ԱԺ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ 2012

 

Մայիսի 6-ին Հայաստանում խորհրդարանական ընտրութիւններ են լինելու: Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիները քւէարկելու են ընտրելու համար Ազգային Ժողովի (ԱԺ) 131 պատգամաւորներին: Արդէն ամիսներ է, ինչ սկսւել է քաղաքական զանազան հոսանքների մրցակցութիւնը եւ իւրաքանչիւր խումբ բարձրաձայն խոստանում է ժողովրդին, թէ իր յաղթանակի դէպքում, բարելաւելու է երկրի վիճակը: Բոլոր կուսակցութիւններն էլ յայտարարում են թէ իրենք կողմ են ժողովրդավարութեան, դէմ են կաշառակերութեան եւ տնտեսական մոնոպոլիցիայի, եւ ամէն բան անելու են բարելաւելու ժողովրդի սոցիալական վիճակը: Նոյնիսկ դաշնակցականները իրենց ընտրարշաւում շատ քիչ բան են ասում Ղարաբաղի հակամարտութեան, ցեղասպանութեան ճանաչման եւ պահանջատիրութեան մասին: Կարծես բոլորն էլ լաւ գիտակցում են, որ եթէ ցանկանում են ձեռք բերել հասարակ ժողովրդի ձայնը, պէտք է կենտրոնանան նրանց առօրեայ անմիջական հարցերի վրայ: Իսկ թէ ստոյգ ի՞նչ են ասում քաղաքական ուժերն ու ի՞նչ քննադատութիւններ է հնչում նրանց դէմ, ներկայացւած է ԱրմենիաՆաու կայքի խմբագրի տեղակալի շահաւէտ յօդւածում, որը ներկայացնում ենք ստորեւ:
Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները կատարւում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի հիման վրայ: Ընտրարշաւի առաջին փուլում երկրի կարեւոր քաղաքական ուժերը պահանջեցին, որ ընտրութիւնները կատարւեն ամբողջովին համամասնական կարգով, այսինքն՝ կուսակցութիւնների կողմից ներկայացւած ցանկերի հիման վրայ: Այս առաջարկը չընդունւեց ԱԺ-ի կողմից, սակայն հարցը շարունակւելու է քննարկւել յաջորդ ընտրութիւններում: Այս մասին կարդացէք համառօտ բացատրական գրութիւնը էջ 12-ում:

Ռ.Ս.
 

 

Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՈՒ ԼՍՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ


Սուրէն Մուսայէլեան


Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւնների քարոզարշաւն արդէն հատել է, այսպէս կոչւած, հասարակածը, իսկ ճանապարհի երկրորդ կէսին քաղաքական այս մրցավազքի մասնակիցները հաւանաբար աւելի մեծ թափ կը հաղորդեն իրենց քարոզչութեանը:
Ընտրարշաւի պաշտօնական մեկնարկից (Ապրիլի 8-ից) ի վեր ութ կուսակցութիւնների եւ մէկ կուսակցութիւնների դաշինքի ներկայացուցիչները հսկայկան ծաւալով տեղեկատւութիւն են ուղղել իրենց պոտենցիալ ընտրողներին՝ բանաւոր, գրաւոր կամ տեսաձայնային տարբերակով: Սակայն մեծ հաշւով բազմաթիւ մարդիկ չունեն ո՛չ ժամանակ, ո՛չ էլ ցանկութիւն այս բառակոյտերի զանգւածից հիմնականը զտելու: Ստորեւ ամփոփ ներկայացւած է տարբեր քաղաքական ուժերի ասելիքը եւ նրանց հասցէին հնչած հիմնական քննադատութիւնը (ըստ նոյն քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի, հրապարակային ելոյթների, ԶԼՄ-ներում տեղ գտած հարցազրոյցների, յայտարարութիւնների եւ այլն):
 


Հայաստանի Հանրապետական Կուսակցութիւն

 



Մենք պատրաստ ենք փոխւել եւ իրականացնել փոփոխութիւններ, մենք ուժեղ ենք, բայց սխալներ ընդունել գիտենք, մենք հաւատարիմ ենք մնում ժողովրդավարական բարեփոխումներին եւ արագացնելու ենք համաշխարհային ճգնաժամից տուժած երկրի տնտեսութեան վերականգնման տեմպերը, մարդկանց կեանքն աւելի լաւը կը դարձնենք գիւղական համայնքներում եւ հոգ կը տանենք քաղաքաբնակ մարդկանց խնդիրների մասին, մենք աւելի շատ հնարաւորութիւններ կը ստեղծենք մասնաւոր ձեռներեցութեան, ինչպէս նաեւ նոր, ժամանակակից աշխատատեղեր կը ստեղծենք տնտեսութեան մրցունակ ճիւղերում, ուզում ենք անցկացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւններ, որի արդիւնքում մեր յաղթանակը մեզ աւելի վստահ կը դարձնի արտաքին մարտահրա-ւէրներին դիմագրաւելու հարցում, այդ թւում եւ` ղարաբաղեան կարգաւորման գործընթացում:

Քննադատութիւն


Դուք ամենաքիչ իրաւունքն ունէք փոփոխութիւնների մասին խօսելու, քանի որ վերջին հինգ տարւայ ընթացքում Ազգային ժողովում ունեցել էք բացարձակ մեծամասնութիւն եւ գործադիրում գերակշիռ ներկայութիւն: Ձեր ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը լիովին տապալւել է, մարդիկ հիմա աւելի վատ են ապրում, քան հինգ տարի առաջ, ոչ պակաս այն հանգամանքի պատճառով, որ դուք ձախողւել էք տնտեսական ճգնաժամի հետեւանքների յաղթահարման հարցում՝ արդիւնքում ստանալով ահագնացող արտագաղթը: Չնայած ա-զատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու ձեր խոստումներին՝ ընտրողների քւէ ստանալու հարցում դուք շարունակում էք մեծապէս ապաւինել վարչական ռեսուրսին:
 


Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն

 

 

Իբրեւ իշխող կոալիցիայի անդամ ունեցել ենք սահմանափակ ազդեցութիւն քաղաքական որոշումների կայացման գործում եւ հիմա ցանկանում ենք աւելի մեծ ներկայութիւն ապահովել՝ Ազգային ժողովում նոր կառավարութիւն կամ իսկական կոալիցիա ձե-ւաւորելու հնարաւորութիւն ստանալու համար: Ուզում ենք, որ մրցակցութիւնը վերադառնայ քաղաքական ասպարէզ: Երկիրը կառավարել գիտենք եւ կը ծառայենք մեր ժողովրդին: Ժողովրդի քւէին տէր կը կանգնենք ու եթէ կառավարութիւն ձեւաւորելու հ-նարաւորութիւն ստանանք, ապա մի քանի ամիսների, այլ ոչ թէ տարիների ընթացքում մարդիկ իրական փոփոխութիւններ կը զգան:
 

Քննադատութիւն

Որպէս իշխող կոալիցիայի անդամ դուք հաւասարապէս պատասխանատու էք տնտեսական եւ այլ ոլորտներում ձախողումների համար: Եթէ ցանկանում էիք փոփոխութիւն, ապա պէտք է վաղուց իշխող կոալիցիայից դուրս եկած լինէիք ու դառնայիք ինստիտուցիոնալ ընդդիմութիւն: Դուք գաղափարախօսական յենքի եւ հասկանալի քաղաքականութեան պակաս ունէք ու հիմնականում ապաւինում էք ձեր առաջնորդի խարիզմային: Օգտագործում էք բարեգործութիւնը որպէս ընտրողների ձայները գրաւելու միջոց՝ առանց նոյնիսկ ընդունելու, որ այն ընտրակաշառքի ձեւերից մէկն է:
 

 

Օրինաց երկիր կուսակցութիւն

 


Չնայած իշխանութիւնում մեր սահմանափակ ազդեցութեանը, այնուամենայնիւ վերջին չորս տարիների ընթացքում մեզ յաջողւել է շատ բան անել հասարակ մարդկանց կեանքը բարելաւելու համար թէ՛ մեր օրինաստեղծ աշխատանքով, թէ՛ գործադիրում մեր ունեցած դիրքերում: Ուզում ենք անել աւելի շատ ժողովրդավարական բարեփոխումների առումով, բնակչութեան սոցիալական եւ տնտեսական վիճակը բարելաւելու, կրթութեան, առողջապահութեան, սոցիալական սպասարկման եւ այլ ոլորտներն աւելի որակեալ դարձնելու համար:

Քննադատութիւն

Դուք եղել էք, կաք եւ ընտրութիւններից յետոյ էլ կը մնաք Հանրապետականի կոյր աղիքը: Եթէ մարդիկ ուզում են իրենց քւէն իշխանութեանը տալ, ապա ինչո՞ւ պէտք է ընտրեն ձեզ, այլ ոչ թէ աւելի հզօր թւացող Հանրապետականին: Դուք գերագնահատում էք ձեր մասնակցութիւնը ձեր կողմից բարձրաձայնած ձեռքբերումների մէջ: Ժողովրդի շրջանում զանազան նւէրներ բաժանելով՝ փորձում էք ստանալ նրանց ձայները, առանց նոյնիսկ ընդունելու, որ այն ընտրակաշառքի ձեւերից մէկն է:
 

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

 


Մենք գոյութիւն ունենք արդէն աւելի քան մէկ դար եւ իսկական քաղաքական ուժ ենք հանդիսանում: Եկէք ազատւենք ոչ հայրենասէր, օլիգարխիկ եւ յարմարւողական կեցւածք ունեցող Ազգային ժողովի պատգամաւորներից ու ձեւաւորենք իրական ազգային, ընկերվարական կառավարութիւն: Մենք կը բարձրացնենք նւազագոյն աշխատավարձը նւազագոյն կենսական զամբիւղի մակարդակի:Հայ-թուրքական արձանագրութիւնների տակից Հայաստանի ստորագրութիւնը պէտք է յետ կանչւի:

Քննադատութիւն

Լիբերալ քննադատներն ասում են.
Դաշնակցութեան մօտեցումները տնտեսական եւ սոցիալական խնդիրներին աւելի շատ ամբոխվարական են, իսկ արտաքին ասպարէզում քաղաքականութեան կոշտացումը կարող է խորացնել երկրի մեկուսացումը:
 

 

Ժառանգութիւն /Ազատ դեմոկրատներ

 


Մենք գալիս ենք սարեր շարժելու: Եկէք կառուցենք նոր Հայաստանը նոր սերնդի քաղաքական առաջնորդներով՝ ասելով շնորհակալութիւն ու հրաժեշտ տալով երեք նախագահներին: Ժամանակն է, որ վերջապէս Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ անցկացւեն ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւններ, եւ նման ընտրութիւնների անցկացման պարագայում պատրաստ կը լինենք ընդունելու ցանկացած մէկի յաղթանակը: Մեր փոքրիկ խմբակցութիւնը խորհրդարանում շատ գործեր է արել մարդկանց համար վերջին հինգ տարիների ընթացքում եւ վերստին քւէ ստանալու պարագայում կունենանք պատիւ ու պարտականութիւն ծառայելու ժողովրդին եւ լուծելու ազգի հարցերը: Հայաստանը չպէտք է զիջի Ղարաբաղի կարգավիճակի հարցում, այլ պէտք է ճանաչի Արցախի ինքնիշխանութիւնը եւ ամբողջականութիւնը, իսկ հայ-թուրքական արձանագրութիւնները պէտք է յետ կանչել ԱԺ օրակարգից եւ վերանայել:
 

Քննադատութիւն


Որոշ քննադատներ ասում են.
Ընտրողներին ուղղւած ձեր մեսիջը որոշ հարցերում այնքան էլ պարզ ու յստակ չէ, ձեր դաշինքը (Ժառանգութեան եւ Ազատ դեմոկրատների միջեւ) ստեղծւել է յապշտապ, դուք աւելի խոշոր ընդդիմադիր ուժի ձայներ էք տանում` այդպիսով նպաստելով իշխանութեան գործին, իսկ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախութեան պաշտօնական ճանաչումն անմիջապէս կը յանգեցնի Ադրբեջանի հետ նոր պատերազմի:
 

 

Հայ ազգային կոնգրես

 


Այս ներկայիս իշխանութիւնն աւազակապետութիւն է, այն պատրաստւում է կեղծել գալիք ընտրութիւնների արդիւնքները: Ոչ մի ձայն յանցաւոր ռեժիմին: ԱԺ-ում պատկառելի ներկայութիւն ստանալու դէպքում կը լծւենք անօրինական իշխանութիւնների կազմաքանդմանը՝ նախաձեռնելով նախագահ Սերժ Սար-գսեանի պաշտօնազրկման գործընթացը, ինչպէս նաեւ կը նախաձեռնենք լայնամասշտաբ բարեփոխումներ տարբեր ոլորտներում, որ կանգնեցնենք ահագնացող արտագաղթը, որ մարդիկ էականօրէն զգան բարելաւումը ժողովրդավարութեան հարցում, եր-կրի սոցիալական եւ տնտեսական կեանքում, մարդու իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութեան ոլորտում եւ այլն: Մենք կամրապնդենք Հայաստանի դիրքերը արտաքին քաղաքականութեան ասպարէզում՝ ղարաբաղեան կարգաւորման վերաբերեալ բանակցային գործընթացում, ինչպէս նաեւ Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում:

Քննադատութիւն

Հիմնական քննադատութիւնը.
Դուք ինքներդ էք ստեղծել այս ռեժիմի հիմքը 1991-1998 թւականների ձեր իշխանութեան օրօք: Դուք էք հիմնել ընտրութիւնները կեղծելու արատաւոր գործելաոճը: Դուք կտրուկ ու յաճախակի փոխում էք դաշնակիցներին, ուստի այլեւս չէք կարող դիտւել որպէս վստահելի քաղաքական ուժ: Ղարաբաղեան հակամարտութեան եւ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման ձեր տեսլականն աւելի շատ պարտւողական է, քան փոխզիջումային:

 

Հայաստանի Կոմունիստական Կուսակցութիւն

 

 

70-ամեայ խորհրդային իշխանութիւնը երանելի ժամանակաշրջան էր հայ ժողովրդի պատմութեան մէջ: Այժմ էլ հայ ժողովրդից խլած ազգային հարստութիւնը պէտք է վերադարձւի իրական տիրոջը: Երկրում պէտք է հաստատւեն սոցիալական հաւասարութիւն եւ արդարութիւն, պետութիւնը պէտք է երաշխաւորի բոլոր մարդկանց աղքատութեան շեմից բարձր կենսամակարդակը եւ այլն:

Քննադատութիւն

Կուսակցութեան քարոզարշաւի ոչ ակտիւ լինելու պատճառով փաստօրէն քննադատներ չկան: Սակաւաթիւ քննադատներն ասում են, որ կոմունիզմը սնանկ գաղափարախօսութիւն է Հայաստանում, որ այն չի վայելում հասարակութեան զգալի մասի ա-ջակցութիւնը եւ յատկապէս չի ընդունւում մատաղ սերնդի շրջանում: Միեւնոյն ժամանակ ՀԿԿ-ի ճանաչելիութեան մակարդակը հասարակութեան լայն շրջանում մնում է շատ ցածր:
 

 

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցութիւն

 

Եկէք կառուցենք սոցիալիստական ու ժողովրդավարական պետութիւն: Պետութիւնը պէտք է աւելի մեծ դեր ունենայ տնտեսութեան մէջ, որպէսզի ապահովի նրա աւելի մեծ արդիւնաւէտութիւնը եւ սոցիալական ուղղւածութիւնը: Հայաստանը չպէտք է նոր տէրեր փնտրի Արեւմուտքում՝ վտանգելով իր ներկայիս դաշնակցային յարաբերութիւնները Ռուսաստանի հետ: Ժամանակաւոր աւտորիտարիզմը կարող է օրհնութիւն լինել Հայաստանի նման երկրի համար, եթէ դա ուղղւած լինի աւելի երկարաժամկէտ՝ ազգի բարգաւաճման հասնելու նպատակին:

Քննադատութիւն

Կուսակցութեան համեմատաբար ցածր քարոզարշաւային ակտի-ւութեան պատճառով փաստօրէն գոյութիւն չունի: Սակաւաթիւ քննադատներն ասում են, որ կառավարութիւնն անարդիւնաւէտ կառավարիչ է եւ չպէտք է խառնւել մասնաւոր ոլորտի ձեռնարկատիրական հարցերում: Միայն կուսակցութեան առաջնորդն է վայելում ճանաչելիութեան որոշակի մակարդակ:
 


Միաւորւած Հայեր Կուսակցութիւն.

 

Մենք հանդիսանում ենք երրորդ ուժ, այլընտրանք թէ՛ գործող իշխանութեանը, թէ՛ ներկայ ընդդիմութեանը, ցանկանում ենք իրականացնել բարեփոխումներ, այդ թւում նաեւ` սահմանադրական, վերջ դնել արտագաղթին, լուծել սոցիալական, տնտեսական խնդիրները եւ այլն:
Քննադատութիւն.
Փաստօրէն գոյութիւն չունի: Ո՛չ կուսակցութեան ղեկավարը, ո՛չ էլ միւս գործիչները լայն հանրութեանը յայտնի չեն:

 

 

Յոյս թիւ 121

2 Մայիս 2012