Հ նախագահութեան թեքնածու Լեւոն Տէր-Պետրոսեանը Հայաստանի տնտեսութեան, Հոկտեմբեր 27-ի, եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մասին
Հատւածներ Հոկտեմբեր 26-ի ելոյթից
 


Արդէն յիշատակւած (Սեպտեմբերի 21-ի) իմ ելոյթում Հայաստանի ներկայ իշխանութիւնը ես բնութագրել էի հետեւեալ խօսքերով. Վերից վար կոռումպացւած, յանցագործ մի վարչակազմ, որի յարաբերութիւնները կարգաւորւում են ոչ թէ օրէնքներով, ոչ թէ ժողովրդի կամքով, ոչ թէ քաղաքական երկխօսութեամբ, այլ քրէական աշխարհի կանոններով։ Այսինքն՝ լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացւած մի ռեժիմ, որը մեզ այսօր արդէն գլորել է երրորդ աշխարհի նմանատիպ ռեժիմների շարքը։

Դասական պետականութեան տերմինոլոգիայում այդպիսի իշխանութիւնը կոչւում է կլեպտոկրատիա, բառացի՝ գողապետութիւն։ Սակայն ես կը նախընտրէի աւազակապետութիւն բառը, որն աւելի ճշտգրիտ է արտայայտում հասկացողութեան բովանդակութիւնը, քանի որ գողութիւնը անհատական յանցագործութիւն է, իսկ աւազակութիւնը՝ խմբային։

Ո՞րն է, այդ, իշխանութեան աւազակապետական համակարգի գոյութեան իմաստը եւ հետապնդած նպատակը։ Դա ոչ այլ ինչ է, եթէ ոչ իշխանութեան բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրութեան ապահովում՝ սեփական ժողովրդի անխնայ հարստահարման եւ կեղեքման գնով։ Այդ ամէնը ցինիկաբար քօղարկւում է հայրենասիրութեան, պետական շահի, Ցեղասպանութեան ճանաչման, Արցախի անկախութեան վերամբարձ կարգախօսներով։ Այնինչ միանգամայն ակնյայտ է, որ հայրենիքը նրանց համար ընդամենը նւաճւած տարածք է, կամ առաւելագոյնն՝ օբեէկտ, պետական շահ կոչեցեալը՝ ստորագոյն անձնական շահախնդրութիւն, իսկ Ցեղասպանութեան ճանաչումն ու Արցախի ազատագրումը՝ էժան մանրադրամ իրենց հակաօրինական ծրագրերի իրականացման գործում։

Յանցաւոր այս ռեժիմը ձեւաւորւել է ոչ միանգամից։ Նրա սկզբնաւորումն ուղղակիօրէն կապւած է 1999 թ. Հոկտեմբերի 27-ի ոճրագործութեան հետ։ Նման համակարգի գոյութիւնն անհնար էր Կարէն Դեմիրճեանի եւ Վազգէն Սարգսեանի քաղաքական դաշինքի առկայութեան պայմաններում։

Քոչարեանական ռեժիմի գործունէութեան ծանրագոյն հետեւանքը Հայաստանի տնտեսական համակարգի ձեւախեղումն է։ Այն ոչ մի կապ չունի ո՛չ սոցիալիզմի, ո՛չ ֆէոդալիզմի, ո՛չ իսկ անւանապէս հռչակւած կապիտալիզմի հետ, եւ աւելի շուտ յիշեցնում է թաթար-մոնղոլական տիպի խանական համակարգ։ Օրուգիշեր թմբկահարւող լիբերալ տնտեսութիւնը մեր երկրում սոսկ ֆիզիկա է, քանի որ տնտեսական բնագաւառում ամէն ինչ կարգաւորւում է ոչ թէ շուկայական յարաբերութիւններով, այլ իշխանութիւնը բռնազաւթած խունտայի կամքով ու հրահանգներով։

Նախագահի ու վարչապետի փակ գրասենեակներում են որոշւում սեփականութեան բաշխման, պետական գոյքի եւ հողի վաճառքի, մենաշնորհային արտօնութիւնների շնորհման, աճուրդների եւ տենդերների կազմակերպման, արտահանման եւ ներմուծման քւոտաների սահմանման, ընդհուպ մինչեւ լիցենզիաների տրամադրման եւ հողայատկացումների ու շինարարական աշխատանքների թոյլտւութեան հարցերը։

Չի կարելի ուրանալ, անշուշտ, որ աշխատավարձերը, թոշակները եւ նպաստները, յամենայնդէպս, աճում են։ Բայց երբ հաշւի ենք առնում վերջին 10 տարիների ընթացքում արձանագրւած գների թանկացումը, ապա ժողովրդի դրամական եկամուտների մեծացման էֆեկտը հաւասարւում է զրոյի։ Այսօր մեր երկրում 100 դոլարն ունի նոյն գնողունակութիւնը, ինչ տաս տարի առաջւայ 20-25 դոլարը։ Չկայ լայն սպառման որեւէ ապրանք կամ ծառայութիւն, որն այսօր աւելի էժան լինի, քան 10 տարի առաջ։

Չնայած տնտեսութեան բուռն վերելքին եւ աճի տեմպերի երկնիշ ցուցանիշներին, անգամ պաշտօնական տւեալների համաձայն, արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլեւ շարունակում է պահպանւել տարեկան շուրջ 25000 մարդու սահմաններում։ Վերջին շրջանում իշխանութիւններն ու նրանց պրոպագանդիստական մարմինները ցնծութեամբ թմբկահարում են մանաւանդ այն փաստը, որ գործազուրկների թիւը Հայաստանում իջել է 60 հազարի։
Գործազուրկ չեն համարւում, անշուշտ, արտագնայ աշխատանքի մեկնած շուրջ կէս միլիոն հայաստանցի քաղաքացիներ։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործութիւնը յաւերժ մնալու է որպէս Հայոց պետականութեան գլխին կախւած ամօթալի խարան, ինչը կարելի կը լինի որոշ չափով մեղմել միայն գործի լիակատար բացայայտման դէպքում։ Ուստի այդ խնդրի լուծումը դառնալու է Հայաստանի ապագայ նախագահի ամենագլխաւոր պարտականութիւններից մէկը՝ մի բան, որ բացառւած է Սերժ Սարգսեանի ընտրւելու պարագայում։

Լեռնային Ղարաբաղի հարցը սկզբից եւեթ ինձ համար եղել է ոչ թէ հողի կամ տարածքի, այլ բացառապէս մարդու իրաւունքների հարց։ Աշխարհից կտրւած մի լեռնազանգւածում ապրում է 150 հազար մարդուց բաղկացած մի ժողովուրդ, որն ընդամենը ուզում է նոյնքան ազատ, հպարտ, երջանիկ ու ապահով լինել, որքան ֆրանսիացին, գերմանացին, անգլիացին կամ ամերիկացին։ Սակայն, բանից պարզւում է, որ դա չի հետաքրքրում միջազգային հանրութեանը։

Մեր պետական այրերի խաղաղասիրական յայտարարութիւնները, փոխզիջումների պատրաստակամութեան վերաբերեալ տւած հաւաստիացումները, իբրեւ թէ կոնստրուկտիւ նախաձեռնութիւնները ոչ այլ ինչ են, եթէ ոչ էժանագին բլեֆ՝ միջազգային հանրութեանը խաբելու եւ ստատուս-քւօն պահպանելու համար։ Նրանց թւացել է, թէ ԵԱՀԿ-ի միջնորդներն այնքան միամիտ են, որ կընկնեն թակարդը եւ զերծ կը մնան իրենց վրայ ճնշումներ բանեցնելուց։ Հայաստանի իշխանութիւններն, անթաքոյց հրճւանքով, այս ամէնը համարում են իրենց մեծագոյն յաջողութիւնը, քանի որ, ըստ նրանց, դա նպաստում է ղարաբաղեան ստատուս-քւօն պահպանելու ծրագրին։

Եթէ սրանից տաս տարի առաջ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց մարդկային, տնտեսական եւ ռազմական ռեսուրսներով քիչ թէ շատ համադրելի ուժեր էին, ապա այսօր, նոյն չափորոշիչներով, նրանց միջեւ առաջացել է ահռելի ճեղքւածք, որը խորանալու միտում ունի։

Չեմ կասկածում, որ վաղն իմ ընդդիմախօս-բարեկամները յայտարարելու են. Այսպիսի տւեալներ հրապարակելով՝ Տէր-Պետրոսեանը պարտւողական տրամադրութիւններ է սերմանում եւ մտադիր է հող նախապատրաստել Ղարաբաղն Ադրբեջանին ծախելու համար։ Կանխաւ դիմելով նրանց, թախանձում եմ. Հանգստացէք յարգելիներս։ Դադարէք զբաղւել դեմագոգիայով։ Բաւական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին։ Բաւական է նրանցից թաքցնել ճշմարտութիւնը։ Ժողովուրդն աւելի խելօք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը։ Մէկ անգամ ընդմիշտ պէտք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկութեան դէպքում անգամ, չի կարող ծախել Ղարաբաղը։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պէտք է վճռի ոչ թէ Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը։

Արմատապէս հարկ է փոխել Ղարաբաղի հարցի կարգաւորման գործընթացում Հայաստանի ներկայ իշխանութիւնների վարած անհեռանկար եւ վտանգաւոր քաղաքականութիւնը, այսինքն խնդրի լուծումը ձգձգելու, ստատուս-քւօն պահպանելու փիլիսոփայութիւնից անցում կատարել հարցը լուծելու փիլիսոփայութեանը։

Անիմաստ է վախենալ կամ խուսափել փոխզիջումներից, որովհետեւ այլ լուծում բնութեան մէջ գոյութիւն չունի։ Քաղաքականութեան մէջ, ինչպէս բիզնեսում, յաջող են համարւում միայն այն գործարքները, որոնցից շահում են երկու կողմերը։ Երբ շահում է միայն մէկ կողմը, գործարքն ամենեւին յաջողւած կամ տեւական չի կարող լինել։

Զուտ մարդկայնօրէն ինձ մեծագոյն ցաւ են պատճառում Հայաստանի պետական այրերի հասցէին այստեղ հնչեցւած խիստ գնահատականները, որովհետեւ թէ՛ Ռոբերտ Քոչարեանը, թէ՛ Սերժ Սարգսեանը եղել են իմ անձնական եւ մարտական ընկերները՝ անհատականութիւններ, որոնց անուններն ըստ արժանւոյն պէտք է արձանագրւեն հայ ժողովրդի նորագոյն պատմութեան մէջ։ 1999 թւականից յետոյ նրանց դրսեւորւած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստւերել նրանց՝ ու նաեւ Սամւէլ Բաբա-յեանի եւ Արկադի Ղուկասեանի անուրանալի եւ նշանակալից դերը, ինչպէս Արցախի ազատագրման, այնպէս էլ հայոց պետականութեան վերականգնման եւ ամրապնդման գործում։

Կանխելով հնարաւոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մէջ բոլորովին դեր չի խաղում Քոչարեանի եւ Սարգսեանի ղարաբաղցի լինելու հանգամանքը։

Բոլորովին չեմ կասկածում, որ իմ ընդդիմախօսներից ոմանք վաղը նորից լուրջ դէմքերով կը յայտարարեն՝ Տէր-Պետրոսեանն այս անգամ եւս բաւարարւեց միայն փաստերի կոնստատացիայով ու քննադատութեամբ, չառաջարկելով որեւէ ծրագրային լուծում եւ չարձագանքելով իրեն ու նախկին իշխանութիւններին ուղղւած մեղադրանքներին։ Նախ, ծիծաղելի է տաս տարի լռած մարդու մի ելոյթից պահանջել բոլոր հարցերի պատասխանը, քանի որ իւրաքանչիւր ելոյթ ունի իր խնդիրը։ Մինչ քաղաքական գործչի պլատֆորմը բացայայտւում է մի ամբողջ շարք ելոյթների, մամլոյ ասուլիսների, հարցազրոյցների, յօդւածների, նախընտրական ծրագրերի ու քարոզարշաւների հիման վրայ։ Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքներին, ապա որպէսզի ոչ ոք չկարծի, թէ վախենում կամ խուսափում եմ դրանցից՝ կը ներկայացնեմ դրանց ամբողջական կատալոգը կամ այն ամէնը, ինչն սպառնաց յիշեցնել մեր յարգարժան նախագահը՝ մութ ու ցուրտ տարիներ, մազութի գործ, էլեկտրաէներգիայի հողանցում, արդիւնաբերութեան քայքայում, վայրենի սեփականաշնորհում, խնայբանկի աւանդների փոշիացում, կուսակցութեան եւ թերթերի փակում, դաւաճանութիւն Արցախի գործին, սխալ կադրային քաղաքականութիւն, թուրքամէտութիւն, ապազգայնութիւն, կոսմոպոլիտիզմ եւ այլն։ Հաւատացած եմ, ոմանք չարախնդութեամբ, իսկ հասարակութեան մեծամասնութիւնն ամենայն անկեղծութեամբ սպասում են նշւած մեղադրանքների վերաբերեալ իմ բացատրութիւններին։ Վստահեցնում եմ, դուք դեռ բազմաթիւ առիթներ կունենաք լսելու այդ բացատրութիւնները։ Իսկ թէ որքան համոզիչ կամ անհամոզիչ կը լինեն դրանք՝ կը մնայ ձեր դատին։

Յոյս թիւ 14
14 Նոյտեմբեր 2007