ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՔԱՐԻ
ՇԵՇՏԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
 

Արա Պապեան
"Մոդուս վիւենդի" կենտրոնի ղեկավար
 

Տեղի ունեցաւ այն, ինչ պիտի տեղի ունենար: Չնայած ամերիկահայ լոբբիստական կազմակերպութիւնների եւ ընդհանրապէս ամերիկահայերի բացառիկ լաւ աշխատանքին, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը չանդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան ճանաչման բանաձեւին: Իհարկէ չմերժեց, բայց նաեւ չընդունեց: Կարծում եմ սխալ է ամերիկահայ համայնքից ակնկալել գրեթէ անհնարինը: Ներկայ քաղաքական իրավիճակում ամերիկահայերի ջանքերը եւ ձայները չեն կարող աւելի ծանր կշռել, քան ամերիկեան միջինարեւելեան շահերը: Միացեալ Նահանգներն այսօր այն երկիրը չէ, որ յանուն վսեմ գաղափարների զոհաբերի իր շօշափելի շահը: Ամերիկահայերը նեղւելու իրաւունքն ունեն, քանի որ խորհրդարանականները չկատարեցին իրենց տւած խոստումները: Իսկ Հայաստանի իշխանութիւնները, կարծում եմ, խօսելու տեղ չունեն, քանի որ մի տարի առաջ հէնց այդ նոյն շահի համար ուրացան սեփական երկրի ոտնահարւած իրաւունքները, պատրաստ էին եւ այսօր էլ պատրաստ են, քանի որ արձանագրութիւնները դեռ առկախ են` թուրքերին տալու Հայաստանի Հանրապետութեանը իրաւականօրէն ամրագրւած տարածքի զգալի մասը: Կարծում եմ, որ նաեւ այդ պատճառով էր, որ երես չունեցան, իրենց թուրք գործընկերների օրինակով, որեւէ գրաւոր կամ բանաւոր խօսքով դիմելու Միացեալ Նահանգների իշխանութիւններին: Ցաւօք նոյնը վերաբերում է, այսպէս կոչւած, Ազգային ժողովին, որը հէնց այդ օրերին զբաղւած էր մայրերնի լեզուն աճուրդի հանելով: Լռութիւնն ընդհանրապէս քաղաքականութիւն չէ: Իւրաքանչիւր համապատասխան պաշտօնեայ պարտաւոր է կարեւորագոյն հարցերում պարզաբանել իր մօտեցումները: Մենք` այս երկրի հարկատուներս եւ քւէարկողներս, կարեւորագոյն հարցերում կարիք ունենք իմանալու բոլոր պատկան կառոյցների եւ կուսակցութիւնների դիրքորոշումները, որպէսզի մեր եզրակացութիւններն անենք: Չէ որ կայ "ժամանակ ձգելոյ քարինս, եւ ժամանակ ժողովելոյ քարինս" (Ժողովող 3:5), եւ մի օր հաստատ քարերը նետելու ժամանակը գալու է:
Ինչեւիցէ: Այս յօդւածիս բուն նպատակը օրերս [22.XII.2010թ.] տեղի ունեցածի քննարկումը չէ: Խորքի մէջ, ինչ տեղի ունեցաւ` ընդամէնը քաղաքական միջադէպ էր, ոչ աւելին: Աւելի կարեւոր է քննարկել որոշ հիմնարար հարցեր. իսկ մեր ինչի՞ն է պէտք ԱՄՆ-ի գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւնների կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչումը: Եթէ դա ինքնանպատակ է, ապա իմաստ չունի: Եթէ դա արւում է հատուցումներ ստանալու նպատակով, ապա պիտի տրւի մէկ այլ, ոչ պակաս կարեւոր հարցի պատասխանը. ինչպէ՞ս խորհրդարանական բանաձեւը, որ իր բնոյթով կատարման համար ոչ պարտադիր է եւ ընդամէնը մէկ ազգային օրէնսդիր մարմնի կողմից դիրքորոշման արտայայտում է, պիտի փոխակերպւի հատուցման: Արդեօ՞ք, երբ Կանադայի եւ՛ օրէնսդիր, եւ՛ գործադիր իշխանութիւններն ընդունեցին Հայոց ցեղասպանութեան փաստը, դրանից փոխւեց Կանադայի քաղաքականութիւնը Թուրքիայի նկատմամբ: Բնականաբար` ոչ: Ուրեմն, եթէ մենք ուզում ենք արդար հատուցումների հասնել, իսկ դա ես համարում եմ միանգամայն օրինական ձգտում եւ իրականանալի նպատակ, ապա դա պիտի արւի մի մարմնի միջոցով, որի որոշումները. ա) բնոյթով միջազգային են, այսինքն` գերակայ են ճանաչւել նաեւ Թուրքիայի Հանրապետութեան կողմից; բ) կատարման համար պարտադիր են, այսինքն` ենթակայ չեն Թուրքիայի ներպետական քննարկումների: Այսինքն, նման որո-շումը ոչ միայն պարտադիր պիտի լինի, այլեւ իր մէջ պիտի նախանշի, թէկուզեւ զուտ տեսական առումով, լուծման յստակ ճանապարհը:
Արդի միջազգային յարաբերութիւններում այդպիսի կարգավիճակ եւ լիազօրութիւններ ունեցող երկու մարմին կայ, դա միեւնոյն մէկ կառոյցի` ՄԱԿ-ի երկու բարձրագոյն քաղաքական եւ իրաւական մարմիններն են. Անվտանգութեան խորհուրդը (Security Council) եւ Արդարութեան միջազգային դատարանը (International Court of Justice): Առաջին մարմնի բուն պատասխանատւութիւնը (ՄԱԿ - կանոնադրութիւն, յօդւած 24; UN Charter, article 24) "միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումն է" (maintenance of international peace and security): Չեմ կարծում, որ որեւէ մէկը կարծում է, որ Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեան իրաւունքների եւ տարածքային ամբողջականութեան 90-ամեայ ոտնահարումը այսօր Անվտանգութեան խորհրդի որեւէ անդամ կը գնահատի որպէս լուրջ վտանգ "միջազգային խաղաղութեանն ու անվտանգութեանը": Մեզ յուզող հարցերը յստակօրէն տեղաւորւում են նշածս երկրորդ մարմնի` Արդարութեան միջազգային դատարանի լիազօրութիւնների շրջանակի մէջ: Նշեալ դատարանն իրաւասու է քննարկելու Հայոց ցեղասպանութեան հարցը, քանի որ ցեղասպանութիւնը զուտ պատմական իրադարձութիւն չէ, ինչպէս փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամները: Ցեղասպանութիւնը միջազգային յանցագործութիւն է, եւ որպէս միջազգային իրաւունքի եւ միջազգային իրաւունքի ոտնահարման հարց, ենթակայ է Արդարութեան միջազգային դատարանի իրաւասութեանը (Արդարութեան միջազգային դատարանի կանոնադրութիւն, յօդւած 36.2 (բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):
Ընդհանրապէս մեր հարցերի փախանցումը քաղաքական դաշտից իրաւական դաշտ մեզ համար աւելի շահեկան է: Թէկուզ այն պատճառով, որ մենք ստիպւած չենք լինելու դիմակայել մեզանից քաղաքականապէս անհամեմատ ուժեղ թուրքական պետութեանը, այլ գործելու ենք իրաւահաւասարութեան դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել` այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետեւողական: Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցաւօք չենք: Չինացուն հարցնում են` ե՞րբ է ծառ տնկելու յարմար ժամանակը: Չինացին պատասխանում է` դա 20 տարի առաջ էր: Մենք անկախացել ենք գրեթէ 20 տարի առաջ: Եթէ այն ժամանակներից սկսէինք մասնագէտներ պատրաստել, հիմա մի ողջ սերունդ կունենայինք:
Պատմութիւնը վկայում է, որ իրաւական դաշտում յաջողութեան հասնելու հաւանականութիւնն աւելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրաւական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդիսացող Հայոց ցեղասպանութեան քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնյայտ է դառնում իրաւական դաշտում պայքարի շահեկանութիւնը: Չի եղել մի որեւէ իրաւական ատեան կամ Հայոց ցեղասպանութեանը վերաբերող որեւէ իրաւական գնահատական, որտեղ կասկածի տակ դրւի Հայոց ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Այդպէս է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարութիւններից (այդ ժամանակ թէեւ ցեղասպանութիւն եզրը դեռեւս ստեղծւած չէր, սակայն դատարանն իր վճիռների մէջ տւել է դրա նկարագրական մասը), վերջացրած Wikileaks-ի Ջուլիան Ասանջի դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնի (Geoffry Robertson) իրաւական վերլուծութեամբ ու գնահատականով: Ամերիկեան իրաւագիտական միտքը նոյնպէս երբեւէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանութեան համապատասխանութիւնը ցեղասպանութեան որակմանը: Ցեղասպանութիւն յանցագործութեան կանխման եւ պատժի միջազգայնագրի /կոնւենցիայի/ [յետայսու` Ցեղասպանութեան կոնւենցիա] (Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide, 1948) ստեղծման, զարգացման եւ իրաւական պարտաւորութիւնների հարցերում ԱՄՆ-ի դերակատարութեան լաւագոյն մասնագէտ Լորենս Ջ. Լը Բլանը (Lawrence J. LeBlanc), վերապահութիւն ունենալով զանգւածային սպանութիւնների շատ դէպքերի նկատմամբ, "հրեաների եւ հայերի զանգւածային սպանութիւնները" (wholesale slaughtering of Jews and Armenians) միանշանակօրէն բնութագրում է որպէս "ցեղասպանութեան ակնառու օրինակներ" (prominent cases of genocide):
Ինչքան հասկանում եմ` մենք ուզում ենք, որ ԱՄՆ Կոնգրեսը Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւ ընդունի, որպէսզի Թուրքիան եւս հետեւի նրա օրինակին: Համոզւած չեմ այդ փոխկապւածութեան մէջ: ԱՄՆ-ում վաղուց արդէն չկայ ռասայական խտրականութիւն, սակայն առ այսօր Թուրքիայում ազգային եւ կրօնական փոքրամասնութիւնները դիտարկւում են որպէս ստորադաս արարածներ: Չէք հաւատում` քրդերից եւ զազաներից հարցրէք: Անձամբ ինձ բնաւ պէտք չէ, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանութիւնը. ինձ պէտք է, որ նա հատուցի: Դրանք երկու տարբեր բաներ են: Թուրքիան կարող է ճանաչել, բայց չհատուցել: Կարող է չճանաչել, բայց հատուցել: Ի վերջոյ մենք բարոյական, նիւթական, հողային իրաւունքներ ունենք ոչ թէ այն պատճառով, որ ցեղասպանութիւն է եղել, այլ որովհետեւ մեր իրաւունքներն ամրագրող համապատասխան միջազգային փաստաթղթեր կան: Փաստաթղթերը, այսինքն` գործիքներն առկայ են: Թէ ինչքան արդիւնաւէտ կօգտագործենք դրանք, արդէն մեզանից է կախւած: Շախմատային նոյն իրավիճակում մէկը կարող է յաղթել, իսկ միւսը պարտւել, թէեւ երկուսի համար էլ խաղի կանոնները նոյն են:
Հիմա նորից գանք Հայոց ցեղասպանութեան բանաձեւի վերջին քննարկմանը: Մէկ անգամ էլ եմ ուզում յստակեցնել իմ դիրքորոշումը: Ես բնաւ դէմ չեմ, որ ԱՄՆ-ի Կոնգրեսն իր երկու պալատներով, ինչպէս նաեւ նախագահը, ճանաչեն Հայոց ցեղասպանութիւնը: Սակայն ամէն ինչ աշխարհում իր գինն ունի: Եթէ այս գործընթացը, լինելով աւելի յուզական եւ երեւացող, կլանում է մեր պայքարի ողջ ներուժը, հետեւաբար անհնարին է դարձնում պայքարի այլ ուղիները, ես սկսում եմ կասկածել այդ ուղու արդիւնաւէտութեան վրայ: Երբեմն ինձ թւում է, որ թուրքերն ընդդիմանում են Հայոց ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունմանը, ոչ թէ այն պատճառով, որ իսկապէս լուրջ վտանգ են տեսնում դրանում, այլ ուզում են մեզ զբաղւած պահել, որ իրենց համար աւելի վտանգաւոր ուղիներով չգնանք:
Յիշենք նաեւ, որ Միացեալ Նահանգներն արդէն ճանաչել են հայերի ցեղասպանութիւնը: Ըստ էութեան, Միացեալ Նահանգներն առաջին պետութիւնն է, որ ճանաչել է հայոց ցեղասպանութիւնը: ԱՄՆ դա արել է Ուրուգւայից եւ Արգենտինայից դեռեւս 14 տարի առաջ` 1951թ.-ին եւ Ցեղասպանութեան կոնւենցիայի ստորա-գրումից ընդամենը 3 տարի յետոյ: ԱՄՆ-ի կառավարութիւնը ՄԱԿ-ի Արդարութեան միջազգային դատարանին 1951թ. Յունւարին յղած իր գրաւոր յայտարարութեան մէջ բառացիօրէն հաւաստել է հետեւեալը. "Քրիստոնեաների հալածանքները հռոմէացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնաւոր հրեաների եւ լեհերի ոչնչացումը նացիստների կողմից, ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակներ են: Այս յէնքի վրայ է Միաւորւած ազգերի Վեհաժողովը քննութեան առել ցեղասպանութեան հարցը:" (The Roman persecutions of the Christians, the Turkish massacres of Armenians, the extermination of millions of Jews and Poles by the Nazis are outstanding examples of the crime of Genocide. This was the background when the General Assembly of the United Nations considered the problem of genocide.)
Վերոշարադրեալից յստակ է, որ հայերի ջարդերը թուրքերի կողմից Միացեալ Նահանգների կառավարութիւնը միանշանակօրէն դիտարկել է որպէս ցեղասպանութիւն յանցագործութեան ակնյայտ օրինակ: Աւելին, սոյն յայտարարութիւնն անառարկելիօրէն փաստում է, որ ՄԱԿ-ի Վեհաժողովը Ցեղասպանութեան կոնւենցիան ընդունելիս (9 Դեկտեմբերի, 1948թ.) ի մտի է ունեցել նաեւ հայոց ցեղասպանութիւնը:
Ցեղասպանութեան կոնւենցիան ԱՄՆ-ի կողմից վա-ւերացւել է 1988թ. Նոյեմբերի 25-ին: Ըստ այդմ, նշեալ փաստաթուղթը, համաձայն Միացեալ Նահանգների սահմանադրութեան 6-րդ յօդւածի 2-րդ կէտի, դարձել է երկրի օրէնսդրութեան բաղկացուցիչ մասը (supreme Law of the Land):
Միացեալ Նահանգների կառավարութեան վերոյի-շեալ գրաւոր յայտարարութիւնից ուղիղ 30 տարի յետոյ` 1981թ.-ին, ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռէյգանը մէկ անգամ եւս վերհաստատել է իր երկրի դիրքորոշումը հայոց ցեղասպանութեան նկատմամբ. "Ինչպէս հայերի ցեղասպանութիւնը դրանից առաջ եւ կամբոջիացիների ցեղասպանութիւնը, որը յաջորդեց դրան, ինչպէս նաեւ բազմաթիւ այլ ժողովուրդների նկատմամբ այդպիսի բազում հալածանքները, Հոլոքոստի դասերը երբեք չպէտք է մոռացւեն" (Like the genocide of the Armenians before it, and the genocide of the Cambodians which followed it - and like too many other such persecutions of too many other peoples- the lessons of the Holocaust must never be forgotten):
Ակնյայտ է, որ ներկայումս Միացեալ Նահանգների օրէնսդիր եւ գործադիր իշխանութիւնները պատրաստ չեն մեկ անգամ եւս "թուրքերի կողմից հայերի ջարդերը" որակել որպէս ցեղասպանութիւն: Անձամբ ես դրա կարիքը չեմ տեսնում: Ինձ համար նպատակը ոչ թէ Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է, այլ այդ ցեղա-սպանութեան հետեւանքների վերացումը: Այն է` հայոց բարոյական, նիւթական եւ հողային իրաւունքների վերականգնումը:
Այստեղ տեղին է յիշել հայոց բանստեղծ Պարոյր Սեւակի խօսքը.
Խոստանում եմ բաց ճակատով զուր չխփւել հաստ պատերին:
Ինչի՞ համար. Էլի պատը կը մնայ պատ, կը պակասի մի լաւ ճակատ:
Եթէ պատը փակել է մեր ճանապարհը, ուրեմն այն շրջանցելու ուղիներ պէտք է որոնել: Չի կարելի ողջ մարդկային եւ նիւթական ներուժը ծախսել անհեռա-նկար պայքարի մէջ: Կարեւորը նպատակին հասնելն է, իսկ ինչ ճանապարհով կը գանք դրան` արդէն էական չէ:

23 Դեկտեմբերի, 2010թ.

 

Յոյս թիւ 90

12 Յունւար 2011