ԼԵՄԿԻՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ


5 Վերոնշեալ պատասխանը վստահաբար կապշեցնէր կոնւենցիայի իրաւական ճարտարապետ ՌաՖայէլ Լեմկինին, քանի որ նրա մտքում պատկերւում էին հայկական կոտորածները, երբ այդ դէպքերին տւեց ցեղասպանութիւն որակումը. մի խառնածին բառ, որը կազմւած է յունարէն geno (ցեղ) եւ լատիներէն cide (սպանել) մասնիկներից։ Կոտորածները զբաղեցնում էին նրա միտքը, սկսած այն պահից, երբ լսեց Սողոմոն Թեհլիրեանի մասին. հայ, ով որպէս փոխհատուցում իր ընտանիքի անդամների սպանութեան, Գերմանիայում ահաբեկչութեան ենթարկեց ջարդերի գլխաւոր պատասխանատու, նախկին ՆԳ նախարար Թալեաթ Փաշային։ Դատավարութեան ընթացքում (1923թ.) նրա դատապաշտապանի հնչեցրած խօսքերը Լեմկինին համոզեցին, որ թուրք մարմինների կազմակերպած բռնագաղթերի բուն նպատակը հայ ցեղի ոչնչացումն էր, սակայն վարանում է համաձայնւել այն մտքի հետ, որ Թեհլիրեանն այդ քայլով պաշտպանել է "մարդկային խիղճը"՝ հանդէս գալով որպէս ինքնակոչ դատական մարմին։ Նա ուսումնասիրեց Բրիտանական ուժերի՝ "Երիտթուրքերի" դէմ ձեռնարկած ոչ յաջող քայլերը եւ այն դժւարութիւնները, որոնք ծայր էին առել ժամանակին, օտարերկրեայ ղեկավարներին՝ իրենց երկրում կատարած վայրագութիւնների համար, դատելու միջազգային օրէնքի բացակայութեան պայմաններում։

6 Լեմկինի առաջին ելոյթը այս խնդրով գրւել է 1933թ. Մադրիդում գումարւած կոնֆերանսի համար, որտեղ շեշտւել է մի նոր օրէնք մշակելու անհրաժեշտութիւնը՝ ցեղային եւ կրօնական խմբերի արիւնալի ճնշումների կանխարգելման համար, ազդարարելով, որ դա հարկաւոր է, այլ երկրներում եւ այլ ժամանակներում խուսափելու հայերի Եղեռնի կրկնութիւնից։ Կանխագիտակցաբար, նա ուշադրութիւն հրաւիրեց Հիտլերի իշխանութեան գլուխն անցնելու հանգամանքներին, սակայն օրէնքի առաջին եւ հետագայ մշակումներում միշտ անդրադարձել է հայերի ճակատագրի անվիճելի իրողութեանը։ Ոճրագործութեան գլխաւոր օրինակը, որը նա ցանկանում է, որ աշխարհը օրէնքից դուրս յայտարարի, մինչեւ աշխարհամարտի մեկնարկը մնաց հայերի կոտորածները։ Նացիների Հոլոկոստի մասին Չերչիլի խօսքը (Մենք ականատես ենք մի ոճրի, որը չունի անուն) հիմք ծառայեցնելով՝ նա կառչեց մի նոր օրէնք մշակելու առաջարկին, որին տւեց "ցեղասպանութիւն" անունը, 1943-ին։ 1940-ական թւականներին, Կոնւենցիայի վաւերացման համար տարած լոբբինգների ընթացքում, հայերի կոտորածները վերջընթերն էին նրա յիշատակած այլ ցեղասպանութիւնների (օրինակ Մարոնիտների, Հիւգենոտների, Բողոքականների, Հոթենթոթների, եւ) մէջ՝ վերջին տեղը տալով հրեաների, սլաւ ազգերի եւ գնչուների նացիական զոհերին։ Կանադայի դեսպանի մօտ նա շեշտակի արծարծեց հայկական հարցը եւ վերջինս նրան ներկայացրեց Աւստրիայի ԱԳՆ եւ ՄԱԿ-ի ընհանուր ասամբլիայի նախագահ Dr.H.V. Evatt-ին, ով ստանձնեց հարցի հետապնդումը։ Այդ գործին նպաստեցին Հիտլերի Լեհաստան ներխուժման նախօրէին արձակած հրահանգի մասին տեղեկագրութիւնները՝
"Գեներալներիս ճամբել եմ դէպի արեւելք հրահանգելով առանց խղճահարութեան սպանել լեհերի եւ լեհախօս ցեղերի տղամարդկանց, կանանց եւ երեխաներին։ Միայն այդպիսով ենք կարող հասնել մեզ անհրաժեշտ կենցաղային բարօրութեանը։ Յամենայն դէպս, այսօր ո՞վ է խօսում հայերի ոչնչացման մասին"։

7 Լեմկինի՝ ՄԱԿ-ի իրաւական ենթայանձնախմբի մօտ արտասանած ճառերը եւ ծաւալած լոբբինգը՝ Ցեղասպանութեան Կոնւենցիայի նախագծի կապակցութեամբ, կասկած չի թողնում, որ նախագծում յիշատակւած հետեւեալ արտայայտութիւնը, թէ "Համարելով, որ ցեղասպանութիւնները պատմութեան ընթացքում մեծ վնաս են հասցրել մարդկութեանը" ակնարկ էր՝ պատմութեան 1915-16թթ. շրջանին, երբ Օսմանեան կայսրութիւնում բնակւող հայ ազգաբնակչութեան գրեթէ կէսը սովամահ եղաւ կամ սպանդի զոհ դարձաւ։ Յիրաւի, ԱՄՆ-ը որպէս առաջին օրինակ Կոնւենցիայի մեկնաբանութեան, Միջազգային Արդարադատութեան Ատեանի առջեւ ընդունեց, որ "հայերի թրքական կոտորածները ցեղասպանութեան ցայտուն օրինակներից մէկն է"։