Կումայրիից Ալեքսանդրապոլ, Լենինական եւ Գիւմրի
Հայաստանի երկրորդ քաղաքը

ԱՐԻՍ ՂԱԶԻՆԵԱՆ

 


 

Դեկտեմբերի 2-ին Մոսկւայի եւ համայն Ռուսիոյ պատրիարք Կիրիլի եւ Գիւմրու քաղաքապետ Վարդան Ղուկասեանի միջեւ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գիւմրու քաղաքապետը նշել է, որ քաղաքացիներից շատերը հանդէս են գալիս քաղաքը Ալեքսանդրապոլ վերանւանելու առաջարկութեամբ:
Այս առաջարկութիւնը լայն հասարակական արձագանք ունեցաւ Հայաստանի երկրորդ քաղաքում: Ոմանք այն դիտեցին "Հայաստանը ռուսականացնելու հերթական փորձի" համատեքստում:
Սակայն դա այդպէս չէ` հաշւի առնելով նաեւ այն փաստը, որ ներկայիս անունը թուրքական ծագում ունի: Վերջին տարիներին աւելի ու աւելի շատ գիւմրեցիներ են խօսում քաղաքին նախկին անունը վերադարձնելու անհրաժեշտութեան մասին:
Իսկ Ալեքսանդրապոլի պատմութեան արմատները հասնում են մինչեւ 1837 թ., երբ կայսր Նիկոլայ Առաջինն անձամբ այցելել է այս վայրը: Անունը տրւել է ի պատիւ ռուս տիրակալի կնոջ:
Այդ ժամանակ այս վայրում դեռ քաղաք չէր: Այդտեղ վեր էին խոյանում նախանցեալ դարի առաջին քառորդում Օսմանեան կայսրութեան դէմ պատերազմ վարելու նպատակով կառուցւած ամրոցի պատերը: Իրենք` թուրքերն այս վայրն անւանել են "Գիւմրի", որը նշանակում է "մաքսակէտ":
Մաքսակէտից հազար տարի առաջ ներկայիս Գիւմրու տեղում գտնւում էր հին հայկական Կումայրի բնակատեղին: Հին յոյն պատմիչ Քսենոփոնը Ք.ա. 5-րդ դարում յիշատակում է Գիւմնիասը` "մեծ, հարուստ եւ մարդաշատ" քաղաքը:
Արաբական տիրապետութեան շրջանում 8-րդ դ. հայ պատմիչ Ղեւոնդը յիշատակում է Կումայրին արդէն որպէս բնակատեղի:
Թուրքերն աւելի ուշ տիրելով այդ տարածքին` թուրքացրել են բնակատեղիի աւանդական անւանումը եւ բնակավայրը կոչել Գիւմրի: "Գիւմրեցի" թուրքերէն նշանակում է տուրքեր, հարկեր հաւաքող, ինչպէս նաեւ վաշխառու, դրամափոխ, շորթող:
Տասնամեակներ շարունակ Կումայրիի հայերը փորձել են ազատւել ինչպէս թուրքական լծից, այնպէս էլ այս բեռից, այսքան ատելի անւանումից` Գիւմրի, եւ իրենց յոյսը կապել են հաւատակից Ռուսաստանի հետ: 1826-ին նախկին մաքսակէտն ի վերջոյ ազատւեց թուրքական լծից:
1840 թ. Ալեքսանդրապոլի ամրոցը պաշտօնապէս հռչակւել է քաղաք, իսկ 1850 թ. քաղաքը դարձել է Էրիւանի նահանգի Ալեքսանդրապոլ գաւառի կենտրոնը:
Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս եւ Ալեքսանդրապոլ-Էրիւան-Ջուլֆա երկաթգծի անցկացման հետ կապւած այն նաեւ դարձաւ տրանսպորտային կարեւոր հանգոյցներից մէկը:
Հէնց մաքսակէտից Ալեքսանդրապոլ վերանւանելուց յետոյ սկսւեց այս բնակատեղիի` քաղաքի փոխակերպման գործընթացը: Յատուկ որոշմամբ այն զարգացել է Ռոստովի, Կարսի եւ Շուշիի չափանիշներով:
Այդ ժամանակ ընթանում էր Արեւելեան Հայաստանի նոր, բաւական, հետաքրքիր հայի տեսակի ձեւաւորումը, որը ներառում էր հայկական, ռուսական, կովկասեան եւ նոյնիսկ եւրոպական մշակոյթի լաւագոյն գծերը:
Սակայն քաղաքին նախկին անունը վերադարձնելու քաղաքացիների յարաճուն ցանկութիւնը թելադրւած է ոչ այնքան պատմական արդարութիւնը վերականգնելու ձգտմամբ (այդ դէպքում աւելի լաւ կը լինէր այն անւանակոչել Կումայրի), որքան քաղաքային մշակոյթի պակասի, քաղաքային արժէքների, աւանդոյթների կորստեան գիտակցմամբ:
"Ալեքսանդրապոլցի" հասկացութիւնը քաղաքային մշակոյթին պատկանելութեան հաստատում է: Եթէ Գիւմրին յայտնի էր միայն իր վաշխառուներով եւ իրենից յետոյ քիչ թէ շատ արժանաւոր անուն չի թողել, ապա Ալեքսանդրապոլը տւել է միստիկ Գիւրջիեւին, քանդակագործ Մերկուրովին, պոէտ Իսահակեանին եւ նկարչուհի Ասլամազեան քոյրերին, որոնց շուտով ամբողջ Եւրոպան ճանաչեց:
Ալեքսանդրապոլը դարձաւ արհեստաւորների քաղաք, որտեղ ծաղկում էին աւելի քան հարիւր արհեստ` ոսկերչութիւնը, դարբնագործութիւնը, պղնձագործութիւնը, թիթեղագործութիւնն ու ձուլածագործութիւնը: Յատուկ տեղ էին զբաղեցնում շինարարները` որմնադիրները, հիւսները: Եթէ եկեղեցիները կառուցւում էին աւանդական ոճով, ապա հասարակական շէնքերն ու բնակելի տները ներառում էին արդէն նոր հովեր` եւրոպական եւ ռուսական:
Հանրապետութեան խորհրդայնացումից յետոյ Լենինական վերակոչւած քաղաքը մասամբ զրկւեց իր արժանիքներից, սակայն ի դէմս հզօր "ալեքսանդրապոլեան շերտի" շարունակում էր առանձնանալ միւս շրջանների մէջ:
Քաղաքի հերթական (1990-ականների սկզբին) վերանւանումը` այս անգամ թուրքական Գիւմրի, օբիեկտիւօրէն հասունացած բազմապլանային ճգնաժամի հետ մեկտեղ, վերակենդանացրեց թուրքական տիրապետութեան ժամանակաշրջանի խղճուկ եւ նւաստացած գիւմրեցու տեսակը:
Հէնց այս վերակենդանացած կերպարի դէմ են այսօր արտայայտւում բազմաթիւ բնակիչներ, ընդ որում նշում են, որ ներկայիս քաղաքապետը, ով պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ այս միտքն է յայտնել, երբեք չի կարող դառնալ Ալեքսանդրապոլի քաղաքապետ, նա հէնց Գիւմրու քաղաքապետն է:
Այսօր Գիւմրով ճանապարհորդութիւնը վաշխառուի աշխարհընկալման յաղթանակի ամրագրումն է: Շինարարական բումի յորձանուտում մեծ է ալեքսանդրապոլեան մշակոյթի աւանդական շերտի իսպառ ոչնչացման վտանգը` հին շինութիւնները քանդելու կամ դրանք նոր հարուստների ճարտարապետական ճաշակին ենթարկելու միջոցով:
Սակայն եթէ ալեքսանդրապոլցին գիտէր թոյլատրելիի սահմանները, ապա գիւմրեցին նման սահմանափակումներ երբեք չի իմացել ու չգիտի: Հէնց ամենաթողութեան դէմ են հանդէս գալիս Կումայրի-Ալեքսանդրապոլ-Լենինական-Գիւմրու բնակիչները եւ, ցանկութիւն յայտնելով անւանափոխել իրենց հարազատ քաղաքի թուրքական անունը, ուզում են նաեւ վերականգնել իրենց քաղաքի վաղեմի փառքը:

Աղբիւր՝"ԱրմենիաՆաու" կայք

 

Յոյս թիւ 90

12 Յունւար 2011