ՈՉ ԼԵՒՈՆ, ՈՉ ԷԼ ՍԵՐԺ

Հայաստանի ընթացիկ քաղաքական կեանքը բեւեռացած Է Լեւոն Տէր Պերոսեան-Սերժ Սարգսեան Իշխանութիւններ-Ընդդիմութիւն հակադրութեան շուրջ: Դժւար է հանդիպել այնպիսի դիրքորոշման, որը քննադատելով Տէր Պետրոսեանի ղեկավարած Հայ Ազգային Կոնգրէսը ՀԱԿ, դէմ լինի նաեւ իշխանութիւններին եւ Տէր Պետրոսեանին մեղադրի իշխանութիւնների հանդէպ մեղմ վերաբերմունք ցուցաբերելու համար: Հետեւեալ գրութիւնը այդպիսի մօտեցման հետաքրքիր մի նմուշ է, որն իր խորքում Հայաստանի համար յեղափոխութիւն է առաջարկում: Առանց բաժանելու դրանում արտայայտւած տեսակէտները՝ այն վերատպում ենք առ ի տեղեկութիւն:

 

 

ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՅՑԻ ՀԵՏՔԵՐՈՎ.
ՀԱԿ-Ը ՄԻ ԸՆԴԴԻՄՈՒԹԻՒՆ Է, ՈՐ ԶԱՐԴԱՐՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆԸ


Վահան Իշխանեան


Սերժ Սարգսեանը իր ծաղկաձորեան հարցազրոյցում ընդդիմութեանը այնպէս գովեց, որ Հայաստանի 20 տարւայ պատմութեան ընթացքում նման գնահատական իշխանութիւնը ընդդիմութեանը չէր տւել (կամ ես չեմ յիշում): Այսպէս, Մարտի 12-ին Ծաղկաձորում Սարգսեանն ասաց.
"Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում: Համարում եմ, որ գոնէ վերջին 1-2 տարիների ընթացքում որոշակի ձեւաչափեր են ձեւաւորւել, որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն: Հանրահաւաքներն անցնում են կոռեկտութեան սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է":
"Կարծում եմ, որ եւ՛ իշխանութիւնները, եւ՛ ընդդիմադիրները ճիշտ հետեւութիւններ պէտք է անեն անցեալի սխալներից, որպէսզի դրանք չկրկնւեն: Ասածս որպէս ռեւերանս չընդունէք, բայց, փա՛ռք Աստծոյ, շատ պարագաներում եւ՛ այս կողմում, եւ՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թէ ինչ է նշանակում պետութիւն եւ պետականութիւն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կայ Հայրենիքի, պետականութեան, ազգային խնդիրների եւ քաղաքական նկրտումների միջեւ: Կարծում եմ, որ մեզնից իւրաքանչիւրի համար քաղաքական նպատակները չպէտք է լինեն գերխնդիր: Իհարկէ, այդպիսի նպատակներ պէտք է լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կը լինէր քաղաքական գործունէութիւնը, բայց նորից եմ կրկնում, մենք բոլորս պէտք է յստակ տեսնենք այդ սահմանը, բոլորս` իւրաքանչիւրս, պէտք է մեր հերթին անենք ամէն ինչ, որպէսզի անցեալի սխալները չկրկնւեն":
Լեւոն Տէր-Պետրոսեանը այնպէս է իշխանութեան գրպանում, որ նախագահը էլ կարիք չունի ընդդիմութիւն-իշխանութիւն թշնամանք խաղալու, նա այժմ բաց տեքստով ընդդիմութեան հետ բարեկամութեան մասին խօսում է:
Դեռ ոչ մի նախագահի չէր յաջողւել միանգամից երկու հարց լուծել` համ միջազգային հանրութեան առաջ ժողովրդավարի իմիջ ձեռք բերել` տեսէք ընդդիմութիւնը իր ուզած ձեւով պայքարում է մեր դէմ, մենք էլ չենք խոչընդոտում, համ էլ համատարած դժգոհութիւնը ընդդիմութեան միջոցով զսպել: Սերժ Սարգսեա՞նն է լաւ խաղում, թէ՞ ընդդիմութիւնն է հեշտ կառավարւող: Եւ մէկը եւ միւսը:
Սերժ Սարգսեանի համար, ի տարբերութիւն նրա նախորդների, թշնամանքը խորհդատու չէ, եւ անձնական շահերից ելնելով կարող է ցանկացած ուժի հետ համագործակցել: Սակայն նա իր այդ առանձնայատկութիւնը չէր կարող օգտագործել, եթէ դիմացը չլինէր Լեւոն Տէր-Պետրոսեանը, մէկը, ում թոյլ տեղերը շատ լաւ հաշւարկւած են (ատամները հաշւած են) եւ ում իր բռան մէջ է հաւաքել: Սերժը մի անգամ իր կոլեգաների հետ փորձարկել է, թէ ինչպէս մի սպառնալիքից Լեւոնը հեշտութեամբ յանձնում է իշխանութիւնը, հրաժարւում երկրի նախագահի ու բանակի գերագոյն հրամանատարի պաշտօններից ու հեռուստատեսութեամբ ողբում, թէ յայտնի ուժերի ճնշմամբ ինքը հրաժարական է տալիս: Ինչ-ինչ, Սերժը գիտի, որ Լե-ւոնը ճնշւող է: Իշխանութիւնները գիտեն նաեւ, որ Լեւոնը չափից դուրս հոգ է տանում իր որդու համար` թէժ պահին նրան թաքցնելով ԱՄՆ-ում (2008-ի նախագահական ընտրարշաւին ու նաեւ Մարտի մէկին որդին ԱՄՆ-ում էր): Գիտեն նաեւ, որ Լեւոնը յեղափոխութիւն անող չի, որ հէնց թէժանում է վիճակը, նա փակւում է իր դղեակում` անգլուխ թողնելով իր գլխաւորած զանգւածը, իսկ, որ հարցնում են, ինչո՞ւ դուրս չեկար, անկեղծ խոստովանում է` բա որ սպանէի՞ն: Իշխանութիւնը նրա այս երկիւղները շատ լաւ գիտի, իսկ Լեւոնն էլ շատ լաւ գիտի, որ նրանք գիտեն, ու փոխադարձ ծառայութիւններ մատուցում, երկուսի համար էլ դիմացինի փոփոխութիւնը խիստ վտանգաւոր է:
Մարինէ Պետրոսեանը "Գալա" հեռուստատեսու-թեամբ ասաց, թէ Լեւոնը յեղափոխութեան դէմ ա, քանի որ որ նա վախենում է` եթէ յեղափոխական ճանապարհով գայ իշխանութեան, յեղափոխական ալիքը ուղղւելու ա իրա դէմ (միամիտ խօսք` իշխանութեան գամ, տեսնեմ` ինչ ալիք ա ուղղւելու: Իշխանութիւնը վերցնում ես ու ալիքները ջարդում, ինչպէս մի անգամ արել է, ու ոչ թէ ալիքն է նրան տարել, այլ զինակիցները): Սա այն թիւրիմացութիւններից է, (կարող է յեղափոխութիւն անել, բայց համարում է, որ պէտք չի), ինչի շնորհիւ Լեւոնը իւրայինների մեծ բանակ է պահում (այն կարծիքը, թէ յեղափոխութիւն չի անում, որ արիւն չթափւի, անհիմն է, Լեւոնի համար արիւնը ոչ մի արժէք չունի, նա դա ապացուցեց Մարտի մէկին` պահելով զանգւածը գնդակի դիմաց): Լեւոնը կարող է լարել ժողովրդին, բայց յեղափոխական քայլը նա երբեք չի կարող անել: Մարտի մէկը վկայ, յեղափոխականը մարտիմէկեան զանգւածը ոչ թէ Մեասնիկեանի արձանի մօտ անկապ կը հաւաքէր, այլ կուղղէր կոնկրետ իշխանութեան դէմ, կամ Օպերայի առաւօտեան ջարդից յետոյ յաջորդ օրը հաւաքւելու կոչ կանէր (ոչ ոք չի կարող բացատրել, թէ ինչն էր նպատակը հազարաւոր մարդկանց հաւաքել մի տեղ, որը ոչ մի բան չի խորհրդանշում, ոչ կառավարութիւնն է այնտեղ, ոչ էլ ռադիօն, ու անղեկավար թողնելով մարդկանց գիւլլի բերան տալ: Ցուցարարները գրաւում էին խանութ ու ձկան խանութի կամուրջը, որոնք ոչ մէկին պէտք չէին, ու դրա դիմաց ոչ ոք իշխանութիւն չէր յանձնելու: Միակ բացա-տրութիւնը այն է, որ այդտեղ Ֆրանսիական դեսպանատունն էր, ու նպատակն էր միջազգային հանրութեանը ցոյց տալ թէ ինչ վատ իշխանութիւններ են` հես ա կը կրակեն ժողովրդի վրայ, ձեր աչքով կը տեսնէք, նրանց հանէք, տեղը մեզ բերէք: Իսկ կրակել վերջացնելուց յետոյ էլ, երբ արիւնը արդէն ներկել էր փողոցը, նոր գիշերւայ 12-ին տնից Լեւոնը կոչ է անում տները ցրւել` պատրանք ստեղծելու համար, թէ միջամտում է իրավիճակին: Աւելի շատ կուզէին ԱՄն-ի դեսպանատան մօտ հաւաքել զանգւածը, բայց այն շատ հեռու էր): Լեւոնը երկու յատկութիւն ունի` վճռական չի եւ անպատասխանատու է, եւ այդ երկու յատկութիւնն էլ ի ցոյց դրեց Մարտի մէկին:
Սերժն ու Լեւոնը համագործակցելու համար նրանք կամ նրանց ներկայացուցիչները հանդիպե՞լ են, այս պատկերը տեսնողների համար հեչ կարեւոր չի, կարե-ւորը, ինչպէս Սերժն է ասում. "եւ՛ այս կողմում, եւ՛ այն կողմում կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, գիտեն, թէ ինչ է նշանակում պետութիւն եւ պետականութիւն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը", որ "գործընթացները մտել են բնականոն հուն: Հանրահաւաքներն անցնում են կոռեկտութեան սահմաններում" եւ կարեւորը` իշխանութիւնը շատ հանգիստ է, որ փողոցում ամէն ինչ կանտրոլի տակ է:
Այսօր դժգոհութիւնը շատ աւելի մեծ է, քան 2008-ի օրերին, կառավարութիւնը էնպէս է կլպում գործարարաներին, որ նրանք ի վիճակի չեն ձեռնարկութեան համար անհրաժեշտ շրջանառութիւնը ապահովել, աշխատավարձ վճարել, տասնեակ ձեռնարկութիւններ կանգնած են փակման եզրին (գործարարները, չհասկանալով տնտեսութիւնը վերացնելու կառավարութեան քայլերի անհեթեթութիւնը, միայն մի բացատրութիւն ունեն, թէ դրսի ֆիրմաների գործակալներ են նստած այնտեղ, որ իրենց բիզնեսը տապալեն: Օրինակ, կաթնամթերք արտա-դրողները վստահ են, թէ դրսի կաթնարդիւնաբերողների, ձու արտադրողները, թէ դրսի ձու արտադրողների, մսամթերք արտադրողները, թէ դրսի մսեղէն արտադրողների դրածոներն են): Կառավարութիւնը այնպէս է խախտել դասակարգերի միջեւ հակասութիւնները, որ աշխատաւոր ու գործարար համախմբւած տեղ են ման գալիս իշխանութիւնը տապալելու համար: Մի պահ բոլորի ուշադրութիւնը ուղղւած էր Գագիկ Ծառուկեանին, սակայն երբ նա ստորագրեց կոալիցիոն յուշագիրը, զանգւածները միանգամից Մարտի մէկին լցւեցին մատենադարանի դիմաց:
Բայց ամէն ինչ կոնտրոլի տակ է, նոյնիսկ եթէ ցուցարարների թիւը հասնի հարիւր հազարի, Լեւոնը թոյլ չի տայ նրանց իշխանութեանը անհանգստութիւն պատճառել: Արդէն երեք տարի շարունակ Լեւոնը իշխանութեանը մեծ ծառայութիւն մատուցեց իր ելոյթներով, լրատւական ռեսուրսներով ու աջակիցներով ընդդիմադիր դաշտը ամայեցնելով ու իրեն որպէս անփոխարինելի առաջնորդ ընդդիմութեան գահին թագադրելով: Րաֆֆի Յովհաննիսեանի "Ժառանգութիւնն" էլ, իր ազդեցութիւնը լայնացնելու փոխարէն, մաշւեց ՀԱԿ-ի համար աշխատելով, ու այսօր, երբ ՀԱԿ-ը նրան տշում է, խաղից դուրս մնալու վտանգի առաջ է կանգնել: Իսկ Դաշնակցութիւնն էլ, թէեւ յեղափոխական անունը ունի, բայց անընդունակ է յեղափոխութեան, նրան անհրաժեշտ է մի առաջամարտիկ ուժ, որին կը կցւի (եթէ յաջորդ ընտրութիւններին Դաշնակցութիւնը ԱԺ չմտնի, ապա նոր իր լճացած վերնախաւը փոխելու հնարաւորութիւն կունենայ):
Օրեցօր աճող ըմբոստ զանգւածները միայն մի տեղ ունեն գնալու` Լեւոնի ոտը, որտեղից նրանց տշելու են տները:
Իշխանութիւնը հանգիստ է, փողոցը ՀԱԿ-ի ձեռքից ոչ ոք չի կարող վերցնել: Իսկ ՀԱԿ-ի ներսո՞ւմ, հնարաւո՞ր է արդեօք ՀԱԿ-ում յեղաշրջում լինի, Լեւոնին հեռացնեն ու մասսաներին տանեն յեղափոխութեան: Այ էդ ժամանակ ընդդիմութիւնը կարող էր իշխանութեան կանտրոլից դուրս գալ: Բայց դա անհնար է, Լեւոնը հոգ է տարել, որ ՀԱԿ-ում իրեն հակառակւողներ, հեղինակութիւններ ու ըմբոստներ չլինեն: Նա հետեւողականօրէն մաքրեց ՀԱԿ-ը, մասնաւորապէս ՀԱԿ-ի կորիզը կազմող ՀՀՇ-ն, անհատականութիւններից, իր հետ չհամաձայնւելու համարձակութիւն ունեցողներից ու ինքնուրոյն մտածողներից (Ալեքսանդր Արզումանեան, Կարապետ Ռուբինեան եւ այլն), որոնք կարող էին ՀԱԿ-ի ներսում ըմբոստութեան ալիք բարձրացնել ու տապալել Լեւոնին: Լեւոն ու ՀԱԿ նոյնացել են, ասում ես ՀԱԿ, հասկանում ես Լեւոն, ասում ես Լեւոն, հասկանում ես ՀԱԿ: Եւ հիմա այնտեղ, եթէ դժգոհներ կան, ապա ոչ մի լծակ չունեցող շարքայիններ են, իսկ վերնախաւում Լեւոնից գեշբեթար յեղափոխութիւնից հեռու մարդիկ են, կոնիւնկտուրային դէմքեր ու դեպուտատի մանդատով կը բաւարարւեն, մինչեւ տեսնեն յետոյ ինչ կը լինի:

 

Յոյս թիւ 95

6 Ապրիլ 2011