ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ
 

Ժողովուրդների գլխին եկած մեծ արհաւիրքները, այդ թւում նաեւ հայ ժողովրդի ցեղասպանութիւնը առաջին համաշխարհային պատերազմի օրերին, գալիս են ապացուցելու այն ցաւալի փաստը, որ մարդկութիւնը՝ որպէս ամբողջութիւն, չի յաջողել իրականացնել զանազան ազգերի գոյակցման երազանքը: Սակայն այսպիսի աղէտների ժամանակ նաեւ երեւան են գալիս անձնւէր մարդիկ, որոնք իրենց համակրանքով եւ բարեգործութեամբ կարողանում են թեթեւացնել զոհերի ցաւը: Հայ ժողովուրդը Մեծ Եղեռնի ժամանակ ունեցել է իր բարեկամները, որոնք մինչեւ իրենց կեանքի վերջը շարունակել են օգնել նրան: Դրանց շարքին են նորւեգացի բարերար` Ֆրիտեօֆ Նանսենը եւ գերմանացի գրող ու լուսանկարիչ Արմին Վեգները:

 

ՆՈՐՒԵԳԱՑԻ ԲԱՐԵՐԱՐ ՖՐԻՏԵՕՖ ՆԱՆՍԵՆԸ


Նորւեգացի բեւեռախոյզ, օվկիանոսագէտ, ֆիզիկական օվկիանոսագիտութեան հիմնադիր, մարդասէր եւ հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտեօֆ Նանսենը պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարւած իրաւունքները:
Նանսենը սովորել է Քրիստիանայի համալսարանի բնագիտութեան ֆակուլտետում (1897 թ-ից՝ կենդանաբանութեան պրոֆեսոր): 1888 թ-ին դահուկներով կտրել-անցել է Գրենլանդիան: Այնուհետեւ մշակել է Հիւսիսային բեւեռ հասնելու նախագիծ. իրագործել է իր կառուցած "Ֆրամ" նաւով, որի համար ընտրւել է Սանկտ Պետերբուրգի ԳԱ պատւաւոր անդամ: Նորւեգիայի՝ Շւեդիայից անջատւելուց (1905 թ.) յետոյ նշանակւել է Մեծ Բրիտանիայում Նորւեգիայի դեսպան: Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ.) աւարտից յետոյ, որպէս Ազգերի լիգայի գերագոյն կոմիսար, Նանսենն զբաղւել է ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու եւ գաղթականների խնդիրներով: Օգնութիւն է կազմակերպել Պովոլժիէի սովեալների համար (1921 թ.):
Նանսենի հասարակական գործունէութեան մէջ կարեւոր տեղ է գրաւել հայանպաստ աշխատանքը, ջանքերը Հայ դատի արդարացի լուծման եւ հայ գաղթականների դրութեան բարելաւման համար: Նա խստագոյնս դատապարտել է սուլթան Աբդուլ Համիդ II-ի եւ երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանութիւնը: Նանսենը մեծապէս օգնել է գաղթականներին. բազմահազար հայ փախստականներ ստացել են "Նանսենեան անձնագրեր", որը մասամբ թեթեւացրել է նրանց դրութիւնը: Առաջարկել է պայմաններ ստեղծել հայ գաղթականներին Խորհրդային Հայաստան հայրենադարձնելու համար, գլխաւորել է հայրենադարձութեան յանձնաժողովը (1925-29 թթ.):

 


Այդ նպատակով Նանսենն իր յանձնաժողովով 1925 թ-ի Յունիսին ժամանել է Երեւան, եղել է հանրապետութեան տարբեր շրջաններում, պարզել գաղթականներին ընդունելու հնարաւորութիւնները, մասնակցել Շիրկանալի (Շիրակի ջրանցք) բացմանը: Վերադառնալով Ժնեւ` Ազգերի լիգային ներկայացրել է զեկուցագիր, ըստ որի՝ օգնութիւն ցուցաբերելու դէպքում Հայաստանը կարող է տեղաւորել 25-30 հզ. գաղթականի: Տեսնելով, որ Ազգերի լիգան դանդաղում է հայ գաղթականութեան հայրենադարձման հարցում, Նանսենն ինքն է մարդասիրական ուղիներով հայթայթել անհրաժեշտ միջոցներ եւ տրամադրել 7 հզ. հայ գաղթականների հայրենադարձութեան կազմակերպման համար:
Նանսենի բազմաթիւ յօդւածներ, զեկուցագրեր, ելոյթներ նւիրւած են հայ ժողովրդի պատմութեանն ու Հայաստանին: 1927 թ-ին նորւեգերէն հրատարակւել է նրա "Հայաստանում" ծաւալուն գիրքը, որը թարգմանւել է անգլերէն ու ֆրանսերէն` "Հայաստանը եւ Մերձաւոր Արեւելքը", գերմաներէն` "Խաբւած ժողովուրդ" վերնագրերով: Ընդ որում, գրքի վրայ կարմիր տառերով գրւած է. "Մեղադրանք Անտանտի ու Ազգերի լիգայի դէմ":
Մարդասիրական գործունէութեան համար 1922 թ-ին Նանսենին շնորհւել է Նոբելեան մրցանակ: 1938 թ-ին նրա՝ Գաղթականների միջազգային գրասենեակը նոյնպէս արժանացել է Նոբելեան մրցանակի` "Նանսենեան անձնագրերի" ստեղծման համար: 1954 թ-ին ՄԱԿ-ի Փախստականների գծով կոմիսարիատը սահմանել է Նանսենի մրցանակ (սկզբում կոչւել է "Նանսենի մեդալ"). տրւում է 1955 թ-ից:
Նանսենի մասին նկարահանւել է "Աշխարհի խիղճը" (2009 թ.) ֆիլմը:
Երեւանում գործում են "Ֆրիտեօֆ Նանսեն հիմնադրամը" (նախագահ` Ֆելիքս Բախչինեան), Ֆրիտեօֆ Նանսենի անւան մանկատունը:
Նանսենի անունով կոչւել են փողոցներ եւ դպրոցներ Երեւանում, Դիլիջանում, Արմաւիրում, Սպիտակում, Ստեփանաւանում: Երկրաշարժից յետոյ Սպիտակ քաղաքում նորւեգացիները Նանսենի թոռան` ճարտարապետ Էյգիլ Նանսենի նախագծով 1989 թ-ին կառուցել են հիւանդանոց, որի բակում տեղադրւել է Ֆրիտեօֆ Նանսենի կիսանդրին, Երեւանի Նոր Նորք թաղամասի զբօսայգում` "Նանսենեան անձնագրի" արձանը:

"Ֆրիտեօֆ Նանսենի գործն Աւետարանի մարդկային թարգմանութիւնն է":
Գարեգին Ա,
Ամենայն հայոց կաթողիկոս

"Նանսենի "Խաբւած ժողովուրդ" գիրքը կարիճի պէս իր պոչի մէջ խայթոց ունի, որը վիրաւորում է հաճկատարութիւնը բոլոր նրանց, ովքեր խոստացան աւելին, քան կատարեցին":
"Թայմս" օրաթերթ,
Անգլիա

"...Կարեկցում եմ հայ ժողովրդին, որ խճճւեց եւրոպական քաղաքականութեան մէջ: Նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ իր անունը երբեւէ հնչած չլինէր եւրոպացի որեւէ քաղաքագէտի բերանից: Սակայն հայ ժողովուրդը բնաւ չի կորցնում իր յոյսը: Նա յամառ, անխոնջ աշխատում եւ սպասում է, շարունակ սպասում:
Նա սպասում է մինչ օրս":
Ֆրիտեօֆ Նանսեն

"Այս մարդը (Նանսենը) իր ուսերին առաւ մի գործ, որը չհամարձակւեց վերցնել խոշոր պետութիւնների ոչ մի ներկայացուցիչ: Մենք՝ հայերս, միշտ կը սիրենք եւ կը յարգենք նրան եւ խորին երախտագիտութեամբ կը խոնարհւենք նրա` մի մարդու անւան առջեւ, որին ինքը՝ Բար-ձրեալն էր ուղարկել պաշտպանելու եւ ներկայացնելու մեր դատը":

Լոնդոնահայ համայնք, 1930 թ.


ԳԵՐՄԱՆԱՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԱՐՄԻՆ ԹԷՕՖԻԼ ՎԵԳՆԵՐԸ

ՎԵԳՆԵՐ (Wegner) Արմին Թէօֆիլ (Armin Theophil, 16.10.1886, Էլդերֆելդ-Վուպերտալ- 17.5.1978, Հռոմ), գերմանացի գրող, հրապարակախօս: Սովորել է Բրեսլաուի, Ցիւրիխի եւ Բեռլինի համալսարաններում (1908-1913), ստացել իրաւագիտութեան դոկտորի աստիճան (1914): Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին:1915-1916-ին գերմանական սանիտարական ծառայութեան կազմում յղել է Թուրքիայում, տեսել Տէր-Զոր (Դէյր էլ-Զոր) քշւած բազմահազար հա-յերի ողբերգութիւնը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի շատ տեսարաններ:
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը եւ լուսանկարների հետ մէկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին: Սակայն դրանք չեն հրապարակւել: Հետագայում այդ նամակները եւ նոյն շրջանում գրած այլ նիւթեր ամփոփւել են նրա "Անվերադարձ ճանապարհ" (1919) գրքում:
Վեգները ծաւալել է պացիֆիստական գործունէութիւն: Տարւելով սոցիալիստական գաղափարներով՝ հանդէս է եկել յեղափոխական բնոյթի հրապարակախօսութիւններով ու յօդւածներով, 1919-ին խմբագրել եւ հրատարակել է "Դեր Օստեն" ("Der Osten") առաջադիմական թերթը:
1919-ին Վեգները հրապարակել է բաց նամակ ("Կտակ անապատում")՝ ուղղւած ԱՄՆ-ի պրեզիդենտ Վ. Վիլսոնին, փաստերով հաստատել թուրք կառավարողների ծրագրած հայկական ցեղասպանութիւնը եւ խարազանել արեւմտեան իմպերիալիստ պետութիւններին՝ որպէս մեղսակիցների: "1915 թ. գարնանը, - գրել է նա, - երբ թուրքական կառավարութիւնը ձեռնամուխ եղաւ երկու միլիոն հայերի՝ երկրի երեսից ջնջելու իր հրեշաւոր ծրագրի իրականացմանը ...", "Չկար մէկը, որ խանգարէր ... խելագարւած յանցագործների գործողութիւնները" (Wegner Ը. Ձ., "Am Kreuzweg der Welten", էջ 224):
1921-ին Վեգները որպէս վկայ ներկայ է եղել Ս. Թեհլերեանի դատավարութեանը Բեռլինում, հաւաքել է սղագրական նիւթերը, գրել առաջաբան ("Արդար վճիռ") եւ հրատարակել առանձին գրքով ("Թալեաթ Փաշայի դատավարութիւնը...", 1921):

 


1922-ին հրատարակւած "Ճիչ Արարատից" գրքոյկում, ներկայացնելով Զմիւռնիայի կոտորածները, Վեգները դարձեալ մերկացրել է Թուրքիայի կառավարող շրջանների հայատեաց քաղաքականութիւնը եւ արեւմտեան տէ-րութիւնների անտարբերութիւնը:
1933-ին, ֆաշիստների իշխանութեան գլուխ անցնելուց յետոյ Հիտլերին ուղղած բաց նամակում Վեգները դատապարտել է հրէական ջարդերը, բանտարկւել է, նետւել համակենտրոնացման ճամբար: 1934-ին փախել է Գերմանիայից եւ երկարատեւ չարչարանքներից յետոյ հաստատւել Հռոմում (Պերսի Էքշտայն անւան տակ): Վեգները մէկն է այն 250 գրողներից ու գործիչներից, որոնց գրքերն արգելւել եւ այրւել են ֆաշիստական Գերմանիայում
Վեգները գրել է բանաստեղծութիւններ, պատմւածքներ, էսսէներ, նովելներ, ճանապարհորդական նոթեր, որոնց բնորոշ են մարդասիրութիւնը, եղբայրութեան գաղափարը, որեւէ ազգի հալածանքի մերժումը: Բանաստեղծութիւնների առաջին գրքոյկը հրատարակւել է դեռեւս դպրոցական տարիներին: 1910-ին տպագրւել է "Արձակ բանաստեղծութիւններ" ժողովածուն:
Վեգները "Երկու քաղաքների միջեւ" (1909), "Լսիր իմ խօսքը, Աննա Մարիա" (1912), "Քաղաքների դիմապատկերը" (1917), "Հազար նպատակներով փողոցը" (1924) բանաստեղծութիւնների ժողովածուներում գերմանական գրականութեան մէջ ներմուծել է մեծ քաղաքի թեման: Այդ թեման շօշափւած է նաեւ նրա լաւագոյն վեպերում՝ "Խոստովանութիւն" (1922), "Մոնի կամ Աշխարհը ներքեւից" (1929): Վեգներին հետաքրքրել է արեւելեան թեման: Գերմանական գրականութեան մէջ նա առաջինն է ներկայացրել Արեւելքն առանց վարդագոյն երանգաւորման՝ "Երանութեան տանը" (1920), "Պատանի Հուսէյնը" (1921) եւ այլ պատմւածքներ: Վեգների ստեղծագործութեան մէջ զգալի տեղ են գրաւում ճանապարհորդական նոթերը՝ "Աշխարհների խաչմերուկում" (1930), "Պատւի առնել" (1930, տպաւորութիւններ Սովետական Ռուսաստանից եւ Հայաստանից), "Մեքենաները տափաստանում" (1932), "Որս հազարամեայ երկրում" (1932):
1927-ին սովետական կառավարութեան հրաւէրով Վեգներն իր կնոջ՝ արձակագիր Լ. Լանդաուի հետ այցելել է Մոսկւա, մասնակցել Հոկտեմբերեան յեղափոխութեան X տարեդարձի հանդիսութիւններին, եղել Հայաստանում, հանդիպել իր հին բարեկամներին (Կարապետ Մելիք-Օհանջանեան, Յակոբ Զօրեան եւ ուրիշներ), որոնց հետ ծանօթացել ու մտերմացել էր Բեռլինում, 1918-1920 թթ.), Երեւանի համալսարանում դասախօսութիւններ կարդացել գերմանական նոր պոէզիայի եւ Հին Յունաստանի թատրոնի ու թատերգութեան մասին: Միաժամանակ նիւթեր է հաւաքել հայերի մասին եռերգութիւն գրելու համար: Գործը մնացել է անաւարտ: Տպագրւել է միայն մի հատւած՝ "Պատանի Ադամը" վերնագրով: Վեգները վերստին Հայաստան է այցելել 1968-ին:
Մինչեւ կեանքի վերջը նա հետաքրքրւել է Հայաստանով ու հայերով, հանդէս եկել նրանց նւիրւած յօդւածներով, էսսէներով, յուշերով: 1972-ին ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում լուսանկարների ցուցադրումով զեկուցումներ է կարդացել Մեծ եղեռնի եւ բարգաւաճող Սովետական Հայաստանի մասին:

 

Յոյս թիւ 120

18 Ապրիլ 2012