ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Լեւոն Ահարոնեան


Ապրիլի 29-30-ին Երեւանում կայացաւ Հայ գործարարների հանդիպումը իւրայատուկ նպատակով Այդ միտքը յղացել էին Կանադայի Թորընթօ քաղաքում բնակւող իրանահայ գործարար Վահրամ Փիրջանեանը՝ իր լիբանանահայ ընկերների հետ, որպէսզի աշխարհի բոլոր երկրներում գտնւող հայ գործարարներին իրար շուրջ համախմբելով ու ծանօթացնելով, կարողանան իրենց առեւտրական կապերն ամրապնդել միմեանց հետ եւ ապա միանան Հայաստանի գործարարներին՝ զարգացնելու հայրենի աշխարհի առեւտուրն ու տնտեսութիւնը:
Առ ի տեղեկութիւն հարկ է նշել, որ շուրջ 35 տարի առաջ՝ նախքան Իրանի իսլամական յեղափոխութիւնը այդպիսի մի միտք էլ Թեհրանում յղացաւ Ջեմս Սաղին՝ Իրանում "Քլինեքս" անունով առաջին թղթէ անձեռոցիկների գործարան հիմնողն ու արտա-դրողը՝ Շահէն Յարութիւնեանի, Նժդեհ Ասլանեանի, Ալֆրէդ Այսէի, Վաչիկ Խաչատրեանի եւ այլ անձանց հետ, որին մաս էր կազմում նաեւ տողերիս հեղինակը: Սակայն 1979 թւին տեղի ունեցած յեղափոխութեան հետեւանքով կազմալուծւեց այդ միասնական նախաձեռնութիւնը եւ միութեան անդամները ցրւեցին աշխարհով մէկ, եւ այդպիսով անէացաւ միասնական գաղափարի մարմնացումը:
Ամիսներ առաջ պրն. Վահրամ Փիրջանեանից, որը մի գործունեայ անձնաւորութիւն է, էլեկտրոնային փոստով մի նամակ ստացայ, որով տեղեկացնում էր, թէ Ապրիլի 29-30-ին տեղի է ունենալու մի համահաւաք առեւրտական պալատների կապակցութեամբ:
Ժողովը կայացաւ որոշւած ժամանակին՝ Սփիւռքի նախարար տկն. Հրանուշ Յակոբեանի ներկայութեամբ եւ ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի վարիչ պրն. Մարտին Սարգսեանի նախագահութեամբ, որին ներկայ էր նաեւ ՀՀ Արդիւնաբերողների միութեան նախագահ պրն. Արսէն Ղազարեանը:
Նիստին բարեհաճել էին ներկայ գտնւել նաեւ վարչապետ պրն. Տիգրան Սարգսեանը, որը եւ լայն բացատրութիւններ տւեց Հայաստանի տնտեսական եւ գիւղատնտեսական իրավիճակի եւ յատկապէս բանջարաբոստանային արդիւնաբերութեան եւ արեւահամ մրգերի՝ միջազգային շուկայում ունեցած պահանջարկի մասին, որոնք նաեւ կարիք ունեն ներդրումների, եւ որ այս ուղղութեամբ ճիշտ մօտեցում ցուցաբերելով եւ պատշաճ ծրագիր գործադրելով, ապագայում դրանք կը դառնան հզօրութիւններ:
Նա այնուհետեւ անդրադարձաւ զբօսաշրջութեան ու քիմիական գործարանների զարգացման ոլորտի ու արդիականացման անհրաժեշտութեանը, որոնք բոլորն էլ կարօտում են ազատ տնտեսական միջոցների եւ արդէն իսկ ընթացք են տրւել:
Սփիւռքի նախարար տկն. Հրանուշ Յակոբեանն իր բացման խօսքում նախ ողջունեց ու գնահատեց համահաւաքը կազմակերպողների մտայղացումն ու աշխատանքը, ապա ընդգծեց Հայաստանի անկախութիւնից յետոյ սփիւռքահայ գործարարների՝ Հայաստանի զարգացման ուղղութեամբ կատարած կարեւոր ներ-դրումները, եւ աւելացրեց, որ նման ձեռնարկներ ու միջոցառումներ, անշուշտ կը խթանեն երկրի տնտեսութեան զար-գացմանը:
Ապա ելոյթ ունեցաւ ՀՀ Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ պրն. Մարտին Սար-գսեանը, որը ողջունելով ներկաներին, յաջողութիւն մաղթեց նրանց՝ իրենց ապագայ գործունէութեան համար:
Պրն. Վահրամ Փիրջանեանը եւս իր խօսքերի մէջ անդրադարձաւ կազմակերպութեան հետապնդած նպատակներին, որից յետոյ ժողովին մասնակցողները որոշ հարցումներ տւեցին եւ մանաւանդ գանգատներ հնչեցրին հայաստանցի վաճառականների եւ արտադրողների հետ ունեցած որոշ կարգի դժւարութիւնների կապակցութեամբ, յատկապէս ապրանքների առաքումն ուշացնելու կամ թէ գնւած, բայց որոշ-ւած նոյն ապրանքները չուղարկելու վերաբերեալ:
Կէսօրից յետոյ պրն. Հրաչ Գասպարեանը անդրազգային հայ առեւտրական ցանցերի գործունէութեան անցեալն ու ներկան, ըստ էութեան ու պատկերա-ւոր, ցուցադրեց էկրանի վրայ, որը բաւական հետաքրքիր էր, ապա անդրադարձաւ բիզնեսում յաջողութեան հասնելու անհրաժեշտութիւններին, հետեւեալ կարգով՝
1. Ռազմավարութեան տեսլականը
2. Կարողութիւնների զարգացումը
3. Կապիտալի հասանելիութիւնը
4. Մրցունակութիւնը
5. Գործընկերութիւնը
6. Հասանելիութիւն տեղական եւ միջազգային մակարդակում
Այս տւեալները ամփոփելով մի գրքոյկի մէջ որպէս նորակազմ միութեան կանոնագիր պէտք է մինչեւ 2 ամիս տրամադրել իւրաքանչիւր անդամի՝ քննարկելու համար: Նկատի ունենալով, որ յիշեալ միութեան կազմութեան գաղափարի յղացումն ու նախնական աշխատանքների կատարումը պատկանում էր կանադահայ ներկայացուցիչներին, ուստի ժողովը միահամուռ որոշեց միութեան առաջին նախագահ ընտրել պրն. Վահրամ Փիրջանեանին, որից յետոյ 14 շրջաններից մասնակցած անդամներից իւրաքանչիւրը մէկ տարով հերթականօրէն կը ղեկավարի միութեան աշխատանքները, իսկ ամէն մի շրջանի անդամ-ներկայացուցիչ՝ որպէս փոխնախագահ՝ աշխատանքային կապ կը պահպանի կենտրոնի հետ:
Ըստ համաձայնեցւած ծրա-գրի, սփիւռքահայ գործարարները ամսի 30-ին հանդիպում ունեցան ՀՀ նախագահ պրն. Սերժ Սարգսեանի հետ իր նստավայրում, որի ընթացքում նա բարի գալուստ մաղթելով պատւիրակութեան անդամներին ու ողջունելով երեւոյթը, անդրադարձաւ Հայաստանի տնտեսական խնդիրներին, յստակ կերպով բացատրեց հարկային եւ տուրքային կանոնները, դրանց սահմանները, կապիտալի ներդրումներ կատարելու շահութաբերութիւնը, եւ այն առաւելութիւնները, որ տրւում է արտասահմանեան ներդրողներին, ապա արծարծեց քաղաքական խնդիրներ, որից յետոյ ուզեց անկաշկանդ կերպով հարցումներ տալ որեւէ հետաքրքրող խնդրի շուրջ:
Ահա այս պահին էր, որ նախագահի եւ ներկաների միջեւ տեղի ունեցաւ մտերմիկ զրոյց զանազան խնդիրների շուրջ, ինչպէս Արցախի, Թուրքիայի հետ բանակցութիւնների կոռուպցիայի եւ ներքաղաքական հարցերի: Ես էլ մի հարցով դիմեցի Հանրապետութեան Նախագահին, որ վերջերս բարձաստիճան մի պաշտօնեայ հեռուստացոյցային մի հաղորդման պահին Հայաստան բնակութիւն հաստատող հային հայրենադարձ էր կոչում, որն այնքան էլ հաճելի երեւոյթ չէ եւ մի ձեւ տարանջատում է առաջ բերում երկրի ժողովրդից: Պրն նախագահն էլ նշեց, թէ իրեն էլ ղարաբաղցի են ասում եւ ինչ պիտի անել. դրանք բաներ են, որ ժամանակի ընթացքում կը վերանան: Իսկ կաշառակերութեան մասին նշեց, թէ ըստ վիճակագրական տւեալների, ժողովրդի մեծամասնութիւնը սովորական է համարում կաշառք տալը, եւ նման մթնոլորտում ինչ կարող է անել կառավարութիւնը: Օրինակ մի մարդ դիմում է անձնագիր ստանալու, նրան ասում են 20,000 դրամ պիտի մուծի եւ երկու օրից գայ ստանայ, սակայն նա ասում է իրեն վաղն է պէտք եւ տեղում առաջարկում է 30,000 դրամ: Սա, իհարկէ, կառավարութեան կարողութեան սահմաններում է եւ հիմա կառավարութիւնը 10,000 դրամ աւել է գանձում եւ մէկ օրում անձնագիր տալիս, որպէսզի այսպիսով մի կաշառքի դուռ փակւի: Նախագահը խօսեց նաեւ ոստիկանութեան կողմից ապօրինի գանձումների մասին եւ ինձանից հարցրեց, թէ այս տարի իրանական նոր տարւայ արձակուրդների առիթով Հայաստան այցելած իրանցիների վերաբերեալ որեւէ փոփոխութիւն նկատւե՞լ է:
Ես ասացի, որ այդ արձակուրդներին մէկ ամիս մնացած Իրան-Հայաստան Առեւտրական պալատի անունից այդ կապակցութեամբ 3 նամակներ էր հասցէագրւել Հայաստանի ոստիկանապետին, մաքսատան կառավարչին՝ աշխատակազմի աւելացման եւ գործընթացն արագացնելու եւ պատշաճ վերաբերմունք ցուցաբերելու եւ անձնագրային հիմնարկի պետին՝ վիզայի հարցն արագ կարգադրելու համար, եւ բարեբախտաբար, մինչեւ հիմա աննշան գանգատներ են եղել այս ուղղութեամբ: Անթաքոյց պիտի ասեմ, որ շատ զարմացայ, իմանալով, որ նախագահը լաւապէս տեղեակ է այդ բոլորին եւ այդ առիթով շնորհաւորեցի նրան:
Նախագահի հետ գործարարների հանդիպումը տեւեց մօտ 1:30 ժամ, որտեղից հեռացանք բարձր տրամադրութեամբ ու լիցքաւորւած: Այնուհետեւ պատւիրակութիւնը մեկնեց Սիլ հիւրանոց պրն. Արսէն Ղազարեանի նախագահութեամբ Հայաստանի արտադրողների միութեան կողմից տրւած ճաշկերոյթին մասնակցելու, որից յետոյ ներկայ գտնւեց Սփիւռքի նախարարութեան նիստերի դահլիճում՝ յաջորդ հանդիպման վայրն ու թւականը ճշտելու համար, որը որոշւեց տեղի ունենայ 2012 թ. Մայիսի 9-10-ին՝ Ստեփանաւանում: Օրւայ վերջում գործարարների խումբը եղաւ նաեւ Հին Երեւան համալիրում՝ հրաւիրւած լինելով կոկտէյլի:
 

Յոյս թիւ 98

18 Մայիս 2011