ՔԼԻՆԹՈՆԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
 

Գայիանէ Աբրահամեան


 

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Յուլիսի 4-ին կարճատեւ այցով Հայաստանում էր, ինչը շատերը համարում են "զուտ խորհրդանշական", այդուհանդերձ "չափազանց կա-րեւոր" այց:
Քլինթոնը Բաքւից երեկոյեան ժամը 18-ին ժամանել է Երեւանի "Զւարթնոց" միջազգային օդանաւակայան` իր հնգօրեայ շրջագայութեան շրջանակներում, որը, բացի Հայաստան եւ Ադրբեջան այցելութիւններից, ներառում էր նաեւ Ուկրաինան, Լեհաստանը եւ Վրաստանը:
Հայաստանի պատմութեան ընթացքում Քլինթոնը Երեւան այցելած առաջին ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեան է 1992 թ. ի վեր, երբ Հայաստան էր այցելել մէկ այլ ԱՄՆ պետքարտուղար` Ջէյմս Բէյքերը:
Փորձելով գնահատել Քլինթոնի այցի նշանակութիւնը` հայ փորձագէտներից ոմանք պնդում են, որ յատկանշական է, որ Քլինթոնն այցելել է Հայաստան ԱՄՆ-ի անկախութեան օրը: Միւսների կարծիքով` նշանակալից է, որ նա նախընտրել է գիշերել Հայաստանում:
Քլինթոնը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանին Անկախութեան օրւայ կապակցությամբ շնորհաւորանքների համար եւ յաւելել, որ հաճոյքով կը նշի Հայաստանի Սահմանադրութեան օրը:
Եւ՛ Բաքւում, եւ՛ Երեւանում պետքարտուղար Քլինթոնը, ինչպէս եւ սպասւում էր, վերահաստատել է իր երկրի կարծիքը, որ ղարաբաղեան հիմնախնդիրը պէտք է լուծւի միջազգային միջնորդների առաջարկած սկզ-բունքների համաձայն:


***

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանում անցկացրեց ընդամէնը 18 ժամ, սակայն երկուշաբթի առաւօտեան նրա կարճատեւ այցի մի քանի րոպէներն էին, որ գրաւեցին հայերի ուշադրութիւնը, որոնք փորձում են հասկանալ կատարւած քայլի իմաստը:
Քլինթոնը Երեւանից ուղեւորւեց Վրաստան, որը վերջին երկիրն էր պետքարտուղարի դիւանագիտական այցի շրջանակներում: Սակայն Հայաստանի մայրաքաղաքից մեկնելուց առաջ նա այցելել է Հայոց ցեղասպանութեան զոհերի յուշահամալիր,որտեղ վար-դեր է դրել անմար կրակի մօտ:
Ընդհանուր առմամբ, բարձրաստիճան դիւանագէտների այցը Ծիծեռնակաբերդի (յուշահամալիր) անսովոր չէ, սակայն Քլինթոնի պարագայում այն տեղիք է տւել ենթադրութիւնների, որ ԱՄՆ պետքարտուղարի այս սովորական քայլը կարող է քաղաքական ենթատեքստ ունենալ:
Ծիծեռնակաբերդ Քլինթոնի այցից յետոյ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մամուլի հաղորդագրութիւն հրապարակեց, ըստ որի` Քլինթոնի այցը պաշտօնական չէր: ԱՄՆ պետքարտուղարին դէպի յուշահամալիր ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Իուանովիչը եւ Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանը եւ ոչ մի ներկայացուցիչ ՀՀ կառավարութիւնից:
Ամփոփելով քարտուղարի 18-ժամեայ այցը` դեսպանատան հաղորդագրութեան մէջ ասւում է. "Քարտուղարը նաեւ մասնաւոր այց է կատարել Ծիծեռնակաբերդի յուշահամալիր` իր յարգանքի տուրքը մատուցելու 1,5 միլիոն հայերին, որ իրենց կեանքը կորցրեցին 1915 թւականին":
Հաշւի առնելով այն, որ հայերը ցանկացած աննշան մանրուքի մէջ ենթատեքստ են փնտրում, Քլինթոնի դրած ծաղկեպսակի ժապաւէնի վրայ "Պետքարտուղար Հիլարի Ռոդհեմ Քլինթոնի կողմից" գրութիւնը մտորումների տեղիք է տալիս:
Որպէս սենատոր` Քլինթոնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման հաւատարիմ աջակիցն էր եւ խոստացել էր հետամուտ լինել բանաձեւն ընդունելուն: Սակայն պետքարտուղարի պաշտօնում Քլինթոնը նոյն հաւատարմութեամբ դէմ է արտայայտւել Ներկայացուցիչների պալատում գտնող բանաձեւին` ասելով, որ դրա ընդունումը կը վնասի ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում, մասնաւորապէս, Թուրքիայում:
Ամերիկայի հայ դատի յանձնախումբը կոչ է արել ԱՄՆ պաշտօնեաներին հաւատարիմ մնալ Ցեղասպանութեան ճանաչման իրենց խոստումներին:
Այսօր ՀՅԴ բիւրոյի Հայ դատի գրասենեակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրօ Մանոյեանը` Քլինթոնի այցի առն-չութեամբ "ԱրմենիաՆաու"-ին ասել է. "Կարծես որոշակի հակասութիւն կայ Ցեղասպանութեան յուշահամալիր նրա (Հ. Ռ. Քլինթոնին) այցին առնչւող Երեւանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրութեան եւ նրա դրած ծաղկե-պսակի ժապաւէնի վրայ գրւածի միջեւ: Այդուհանդերձ, եթէ Հիլարի Ռ. Քլինթոնը չի այցելել Ցեղասպանութեան յուշահամալիր որպէս պետքարտուղար, ապա նա դրանով վիրաւորել է Հայաստանին եւ հայերին: Եթէ, ինչպէս գրւած է ծաղկեպսակի ժապաւէնի վրայ, նա այցելել է որպէս պետքարտուղար, ապա դա նշանակում է կա՛մ այն, որ Օբամայի վարչակազմը փոխել է իր քաղաքականութիւնը եւ կը համաձայնի այնպէս անել, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը յարգի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը, կա՛մ պետքարտուղարի այցը Ցեղասպանութեան յուշահամալիր յարգանքի ազնիւ դրսեւորում չէ":
Անկարայից ակնկալւող արձագանքը ցոյց կը տայ, թէ արդեօք թուրք պաշտօնեաները քարտուղարի այս քայլը կը դիտե՞ն որպէս վիրաւորանք իրենց կողմից պատմական փաստի (որի յիշատակն է յաւերժացնում Ցեղասպանութեան յուշակոթողը) ժխտմանը:
 

Աղբիւր` "ԱրմենիաՆաու" կայք
www.armenianow.com

Յոյս թիւ 78

14 Յուլիս 2010