնայ տուրօպերատորների միութեան նախագահ Ռոբերտ Մինասեանը օրերս մտահոգութիւններ յայտնեց, որոնք թոյլ չեն տալիս չափից դուրս լաւատես լինել։ Օրինակ՝ նա ուշա-դրութիւն է հրաւիրել էքսկուրսավարների խնդրին՝ նշելով, որ որակեալ կադրերի պակասի պատճառով այստեղ սովորող Իրանի քաղաքացիներն են կատարել այդ աշխատանքը: ՙՈ՞վ էր պատմում զբօսաշրջիկներին Հայաստանի պատմութիւնը, ո՞վ էր ներկայացնում երկիրը: Սա մի ոլորտ է, որ յստակ կարգաւորման կարիք է զգում՚։ Զբօսաշրջութեան ոլորտում ներգրաււած մարդիկ խօսել են նաեւ չարաշահումների (օրինակ՝ միջ-քաղաքային միկրօաւտոբուսները միայն իրանցիների համար բարձրացրել են ուղեվարձը) եւ հիւրանոցների խնդրի մասին։Մասնաւորապէս, հիւրանոցատէրերը պահանջել են ամրագրել համարները` վճարելով ամբողջու թեամբ, ինչը ամենեւին ձեռնտու չէ տուրիստական ընկերութիւններին։
Իսկ ինչո՞ւ է այդքան կարեւոր իրանցիներին սիրա-շահելը։ Նշենք, որ այստեղ ամենեւին կապ չունի՝ զբօսաշրջիկն իրանցի՞ է, ռո՞ւս, անգլիացի՞, թէ՞ հոնդուրասցի։ Զբօսաշրջիկին պէտք է սիրաշահել, յարգել ու այդպիսով՝ ստիպել, որ նա յաջորդ անգամ էլ այցելի՝ իր հետ բերելով իր բարեկամներին ու հարազատներին, որովհետեւ նրանց այցելութիւնից երկիրը ստանում է ՙքեշ փող՚։ Այս հանգամանքի մասին խօսելն ամենեւին ամօթ բան չէ, քանի որ զբօսաշրջութիւնը նոյնպէս բիզնես է։
Եթէ փորձենք հաշւել միայն Նովրուզի արդիւնքում ՀՀ տնտեսութեան մէջ մտած գումարները, ապա բաւականին պատկառելի գումար է ստացւում։ Այսպէս, ըստ պաշտօնական տւեալների, վերջին 1 ամսւայ ընթացքում Հայաստան են այցելել շուրջ 15 հազար իրանցի զբօսաշրջիկներ։ Ինչպէս նշել է Մ. Ապրեսեանը, 2006-2007թթ. կատարւած վիճակագրական ուսումնասիրութիւններով՝ զբօսաշրջիկը մէկ այցելութեան ընթացքում Հայաստանում ծախսում է 700-800 ԱՄՆ դոլար, իսկ ներկայումս այդ թիւը կազմում է միջինը 1000 դոլար։ Փաստօրէն, մէկ ամսւայ ընթացքում իրանցի զբօսաշրջիկները Հայաստանի տնտեսութիւն են ՙներարկել՚ 15 միլիոն դոլար։ Քիչ գումար չէ, բայց՝ դժգոհութիւններ էլ կան։ Ներգնայ տուրօպերատորների միութեան նախագահ Ռ. Մինասեանը, օրինակ, գոհունակութիւն յայտնելով, որ երկիրը եկամուտներ է ստանում զբօսաշրջութիւնից՝ հռետորական հարց է բարձրացրել՝ օրինակա՞ն են արդեօք այդ եկամուտները, եւ պետբիւջէն ստանո՞ւմ է արդեօք համապատասխան մուտքեր դրանցից։ Իհարկէ, միութեան նախագահն անհանգստացած է ոչ թէ պետբիւջէի համալրմամբ, այլ պարզապէս ցանկանում է, որ գումարները անցնեն ՙչերեզ՚ իրենց՝ գրանցւած կազմակերպութիւնների։ Այդ իսկ պատճառով էլ դժգոհում են, որ տուրիստներին սպասարկում են չգրանցւած կազմակերպութիւնները՝ ոչ պրոֆեսիոնալ եւ լիցենզիա չունեցող գիդերով։ Անկախ շարժառիթներից՝ մտահոգութիւնը կարելի է հասկանալ։ Սակայն, միւս կողմից, երկրի համար այնքան էլ մեծ կապ չունի՝ զբօսաշրջիկը ում միջոցով եւ ինչպէս է ծախսում գումարները։ Եթէ անգամ վճարում է ոչ պրոֆեսիոնալ գիդին կամ հիւրանոցի փոխարէն վճարում է տանտիրոջը՝ առանց որեւէ պայմանագրի, ապա այդ գումարները ՙմուլտիպլիկացիոն՚ էֆեկտով աշխուժացնում են տնտեսութիւնը։
Իրանցի զբօսաշրջիկների մեծ հոսքը սերտօրէն զուգակցւեց նաեւ փոխարժէքի թեմայի հետ։ Դոլարը, որը սկսել էր մեծ թափով արժեւորւել եւ մի պահ արդէն գերազանցում էր 410 դրամը, նորից սկսեց էժանանալ։ Հիմնական պատճառը, ինչպէս նշեցին շատ փորձագէտներ, այն էր, որ իրանցի զբօսաշրջիկները իրենց հետ բերած դոլարը դրամի փոխարկելով՝ վերացրին արտարժոյթի դեֆիցիտը։
Սակայն ամէն ինչ առաւել ուշագրաւ է դառնում, երբ այս ամէնին նայում ենք բոլորովին այլ տեսանկիւնից։ Այն, որ իրանցի զբօսաշրջիկների հոսքը լուրջ քննարկման եւ մեկնաբանութիւնների թեմա դարձաւ՝ այդ թւում պաշտօնեաների կողմից, փաստ է։ Այսինքն՝ 1 ամսւայ ընթացքում 15 հազար զբօսաշրջիկի այցը մեզանում ընդունւեց որպէս սենսացիոն մի երեւոյթ, որն անգամ ազդեց մեր երկրի դրամավարկային ցուցանիշների վրայ։ Մինչդեռ դատելով պաշտօնական այլ ցուցանիշներից՝ նման բան չպէտք է լինէր, եւ մեր տնտեսութեան մէջ ու կեանքում անգամ 30 հազար զբօսաշրջիկների ներհոսքը պէտք է աննկատ անցնէր։
Պարզաբանենք։ Եթէ մէկ ամսւայ ընթացքում Հայաստան է այցելել 15 հազար իրանցի, ստացւում է՝ մէկ օրւայ կտրւածքով մենք ունեցել ենք 500 զբօսաշրջիկ։ Իսկ ի՞նչ է ասում պաշտօնական վիճակագրութիւնը, ասենք, 2009 թւականի համար։ ՙԸստ հետազօտութիւնների արդիւնքում ձեւաւորւած փորձագիտական գնահատումների, 2009թ. Յունւար-Դեկտեմբերին Հանրապետութիւն են ժամանել 575.281 զբօսաշրջիկներ՚: Փաստօրէն՝ նախորդ տարւայ ընթացքում Հայաստան են այցելել 575 հազարից աւելի զբօսաշրջիկներ, օրական կտրւածքով՝ 1500 հոգուց աւելի։ Եւ զարմանալիօրէն, օրական միջինը 1500 զբօսաշրջիկի պատրաստ ՙմեր զբօսաշրջային բիզնեսը պատրաստ չէր վերջին օրերին Իրանի Իսլամական Հանրապետութիւնից ժամանած զբօսաշրջիկների չափ հիւրեր ընդունելու՚ (ինչպէս նշել է ոլորտի ներկայացուցիչներից մէկը)։
Թւացեալ այս հակասութիւնը, իրականում, ունի շատ պարզ բացատրութիւն. 575.281 հոգին զբօսաշրջիկ չեն։ Նրանց առաւելագոյնը մէկ երրորդ մասն է իրօք Հայաստան եկել որպէս դասական ՙտուրիստ՚՝ շորտիկով, լուսանկարչական ապարատով եւ վերնիսաժից յուշանւէրներ գնելու առաքելութեամբ։ Միւսները պարզապէս այցելուներ են (մեծ մասամբ՝ հայեր), որոնց պաշտօնական վիճակագրութիւնը ներ-կայացնում է որպէս զբօսաշրջիկ՝ տւեալները փոքր-ինչ սիրունացնելու համար։

Աղբիւր` 168 ժամ ինտերնետային շաբաթաթերթ

Յոյս թիւ 74

19 Մայիս 2010