ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ՝
ԴԱՐԱՒՈՐ ԵՐԱԶԱՆՔ ԹԷ՞ . . .

Ռոբերթ Սաֆարեան

 


2008 թւականին հրապարակւել է Տիգրան Խզմալեանի "Սարդարապատ" վաւերագրական ֆիլմը, որի համաձայն, այս յաղթական հերոսամարտին նախորդող բոլոր նահանջների եւ զիջումների պատասխանատուն հայ քաղաքական այրերն ու կազմակերպութիւններն էին, իսկ յաղթանակը իրականացնողը` եկեղեցին ու ժողովուրդը: Ահա մի հատւած ֆիլմի խօսքերից. "Կորցնելով արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապը, հետե-ւաբար նաեւ Թիֆլիսում լռւած իր տխրահռչակ ղեկավարների հետ, հայ ժողովուրդն սկսեց գործել ինքնուրոյն, ապաւինելով միայն սեփական ուժերին Հէնց դա էլ դարձաւ ազգային փրկութեան գլխաւոր խթանը" Առանց հաստատելու այդ եզրափակումը, հետաքրքիր է նկատել, որ ըստ Խզմալեանի, Սարդարապատի յաղթանակը, հետեւանքն է այն հանգամանքի, որ ժողովրդի կապը կտրւեց Թիֆլիսում հաստատւած հայ քաղաքական ղեկավարութիւնից: Սա մի տեսակէտ: Միւս կողմից, Դաշնակցական Ռուբէնը, իր յուշերում շեշտակիօրէն գրում է, թէ ինչպէս մինչեւ 1917 թւական, ոչ մի հայ կուսակցութիւն չէր ցանկանում ստեղծել անկախ Հայաստան Ռուսահայաստանում: Աւելին, նա գրում է, որ անկախ եւ միացեալ Հայաստանի գաղափարը առաջին անգամ առաջադրել են թուրքերը: Թէ ինչպէ՞ս եւ ինչո՞ւ, կարդացէք յաջորդ էջերում վերատպւած հատւածը Ռուբէնի յուշերից: Իսկ մեր դասագիրքը, պարզեցնելով ամէն ինչ եւ տեղաւորելով իրական բարդ դրութիւնը մերօրեայ նեղ գաղափարախօսութեան շրջանակներում, այսպէս է գրում. "Այս յաղթանակների (Սարդարապատի, Բաշապարանի եւ Ղարաքիլիսայի) արդիւնքում, 1918 թ. Մայիսի 28-ին շուրջ վեց դար գերութիւնից յետոյ իրականանում է հայ ժողովրդի մեծագոյն երազանքը` վերականգնւում է հայկական պետականութիւնը, որով Հայաստանը ձեռք է բերում ազատութիւն եւ հիմնւում է Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետութիւն": Տեղին է հար-ցնել, որ այդ ինչպիսի՞ երազանք էր, որ մինչ այդ ոչ մի հայ կուսակցութիւն չի ներառել իր նպատակների շարքում: Իսկ ինչո՞ւ մինչեւ վերջին օրերը Դաշնակցութիւնը դէմ էր անկախութեան հռչակմանը եւ միայն վրացիների եւ ադրբեջանցիների անկախութիւնից յետոյ է պատրաստ լինում Հայաստանը անկախ յայտարարել: Կարելի է պատճառաբանել յօգուտ Դաշնակցութեան եւ այլ կուսակցութիւնների մօտեցման, որոնք խուսափում էին Հայաստանը անջատել Ռուսաստանից, եւ հայ զինւած ուժերի կարողութիւնները թերի էին գնահատում թրքական բանակի դէմ դուրս գալու համար: Այս առումով Խզմալեանի մօտեցումը` բոլորին մեղադրել զիջողականութեան ու յանձնւելու համար, պարզա-մտութիւն է: Սակայն հարցն այն է, որ այդպէս անսպա-սելի յաղթանակ ու անկախութիւն ինչո՞ւ պիտի ներկայացնել որպէս երկարատեւ նպատակասլաց պայքարի ձեռքբերում: Յուսով ենք՝ ստորեւ ներկայացւած նիւթերը, կօգնեն ընթերցողին` աւելի իրական պատկերացում կազմել ժամանակի բարդ պայմանների մասին:

 

Յոյս թիւ 98

18 Մայիս 2011