ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ ԱՊՐԻԼ ՔՍԱՆՉՈՐՍԵԱՆ ՈՒՂԵՐՁԸ

 


Ստորեւ ներկայացնում ենք Հայկական յիշատակի օրւայ առթիւ Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի յայտարարութեան հայերէն տեքստը` Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանութեան թարգմանութեամբ.
"Մենք ակնածանքով յիշում ենք 96 տարի առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դէպքերը, որոնք յանգեցրին 20-րդ դարի վատթարագոյն նախճիրներից մէկին: 1915 թւականին Օսմանեան Կայսրութեան վերջին շրջանում ջարդերին եւ տեղահանութիւններին զոհ դարձան 1.5 միլիոն հայեր:
Ես մշտապէս յայտնել եմ իմ սեփական գնահատականը 1915 թւականին տեղի ունեցածի վերաբերեալ, եւ պատմութեան մասին իմ դիրքորոշումը չի փոխւել: Փաստերի ամբողջական, անկեղծ ու արդարացի ճանաչումը բխում է բոլորիս շահերից: Վիճարկւող անցեալը ապակայունացնում է ներկան ու ստւեր նետում իրենց կեանքը կորցրած անձանց յիշատակին, մինչդեռ անցեալի հետ հաշւի նստելը խաղաղ եւ բարեկեցիկ ընդհանուր ապագայի կայուն հիմքեր է ապահովում:
Պատմութիւնը մեզ ուսուցանում է, որ մեր պետութիւններն աւելի հզօր են ու մեր դատն աւելի արդար է, երբ մենք պատշաճ կերպով ճանաչում ենք կնճռոտ անցեալն ու աշխատում վերակառուցել փոխըմբռնման կամուրջները, որպէսզի վաղւայ օրն աւելի լաւը լինի: Միացեալ Նահանգներն այս դասը քաղել է իր իսկ պատմութեան մութ գլուխներից: Ես պաշտպանում եմ Հայաստանում ու Թուրքիայում անհատների կողմից ձեռնարկւած խիզախ քայլերն ուղղւած ընդհանուր անցեալի ճանաչման շուրջ երկխօսութեանը: Այսօր, երբ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը եւ յիշատակի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր իրենց մահկանացուն են կնքել, մենք նաեւ վերստին պարտաւորութիւն ենք ստանձնում ապահովել, որ նման կործանարար դէպքեր այլեւս երբեք չկրկնւեն: Սա մերօրեայ նպատակ է, որին լծւած են հազարաւոր ամերիկահայեր:
Հայ ժողովուրդը ժառանգաբար աչքի է ընկել տոկունութեամբ, դիմացկունութեամբ եւ իրենց ոչնչացնել ձգտողների նկատմամբ տարած յաղթանակներով: Միացեալ Նահանգները խորապէս շահել է այն նշանակալի աւանդից, որ մեր երկրում ունեցել են ամերիկահայերը, որոնց մեծ մասը Մեծ Եղեռն վերապրած մարդկանց ժառանգներն են: Հայկական ծագումով ամերիկացիներն իրենց հարուստ մշակոյթով եւ աւանդոյթներով հզօրացրել են մեր հասարակութիւնն ու համայնքները:
Հայ ժողովրդի ոգին` ի հեճուկս ողբերգական անցեալի, ներշնչանք է հանդիսանում բոլոր ն-րանց համար, ովքեր ձգտում են առաւել խաղաղ ու արդար աշխարհի:
Մենք սրտով եւ աղօթքներով ամենուր հայ ժողովրդի կողքին ենք` յիշելով Մեծ Եղեռնի սահմռկեցուցիչ դէպքերը, յիշատակի տուրք մատուցելով բոլոր տուժածներին եւ մեր բարեկամութիւնն ու խորը յարգանքը վերահաստատելով Հայաստանի ժողովրդին":


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ "ԴԱՆԴԱՂԵԼ Է"
Ռազմավարական եւ ազգային հետազօտութիւնների հայկական կենտրոնի տնօրէն Մանւէլ Սար-գսեանի կարծիքով` Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը դանդաղել է:
"Դանդաղել է այն ստրատեգիայի պատճառով, որ աշխարհը, որը ժամանակին իսկապէս գնում էր այդ խնդիրը ճանաչելու ուղղութեամբ եւ, երեւի թէ, գտնում էր, որ ճիշտ է այդ ուղղութիւնը, այսօր երեւի աւելի շատ յոյսեր ունի, որ դա պիտի իսկապէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում լուծւի", - "Ազատութիւն" ռադիօկայանի հետ զրոյցում ասաց փորձագէտը` յաւելելով. - "Բոլորն են հասկացել, որ դա հզօր քաղաքական լծակ է միջազգային քաղաքականութեան մէջ եւ գուցէեւ այդ լծակը այսօր պէտք չէ օգտագործել. պէտք է թողնել կողմերին: Ինչ-որ մի վերաբերմունք փոխւել է":
Անդրադառնալով Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի այս տարւայ ապրիլքսանչորսեան ուղերձին, որում, յիշեցնենք, նա գործածել է "Մեծ եղեռն" բառակապակցութիւնը` Մանւէլ Սարգսեանը նշեց.- "Նպատակն այն է, որ իսկապէս ոչ թէ ճնշման տակ դա արւի, այլ ընդամէնը դիալոգի մէջ` հայերի եւ թուրքերի":
Միացեալ Նահանգների նման մօտեցումը, փորձագէտի խօսքով, շատ աւելի մեծ նշանակութիւն ունի, որովհետեւ ցոյց է տալիս հարցի վերաբերեալ այդ երկրի ռազմավարութիւնը. -"Ի վերջոյ, կարելի է ճնշել: Բայց նրանք, ըստ երե-ւոյթին, ռէալ արդիւնք չեն տեսնում, եւ այդ ճանապարհը չէ, որ Միացեալ Նահանգներին հետաքրքրում է: Իսկապէս, ինչ-որ հաշտեցման ստրատեգիա են վերցրել եւ շարունակում են դա: Որը, իհարկէ, հայկական կողմին` եւ Սփիւռքում, եւ Հայաստանում շատերի դուրը չի գալիս, որովհետեւ շատերը գտնում են, որ Թուրքիայի վրայ ճնշման գործօնը օգտագործւի":

ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐՆ ՕԲԱՄԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ԽՈՍՏՈՒՄԸ
Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Լոս Անջելես կատարած այցն այս անգամ համընկաւ Հայոց ցեղասպանութեան յիշատակութեան միջոցառումների հետ:
Բարաք Օբաման Լոս Անջելես էր եկել այցելելու Sony Pictures ստուդիա` իր յաջորդ ընտրութիւնների համար կազմակերպւած դրամահաւաքին մասնակցելու:
Ստուդիայի մօտ հայ համայնքի կազմակերպած բողոքի ցոյցի նպատակն էր յիշեցնել Օբամային իր նախընտրական խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը:
"Նախագահ Օբաման մեզ դուր է գալիս, բայց մենք շատ աւելի սիրում ենք թեկնածու Օբամային", - Լոս Անջելեսում գտնւող "Ազատութիւն" ռադիօկայանի թղթակցի հետ զրոյցում ասաց բողոքի ակցիային մասնակցող հայազգի յայտնի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկեանը: - "Ես յուսով եմ, որ մեր նախագահը ճնշում կը գործադրի իր վարչակազմի վրայ եւ կանի այն, ինչ պէտք է: Խօսքը ոչ միայն Հայոց ցեղա-սպանութեան մասին է: Նա պէտք է կեանքի կոչի այն ամէնը, ինչ խոստացել է մինչ նախագահ դառնալը: Մենք ուզում ենք, որ նա դադարի լինել միայն մեծ կազմակերպիչ, եւ սկսի լինել մարդկանց առաջնորդը, այն մարդկանց, ովքեր իրեն ընտրել են: Մենք ուզում ենք, որ նա հաւատարիմ մնայ իր խոստմանն ու իր ելոյթում արտասանի ցեղասպանութիւն բառը":
Մինչ Լոս Անջելես կատարելիք այցը Ամերիկայի Հայ դատի յանձնախումբը նամակ էր յղել Օբամային, որում առաջարկել էր իր այցելութեան շրջանակներում յարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Սակայն ԱՄՆ-ի նախագահը պատասխան նամակում մերժել էր այդ առաջարկը` պատճառաբանելով, որ իր ծրագիրը նման նախաձեռնութիւն թոյլ չի տալիս:


Աղբիւր՝ "Ազատութիւն" ռադիօկայանի կայք

Յոյս թիւ 97

4 Մայիս 2011