ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ ՅԵՏՈՅ


5-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՓԱՍՏԵՐ-ԹՒԵՐ


Սուրէն Մուսայէլեան

 


 

Կիրակի (Մայիսի 6) համապետական ընտրութիւնների ժամանակ ընտրւած Հայաստանի 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը տեղի կունենայ Մայիսի վերջերին:
Համաձայն ՀՀ Սահմանադրութեան 68-րդ յօդւածի` Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարւում է պատգամաւորների ընդհանուր թւի առնւազն երկու երրորդի ընտրութիւնից յետոյ՝ երրորդ հինգշաբթի օրը։
Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած Մայիսի 6-ի ընտրութիւնների նախնական արդիւնքների համաձայն` 5 կուսակցութիւն եւ մէկ կուսակցութիւնների դաշինք յաղթահարել են ընտրական շեմը եւ մտել 131-տեղանոց խորհրդարան: Դրանք են` Հայաստանի Հանրապետական կուսակցութիւնը (ՀՀԿ)` 44,05% (663.066 ձայն), Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ)` 30,20% (454.684 ձայն), Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ)` 7,10% (106.910 ձայն), Ժառանգութիւն կուսակցութիւնը` 5,79% (87.095 ձայն), ՀՅԴ-ն` 5,73% (86.296 ձայն) եւ Օրինաց երկիր կուսակցութիւնը` 5,49% (82.690 ձայն): Համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով կուսակցութիւնների ներկայացուցիչների ձեռք բերած տեղերով գալիք Ազգային ժողովում 6 քաղաքական ուժերը խմբակցութիւններ կը կազմեն, հաւանաբար, հետեւեալ տեղաբաշխումով. ՀՀԿ` 69 տեղ, ԲՀԿ` 36, ՀԱԿ` 7, ՕԵԿ` 6, ՀՅԴ` 6, Ժառանգութիւն` 5: (Ընտրւած պատգամաւորներից երկուսն անկուսակցական են:) Դաշնակցութիւնը ներկայացւածութեան առումով ամենամեծ պարտւողն է` 16- անդամանոց խմբակցութիւնը փոքրացել եւ դարձել է 6-հոգանոց: ՕԵԿ-ը եւ Ժառանգութիւնը կորցրել են 2-ական տեղ: Մինչդեռ ԲՀԿ-ն խորհրդարանում 2007-2012 տարիների համեմատութեամբ ներկայացւածութեան աճ ունեցաւ` խմբակցութիւնն աւելացնելով 11 պատգամաւորով: ՀՀԿ-ն նոյնպէս աւելացրեց իր մանդատը չորսով: Հաշւի առնելով այն փաստը, որ ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնութիւն է ձեռք բերել խորհրդարանում (ըստ էութեան, քւորում ապահովելու եւ օրէնքներ անցկացնելու համար պահանջւող յաւելեալ երեք մանդատ), նա կարող է իր կառավարութիւնը ձեւաւորել առանց այլ կուսակցական ուժերի եւ կոալիցիայի մասնակցութեան: ՀՀԿ-ն այս կապակցութեամբ դեռ յայտարարութիւն չի արել: Ընտրութիւնների նախնական արդիւնքների մասին շրջանառւող մէկ այլ հարց է, թէ արդեօք ՀԱԿ-ը, որը դժւարութեամբ յաղթահարեց ընտրական շեմը եւ մտաւ խորհրդարան, կը վերցնի՞ մանդատները, թէ՞ կը նախընտրի բոյկոտել խորհրդարանի նստաշրջանները` պահպանելու ընդդիմադիր ուժի կեցւածքը հանրահաւաքների տեսքով 2013 թ. Փետրւարին կայանալիք նախագահական ընտրութիւններին ընդառաջ: Կուսակցութիւնների արձագանքները շուտով լոյս կը սփռեն այս կամ այն հարցերի վրայ:

 

Աղբիւր՝ armenianow.com

 

 

Յոյս թիւ 122

16 Մայիս 2012