ԱՐԴԱՐԱՑՈ՞ՒՄ ԹԷ՞ ՊԱՏՐՒԱԿ


35 ՄՅԿ-ն այդ օրերին տեղահանումների քաղաքականութիւնը փորձում էր արդարացնել (ինչպէս դա այսօր անում է Թուրքիան)՝ որպէս Դարդանելի ներխուժման պահին (Գալիպոլի) "5-րդ զօրասիւնայիններին" վերացնելու եւ արեւելեան սահմանին սպառնացող վտանգը կանխելու անհրաժեշտ ինքնապաշտպանական քայլ՝ ակնարկելով հայ բնակչութեան՝ ռուսներին միանալու եւ նրանց գրկաբաց դիմաւորելու ռիսկին։ Եւ այդ ռիսկը դրսեւորւեց Վանում Ապրիլ 20-ի ապստամբութեամբ։ Այնուամե-նայնիւ տեղ-տեղ ցուցաբերւած զինեալ դիմադրութեան փոքր կէտերի գոյու-թեամբ դժւար թէ լինի արդարացւած համարել մի ամբողջ ժողովրդի տեղահանման հրահանգը։ Ինչպէս վերջերս կատարած մի ուսումնասիրութիւին է եզրակացնում՝
"Ընդհանուր առմամբ քիչ վկայութիւններ կան արեւելեան շրջաններում հայերի կողմից ընդհանուր սպառնալիքի մասին։ Փաստօրէն, հայ կրօնական եւ քաղաքական առաջնորդները 1914-15 թթ. խաղաղութիւն եւ հաւատարմութիւն էին քարոզում եւ հայ երիտասարդութեանը քաջալերում լրացնել Օսմանեան բանակի շարքերը եւ կատարել իրենց պարտաւորութիւնները։ Դեռ աւելին, հայութեան իշխող մեծամասնութիւնը մնաց ոչ-քաղաքականացւած։ Ինչ դիմադրութիւն էլ, որ եղել է, թւում է եղել տեղայնացւած, անյուսալի եւ միմիայն բնաջնջման դէմ կատարւած քայլ։

36 Թրքամէտ չափաւոր եւ "Ց"-ից (Ցեղասպանութիւն-Շ.Յ) խուսափելու կողմնակից մի թուրք պատմաբան 2009թ. նկատել տւեց հետեւեալը.
"Անընդհատ հսկողութեան տակ գըտնըւող, պարբերաբար ահաբեկումների ենթակայ հայերի մեծամասնութիւնը, անգամ քաղաքականապէս ապրողները ի վիճակի չէին ապստամբութիւն ձեռնարկել։ Դա չքաւոր հողագործների համար համազօր էր մահւան դատավճռի, եւ կասկածից դուրս է, որ տեղահանումների հրահանգները, մէկը միւսի յետեւից, գալիս էին կենտրոնական կառավարութեան կողմից եւ իրականացւում էին տեղական պաշտօնատարների միջոցով, ովքեր գիտէին, որ շտապ կարգով ստեղծւած այդ կարաւանները ենթակայ էին թալանի, բռնաբարման եւ կոտորածի։ Սպանութիւնների մեծ մասի շարժառիթը պատեհապաշտական ագահութիւնը կամ կիրքն էր, սակայն չէր կարող տեղի ունենալ առանց հայութեան հանդէպ արմատացած էթնիկ կամ կրօնական ատելութեան, ինչը մարմնաւորւած էր ԱԼԼԱՀ-Օ-ԱՔԲԱՐ կանչերում, որը յաճախ ուղեկցւում էր սպանութիւններին։

37 Այնուամենայնիւ սխալ կը լինի անտեսել թուրք առաջնորդների այն հասկացողութիւնը, որ հայ բնակչութիւնը սպառնալիք էր՝ մի "5-րդ զօրասիւն", որը ներխուժման պարագային կարող էր միանալ ռուսներին։ Երբ քիչ աւելի ուշ,1915թ. ցարական ուժերը մուտք գործեցին արեւելեան Անատոլիա, հայկական ջոկատները կատաղի վրէժ լուծեցին տեղաբնակ թուրքերից եւ քրդերից։ Եւ պատերազմի աւարտին, երբ յետ շրջւեց ալիքը, տեղի ունեցան բաւականին շատ հայկական վայրագութիւններ։ Տեղին է քննադատւել Վահագն Տատրեանի պէս պատմաբաններին՝ այս տհաճ իրադարձութիւններին թեթեւակիօրէն անդրադառնալու առումով, սակայն յետադարձ հայեացքով, սրանք չեն փոխում թրքական գործողութիւնները որպէս ցեղասպանութիւն բնորոշելու հանգամանքը եւ չեն մեղմում կամ առաւել եւս չեն արդարացնում երկրի ցեղային մի փոքրամասնութիւնից ձերբազատւելու քաղաքականութիւնը։ Ոճիրը կատարւեց ստուգապէս այն բանի համար, որ կասեցւի այնպիսի քաղաքականութեան ձեւաւորումը՝ արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ խտրականացած մի փոքրամասնութիւն մեծ հաւանականութեամբ կարող է ներխուժող թշնամու կողմն անցնել, նրան համարելով իր ազատարարը։ Սոյն վտանգը կարող է արդարացնել նրանց սահմանամերձ շըրջաններից ժամանակաւոր հեռացումը, կամ քաղաքական գործիչներին կալանքի տակ առնելը, սակայն երբեք չի կարող արդարացնել այն, ինչը որ ԱՄՆ-ի կառավարութեան յղւած "Հոբարդի զեկոյց"-ում (Hobard Report) սահմանւում է, որպէս մի ամբողջ ցեղի դէմ կատարւած յարձակում։