ՀԱՅԱՍՏԱՆՈԻՄ ՌՈՒՍԱԿԱՆ

ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ԺԱՄԿԷՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՒԵՑ
 

Սարգիս Յարութիւնեան

 


Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը "Ազա-տութիւն" ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրոյցում նշեց, որ Հայաստանում ռուսաստանեան ռազմակայանի տեղակայման ժամկէտի երկարաձգման մասին օրերս ստորագրւած արձանագրութեամբ Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգութիւնը` "անկախ այն հանգամանքից, թէ որտեղից կը բխի սպառնալիքը":

Օգոստոսի 20-ին Երեւանում Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ներկայութեամբ ստորագրւած վերոյիշեալ արձանագրութեան համաձայն` "ռուսաստանեան ռազմակայանը Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնութեան շահերի պաշտպանութեան գործառոյթների իրականացումից Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետութեան ան-վտանգութիւնը":
"Նախկին պայմանագրում նշւում էր, որ Ռուսաստանի Դաշնութեան ռազմակայանը Ռուսաստանի Դաշնութեան շահերը պաշտպանելուց բացի, Հայաստանի Զինւած ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետութեան անվտանգութիւնը` նախկին ԽՍՀՄ սահմանի երկայնքով, ինչը կորցրել էր իր արդիականութիւնը",- պարզաբանեց պաշտպանութեան նախարարը` շարունակելով. -"Փոխարէնը պայմանագրի ներկայ ձեւակերպումները պայմանաւորւած են ռազմական եւ ֆինանսատնտեսական պլանաւորման ռազմավարական բնոյթով, ռազմական ոլորտում երկարաժամկէտ ներդրումային քաղաքականութեամբ, Հայաստանի եւ տարածաշրջանային անվտանգութեան ապահովման ուղղութեամբ հայ-ռուսական համատեղ պլանաւորման շարունակականութեամբ":
Հարցին, թէ ստորագրւած փաստաթուղթն արդեօք նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողութիւնների վերսկսման դէպքում Ռուսաստանը ռազմական աջակցութիւն ցոյց կը տայ Հայաստանին` Պաշտպանութեան նախարարը արձագանքեց. - "Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի դէմ ուղղւած հնարաւոր սպառնալիքներին, ապա պէտք է նշեմ, որ աւելի քան երկու տասնամեակ ինքնորոշւած Արցախի ժողովրդի անվտանգութեան եւ նրա ընտրած զարգացման ուղու երաշխաւորը Հայաստանի Հանրապետութիւնն է, այլ ոչ թէ որեւէ այլ երկիր: Միաժամանակ պէտք է ասեմ հետեւեալը` այն դէպքում, եթէ Լեռնային Ղարաբաղի դէմ սանձազերծւած սպառնալիքը վերաճի Հայաստանի Հանրապետութեանդէմ ուղղւած անմիջական սպառնալիքի, ապա չեմ կասկածում, որ Ռուսաստանի Դաշնութիւնը կը կատարի իր դաշնակցային եւ պայմանագրային պարտաւորւածութիւնները":

 


Հայ-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողութիւնների վերսկսման հաւանականութիւնը, Օհանեանի խօսքով, հայկական կողմից "երբեք չի բացառւել". - "Խաղաղութիւն ցանկացողը միշտ պէտք է պատրաստ լինի պատերազմի, եւ այս տրամաբանութեամբ էլ Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերը գտնւում են մշտապէս պատրաստ վիճակում: Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի զարգացումը մենք չենք պայմանաւորում հարեւան Ադրբեջանի Զինւած ուժերի կարողութիւնների առկայութեամբ կամ դրանց բացակայութեամբ":
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հակաօդային պաշտպանութեան ռուսական C-300 համալիրների վաճառքի վերաբերեալ տեղեկութիւններին անդրադառնալով` Հայաստանի պաշտպանութեան նախարարը ասաց.- "Ցանկացած սպառազինութեան ձեռքբերում ազդում է մեր տարածաշրջանի ուժերի հաւասարակշռութեան վրայ: Միաժամանակ պէտք է նշեմ, որ հակաօդային պաշտպանութեան C-300 համակարգերի ձեռքբերումը ուղղակիօրէն չի կարող ազդեցութիւն ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուժերի յարաբերակցութեան վրայ, քանի որ դրանց կիրառումը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի դէմ հնարաւոր բոլոր սցենարներում էլ կը լինի անարդիւնաւէտ: Մի պարզ պատճառով` որ այդ համակարգերին մենք առաւել ծանօթ ենք, դրանք շահագործում ենք բաւականին երկար ժամանակ եւ գիտենք նման համակարգերի արդիւնաւէտութեան նւազեցման հնարաւորութիւնները":
Հարցին, թէ արդեօ՞ք հայկական կողմը բարձրացրել է այդ հարցը վերջերս կայացած հայ-ռուսական բանակցութիւնների ընթացքում, Սէյրան Օհանեանը պատասխանեց. - "Քանի որ պաշտօնական դիրքորոշում այդ ուղղութեամբ չի եղել, նաեւ պաշտօնական առումով այս իրավիճակում քննարկումներ չեն եղել":

Նախարարը յաւելեց, թէ չի կարծում, որ եթէ ռուս- ադրբեջանական այդ գործարքը կայանայ, այն ազդեցութիւն կունենայ հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ:
"Որովհետեւ մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք միեւնոյն ռազմաքաղաքական համակարգի անդամներ ենք, եւ մեր համագործակցութիւնը բաւականին սերտ է: Նաեւ փոխադարձ պատրաստակամութիւն կայ ցանկացած անվտանգութեան վերաբերեալ խնդիրների իրականացման ժամանակ փոխօգնութեան", - փաստարկեց նա:

Հարցին, թէ Հայաստանի Զինւած ուժերի արդիականացումը, որում շեշտը դրւելու է հեռահար ու գերճշգրիտ զինատեսակների վրայ, որքանով կը նպաստի երկրի պաշտպանունակութեան ամրապնդմանը, եւ արդեօք դա կապւած է Ադրբեջանի կողմից C-300 համալիրների հնարաւոր ձեռք բերման հետ, Սէյրան Օհանեանը պատասխանեց. -"Հայաստանի զինւած ուժերը գերժամանակակից սպառազինութեամբ համալրելու ծրագրերը կապւած չեն C-300 համակարգերի ձեռք բերման մասին ասէկոսէների հետ, քանի որ, ինչպէս նշեցի, այդ համակարգերը Ադրբեջանի ուժերին չեն տայ անհրաժեշտ ռազմավարական առաւելութիւն: Հայաստանի Հանրապետութեան սպառազինութեան եւ ռազմական տեխնիկայի զարգացման հայեցակարգային զարգացումներն ունեն մի քանի պատճառներ: Առաջինը, թէեւ ձեռք բերման սկզբնական փուլերում կը պահանջւեն զգալի ֆինանսական միջոցներ, սակայն երկարաժամկէտ հեռանկարում այդ համակարգերի ձեռք բերումը տնտեսապէս առաւել նպատակայարմար է: Երկրորդը, նման սպառազինութիւնների ձեռք բերումը եւ հետագայ շահագործումը պահանջում է բարձր տեխնիկական գիտելիքներով օժտւած անձնակազմ: Այսինքն` ստեղծւում է արդիական գիտելիքներով օժտւած մասնագէտների երկարաժամկէտ պահանջարկ երկրի ներսում: Երրորդը, հեռահար ու գերճշգրիտ համակարգերի օգտագործումը հնարաւորութիւն է տալիս հաւանական պատերազմի դէպքում նւազեցնել զոհերի թիւը նոյնիսկ հակառակորդի քաղաքացիական բնակչութեան շրջանում` միաժամանակ ապահովելով նրա ռազմավարական օբիեկտների արագ ու ճշգրիտ խոցումը գործողութիւնների վարման տարածքի ամբողջ խորութեամբ: Եւ վերջինն ու թերեւս ամենակարեւորը` այս սպառազինութիւնների կիրառումը Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերում, առկայ այլ համակարգերի հետ համատեղ, իրօք, նպաստում է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանունակութեան ամրապնդմանը, ամրապնդում է ռազմավարական զսպման համակարգը":

Անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղ գտած ողբերգական միջադէպերին` Սէյրան Օհանեանը ասաց. - "Իհարկէ, ցաւալի դէպքեր եղան Հայաստանի Հանրապետութեան Զինւած ուժերի մի քանի զօրամասերում: Հիմնականում մենք կարծում ենք, որ մեղքը ընկած է տւեալ զօրամասերի կրտսեր եւ աւագ հրամանատարական կազմի վրայ, որտեղ դաստիարակչական աշխատանքները ոչ պատշաճ մակարդակի վրայ են դրւած: Եւ ամենակարեւորը` ցածր մակարդակի վրայ էր վերահսկողութիւնը: Տեղի ունեցած դէպքերի հետաքննութեան եւ մեղաւորների հետ տարւած աշխատանքների ժամանակ մենք կրկին անգամ հաւաստիացանք բարեփոխումների շարունակականութիւնն ապահովելու անհրաժեշտութեան մէջ: Եւ մեր այսօրւայ որդեգրած բարեփոխումները, կարծում եմ, կը տան այն արդիւնքները, որ մենք ենք ակնկալում, եւ նաեւ հասարակութիւնն է ակնկալում":

 

Յոյս թիւ 81

25 Օգոստոս 2010