ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՒՏՐԻ ԴԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Թրաֆիքինգը՝ մարդկանց առեւտուրը գերշահոյթներ է բերում։ Տարբեր ուսումնասիրութիւններ տարբեր թւեր են հրապարակում։ Օրինակ ՝ աշխատանքի միջազգային կազմակերպութեան տւեալներով՝ թրաֆիքինգի բիզնեսով տարեկան 32 մլրդ շահոյթ է ստացւում։ Մարդկանց թրաֆիքինգի դէմ պայքարի հարցերով ԵԱՀԿ յատուկ ներկայացուցիչ Էւա Բիւդէն Հայաստան կատարած այցի արդիւնքները ներկայացրեց լրագրողներին։
Էւա Բիւդէն նկատեց, որ Հայաստանում վերջին տարիների թրաֆիքինգի յօդւածով դատապարտւածների ճնշող մեծամասնութիւնը կանայք են։ Այդ կանանցից ոմանք էլ նախկինում եղել են թրաֆիքինգի զոհեր։
Կարծիք կայ, որ իրական թւերը շատ աւելի մեծ են , բայց դրանց մասին տւեալներ գոյութիւն չունեն։ Սա սովորական օրինաչափութիւն է բոլոր երկրների համար, քանի որ թրաֆիքինգը ծանր յանցագործութիւն է համարւում եւ դրանով բացէիբաց ոչ ոք չի զբաղւում եւ չի խօսում, -ասում է Էւա Բիւդէն։
Էւա Բիւդէն ընդգծեց Հայաստանում թրաֆիքինգի զոհերի յայտնաբերման դժւարութիւնը եւ անհրաժեշտութիւնը, Աւելի լաւ համագործակցութիւնը հասարակական կազմակերպութիւնների հետ՝ զոհերին ու իրաւապահ մարմիններին աջակցելու ուղղութեամբ զոհերի յայտնաբերման նախապայմաններից է, եւ ես կոչ եմ անում իշխանութիւններին աւելի մեծ ջանքեր գործադրել բնակչութեան առաւել խոցելի շերտերում նաեւ հնարաւոր դէպքերի հետախուզական ուղղութեամբ։
Թրաֆիքինգի դրսեւորման առաջին հորիզոնականը զբաղեցնում է սեռական շահագործումը։ Յաջորդում են հարկադիր աշխատանքի դէպքերը։ Եթէ նախկինում հարկադիր աշխատանքի թրաֆիքինգի դէպքերում տղամարդկանց տոկոսային յարաբերութիւնն էր բարձր, ապա այժմ կանայք 80 տոկոսն են կազմում։ 18-ից ցածր տարիք ունեցողներին, այսինքն՝ անչափահասների եւ փողոցում մուրացկանութիւն անող երեխաների շահագործման դէպքերը նոյնպէս շատ են։ Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ օրգանների թրաֆիքինգի դէպքերը նոյնպէս սկսել են աճել, որից թրաֆիքինգները մեծ շահոյթներ են ստանում։
Էւա Բիւդէի դիտարկումներով, Թուրքիան, Միացեալ Արաբական Էմիրութիւնները եւ Ռուսաստանն են ընդունող երկրները, որտեղ թրաֆիքինգի դրսեւորումներից ամենայայտնին սեռական շահագործումն է։ Մի քանի առանձին դէպքերում նոյնիսկ Հայաստանն է եղել ընդունող երկիր։ Տարբեր երկրների փորձը ցոյց է տալիս, որ եթէ կայ արտագնայ թրաֆիքինգ, ապա կայ նաեւ թրաֆիքինգի ներքին դրսեւորումներ։
Էւա Բիւդէն ողջունեց Հայաստանի իշխանութիւնների ջանքերը մարդկանց թրաֆիքինգի դէմ պայքարում եւ ընդգծեց թրաֆիքինգի դէմ պայքարը աւելի բարձր քաղաքական օրակարգում ընդգրկելու անհրաժեշտութիւնը։
ԵԱՀԿ-ի յատուկ ներկայացուցչի կարծիքով, Հայաստանի իշխանութիւնները պէտք է ուշադրութիւն դարձնեն նաեւ ներքին թրաֆիքինգի գոյութեանը։
Հասարակական գիտակցութիւնը սովորաբար թրաֆիքինգը ընդունում է որպէս մի բան, որը ենթադրում է սահմանի անցում, սակայն թրաֆիքինգի փաստը ոչ բոլոր դէպքերում է կապւած սահմանն անցնելու հետ։ Թրաֆիքինգը կարող է լինել եւ սեքսուալ շահագործում, հարկադիր աշխատանք, անչափահասներին դրդել մուրացկանութեամբ զբաղւել եւ այլն։ Այսինքն՝ անձին դիտարկում են որպէս առարկայ, եւ ոչ թէ մարդ արարած, -մանրամասնեց Էւա Բիւդէն։
Հետք-ի հարցին, թէ՝ Հայաստանից ի՞նչ դասեր կամ ի՞նչ փորձ ձեռք բերեց ԵԱՀԿ-ի յատուկ ներկայացոիցիչը, Էւա Բիւդէն պատասխանեց. Շատ յաճախ թւում է, որ այն երկրներում, որտեղ աւանդական արժէքները, ընտանեկան կապերը մեծ դեր ունեն, թրաֆիքինգ ընդհանրապէս չի կարող գոյութիւն ունենալ։ Բայց միշտ չէ , որ այդպէս է լինելու, եւ թրաֆիքինգի երեւոյթն աւելի դժւար է այդ երկրներում յայտնաբերել։

Յոյս թիւ 51
3 Յունիս 2009