ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ`
ՎԻՃԱՀԱՐՈՅՑ ՀԱՐՑԵՐ


Ռոբերթ Սաֆարեան

 

Բանկ Օթոմանի գրաւման մասնակիցները՝ Մարսէլում


Հիմնադրում
Դաշնակցութիւնը հիմնադրւել է 1890 թւականին Թիֆլիսում: Հիմնադրւել է արեւելեան Հայաստանում, յեղափոխական ինտելիգենցիայի (մտաւորականութեան) կողմից Արեւմտեան Հայաստանի գիւղացիութեանը ազատագրելու նպատակով:Հիմնադիրները Քրիս-տափոր Միքայէլեանը, Սիմոն Զա-ւարեանը եւ Ռոստոմը (Ստեփան Զօրեանը)՝ ժամանակին Ռուսական յեղափոխական սոցիալիստական շարժումների շրջանակներում ակտիւ յեղափոխականներ են եղել:
Հէնց այս փոքրիկ պատկերից արդէն կարելի է նկատել Դաշնակցութեան հիմնական հարցերն ու նրա գոյատեւման պատճառները՝ 120 տարիների ընթացքում եւ անչափ տարբեր պայմաններում:
Լինելով արեւելահայեր եւ մտաւորական, ինչպէս թիֆլիսաբնակ բոլոր մտաւորականները, Դաշնակցութեան հիմնադիրները քիչ բան գիտէին Արեւմտահայաստանի գիւղացիութեան պայմանների մասին: Մի խօսքով, նրանք ցանկանում էին յեղափոխութիւնը ռուսական կայսրութիւնից արտահանել Օսմանական պետութիւն: Առաջին տարիներին, նրանք կարողացան Ռուսաստանին օգտագործել որպէս յենակէտ՝ Օսմանական պետութեան սահմաններից ներս իրենց գործողութիւնների համար: Ռուսաստանը որպէս յենակէտ Թուրքիայի դէմ պայքարի համար. Դրւածք, որը կրկնւեց առաջին համաշխարհային պատերազմի եւ կամաւորական խմբերի կազմա-ւորման օրերին:

Սոցիալի՞զմ թէ՞ ազգութիւն
Դաշնակցութիւնը մինչ օրս իրեն համարում է սոցիալիստական կուսակցութիւն: Սակայն հիմնադրումից յետոյ, շատ շուտ այն պարզեց իր մօտեցումը` առաջնակարգը ազգային պայքար, հեռակայում սոցիլաիզմ: Սա այն սկզբունքն է, որը պահպանել է կուսակցութիւնը, եւ իր առաջնակարգ նպատակի համար երբեք չի վարանել լքել սոցիալիզմի գաղափարը եւ նոյնիսկ պայքարել սոցիլաիզմին համա-կրող ուժերի դէմ: Սա արտայայտւել է բազում ժողովրդականացւած ձեւերով` մենք առաջին հերթին հայ ենք, յետոյ մարդ. առաջ տուն ձեռք բերենք, յետոյ կահ-կարասիի մասին կը խօսենք: Փաստօրէն, սոցիալիզմը ծառայեց որպէս զարդ, որպէս ժամանակի յեղափոխական շնչի հետ համակերպւելու, արդարութեան գաղափարներով խանդավառւած երիտասարդութեանը գրաւելու միջոց, իսկ ազգային ազատագրութիւնը՝ որպէս նպատակ եւ շարժիչ ուժ:

Ինքնավարութիւ՞ն թէ՞ անկախութիւն
Երբ Դաշնակցութեան հիմնադրման ժամանակ խօսւում է արեւ-մտահայերի ազատագրման մասին, դա ոչ նշանակում է անկախ Հայաստան եւ ոչ էլ միացեալ երկիր: Դա նշանակում է Օսմանեան արեւելեան շրջանում վեց հայա-շատ վիլայեթների ինքնավարութիւն ֆեդերալիզմի սկզբունքների հիման վրայ: Իհարկէ, ոչ մի խօսք՝ Ռուսաստանի եւ միացեալ ու անկախ Հայաստանի մասին: Իսկ երբ 1907 թւականի ընդհանուր ժողովում Անդրկովկասի ծրագրի կիրառումով Ռուսաստանը եւս դարձաւ կուսակցութեան գործողութեան շրջան, կրկին խօսքը միայն ինքնավարութեան եւ ֆեդերալիզմի մասին էր: Այս իրողութիւնների վերյիշումը այն առումով է կարե-ւոր, որ այսօր այնպէս է քարոզւում, որ ասես թէ՝ կուսակցութեան հէնց հիմնադրման օրից, դա է եղել նրա նպատակը: Անկախութեան գաղափարը Դաշնակցութեան ծրագրի մէջ մտաւ միայն այն ժամանակ, երբ այն պարտադրւեց՝ իրավիճակի, եւ կեանքի ու մահւան երկընտրանքի պայմաններում:

Աւանտիւրիզմ
Աւանտիւրիզմ, կամ արկածախնդրութիւն նշանակում է զինեալ անպատասխանատու գործերի դիմել՝ առանց նկատի առնելու դրանց հետեւանքները՝ հասարակ ժողովրդի եւ քաղաքական խմբերի հալածման սաստկացման ուղղութեամբ: Այս հարցում բազմիցս մեղադրւել է Դաշնակցութիւնը. սրա ցայտուն օրինակն է Բանկ Օթոմանի գրա-ւումը, որը մինչ օրս իր բոլոր կողմերով համարւում է որպէս կու-սակցութեան պատմութեան փայլուն էջերից մէկը:
Ստամբուլում Բանկ Օթոմանը գրաւեցին՝ Մեծ Ուժերի ուշադրութիւնը հայկական հարցի վրայ հրաւիրելու նպատակով: Արդիւնքում Յեղափոխական խումբը գերմեծերի հովանաւորութեամբ փրկւեցին ու փոխադրւեցին Մարսէլ: Իսկ դրան հետեւեցին զանգւածային սպանութիւնները: Սա Տիպիկ զինեալ պրոպագանդայի օրինակ է: Արկածախնդրութիւն, որից տուժում է հասարակ անպաշտպան ժողովուրդը:
Արդարացում. Հայկական հարցը յայտնւում է աշխարհի ուշադրութեան կենտրոնում Այսպիսի գործողութիւններով ժողովուրդը թօթափում է ստրկամտութիւնը, եւ զարգանում է այն միտքը, որ հնարաւոր է ոտքի ելնել օսմանեան բռնապետութեան դէմ, նոյնիսկ կայսրութեան կենտրոնում:

Դաշինք Երիտթուրքերի հետ
Իսկ երբ Ռուսաստանը մտաւ օրակարգի մէջ, Օսմանեան կայս-րութեան մէջ արդէն տիրում էր յեղափոխութեան թոհուբոհը: "Իթ-թիհադ ու Թարաքքի" կուսակցութիւնը կամ երիտթուրքերը ընդհանուր սահմանադրական գաղափարախօսութեամբ պայքարում էին Սուլթան Աբդուլհամիտի դէմ, որն այդքան արիւն էր թափել հայերից: Դաշնակցութիւնը ընդառաջում է այդ պայքարը եւ ի վերջոյ յայտնւում՝ նրանց կողքին՝ Օսմանեան կայսրութեան դէմ՝ հաւատալով նրանց խոստումները, իբր թէ իշխանութեան գլուխ անցնելուց յետոյ բարեփոխութիւններ կը ձեռնարկւեն եւ ինքնավարութիւն կը տան հայկական վիլայեթներին: 1908-ին նրանց սահմանադրական յեղափոխութիւնը յաղթում է, սակայն նրանք չեն կատարում իրենց խոստումները, եւ ընդհակառակը՝ առաջին աշխարհամարտի օրերին կատարում աւելի ահռելին ու սարսափելին՝ ծրա-գրում ու գործադրում են հայերի տեղահանութիւնն ու աքսորը եւ համատարած ջարդը: Դաշնակցութիւնը այսօր յաճախ մեղադրւում է երիտթուրքերի հետ համագործակցելու համար, իսկ այն օրերին, երբ Սուլթանական կայսրութիւնում երեւան էր եկել նոր բարեփոխական մի ուժ, որը պայքարի մէջ էր սուլթանի դէմ, եւ որը խոստանում էր սահմանադրութիւն եւ բարեփոխութիւններ, եւ բնականաբար նրա յաղթանակն ու պարտութիւնը կարող էր մեծ ազդեցութիւն ունենալ հայերի ճակատագրի վրայ, տրամաբանութիւնը դա էր թելադրում՝ հովանաւորել նրան: Իսկ այն թէ՝ այդ համագործակցութիւնը ինչպիսի՞ պայմաններով է կատարւում եւ կուսակցութեան քաղաքական ղեկավարութիւնը ինչքա՞ն խելամիտ ու զգօն է եղել ժամանակին երիտթուրքերի նպատակները կանխատեսելու եւ կանխելու գործում (իսկ ընդհանրապէս հնարա-ւոր էր դրանք կանխել), դա արդէն ուրիշ հարց է: Այն ինչ պարզ է, շատ անարդար կը լինի Դաշնակցութեանը մեղադրել, թէ իբր համագործակցել է ցեղասպանութիւնը կազմակերպողների հետ կամ նոյնիսկ նրա համար, որ քաղաքական դաշինքի մէջ է մտել երիտթուրքերի հետ:
Հետաքրքիր է նաեւ մի այլ հանգամանք, որ դա միակ շրջանն է, որ հայ ժողովրդի պայքարը համատեղւում է տեղի ժողովրդի ընդհանուր շարժման հետ, եւ ոչ թէ՝ օտար ուժերի հովանաւորութեանը: Այս գործի անյաջողութիւնը պատճառ է եղել, որ հայն այլեւս երբեք նման քայլի չդիմի, եւ յատկապէս հայկական գաղութներում (համայնքներում) հայութիւնը մեկուսացւի տեղի հասարակական-քաղաքական կեանքից:

Սփիւռքեան Կուսակցութիւն
Դաշնակցութիւնը Հայաստանի առաջին հանրապետութեան ղեկավար ուժն էր, սակայն այս համառօտ ակնարկում չենք կարող անդրադառնալ նաեւ այդ շրջանում Դաշնակցութեան գործունէութեանը: Այն ինչ պարզ է, այդ Հանրապետութեան կործանումից յետոյ, Դաշնակցութեան ղեկավարութիւնը թողնում է երկիրը եւ կուսակցութիւնը դառնում է հիմնականում սփիւռքեան կուսակցութիւն:1920-ից մինչեւ 1990, այսինքն 70 տարի՝ կուսակցութեան կեանքի աւելի քան կէսը, այն եղել է սփիւռքեան կուսակցութիւն՝ իր բոլոր հակասութիւններով, եւ բնականաբար հակասովետական, որի հետեւանքով նա զանազան երկրներում օգնել է բռնապետական ուժերին, այդ թւում Իրանի շահի իշխանութեանը՝ հալածելու համայնավար ուժերին: Ելնելով հայապահպանման քաղաքականութիւնից, հայերին մեկուսացրել է բնիկ ժողովրդի հասարակաքաղաքական կեանքից, եւ հայկական եկեղեցին պառակտելով, Կիլիկիայի կաթողիկոսութիւնը դարձրել է իր քաղաքական յենակը՝ յատկապէս Միջին Արեւելքում քաղաքական սակարկութիւններում որպէս կշիռ օգտագործելու համար:
Դաշնակցութիւնը 70 տարի զուտ սփիւռքեան կուսակցութիւն է եղել, սակայն նախքան այդ էլ աշխատել է Իրանում, Եւրոպայում, Ամերիկայում եւ արաբական երկրներում, իսկ դրանից յետոյ էլ շարունակել է իր գործը ողջ աշխարհի հայկական համայնքներում: Այս երկարատեւ փորձառութեամբ նրան յաջողւել է ստեղծել կուռ կուսակցական կազմակերպութիւն, համակերպւել զանազան երկրներում բաւականին տարբեր քաղաքական ու հասարակական պայմաններին եւ սովորել թէ ինչպէս ընդհանուր կրթական-մշակութային հաստատութիւնները, դպրոցներն ու միութիւնները դարձնել իր քաղաքականութիւնների գործադրման միջոցներ: Այսպիսով այն դարձել է հայկական սփիւռքի ամենահզօր կուսակցութիւնը, որը Հայաստանի երրորդ Հանրապետութեան ստեղծումից անմիջապէս յետոյ գնաց Հայաստան, եւ կարճ ժամանակում հաստատւեց այնտեղ, սակայն, որպէս դրսից եկած ուժ, նրա դրութիւնը տեղի քաղաքական ուժերի համեմատութեամբ այն չէ, ինչ, որ սփիւռքում է:

Հայաստանի անկախութիւնից յետոյ
Դաշնակցութիւնը որպէս սփիւռքեան քաղաքական ուժ, հէնց սկզբից հիմնական հարցերում հակադրւած էր Հայաստանի իշխանութիւններին, որոնք որպէս պետութիւն, ունէին իրենց շահերն ու առաջնահերթութիւնները:
Նախ՝ Դաշնակցութեան Հայաստանեան կազմակերպութիւնը բնականաբար ենթարկւում էր կուսակցութեան բիւրոյին, որը հաստատւած էր Հայաստանից դուրս, եւ Հայաստանի Դաշնակցութեան ղեկավարների կարեւոր մասը դեռ Հայաստանի քաղաքացիներ չէին: Այս եւ այլ պատճառներով 1994-ին Հայաստանի Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը դիմելով հակաժողովրդավարական քայլի կա-սեցրեց Դաշնակցութեան գործունէութիւնը, որը պաշտօնապէս վերսկսեց միայն Տէր-Պետրոսեանի հրաժարականից յետոյ:
Աւելի կարեւորն այն է, որ Դաշնակցութիւնը առաջնորդւում է "Հայ Դատ"-ի, այսինքն՝ Թուրքիայից տարածքային պահանաջատիրութեան սկզբունքներով, եւ՝ այդ ուղղութեամբ աշխարհի զանազան երկրների խորհրդարաններում ցեղասպանութեան ճանաչման հարցը արծարծելու միջոցով Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելու ռազմավարութեամբ, որը բնականաբար ձեռնտու չէ կայունութեան ձգտող Հայաստանի իշխանութիւնների համար: Այս իսկ պատճառով դաշնակցականները դէմ են Թուրքիայի հետ որեւէ բանակցութեան, սահմանների բացման, եւ երկու երկրների յարաբերութիւնների նորմալացման` նախապայմաններով թէ առանց նախապայմանների: Միայն այսպիսի ռազմավարութեան շրջանակներում է, որ Դաշնակցութեան կազմակերպչական ուժը որպէս համահայկական սփիւռքեան կուսակցութիւն կարող է հաշւի գալ, այն ինչ հայաստանեան ներքին հարցերում նրա կշիռը շատ չնչին է, եւ ընտրութիւններում յաճախ ձեռք է բերում քւէների աւելի պակաս քան 10 տոկոսը:
Վերջին նախագահական ընտրութիւներին յաջորդած դէպքերի եւ Մարտի 1-ի սպանութիւններից յետոյ դաշնակցութիւնը հարկ համարեց կոալիցիայի մէջ մտնել ժողովորդի դէմ կանգնած իշխանութեան հետ, քանի որ Տէր-Պետրոսեանին համարում էր արեւմտամէտ, մի տեսակ հայակական Սահակաշւիլի, որն ուզում էր Հայաստանը մօտեցնել Ամերիկային եւ դրանից յետոյ բնականաբար նաեւ Թուրքիային: Մէկ տարի յետոյ նոյն Սերժ Սարգսեանի կողմից ֆուտբոլային քաղաքականութեան կիրառումից յետոյ, Դաշնակցութիւնը հրաժարւեց կոալիցիայից:

Գոյատեւման պատճառներ
Դաշնակցութեան որեւէ հակառակորդ, երբ խօսում է այդ կուսակցութեան գաղափարախօսութեան սնանկութեան, կամ նրա "հակաժողովրդական" էութեան մասին, պարտաւոր է պատասխանել մի կարեւոր հարցի, այն է. "Ո՞րն է Դաշնակցութեան գոյատեւման պատճառը 120 տարիների ընթացքում, նոյնիսկ այնպիսի դժւարին պայմաններում, որոնցից իւրաքանչիւրը բաւական կը լինէր անհետացնել ցանկացած քաղաքական կազմակերպութեան կամ գաղափարախօսութեան: Ինչ խօսք, այդ բանում իր դերն է ունեցել կուսակցութեան կողմից քարոզչական խարդախութիւնների եւ ուժային միջոցների կիրառումը՝ հակառակորդների դէմ, նրա համագործակցութիւնը՝ պահպանողական եւ բռնապետական պետութիւնների հետ, բայց եւ միւս կողմից՝ կազմակերպչական կարողութիւնները, քաղաքական սակարկութիւնների եւ զանազան պայմանների հետ համակերպւելու ունակութիւնը, հետեւողականութիւնը, իրենց դիրքերն ամրապնդելու համար անդադար եւ ամենուր աշխատելը, եւ ի վերջոյ ազգային-շովինիստական գաղափարախօսութեան մատուցման գրաւիչ ձեւը, որը հաւաանբար համընկնում է սփիւռքահայի հոգեբանութեան հետ:
Սրանք իհարկէ պարզապէս հարցադրումներ ու հնարաւոր պատասխաններ են, որոնցով զբաղւելը յոյժ կարեւոր է քաղաքական հարցերով զբաղւող իւրաքանչիւր հայի համար:

 

Յոյս թիւ 88

8 Դեկտեմբեր 2010