ՍՊՈՐՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԱՄ ՀԱԿԱՌԱԿԸ

 

Ազատ Մաթեան

 


ՀՀ եւ Հայկական Կոնգրեսի առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը, այսուհետ ԱՆԼՏՊ, թւականիս Մարտ 17-ի համահա-ւաքում ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսեանի, այսուհետ ՆՍՍ, դէմ յայտարարեց շախմատային տակտիկա:
ԱՆԼՏՊ-ի այս մարտահրաւէրը ինչպէս կարելի էր սպասել, տաբեր ու զանազան մեկնաբանութիւնների առիթ տւեց հայրենի, թէ ոչ հայրենի քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակներում:
Տւեալ շրջանակներից ոմանք խիստ վերապահութեամբ, չասելու համար կասկածով են խօսում ԱՆԼՏՊ-ի շախմատային ընդունակութիւնների մասին: Ասւում է, որ նա յանձնւում է հէնց առաջին շախից յետոյ, այն էլ ոչ այնքան գրոս գրոս-մայստերների դիմաց, եւ որ աւելի յուսահատեցնող է, իւրաքանչիւր պարտութիւնից, չասելու համար փախուստից յետոյ նա առնւազն 10 տարի պէտք ունի իր ուժերը վերականգնելու եւ նոր խաղի մէջ մտնելու համար, ինչը, բնականաբար, շատ թանկ է նստում իրենց ամբողջ նիւթական թէ բարոյաքաղաքական դրամագլուխը (իմա. կապիտալ) նրա իմիջի վրայ ներդրած երկրպագուների վրայ:
Չմոռանանք, որ ԱՆԼՏՊ առաջինը նահանջեց հէնց ՀՀ Բ նախագահ Ռոբերտ Քոչարեանի (այսուհետ ԲՆՌՔ) դիմաց, որը, ինչպէս գիտենք բազմակողմանի սպորտսմեն էր եւ հաւասար յաջողութեամբ իրեն դրսեւորում էր, թէ բասկետբոլի ու տենիսի (սեղանի եւ ոչ սեղանի), թէ լողի ու հրացանաձգութեան եւ թէ, վերջապէս, էգզոտիկ (Աֆրիկեան վագրի ու առիւծի) որսորդութեամբ: Հետագային ԱՆԼՏՊ-ն շատ կը զղջայ ընդհանրապէս ԲՆՌՔ-ի ու ՆՍՍ-ի հետ գործ ունենալու համար:
Վերադառնալով բուն նիւթին, ուրիշներ ԱՆԼՏՊ-ի այս քայլը համարում են չմտածւած եւ անհեռատես տակտիկական սխալ, յիշեցնելով, որ նրա թիւ մէկ հակառակորդը՝ ՆՍՍ-ն ներկայիս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն է եւ դժւար թէ նա իր այս պաշտօնը, որը ըստ նրանց ՆՍՍ-ի իմիջի գլխաւոր ռեսուրսն (ակունք) է, զիջի որեւէ մէկին, եւ արդէն իսկ խօսւում է այն մասին, որ ԱՆԼՏՊ-ի մարտահրաւէրից յետոյ ՆՍՍ-ն անմիջապէս բերման է ենթարկել ՀՀ շախմատի հաւաքականի ամբողջ կազմին, եւ նոյնիսկ Լեւոն Արոնեանին նրանց հետ խտացւած ռեժիմով մարզումներ անցկացնելու համար: Կան նաեւ, իհարկէ կասկածներ, որ ինքը ԱՆԼՏՊ-ն եւս մարզւում է արտասահմանեան անւանի գրոսմայստերների մօտ, որոնք, իբր թէ, վարձատրւում են նոյնպէս արտասահմանեան առ-այժմս անյայտ աղբիւրների կողմից: Այս տեսակէտի պաշտպանները վկայակոչում են նաեւ մեր ազգային գլխաւոր մարզաձեւի ֆեդերացիայի նախագահի պաշտօնում նոյն մարզաձեւի, որ նոյնն է թէ ՆՍՍ-ի արձանագրած մի շարք միջազգային նւաճումները եւ աւելացնում, այլ բան, եթէ ԱՆԼՏՊ-ն ՆՍՍ-ի դէմ որդեգրէր ֆուտբոլային տակտիկան, որը ՆՍՍ-ի, այսպէս ասած, աքիլլէսեան գարշապարն է, եւ որի մէջ նա խայտառակ պարտութիւններ է կրել թէ՛ սեփական եւ թէ՛ հակառակորդի դաշտում, թէեւ այստեղ էլ, յոյս կայ, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին պարգեւատրի ամենաարդարացի ֆուտբոլային խաղի մրցանակ, այլ խօսքով, մի նոր բարոյական յաղթանակ հայ բազմադարեան ժողովրդի համար:
Առաւել պահպանողական շրջանակներ ներքաղաքական անհարկի եւ տհաճ մթնոլորտը բարեխառնելու տեսակէտից դրական են գտնում ԱՆԼՏՊ-ի քաղաքական կուրսը եւ որպէս խնդրի լաւագոյն եւ ազգաշահ լուծում առաջարկում են այն, որ ԱՆԼՏՊ-ն եւ ՆՍՍ-ն տետ ա տետ նստեն շախմատային սեղանի երկու կողմերում եւ յաղթող կողմը իր ուսերին վերցնի կամ շարունակի կրել թէ Հանրապետութեան եւ թէ շախմատի ֆեդերացիայի նախագահի ծանր եւ պատասխանատու լուծը: Աւելի լաւատեսները հնարաւոր են համարում նաեւ այն տարբերակը, որ այդ երկու լուծերը նրանք փոխադարձ համաձայնութեամբ քաշեն երկուսով, որով գուցէ թէ հնարաւոր լինի ցեխում մնացած սայլը տեղից շարժել: Անուղղելի յոռետեսներն էլ պնդում են, թէ նման պարագայում ամէն մէկն իր կողմը կը քաշի եւ սայլը առաջ շարժւելով, այս անգամ արդէն վերջնականապէս ցրիւ կը գայ:
(Բոլոր դէպքերում ժողովրդավարական կուլտուրան պահանջում է, որ ամէն տեսակի թիւրիմացութիւններից խուսափելու հա-մար, նոյն գագաթամրցոյթը կայանալու դէպքում ժողովուրդին հնարաւորութիւն տրւի խաղը դիտել Ազատութեան հրապարակում հա-ւաքւած, որովհետեւ ԱՆԼՏՊ-ին մօտ շրջանակները այնքան էլ վստահ չեն, որ հակառակորդը իր արդէն իսկ զբաղեցրած զոյգ պաշտօնները չի չարաշահի ցանկալի արդիւնքի հասնելու համար):
Ինչ վերաբերում է ժողովրդական խաւերին, ապա նրանց կարծես ընդհանրապէս դուր չի եկել ԱՆԼՏՊ-ի շախմատային տակտիկան, մանաւանդ որ խօսքը հաստատ, արագ շախմատի մասին չէ, այլ լրիւ դասական Տիգրան Պետրոսեանական ոճի մասին, որի դէպքում իւրաքանչիւր պարտիան կարող է ձգձգւել անսահմանափակ, մինչդեռ Մարտի 17-ին հանրահաւաքի դուրս եկած ժողովուրդը անդադար վանկարկում էր. "հիմա, հիմա": Մէկ էլ ժողովուրդը ասում է, լա՛ւ, եթէ իրենք պիտի նստեն վերեւներում շախմատ խաղան, էլ մեզ ինչի են քարշ տալիս փողոցները, գոնէ ֆուտբոլ կամ բոքս լինէր, թէկուզ կոխ բռնէին, ժողովուրդն էլ կիսւէր բաժանւէր երկու բանակի, կանգնէր թիկունքին տղերանց մէկի եւ իր գոռում-գոչիւմներով մասնակից լինէր սեփական ճակատագրի կերտմանը, թէ չէ շախմատի պարագային պիտի իրենք սուս-փուս նստեն ու ամէն ինչ որոշեն:
Բայց ո՛չ, ԱՆԼՏՊ-ը վերջնականապէս եկել է այն եզրակացութեան, որ մեր ազգային մենտալիտետին, այսինքն՝ հայի խելքին սազական է միայն շախմատը, այն էլ "ուղեղով", ուստի ժողովրդին այլ բան չի մնում, քան գնալ տուն եւ տեսնել իր գլխի ճարը կամ սպասելով դէպքերի բնականոն զարգացմանը:
Աւելացնենք, որ ըստ որոշ մեկնաբանների, Հայաստանում սպորտային քաղաքականութեան կամ քաղաքական սպորտի ասպարէզում վերջնական խօսքը պատկանում է ՀՀ Օլիմպիական Կոմիտէի նախագահ՝ պրն. Գագիկ Ծառու-կեանին եւ այս ասպարէզում իր ուժերը փորձել ցանկացող որեւէ քաղաքացի պարտաւոր է հաշւի նստել նրա հետ: Իրականում նա է որոշում, թէ Հայաստանում ինչպիսի մարզաձեւ պիտի զարգանայ եւ խաղի ինչ կանոններով, իսկ նա առայժմս կոալիցիոն կապերի մէջ է ՆՍՍ-ի հետ, ինչը եւ, ըստ մեկնաբանների, խիստ կասկածելի է դարձնում ԱՆԼՏՊ-ի շախմատային տակտիկայի յաջողութիւնը, ասւում է, որ վտանգ զգալու դէպքում, ԳԾ-ն մէկ էլ տեսար շախմատը ընդհանրապէս արգելեց Հայաստանում եւ Հայաստանի շախմատիստներին ձեռնտու գներով վաճառեց արտասահմանեան իր գործընկերներին:
Քաղաքական սպորտի ակնառու դէմքերից է նաեւ Րաֆֆի Յովհաննիսեանը, որը չնայած իր պատկառելի կշռին, ասես անդրադարձել է, որ ծանր քաշերում այնքան էլ շանս չունի, ուստի նոյն Ազատութեան հրապարակում հացադուլ է յայտարարել իր քաշը պակսեցնելու յոյսով, սրա հասցէին էլ, ասւում է, որ նա լուրջ քաղաքականութեամբ չի զբաղւում, որովհետեւ, ամբողջ Հայաստանի ժողովուրդը այս էլ քանի տարի հացադուլի մէջ է, իսկ ղեկավարների հեչ վեջն էլ չի:
Այս ամէնի մէջ ամէնից ողբերգազաւեշտականը, իհարկէ, ՀՅԴ-ի վիճակն է, որ եղած թոհուբոհի մէջ չկարողանալով ընտրել քիչ թէ շատ ժամանակակից մարզաձեւ, եւ ընդհանրապէս մնալով խաղից դուրս վիճակում, որոշել է վերադառնալով ակունքներին, ընտրել աւանդական լարախաղացութիւնը (ժողովրդական արտայայտութեամբ քեանդրբազութիւն), որը դժբախտաբար պաշտօնապէս ընդունւած չէ միջազգային սպորտային ատեանների, բնականաբար նաեւ պրն. ԳԾ-ի կողմից, այլ համարւում է ազգային տօնախմբային զւարճալիք:

 

Յոյս թիւ 98

18 Մայիս 2011