ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷԿ ԱՅԼ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ
 

Լեւոն Ահարոնեան


Վերջին տարիներին Հարաւային Կովկասի հանրապետութիւններից, այդ թւում նաեւ Հայաստանից, անասնաբուծական արտա-դրանքի ու մսի արտահանումը դէպի շրջանի երկրներ, առեւտրականների լայն ուշադրութեանն է արժանացել:
Այս կապակցութեամբ սկսեցին հետաքրքրւել ոչ միայն երկրի անասնաբուծութեամբ զբաղւող անձինք, այլեւ հէնց կառավարութիւնը, որը մտադրւեց առաւել զարգացնել այդ խիստ շահաւէտ արդիւնաբերութիւնը:
Առ ի գիտութիւն յիշեցնենք, որ միայն 2009 թւականի ընթացքում Հայաստանից Իրան են ներկրւել շուրջ 170,000 գլուխ ոչխար, որի 20,000-ը Վրաստանից է եղել: Սա ինքնին բաւական մեծ թիւ էր, որպէսզի Իրանի Գիւղատնտեսութեան նախարարութեան ուշա-դրութիւնը իր կողմը գրաւի, որը եւս կապւելով Իրան-Հայաստան Առեւտրի Պալատի հետ, պահանջեց, որ Հայաստանի իշխանութիւններին տեղեկացնենք, որ ոչխարներին, նախքան Իրանի սահմանն անցնելը մէկ շաբաթով կարանտինայում պահել, եւ նրանց առողջութեամբ վստահանալուց յետոյ միայն սահմանն անցնելու թույլտւութիւն տալ: Բարեբախտաբար այս հարցը Առեւտրի Պալատի եւ Հայաստանի գիւղատնտեսութեան նախարարութեան շնորհիւ կարգադրւեց, որով ապահովւեց ոչխարների արտահանման կարեւոր պայմաններից մէկը: 2009-ի ընթացքում իրականացած այս գործարքը, բնականաբար շարժեց Իրանի մեծ եւ հզօր շուկայի հետաքրքրութիւնը եւ ծանօթութիւններ առաջացան, որով մենք մի պատւիրակութիւն կազմելով, Օգոստոս ամսի առաջին կէսին, ուղեւորւեցինք դէպի Հայաստան: Յատկանշական է, որ Հայաստանում մեր կապը` Զարգացման գործակալութեան տնօրէն պրն.Ռոբերտ Յարութիւնեանն էր՝ Խոսրով Յարութիւնեանի (ՀՀ նախկին վարչապետ) որդին, իսկ մեր պատւիրակութեան կազմում էին գիւղատնտեսութեան համալսարանի դասախօս, բնագիտութեան մի մասնագէտ, Իրանի Շիլաթի (ձկնաբուծական կազմա-կերպութիւն) բարձրաստիճան պաշտօնեայ՝ ձկնաբուծութեան երկու մասնագէտներ, ինչպէս եւ անասնաբուծութեան երկու մասնագէտներ:
Սակայն, ցաւօք, այնպէս ստացւեց, որ մեր պատւիրակութեան ժամանման պահին Հայաստանում արձակուրդի շրջան լինելու պատճառով, չկարողացանք հանդիպել պրն.Ռոբերտ Յարութիւնեանին, բայց եւ բախտ ունեցանք զրուցելու պրն. Խոսրով Յարութիւնեանի հետ, որն իր հարուստ տեղեկութիւններով զարմացրեց յատկապէս մեր իրանցի հիւրերին: Նա այնքան բծախնդիր եղաւ, որ յաջորդ օրը հանդիպման հրաւիրեց պրն.Աբրահամեանին, որը Հայաստանի գիւղատնտեսութեան Ֆակուլտետի դասախօս էր եւ տարիներ աշխատելով անասնաբուծութեան ոլորտում կարողացաւ մեզ բաւական տեղեկութիւններ փոխանցել այդ կապակցութեամբ: Ըստ նրա՝ Հայաստանն հարուստ է արօտավայրերով ու ոչխարաբուծութեանը յարմար տեղանքով, որոնցից 28-ը շատ յայտնի են: Դեռ խորհրդային իշխանութեան օրօք Հայաստանը աճեցնում էր 2.5 միլիոն գլուխ ոչխար, որին եթէ աւելացնենք Զանգեզուրում ազերիների միջոցով արածեցւող 1.5 միլիոն գլուխ ոչխարը, կը նշանակի, որ Հայաստանը կարող է տարեկան 4 միլիոն գլուխ ոչխար աճեցնել: Սա Հայաստանի պէս մի երկրի համար բաւական պատկառելի թիւ է եւ կարող է կարեւոր դեր ունենալ տնտեսութեան զարգացման գործում: Պրն.Աբրահամեանը բացատրեց թէ՝ ներկայիս Հայաստանում 500-600 հազար գլուխ ոչխար գոյութիւն ունի, որ բոլորն էլ ընտիր տեսակներից են՝ թէ լաւ ու համեղ մսացու են եւ թէ՛ արագ աճող: Նա աւելացրեց թէ Հայաստանը օժտւած է բարենպաստ պայմաններով եւ կարող է 3 տարւայ ընթացքում ոչխարների քանակը 1.5 միլիոնի հասցնել:

Այս զրոյցի արդիւնքում որոշ-ւեց կեանքի կոչել մի կազմակերպութիւն՝ Իրանի գործարարների, մանաւանդ մսի վաճառականների կողմից եւ ներդրումներ կատարել՝ Հայաստանի արօտավայրերում ոչխարաբուծութեան զարգացման նպատակով, ինչպէս եւ մօտակայ տարածքում շրջանային մի քանի սպանդարաններ կառուցել, ուր ոչխարները մորթւեն իսլամական օրէնքի համաձայն, իսկ մի աւելի մեծ սպանդարան՝ Հայաստան-Իրան մայրուղու մօտ, որպէսզի հէնց տեղում ոչխարների միսը փաթեթաւորւի եւ ուղարկւի Իրան կամ իսլամական որեւէ այլ երկիր:
Աւելացնենք, որ այս ձեւը առաւել շահեկան է Հայաստանի համար, քանի որ մորթւած ոչխարների մաշկը, բուրդը եւ աղիները՝ իւրաքանչիւրը կարող է արժէքաւոր արդիւնաբերութիւն լինել եւ աշխատանքի առիթ ստեղծել:
Յուսով եմ, որ այդ ծրագիրն ինչքան շուտ իրագործւի, որպէսզի Հայ գիւղացուն ապահովի բարձր եկամտով եւ ընդհանրապէս Հայաստանի տնտեսական բարգաւաճման համար մի նոր աղբիւր ստեղծւի:

 

Յոյս թիւ 81

25 Օգոստոս 2010