ԱՌԱՋԱԴԻՄԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է

"ԲԱՐԳԱՒԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ"-ԻՆ
 

Գայիանէ Մկրտչեան

 

Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան նախագահ եւ

բազկամարտի նախկին չեմպիոն Գագիկ Ծառուկեանը


Բազկամարտի նախկին չեմպիոն, պատգամաւոր, օլիգարխ, "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը վերջերս կրկին ցուցադրել է իր հզօրութիւնը` այս անգամ սպառնալով միւս տարւայ խորհրդարանական ընտրութիւններից առաջ "մարդկային եւ կազմակերպչական աւելի շատ ռեսուրսներ" ներգրաւել:
Յունւարի վերջերին Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնն ինքնալուծարւել է եւ միացել մի ուժի, որը ներկայումս խորհրդարանում անդամների թ-ւով երկրորդն է եւ իշխող կոալիցիայում Հանրապետական կուսակցութեան գործընկերն է:
Չնայած իր իշխանամէտ դիրքորոշմանը` "Բարգաւաճ Հայաստանն" առանձնապէս չի զգուշանում թաքցնելու իշխանութիւնում իր ներկայացուցչութիւնն աւելացնելու նկրտումները` 2012 թ. խորհրդարանական ընտրութիւններին ընդառաջ:
Ելոյթ ունենալով Հայաստանի առաջադիմական կուսակցութեան ինքնալուծարման համագումարում` "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան նախագահ Գագիկ Ծառուկեանը խոստացել է, որ ինքնալուծարւած կուսակցութիւնը պատճառներ չի ունենայ զղջալու իր որոշման համար:
"Նաեւ կուսակցութեան փակւելու համար նեղւելու կարիք չկայ, քանի որ ԲՀԿ-ում խտրականութիւն չի լինում: Աշխատանքի բաժանումն իրականացւում է ըստ մասնագիտական կարողութիւնների, նւիրւածութեան եւ կատարած աշխատանքների",- ասել է ԲՀԿ առաջնորդը:
Հայաստանի առաջադիմական կուսակցութեան վերջին համագումարի ժամանակ դրա նախագահ Տիգրան Ուլիխանեանը նշել է, որ ԲՀԿ-ն "ցենտրիստական" ուժ է, ինչպիսին առաջադիմականն է: Կուսակցութիւնների ծրագրերը գրեթէ 99,9 տոկոսով համահունչ են:
"Աննպատակայարմար ենք համարում փոքր կուսակցութիւնների գոյութիւնն ու գործունէութիւնը Հայաստանում, եթէ դա ինքնանպատակ է: Չտիրապետելով մարդկային լուրջ ռեսուրսների` նրանք չեն կարողանում ազդել խորհրդարանից դուրս քաղաքական գործընթացների վրայ: Չտիրապետելով ֆինանսական միջոցների եւ այլ լծակների` փոքր կուսակցութիւններն այսօր զբաղւած են ոչնչով",- ասել է Տիգրան Ուլիխանեանն իր կուսակիցներին: Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնը հիմնւել է 2000 թ. եւ ունի շուրջ 8000 անդամ:
"Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան խօսնակ Խաչիկ Գալստեանը հրաժարւել է պատասխանել "ԱրմենիաՆաուի" հարցին, թէ քանի՞ անդամ ունի կուսակցութիւնը: Վերջին խորհրդարանական ընտրութիւններում (2007 թ.) կուսակցութիւնն ասում էր, թէ ունի աւելի քան 300.000 անդամ, եւ Հայաստանի առաջատար լրատւամիջոցները նոր կուսակցութիւնն երկրի ամենամեծն են յայտարարում: Այդուհանդերձ, ընտրութիւններում "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութիւնը ստացել էր ընդհանուր առմամբ 200.000-ից էլ պակաս ձայն:
Հայաստանի առաջադիմական կուսակցութիւնն աջակցել է ՀՀԿ-ին 2007 թ. խորհրդարանական ընտրութիւններում, երբ ներկայիս խորհրդարանում մեծամասնութիւն կազմող կուսակցութեանը յաջողւեց "Բարգաւաճ Հայաստանից" կրկնակի աւելի ձայն ստանալ:
Տիգրան Ուլիխանեանը հանրութեանը ծանօթ է աղմկայարոյց մի միջադէպով, երբ 2008-ի Մայիսին Երեւանի Տէրեան փողոցում գազային ատրճանակից կրակել էր Հելսինկեան ասոցիացիայի նախագահ Միքայէլ Դանիէլեանի վրայ: Յարուցւել էր քրէական գործ, որը հետագայում կարճւել էր:
Անկախ քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը "ԱրմենիաՆաուին" ասում է, որ նախընտրական քարոզարշաւն արդէն մեկնարկել է: Նա տրամաբանական է համարում, որ խոշոր կուսակցութիւնները փորձելու են լրացուցիչ ռեսուրսներ ձեռք բերել` իրենց շուրջը համախմբելով փոքր կուսակցութիւններին:
ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառւում, որ ԲՀԿ-ին անդամակցելու է նաեւ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի նախկին գլխաւոր հրամանատար Սամւէլ Բաբայեանը: ԲՀԿ-ին միանալու մասին արդէն իսկ յայտարարել է Հայաստանի երիտասարդական կուսակցութեան նախագահ Վահան Բաբայեանը` նշելով, որ այդ որոշումը կընդունւի առաջիկայ շաբաթ կայանալիք ներկուսակցական քւէարկութիւնում: Նա նոյնպես հրաժարւել է հրապարակել իր կուսակցութեան անդամների թիւը, սակայն ենթադրւում է, որ ՀԵԿ-ը 2000-3000-ից աւելի անդամ չի ունենայ:
Հաւանական նորեկներին հասցէագրւած իր խօսքում ԲՀԿ առաջնորդն ընդգծել էր, որ "Բարգաւաճ Հայաստան" կուսակցութեան դռները բաց են բոլոր նրանց առջեւ, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրութիւն մեր երկրի, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկիրը կայուն, հզօր ու բարգաւաճող":
Քաղաքագէտ Սերգէյ Մինասեանը նույնպէս բաւական հաւանական է համարում այն, որ փոքր կուսակցութիւնները, որոնք քաղաքական կշիռ չունեն քաղաքական դաշտում, փորձելու են միա-ւորւել խոշոր ուժերին 2012-ի նախընտրական քարոզարշաւից առաջ:
"ԲՀԿ-ն գործի կը դնի իր բոլոր ռեսուրսները` սկսած փողից, ինչպէս դա արեց նախորդ խորհրդարանական ընտրութիւնների ժամանակ",- "ԱրմենիաՆաուին" ասում է Մինասեանը:
ԲՀԿ-ի շուրջ նոր միաւորումների ստեղծումը շատերը կապում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի` մեծ քաղաքականութիւն վերադարձի հետ: Ենթադրւում է, որ դեռ նախագահ եղած ժամանակ Քոչարեանն է կանգնած եղել 2007 թ. խորհրդարանական ընտրութիւններից առաջ կուսակցութեան ստեղծման յետեւում:
Քաղաքագէտ Բոզոյեանը ն-ման հեռանկար քաղաքական դաշտում դեռ չի տեսնում, սակայն չի բացառում, որ Քոչարեանը անակնկալ ձեւով յայտնւի խաղում, ինչպէս 2007-ին արեց Լեւոն Տէր-Պետրոսեանը նախագահական ընտրութիւններից մի քանի ամիս առաջ:
"Ցանկացած քաղաքական գործիչ ինքն է որոշում, թէ երբ կը վերադառնայ: Բարդ է կանխատեսելը",- ասում է Բոզոյեանը:
 

Աղբիւր` www.armenianow.com

Յոյս թիւ 91

9 Փետրւար 2011