2008-Ի ՄԱՐՏԻ 1-Ի ԴԷՊՔԵՐԻՑ 3 ՏԱՐԻ ԱՆՑ

ԵՐԲ ՈՉ ՄԻ ԿՈՂՄԸ  ՊԱՏԱՍԽԱՆԱՏՒՈՒԹԻՒՆ ՉԻ ՍՏԱՆՁՆՈՒՄ


Գայիանէ Նազարեան

 


 

Սովորաբար արտակարգ իրավիճակ յայտարարւում է խիստ լարւած իրավիճակներում, երբ ընդվզման մեծ ալիք է բարձրանում, եւ զինւած բախումների ու աղէտալի հետե-ւանքների հաւանականութիւնը մեծ է: 2008 թ. Մարտի 1-ի երեկոյ-եան, նախագահ Ռոբերտ Քոչարեանը Երեւանում արտակարգ իրավիճակ յայտարարեց, երբ վաղուց արդէն լարւածութիւնը գագաթնակէտին էր հասել, եւ աղէտն արդէն տեղի էր ունեցել. Մարտի 1-ին զինւած ուժերի եւ ընդդիմադիրների բախման հետեւանքով 10 մարդ զոհւեց: Առաջին անգամ:
Մեր 19-ամեայ պետութեան պատմութեան մէջ առաջին անգամ չէր, որ նախագահական ընտրութիւնները խաղաղ չէին աւարտւում, որ ժողովուրդն ընտրութիւնների արդիւնքների պաշտօնական տւեալները չէր ընդունում. այդպէս էր 1996-ին, այդպէս էր 2003-ին ու այդպէս եղաւ 2008-ին: Սակայն, ոչ ոք թէ՛ Փետրւարի 19-ին եւ թէ՛ Մարտի 1-ի երեկոյեան չէր էլ կարող պատկերացնել, թէ ինչ ողբերգութիւն է ապրելու երկիրը, եւ ոչ ոք հաւանաբար չէր կանխատեսում, որ "ով մեզ հետ չէ, դաւաճան է" սկզբունքի հետեւանքով հիմնովին իմաստափոխւելու են "ընդդիմութիւն" եւ "ընդդիմադիր" հասկացութիւնները: Ընդ որում՝ այդ սկզբունքը յատուկ է քաղաքական համակարգի երկու հիմնական սուբիեկտներին էլ: Այլ կերպ չես բացատրի ընդդիմադիր մամուլի յարձակումները նրանց վրայ, ովքեր իրենց ճամբարից չեն կամ չեն ընդունում ՀԱԿ-ի գաղափարախօսութիւնը: Եւ այլ կերպ չես բացատրի իշխանութիւնների պատժիչ մեքենայի կիրառումը նրանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ մօտ են ընդդիմութեանը: Այդ պատժիչ մեքենան, ի դէպ, ներկայիս ընդդիմութեան առաջնորդի իշխանութեան տարիներին գործում էր նոյնքան "արդիւնաւէտ":

 


2010-ի գարնան առաջին օրը Մատենադարանի բարձունքում կրկին իշխանափոխութեան, արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրութիւնների կոչեր արւեցին, եւ կրկին ահազանգեցին, որ "երկիրը գնում է կործանման": "Սարերի ետեւում չէ այն օրը, երբ ժողովրդական ըմբոստութեան կուտակւող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքոյ փուլ է գալու աւազակապետութիւնը, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշատիչները",- ամփոփեց Լ. Տէր-Պետրոսեանը, որ այդ իրավիճակն արդէն մի անգամ սեփական մաշկի վրայ է զգացել: Իսկ պոպուլիզմի երբեմնի թշնամի Հրանտ Բագրատեանը չզլացաւ վեր հանել ներկայիս սոցիալական խնդիրները` դարձեալ եզրայանգելով, թէ՝ ինչ գնով էլ լինի, պիտի հասնենք իշխանափոխութեան:
Այդ բաղձալի ու չեղած իշխանափոխութեան գինը 10 անմեղ մարդկանց կեանքն էր, որոնք զոհւեցին երկու տարի առաջ` այդ նոյն օրը:
Անմեղ մարդիկ այսօր էլ են տուժում ոմանց իշխանափոխութեան, ոմանց էլ անհասկանալի "զգու-շաւորութեան" մոլուցքից: Ի՞նչ բացատրութիւն տաս, որ Մարտի 1-ի առաւօտեան խիստ վերահսկման էին ենթարկւում դէպի Երե-ւան բերող ճանապարհները: Հերթական անգամ, պլանային հանրահաւաքին ընդառաջ՝ Երեւանի ճանապարհները պաշարւեցին` հերթական անգամ քաղաքական խաղի լուսանցքներում թողնելով գլխաւոր սուբիեկտին՝ հասարակութեանը: Եւ հերթական անգամ ընդդիմութիւնը յոյսով հաւաքւած իր համակիրներին կերակրեց նոյն խոստումներով
Եւ ստացւում է, որ յետընտրական այս երկու տարիների թերեւս գլխաւոր "արդիւնքն" այն է, որ Հայաստանում վերջնականապէս ձեւաւորւել են դեռ 15 տարի առաջ սկզբնաւորւած քաղաքական "մշակոյթն" ու դրան սպասարկող ինստիտուտները, որոնց հիմքում մրցակցութեան գաղափարի փոխարէն հակադրութիւնն է ընկած, անտագոնիզմը: Այս պարագայում աւելորդ է դասեր քաղելու մասին խօսել: Եւ ստացւում է, որ քաղաքացին ընտրական գործընթացի գլխաւոր սուբիեկտից, պետութեան հիմքից (յամենայն դէպս քաղաքակիրթ երկրներում այդպէս է) վերածւում է միջոցի, գնդակի, որին այս կողմից այն կողմ են շպրտում, երբեմն-երբեմն գնդակահարում ու մոռանում պատասխանատւութեան մասին, կամ էլ, լաւագոյն դէպքում, վերածում են դիտորդի: Իսկ դիտորդները, ինչպէս յայտնի է, մի տեղում երկար չեն մնում:

Աղբիւր` "Անկախ" շաբաթաթերթ
Մարտի 4, 2010

Յոյս թիւ 94

9 Մարտ 2011