Շնորհաւոր Հայաստանի Անկախութեան 17-րդ Տարեդարձը

Երկու տասնամեակի պատմութիւն
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետութիւնը դառնում է 17 տարեկան` բաւականին երիտասարդ մի պետութիւն, որը դեռ փորձեր է կատարում անկախութեան պայմաններում ապրելու համար։ Հայաստանի անկախութիւնը ոչ միայն կարեւոր անկիւնադարձ էր Հայաստանի ժողովրդի համար, այլեւ մեծ նշանակութին ունեցաւ սփիւռքահայութեան եւ հայրենիքի յարաբերութիւններում։ Հայրենիքը, որ մինչ այդ երազային, մշուշոտ իրականութիւն էր, որը տառապում էր միայն օտարների կողմից պարտադըրւած անարդարութիւնների պատճառով, դարձաւ իրական եւ շօշափելի։ Այժմ, թէեւ անկախ էր երկիրը, սակայն շարունակում էր պայքարը զանազան տեսակի անախորժութիւնների դէմ։ Եւ ինչ խօսք, այդ դժւարութիւնների առնւազն մի մասը այլեւս կապ չունէին օտարներին։ Այժմ Հայաստանն էլ մի երկիր էր, ուր կար աղքատութիւն, արտագաղթ, քաղաքական պայքար ու բռնութիւն, այդուհանդերձ կարեորն այն էր, որ հիմա ժողովուրդը ինքն էր պատասխանատու իր գլխին եկածի համար։
Ընդհանուր առմամբ, անցեալ 17 տարիների ընթացքում կեանքի պայմանները Հայաստանում բարելաււել են։ Եթէ անկախութեան 17 տարիներին աւելացնենք դրան նախորդած երեք տարիները եւս, որի ընթացքում անկախութեան շարժումը սկսւեց եւ արդիւնաւորւեց, ապա կարող ենք ասել, որ վերջին երկու տասնամեակները հայ ժողովրդի կեանքում բացառիկ տարիներ են եղել։ Հետեւեալ էջերում ներկայացւում են այս 20-ամեայ պատմութեան կարեւորագոյն իրադարձութիւնները։ Դրանք իրական երկրի իրական դէպքեր են՝ լի դառն ու երանելի յիշողութիւններով։

Ղարաբաղեան շարժման սկիզբը
Ադրբեջանի սահմաններում գտնւող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մէջ սկըսւում են ցոյցեր, տարածւում են թերթիկեր ու հրատարակւում խնդրագրեր, ուր պահանջւում է Ղարաբաղի կցումը Հայաստանին։ Փետրւարի 20-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը արտակարգ նիստում որոշում է բաժանւել Ադրբեջանից եւ միանալ Հայաստանին։ Միաժամանակ Երեւանում, Օպերայի հրապարակում տեղի է ունենում 10000-անոց հաւաք յօգուտ Ղարաբաղում սկսած շարժման։ Սովետական միութեան իշխանութիւնները մերժում են Ղարաբաղի խորհրդարանի որոշումը եւ ի պատասխան Երեւանում տեղի են ունենում ցոյցեր։ Փետրւարի 24-ին կազմւում է Ղարաբաղի կոմիտէն, որը մեծ դեր է կատարում Հայաստանի անկախութեան շարժման ղեկավարման գործում։
Ղարաբաղի կոմիտէի անդամները հետագայում ստանձնեցին Հայաստանի Հանրապետութեան կարեւոր պաշտօններ։

Գիւմրիի եւ Սպիտակի երկրաշարժը
1988-ի Դեկտեմբերի 7-ին, առաւօտեան ժամը 11։41-ին, քանի վայրկեանում տակն ու վրայ եղաւԳիւմրին եւ դրա մօտակայ Սպիտակ քաղաքը։ Երկրաշարժի հետեւանքով զոհւեց 25000 մարդ։ Գիւմրին Հայաստանի երկրորդ արդիւնաբերական քաղաքն էր, որն այդ թւականին ունէր 211000 բնակչութիւն։ Այսպիսով Ղարաբաղեան շարժման թոհուբոհում, վրայ հասած բնական այդ աղէտն աւելի ճգնաժամային դարձրեց երկրի ընդհանուր դրութիւնը։ Միւս կողմից օրըստօրէ, հասունացող ժողովրդական այդ շարժումն իր հերթին նպաստեց առաւել միասնական ոգով օգնութեան ձեռք մեկնելու աղէտեալներին։

Անկախութեան հռչակում Լեւոն Տէր-Պետրոսեանի ընտրութիւնը
Խորհրդային միութիւնը գործնականապէս լուծարւեց 1991-ի Օգոստոսին, երբ Մոսկւայում խորհրադային կարգերի կողմնակիցների յեղաշրջման փորձը ձախողւեց։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչութեան մեծամասնութիւնը քւէարկեց յօգուտ անկախութեան։
1991-ի Հոկտեմբերին նախագահական ընտրութիւններ տեղի ունեցան Հայաստանում, որի արդիւնքում Լեւոն Տէր-Պետրոսեանը յաղթեց՝ դառնալով անկախ Հայաստանի ժողովրդական քւէով ընտրւած առաջին նախագահը։
Յօգուտ Տէր-Պետրոսեանի էր ձայն տւել ընտրողների 83 տոկոսը, Պարոյր Հայրիկեանին 7.2 տոկոսը, Դաշնակցութեան թեկնածու Սօս Սարգսեանին 4.3 տոկոսը։
Լեւոն Տէր-Պետրոսեանը միջազգային լայն ճանաչում ունեցող պետական-քաղաքական գործիչ էր։ Քաղաքական գործունէութիւնն սկսել էր 1960-ական թւականներից, 1966-ին ձերբակալւել եւ մէկ շաբաթ կալանքի տակ էր պահւել Ապրիլի 24-ի ցոյցին ակտիւ մասնակցութեան համար։ 1988-ի Փետրւարից ղեկավարել է Ղարաբաղ կոմիտէն, Մայիսից ընդգրկւել Ղարաբաղեան շարժման Հայաստանի կոմիտէի կազմում, դարձել նրա ամենահեղինակաւոր ու ազդեցիկ անդամներից մէկը։ 1988 թ. Դեկտեմբերի 10-ին Ղարաբաղ կոմիտէի միւս անդամների հետ ձերբակալւել էր եւ վեց ամիս պահւել Մոսկւայի Մատրոսկայա տիշինա բանտում։
Շրջափակում... Ցուրտ ու մթին օրեր
Հրապարակ ելած ժողովուրդը ոգեւորւած Այո՛..., այո՛..., այո՛ էր գոչում։ Այո՛ էր ասում խորհրդային իշխանութիւնների խորտակմանը, Այո՛ անկախութեանը, Այո՛ Նաիրիտ-ի փակմանը, Այո՛ ատոմակայանի աշխատանքի դադարեցմանը։ Միւս կողմից պատերազմ եւ շրջափակում, որի արդիւնքում ստացւեց այն, ինչին քչերն էին երեւի սպասում։ Երկիրը միանգամայն զրկւեց էներգետիկայի բոլոր աղբիւրներից՝ էլեկտրականութիւնից ու գազից, մազութից ու բենզինից։ Եւ այդ լուսառատ երկիրիը թաղւեց խորին խաւարի մէջ, լոյս ունենալը հազւադէպ հաճոյք դարձաւ մարդկանց համար։ Իսկ երբ վրայ հասաւ լեռնային երկրի ցըրտաշունչ ձմեռը, առանց ջեռուցման մնացած խեղճ ժողովուրդը գոյապահպանման համար ստիպւած եղաւ կտրել ու վառել իր պապերի ու նախապապերի ձեռքով տնկած ու փայփայած ծառերը։ Աննկարագրելի ցուրտ ու մթին օրեր...Մռայլ ու անտանելի կեանք, այդուհանդերձ, մարդիկ լուռ տոկում էին, ասես՝ համոզւած ու գիտակցաբար կրում էին իրենց վիճակւած խաչը։

Շուշիի ազատագրում
1991-ի Սեպտեմբերի 2-ին հռչակւեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը։ Դեկտեմբերի 10-ին տեղի ունեցաւ հանրաքւէ եւ հռչակւեց անկախութիւնը։ Դեկտեմբերի 25-ին Սովետական Միութեան ուժերը հեռացան Լեռնային Ղարաբաղից։
1992-ի Մայիսի 8-ին հայկական ուժերը ազատագրեցին Շուշին։
Հետագայ ամիսների ընթացքում եւ 1993 թւականին հայերը գրաւեցին մի շարք ուրիշ շրջաններ եւ Ղարաբաղի շրջակայ ադրբեջանական տարածքներ։
1994-ի Մայիսի 17-ին Հայաստանի,Ադըրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարները եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ներկայացուցիչը ստորագրեցին զինադադարի համաձայնագիր, որն ուժի մէջ է մինչեւ այսօր, սակայն չի վերածւել հաշտութեան համաձայնագրի։

Դրօ խմբի ձերբակալումը, Դաշնակցութեան կասեցումը
1994-ի Դեկտեմբերի 17-ին, ահաբեկման զոհ գնաց Երեւանի նախկին քաղաքապետ եւ Ղարաբաղ կոմիտէի նախկին անդամ Համբարձում Գալստեանը։ Այդ ժամանակ արդէն մի քանի շաբաթ էր, ինչ ձերբակալւում էին Դաշնակցութեան մի շարք անդամներ զանազան մեղադրանքներով՝ սկսած ոճրագործութիւնից մինչեւ փաստաթղթերի կեղծում։ Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը Դեկտեմբերի 28-ին յայտարարեց, որ անվտանգութեան ծառայութեան ուժերը յայտնաբերել են Դրօ գաղտնի կազմակերպութիւնը, որը հիմնա - դրւել էր Դաշնակցութեան միջոցով եւ զբաղւել թմրադեղերի մաքսանենգումով ու այլ յանցագործութիւններով, այդ շարքում ահաբեկչական գործողութիւններով՝ երկիրն անկայունացնելու նպատակով։ Այդ հիման վրայ նա արգելեց Հ.Յ.Դաշնակցութեան գործունէութիւնը Հայաստանում։ 1995 թւականի Յուլիսին սկսւեց 12 մեղադրեալների, այդ թւում նաեւ այսօր Դաշնակցութեան բիւրոյի անդամ, իրանահայ Հրանտ Մարգարեանի դատավարութիւնը։

Լ. Տէր-Պետրոսեանի հրաժարականը
1998-ի Մարտին Լեւոն Տէր-Պետրոսեանը հրաժարւեց նախագահութեան պաշտօնից։ Հրաժարականը հետեւանքն էր նրա վերընտրութեանն յաջորդած համընդհանուր բողոքների։ Նա վերընտրւել էր փոքր տարբերութեամբ Վազգէն Մանուկեանից, որի համակիրները բողոքում էին ընտրութիւնների ընթացքում թոյլ տրւած կեղծիքների ու լուրջ խախտումների դէմ։ Յամենայն դէպս Լ. Տէր-Պետրոսեանը յայտնւեց այնպիսի թոյլ դիրքերում, որը համեմատելի չէր նրա նախորդ ընտրութեանը, ուստի իր դիրքերն ամրապնդելու նպատակով,1997-ի Մարտին, Ռոբերտ Քոչարեանին վարչապետ նշանակեց։ Սակայն իսկական տագնապը, որը Տէր-Պետրոսեանի հրաժարականին յանգեց, սկսւեց յօգուտ Լեռնային Ղարաբաղի խնդրի փուլային լուծման կատարած նրա հրապարակային յայտարարութիւնից յետոյ։ Նա բոլորին իրատեսութեան էր հրաւիրում եւ խօսում զիջումների գնալու անհրաժեշտութեան մասին։ Վարչապետ Քոչարեանը պարզապէս դէմ էր նրան։ Նոյնիսկ Ազգային Ժողովում նրա համակիրները դատարկեցին նրա թիկունքը եւ Տէր-Պետրոսեանը դիմադրելու փոխարէն, որը կարող էր երկիրը տանել դէպի անկայուն եւ վտանգաւոր դրութիւն, որոշեց հրաժարւել իր պաշտօնից։ Որպէս նախագահ նրան յաջորդեց Ռոբերտ Քոչարեանը, որը երկու շրջան ղեկավարեց երկիրը։

Ազգային Ժողովի գրաւում
1999-ի Հոկտեմբերի 27-ին, հինգ զինւած մարդիկ գրոհեցին Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողով եւ ահաբեկման ենթարկեցին ժամանակի վարչապետ Վազգէն Սարգըսեանին, Ազգային Ժողովի նախագահ Կարէն Դեմիրճեանին, եւ մի խումբ այլ բարձրաստիճան պաշտօնեաների։ Դէպքը նկարահանւեց դահլիճում տեղադրւած տեսախցիկով եւ ցուցադրւեց նախ CNN-ից եւ ապա միւս հեռուստացանցերից։ Յարձակւողները իրենց գնդացիրներով կրակեցին հարիւրաւոր գընդակներ։ Գրոհի արդիւնքում զոհ գնացին երկրի ղեկավարութեան ութ անդամներ։ Զինեալները մինչեւ յաջորդ առաւօտ գրաււած պահեցին խորհրդարանը, որից յետոյ յանձնւեցին ու փոխադրւեցին Ազգային անվտանգութեան նախարարութեան մեկուսարանը։
Իշխանութիւնները սկզբից շեշտում էին, թէ գրոհայինները որեւէ մէկի կողմից չեն հովանաւորւել եւ այդ ոճրագործութիւնը միայն այդ հինգ զինեալների նախաձեռնութիւնն է եղել, սակայն ժողովուրդը հէնց այնպէս էլ չհաւատաց, որ Նայիրի Յունանեանն ու իր չորս մեղսակիցները առանց ազդեցիկ շրջանակների հովանաւորութեան կարող էին այդպիսի մի գործողութիւն ձեռնարկել։
Հինգ ահաբեկիչների դատավարութիւնը՝ խնդիրը պարզաբանելու փոխարէն, աւելի բարդացրեց այն եւ մինչ այժմ ստոյգ չի պարզւել թէ, ովքեր են այդպիսի աննախադէպ քայլի գլխաւոր պատասխանատուները։ Վերջին նախագահական ընտրութիւնների ժամանակ Լեւոն Տէր-Պետրոսեանը կրկին բարձրացրեց Հոկտեմբեր 27-ի ահաբեկչութեան դատավարութեան հարցը եւ պահանջեց պարզաբանել դէպքի ետեւում կանգնած մարդկանց ինքնութիւնը։

Սերժ Սարգսեանը՝ նախագահ ժողովրդական բողոք Երեւանում
2008 թւականի Փետրւարին վրայ է հասնում նախագահական ընտրութիւնների ժամկէտը, որով պիտի աւարտւի Ռոբերտ Քոչարեանի տասնամեայ նախագահութիւնը։ Իշխանամէտ թեւի թեկնածուն է Սերժ Սարգսեանը, իսկ միւս թեկնածուներից արագօրէն առանձնանում է Լեւոն Տէր-Պետրոսեանը, որը կարողանում է իշխանութիւնների դէմ սուր յայտարարութիւններով եւ մեղադրանքներով իր շուրջ հաւաքել մեծ թւով համակիրներ։ Փետրւարի 19-ին անց են կացւում ընտրութիւններ. պաշտօնական արդիւնքների համաձայն Սերժ Սարգսեանը ձեռք բերելով քւէների 52 տոկոսը, առաջին փուլում յաղթում է իր մրցակիցներին։ Լեւոն Տէր-Պետրոսեանը, ըստ պաշտօնական արդիւնքների՝ ձեռք է բերում քւէների 21 տոկոսը։ Տէր-Պետրոսեանի ղեկավարած ընդդիմութիւնը բողոքում է, որով սկսւում է հանրահաւաքների ու նստացոյցերի անվերջանալի շարանը։ Մարտի 1-ի գիշերը իրաւապահ ուժերը յարձակւում են ցուցարարների վրայ։ Վիրաւորւում են տասնեակ մարդիկ եւ զոհւում 8 հոգի։ Մէկ ամսով արտակարգ իրավիճակ է յայտարարւում եւ լրատւամիջոցները պարտադրւում են այդ ընթացքում հրատարակել միայն իշխանութիւնների կողմից տրամադրւած լուրերը։ Այսօրւայ դրութեամբ Սերժ Սարգսեանը որպէս Հայաստանի Հանրապետութեան երրորդ նախագահ ստանձնել է երկրի ղեկավարութիւնը, սակայն ընդդիմութեան բողոքներն ու ցոյցերը՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարութեամբ, դեռ շարունակւում են։

Իրանը Հայաստանի մշտական բարեկամը
Երբ Հայաստանը իրեն անկախ պետութիւն է հռչակում, Իրանի Իսլամական Հանրապետութիւնը առաջին երկիրն է, որ ճանաչում է նրա անկախութիւնը։ Քիչ յետոյ բացւում է Մեղրիում Իրան-Հայաստան կամուրջը, որը մեծ դեր է կատարում երկու երկրների յարաբերութիւնների զարգացման մէջ, ինչպէս նաեւ իրանահայերի Հայաստան երթեւեկութեան դիւրացման հարցում։ Անկախ Իրանում եւ Հայաստանում երկրների ղեկավարութեան կազմում տեղի ունեցած փոփոխութիւններին, երկու երկրների յարաբերութիւնները մնացել են բարեկամական եւ սերտ։ Դա գալիս է ոչ միայն դարաւոր պատմական եւ մշակութային ընդհանրութիւններից, այլ նաեւ կապւած է տարածաշրջանի աշխարհագրաքաղաքական իրավիճակից, ուր Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը կենսական դեր է կատարում տարածաշրջանում՝ ԱՄՆ-Թուրքիա-Ադրբեջան առանցքի ծրագրերը կասեցնելու գործում։

Յոյս թիւ 34
17 Սեպտեմբեր 2008