ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹԻՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅ, ՍԱԿԱՅՆ...


Անի Գասպարեան

 

Սեռական բռնութիւն ասելով` Հայաստանում յաճախ հասկանում են միայն բռնաբարութիւն, սակայն սեռական բռնութեան ձեւերը խիստ բազմազան են. օրինակ` հայեացքներ, համբոյրներ, հպումներ, առաջարկներ, կատակներ, սպառնալիքներ, որոնք դիմացինի մէջ անհանգստութիւն ու վախ են առաջացնում:
Կանայք, ովքեր անտեղեակ են սեռական բռնութեան ձեւերին, չեն էլ մտածում, թէ իրենք երբեւէ ենթարկւել են սեռական բռնութեան, սակայն պարզելով, թէ այն ինչ է իրենից ներկայացնում, յանկարծ բացայայտում են, որ այդ երեւոյթն այս կամ այն չափով իրենց էլ է առնչւել:
Հայաստանում սեռական բռնութեան վերաբերեալ որեւէ վիճակագրութիւն գոյութիւն չունի: Անգամ օրէնքում յստակ չի սահմանւում, թէ որն է սեռական բռնութիւնը կամ ոտնձգութիւնը: Յատուկ սեռական բռնութեան խնդիրներով զբաղւող ընդամէնը մէկ հասարակական կառոյց գոյութիւն ունի` Սեռական բռնութեան ճգնաժամային կենտրոնը, որտեղ 2008 թւականից գործում է թէժ գիծ` սեռական բռնութեան ենթարկւած կանանց աջակցելու եւ ուղորդելու նպատակով:
Կենտրոնի հոգեբան-խորհրդատու Անուշ Պօղոսեանն ասում է, որ 2010 թ. Յունւարից մինչ օրս թէժ գծին 101 զանգ է եղել.
"Զանգերը տարբեր բնոյթի են. օրինակ` աղջիկները բողոքում են, որ իրենց հետապնդում են, սպառնում, կանայք բողոքում են, որ ամուսինները ստիպում են իրենց կամքին հակառակ սեռական գործողութիւններ կատարել եւ այլն,- ասում է կենտրոնի հոգեբանը,- վերջին ժամանակներս աղջիկները շատ են զանգում այն հարցով, որ զուգընկերներն իրենց հրաւիրել են որեւէ տեղ, խմիչքի մէջ գաղտնի ինչ-որ նիւթ լցրել, իրենք քնել են կամ չեն գիտակցել, թէ իրենց հետ ինչ է կատարւում, եւ յետոյ ուշքի գալով հասկացել են, որ բռնաբարւել են: Քանի որ այդ երեւոյթը բաւականին շատ է տարածւած, խորհուրդ եմ տալիս բոլոր կանանց ու աղջիկներին չափից աւելի զգոյշ ու զգօն լինել":
Սեռական բռնութեան խնդիրն առկայ է ողջ աշխարհում: Ըստ վիճակագրական տւեալների` ամէն օր բռնաբարւում է իւրաքանչիւր երրորդը: Ինչ վերաբերում է սեռական բռնութեան այլ ձեւերին` ոչ սեռական բռնաբարութեանը, ապա այն աւելի մեծ մասշտաբների է հասնում: Սակայն, եթէ զարգացած երկրներում այդ խնդիրը համարւում է հասարակութեանը սպառնացող ամենալուրջ վտանգներից մէկը, դրա մասին բարձրաձայնում են ու դրա դէմ միջոցներ ձեռնարկում պետական ու հասարակական մակարդակներով, ապա մեզ մօտ այդ մասին անգամ չեն էլ ուզում խօսել:
"Շատ տղամարդիկ անգամ բռնաբարութիւնը չեն համարում բռնութիւն` համոզւած, որ հէնց կանայք են "հրահրում" իրենց դիմելու այդ քայլին,- ասում է հոգեբանը,- ինչ վերաբերում է կանանց, ապա նրանք չեն խօսում, որովհետեւ ամաչում են, բացի այդ, աջակցութիւն չեն ակնկալում ո՛չ ընտանիքից, ո՛չ բարեկամներից եւ ո՛չ էլ յատկապէս ոստիկանութիւնից":
Հոգեբանը նշում է, որ ոստիկանութեանը չվստահելու եւ չդիմելու հետեւանքով խնդիրն աւելի է խորանում, քանի որ անպատժելիութիւնը նորանոր յանցանքներ է ծնում:
Սովորաբար այն կանայք, ովքեր դիմում են ոստիկանութիւն եւ յայտնում, որ իրենց բռնաբարել են, ոստիկանութեան աշխատակիցների սխալ վերաբերմունքի պատճառով աւելի են խորացնում առանց այն էլ եղած մեղքի զգացումը եւ սթրեսը: "Շատ են եղել դէպքեր, երբ մենք ինքներս մեզ դիմած կանանց հետ ներկայացել ենք ոստիկանութիւն, սակայն բռնաբարողները պատասխանատւութիւն չեն կրել. կա՛մ ոստիկաններին յաջողւել է համոզել կանանց՝ յետ վերցնել բողոքը, կա՛մ գործը կարճւել է բաւարար ապացոյցներ չլինելու պատճառով",- ասում է Անուշը:

Աղբիւր` "Անկախ" շաբաթաթերթ

 

Յոյս թիւ 82

15 Սեպտեմբեր 2010