ՊԱՏԱՐԱԳ ԱՂԹԱՄԱՐՈՒՄ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ

ԵՒ ԱՆՀԱՆԳԻՍՏ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Գայաինէ Մկրտչեան

 


Թուրքիայի արեւելեան մասում գտնւող Վանայ լճի Աղթամար կղզու` 10-րդ դարում կառուցւած եկեղեցում գրեթէ մէկ դար անց առաջին անգամ քրիստոնեայ հայերը պատարագ մատուցեցին:
Սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ սրբազան Աթեշեանի կողմից պատարագ մատուցւեց, առանց գմբէթին խաչ տեղադրելու (խաչի առկայութիւնը պարտադիր նշան է հայկական բոլոր եկեղեցիների համար):
Թուրք պաշտօնեաներն ասում են, թէ մտադիր էին խաչ տեղա-դրել գմբէթին, սակայն չհասցրեցին: Բացի այդ, ներկայումս (2007 թ.-ի վերակառուցումից յետոյ) եկեղեցին պաշտօնապէս թանգարանի կարգավիճակ ունի, որտեղ ուրբաթ, CNN-ի հաղորդմամբ կաթոլիկ մի քահանայի քաղաքավարի ընդհատեցին, երբ վերջինս ասում էր, թէ թանգարաններում աղօթելն արգելւած է:
Հայաստանեայց Առաքելական եկեղեցին հրաժարւեց ուղարկել իր պատւիրակներին` մասնակցելու պատարագին, երբ տեղեկացաւ, որ Թուրքիայի իշխանութիւնները հաւատարիմ չեն մնացել իրենց խոստմանը, այսինքն` պատարագի ժամանակ քրիստոնէական խորհրդանիշը եկեղեցու գմբէթին չի լինի: Սա նաեւ պատճառ դարձաւ շատ հայաստանցիների եւ սփիւռքահայերի համար` չեղեալ յայտարարելու իրենց` նախօրօք պատւիրած ճանապարհորդութիւնները Թուրքիա:
Այդուհանդերձ, կիրակի կայացած պատարագը կարեւոր իրադարձութիւն էր ներկաներից շատերի համար:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան Թուրքիայում բնիկ հայ բնակչութեան նկատմամբ իրականացւած ցեղասպանութիւնից յետոյ առաջին անգամ Վանի թուրքական իշխանութիւնները թոյլատրեցին մէկ անգամեայ պատարագ մատուցել, որի ժամանակ կարմրաւուն քարից հայկական եկեղեցում կրկին լսւեց պատարագի ձայնը եւ տարածւեց խնկի բոյրը:
Կղզու մօտ 6,700 այցելուներից գրեթէ 1000-ը հայեր էին, որոնք եկել էին աշխարհի տարբեր ծայրերից` Եւրոպայից, ԱՄՆ-ից, Հայաստանից: Սակայն մեծ մասը Ստամբուլից էր, որտեղ, դեռեւս, հայերի համեմատաբար մեծ համայնք կայ:
Ուխտաւորները մոմեր էին վառում եկեղեցու բակում, համբուրում Սուրբ Խաչի պատերն ու աղօթքներ շշնջում:
Թուրքական իշխանութիւնները փորձեցին ցոյց տալ, թէ դրական փոփոխութիւն են կատարել այլադաւան ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ իրենց քաղաքականութեան մէջ: Այս կերպ նրանք յոյս ունէին բարելաւել երկրի միջազգային վարկանիշը եւ մեծացնել Եւրամիութիւն մտնելու իրենց հնարաւորութիւնները:
Աղթամարի միջոցառումը շատերը դիտեցին որպէս փոխւող Թուրքիայի նմանատիպ հերթական շոուներից մէկը:
Աղթամարի պատարագը պէտք է խոշոր ազդեցութիւն ունենար նաեւ թուրքերի եւ հայերի միջեւ մշակութային կամուրջներ կառուցելու գործում ինչպէս Թուրքիայում, այնպէս էլ Հայաստանում, որի հետ Անկարան դեռեւս դիւանագիտական յարաբերութիւններ չունի:
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործ-ընթացը, որը միջազգային աջակցութիւն էր վայելում, Ապրիլին մտաւ փակուղի այն բանից յետոյ, երբ Թուրքիան բացայայտ նախապայմաններ առաջ քաշեց յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղւած երկու ստորագրւած արձանագրութիւնները խորհրդարանում վաւերացնելուց առաջ:
Սակայն լայնօրէն գովազդւած միջոցառումը չարդարացրեց ըս-պասումները, քանի որ այն ընթացաւ խաչի թեմայի շուրջ բարձրացած մեծ աղմուկի ֆոնի վրայ:
1,5 մլն դոլար արժողութեամբ հայկական եկեղեցու վերակառուցումից յետոյ Թուրքիայի կառավարութիւնը Սուրբ Խաչին թանգարանի կարգավիճակ տւեց, ինչը ենթադրում էր, որ եկեղեցու ներսում կրօնական արարողութիւնները, աղօթքներն ու մոմեր վառելն արգելւած են: Հետագայում, ինչպէս Անկարան է ներկայացնում` որպէս բարի կամքի դրսեւորում, Թուրքիան թոյլա-տրեց հայերին տարին մէկ անգամ պատարագ մատուցել եկեղեցում, ինչը շատ հայերի դեռեւս դժգոհելու տեղիք է տալիս:
Աւելի ուշ Թուրքիայի իշխանութիւններն ասացին, թէ սկզբնական կառոյցը թոյլ չի տալիս տեղադրել ծանր խաչը գմբէթին, որը կարող էր վնասւել կիրակնօրեայ պատարագից առաջ: Սակայն նրանք ասում են, որ խաչը կարող է տեղադրւել միջոցառումից յետոյ:
"Թող չկարծեն` մեծ բան են անում: Թող ասեն, թէ ինչի են վերածել մեր մնացած սրբատեղիները` ախոռների ու գոմերի: Իսկ այսօր էլ պատարագ են անում առանց խաչի, սա թուրքական դիւանագիտութեան հերթական խայծն է",- ասաց արմատներով Խարբերդից, ներկայումս Գերմա-նիայում բնակւող Մուրադ Քէեանը, որը Վան էր եկել միջոցառումից օրեր առաջ:
Համանման կարծիք էին յայտնել Երեւանում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակը յա-ւերժացնող Ծիծեռնակաբերդի յուշահամալիրում` որպէս բողոքի ակցիա անցկացւած մէկ այլ պատարագի մասնակիցները, որոնք Աղթամարի միջոցառումն անւանեցին Թուրքիայի հերթական շոուն:
Միջազգային լրատւամիջոցների բազմաթիւ ներկայացուցիչներ, այդ թւում 25 հայ եւ 150 թուրք լրագրողներ լայնօրէն լուսաբանում էին Աղթամարի միջոցառումը: Սակայն, ըստ էութեան, սահմանափակ թւով լրա-գրողների թոյլ տրւեց մտնել եկեղեցի պատարագի ժամանակ:
Այդուհանդերձ եկեղեցու պատերից դուրս եւս լուսաբանելու շատ բան կար:
Աղթամարի Սուրբ Խաչ էին ժամանել նաեւ Թուրքիայում ապրող մահմեդականութիւն ընդունած հայեր` իրենց հայրենակիցներին տեսնելու համար:
"Ջարդերի ժամանակ իմ պապին պահել ու մեծացրել են քրդերը: Պապս մեզ ասում էր, որ մենք արմատներով հայ ենք: Ես այսօր յատուկ եմ եկել այստեղ, ուղղակի հայերի տեսնելու համար,- ասում է Բաղեշում ապրող 70-ամեայ Ֆարսանդան: - Ես ամուսնացել եմ քրդի հետ, քոյրս նոյնպէս: Վերջերս գտել եմ Հայաստանում ապրող իմ հօրեղբօր տղաներին":
Կղզու մի հատւածում էլ հիւրերին խաղող էին բաժանում Մու-շում ապրող, մահմեդականութիւն ընդունած հայեր` Թեքիմը (Հայկ), Դանիէլը, Մաշալան, Հայրենտինը (Սերոբ):
"Հայկն ու Սերոբը մեր հայկական անուններ են: Իսկ խաղողը բերել ենք Մուշից 2 կմ հեռու գտնւող Մոնքոնք գիւղից, որը հին հայկական գիւղ է եղել, եւ որտեղ խաղողի տնկիները ի սկզբանէ հայերն են տնկել: Անուշ արէք",- ասում է Թեքիմը:
Նա ասում է, որ մի քանի տարի առաջ Հայաստանի Թալինի շրջանի Սասնաշէն գիւղում գտել է իր ազգականներին եւ տարին մէկ անգամ նրանց այցելում է:
Եկեղեցու բակում մոմեր էին վաճառում: Կզղի այցելած հայերը քարեր էին հաւաքում շրջակայքից, հող լցնում տոպրակների մէջ, շշերի մեջ` Վանայ լճից ջուր` որպէս յիշատակ տուն տանելու իրենց պապերի երկրից:
Կղզում տեղադրւած տեղեկատւական վահանակի վրայ գրւած է, որ Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Գագիկ Առաջին թագաւորը: Սակայն չի յիշատակւում, որ նա հայ թագաւոր է եղել, եւ որ այն կառուցել է քահանայ Մանուէլը 915-921 թւականներին` Վասպուրականի թագաւոր Գագիկ Առաջինի պատւէրով:
Իսկ Վանի մասին պատմող գրքոյկներում ասւում է, թէ քաղաքը կառուցել են քրդերը:

"Սա ողբերգութիւն է: Ո՞վ չգիտի, որ սա հայկական եկեղեցի է, եւ որ այն կառուցել են հայերը: Եկեղեցին [Թուրքիայի] իշխանութիւնները պէտք է հանեն թանգարանի կարգավիճակից, եւ Սուրբ Խաչում կրօնական արարողութիւններ կատարելը պէտք է միշտ թոյլատրելի լինի հայերին: Եթէ ոչ, ապա սա թուրքերի հերթական քաղաքական "ինտրիգն է",- ասում է արմատներով Սեբաստիայից, այժմ Ստամբուլում բնակւող Նուրան Աքայեան
 

Հաղորդում Թուրքիայի Վան քաղաքից
Աղբիւր` www.armenianow.com

Յոյս թիւ 83

29 Սեպտեմբեր 2010