ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՈՒՆՒԵՑ
 

Աստղիկ Բեդեւեան

 


Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի, Մայիսի 26-ին, ձայների 91 կողմ, 1 ձեռնպահ յարաբերակցութեամբ ընդունեց համաներման մասին որոշումը:
Հայաստանի անկախութեան 20-րդ տարեդարձի կապակցութեամբ համաներում յայտարարելու առաջարկով նախագահ Սերժ Սարգսեանը խորհրդարանին էր դիմել Մայիսի 20-ին:
Համաներման որոշումը կը կիրառւի այն անձանց նկատմամբ, որոնք յանցագործութիւն են կատարել մինչեւ 2011 թւականի Մայիսի 1-ը ներառեալ:
Ազգային ժողովի որոշումը, ըստ կանոնակարգի, ստորա-գրում է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ-ի նախագահ Հովիկ Աբրահամեանը արդէն ստորագրել է համաներման որոշումը: Այն 24 ժամւայ ընթացքում կը հրապարակւի Հայաստանի Հանրապետութեան պաշտօնական տեղեկագրում եւ ուժի մէջ կը մտնի հրապարակման պահից:
Համաներման կիրառման ողջ գործընթացը կը տեւի մինչեւ Սեպտեմբերի 21-ը: Արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանի խօսքով` այս համաներման արդիւնքում պատժից ամբողջութեամբ կազատւի մօտ 400 մարդ, եւս 400-ի վրայ կը տարածւի համաներումը, բայց միայն կը կրճատւի նրանց պատժի չկրած մասը. այս թիւը կարող է մօտ 20 տոկոսով փոփոխւել:
Ի պատասխան "Ազատութիւն" ռադիօկայանի հարցի, թէ ե՞րբ կարող են ազատութեան մէջ յայտնւել առաջին դատապարտեալները, հնարաւո՞ր է, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ առաջնային վերաբերմունք դրսեւորւի, արդարադատութեան նախարար Հրայր Թովմասեանը ասաց, որ անհարկի ձգձգումները բացառւած են, սակայն չյստակեցրեց անազատութեան մէջ գտնւող ընդդիմադիրների նկատմամբ առանձնայատուկ վերաբերմունք կը դրսեւորւի, թէ՛ ոչ. - "Հիմա պիտի տեսնել` երբ է ուժի մէջ մտնելու, որովհետեւ 24 ժամ է նախատեսւած հրապարակելու համար եւ յաջորդ օրը ուժի մէջ մտնելու համար, եւ դրանից յետոյ ժամացոյցը կը սկսի աշխատել":
Հինգշաբթի օրը խորհրդարանում կարծիքներ էին հնչում, ի դէպ` իշխանական Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչների կողմից, որ մինչեւ Մայիսի 31-ը, այսինքն՝ մինչեւ ընդդիմութեան հանրահաւաքի օրը Սասուն Միքայէլեանը եւ Նիկոլ Փաշինեանը կը յայտնւեն ազատութեան մէջ:
Համաներման այս ակտը կը կիրառւի Մարտի 1-ի առնչութեամբ դատապարտւած ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Սասուն Միքայէլեան եւ Նիկոլ Փաշինեանի մասով այս տեղեկութիւն ԱԺ-ում հաստատեց նաեւ Արդարադատութեան նախարարը, ով անցեալ օրը այդ հարցին կոնկրետ պատասխան չէր տալիս:
"Ես ուրախ եմ, որ համաներումով որոշ խումբ մարդիկ կը յայտնւեն ազատութեան մէջ: Դա մեզ կօգնի ազատւել անցեալի տխուր իրողութիւններից, բայց եւ չպէտք է հանգստանանք` մտածելով, թէ ամէն ինչ աւարտւել է: Մենք որպէս հանրութիւն խնդիր ունենք այնպէս կազմակերպելու մեր երկրի ներքին կեանքը, որ լինի իրական քաղաքական երկխօսութիւն կամ բանավէճ, երբ միմեանց ոչնչացնելը դադարի լինել նպատակ որոշ քաղաքական ուժերի համար, տեսակէտների տարբերութիւնը չթշնամացնի կողմերին", - ասաց Թովմասեանը:
Համաներման որոշմանը ձեռնպահ քւէարկած միակ պատգամաւորը ԱԺ նախկին խօսնակ Տիգրան Թորոսեանն էր:
"Եթէ խնդիրը վերաբերում էր ընդդիմութեան եւ իշխանութեան յարաբերութիւնների կարգաւորմանը, ապա այս մէկ քայլը չպէտք է ներկայացնել որպէս իրավիճակի բարելաւում, երկխօսութիւն, հանդուրժողականութեան ձեւաւորում եւ այլն: Ցաւօք սրտի, արմատները շատ աւելի խորն են, ես չեմ ուզում, որ մենք ինքներս մեզ` նկատի ունեմ պատգամաւորներին, կառավարութեանը եւ յատկապէս հասարակութեանը խաբենք, թէ համաներումով նման արդիւնքներ ենք ունենալու", - իր որոշումը բացատրեց Թորոսեանը:
Հանրապետական խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը, սակայն, պնդում է, որ այս քայլը միանշանակ կը թուլացնի լարւածութիւնը, իշխանութեան եւ ընդդիմութեան երկխօսութեան համար լաւ հիմքեր կը ստեղծի. - "Անշուշտ, այստեղ կայ եւ լուրջ հասարակական, ինչպէս նաեւ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ այս համաներման արդիւնքում մենք կարող ենք մեղմացնել քաղաքական այն իրավիճակը, որը որ կայ, եւ, անշուշտ, այստեղ կայ խնդիր` թէ՛ համերաշխութեան հետ, թէ՛ ներքաղաքական երկխօսութեան հետ կապւած եւ թէ՛ առհասարակ հումանիստական արժէքների հետ կապւած":
 

Յոյս թիւ 99

1 Յունիս 2011