ԻՆՉՈ՞ՒՄ Է ԿԱՅԱՆՈՒՄ ԽՆԴԻՐԸ


1 Կասկածից դուրս է, որ 1915թ. Օսմանեան կառավարութիւնը հրահանգեց երկու միլիոն հայերի տեղահանել Անատոլիայից եւ այլ շրջաններից։ Նրանց պարտադրեցին գաղթել դէպի Սիրիայի անապատներ, որի ընթացքում հարիւր հազարաւոր հայեր զոհւեցին՝ հիւանդութիւններից, սովից եւ զինեալ յարձակումներից։ Ազգային պատկանելութեան եւ քրիստոնեայ դաւանանքի պատճառով հայերը ենթարկւեցին այլ բարբարոսութիւնների եւս, որոնք սկիզբ առան Ապրիլ 24-ին հարիւրաւոր մտաւորականների կալանաւորմամբ։ "Երիտթուրքերի կառավարութիւնը Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից մեղադրւեց "մարդկութեան դէմ" գործւած ոճրի համար պատասխանատւութիւն կրելու մէջ։ Դաշնակից երեք պետութիւնները միասնաբար եւ հանդիսաւորութեամբ ու ամենայն լրջութեամբ խոստացան պատժել ոճրագործներին եւ յիրաւի յատուկ կարգադրութիւն եղաւ այդ մասին՝ պատերազմի աւարտին, Սեւրի դաշնագրում։ Միացեալ թագաւորութեան կառավարութիւնը ձերբակալեց թւով 67 թուրք պաշտօնատարների, ովքեր կասկածւում էին վայրագութիւնները ղեկավարելու մէջ, եւ նրանց փոխադրեց Մալտա կղզի դատելու համար, սակայն դիպլոմատիկ շահերը նկատի առնելով, ի վերջոյ նրանց ազատ արձակեց։ Նախքան 1946թ. Նիւրենբերգեան հրովարտակի ընդունումը չկար որեւէ միջազգային քրէական օրէնք թոյլ տալու դատի ենթարկել անկախ որեւէ պետութեան քաղաքական եւ զինւորական պարագլուխներին՝ իրենց ազգային եւ կրօնական քաղաքացիների դէմ մասսայական սպանութիւններ իրականացնելու համար։ Հրեաների ողջակիզումից տարիներ առաջ Թուրքիայում հայերի ջարդը խթան հանդիսացաւ մի նոր օրէնք մշակելու, որը իրականութիւն դարձաւ 1948թ. Դեկտեմբերին, ՄԱԿ-ի ընդհանուր ասամբլիայի կողմից վաւերացւած "Ցեղասպանութեան Կոնւեն- ցիա"-ի տեսքով։ Ցեղասպանութեան շատ մասնագէտներ, ինչպէս նաեւ բազմաթիւ եւրոպական եւ ոչ եւրոպական պարլամենտներ "ցեղասպանութիւն" որակեցին հայերին վիճակւած ճակատագիրը, սակայն բրիտանական մի քանի կառավարութիւններ, ի պատասխան պատգամաւորների հարցումների, կըտրուկ մերժել են որպէս ցեղասպանութիւն ընդունել կատարւածը։

2 Տեղեկատւութեան ազատութեան օրէնքի հիմամբ կատարւած դիմումի արդիւնքում, ձեռք են բերւել մինչ օրս գաղտնի համարւող քաղաքական այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել ժխտողական պատասխանների համար, որից յետոյ ինձ յանձնարարւեց քննարկել Բրիտանական կառավարութեան որոշումը այն տեսանկիւնից, թէ արդեօք ո՞ւնի իրաւական հիմք եւ կարո՞ղ է ընդունելի համարւել ըստ միջազգային օրէնքի։

3 Վերջին տարիներին, ամէն անգամ, երբ պարլամենտական լսումների, նախարարներին ուղղւած հարցումների կամ դիւանագէտների հանդիպումների ժամանակ արծարծւել է այս հարցը, Բրիտանիայի պետութեան դիրքորոշումը 1915-16թթ. դէպքերի կապակցութեամբ մնացել է անփոփոխ, այն է՝ կոտորածները բնութագրել որպէս "ողբերգութիւն" եւ նշել, որ անհերքելի ապացոյցների բացակայութեան պայմաններում առ այն, որ Օսմանեան կառավարութիւնը յըստակ որոշում է կայացրել իր տարածքում ապրող հայերին ոչնչացնելու, Բրիտ. կառավարութիւնը 1915-16 թւականների դէպքերը որպէս "ցեղասպասնութիւն" չի ճանաչում։

4 "Ողբերգութիւն" բառը առաջին անգամ արտայայտեց Lորդերի Պալատի խօսնակ Բարոնուհի Ռամզին, Ապրիլի 14,1999թ. Պարլամենտական լսումների աւարտին։ Միանգամայն վերջերս դրան արձագանքեց Լորդերի Պալատը, երբ 2008թ. Փետրւարին կառավարութեան անունից Լորդ Մալլօք Բրաունը գրաւոր պատասխանեց հարցին, թէ արդեօք Պալատը կը ճանաչի՞ 1915թ. Հայաստանի ցեղասպանութիւնը (ընդգծումը մեր կողմից է - Շ.Յ)- ահա այդ պատասխանը՝

"Տարիներ ի վեր կառավարութեան դիրքորոշումը նոյնն է։ Կառավարութիւնը ըմբռնումով է մօտենում պատմութեան այդ ահաւոր դրւագի պատճառած խոր զգացումներին եւ 1915-16-ի դէպքերը ընդունում՝ որպէս ողբերգութիւն։ Այդուհանդերձ թէ՛ այս եւ թէ՛ նախորդ կառավարութիւնները համարում են, որ փաստերը բաւարար ամուր չեն՝ մեզ համոզելու, որ այս դէպքերը պիտի ճանաչւեն որպէս ցեղասպանութիւն, ինչպէս բնութագրել է ՄԱԿ-ի "Ցեղասպանութեան մասին կոնւենցիա"-ում"։