ԻՐԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՒԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Լիլիթ Ամիրխանեան

 


 

Գարնանամուտի եւ իրանական նոր տարւայ օրը՝ Մարտի 20-ին Երեւանում տեղի ունեցաւ բացառիկ ցուցահանդէս՝ նւիրւած Իրանի ժամանակակից արւեստին: Ցուցահանդէսը կազմակերպւել էր Նորարար Փորձառական Արւեստի Կենտրոնի կողմից: Ստեղծագործութիւնները բազմաժանր էին՝ գեղանկար, լուսա-նկար, ինստալացիա, video art եւ այլն: Ինչպէս նշեց մեզ հետ զրոյցում ցուցահանդէսի համադրող Շաքէ Ամիրեանը ներկայացւած են իրանցի տարբեր սերնդի արւեստագէտների գործեր: Օրինակ Ղոբադ Շիւանի կողքին, ով իրանական գրաֆիկայի ինքնատիպ դէմքերից մէկն է եւ իրանական պատկերային մտածողութեան կրող, ներկայացւած էր ժամանակակից մէկ այլ գրաֆիկ արւեստագէտ՝ Ռուզբեհ Մաշհադիզադեհը: Ն-րանց միջեւ գրեթէ մէկ սերնդի տարբերութիւն կայ: Երկուսն էլ իրանական տարրեր են օգտագործում իրենց արւեստում, մէկը՝ աւելի աւանդական, մոդեռն-աւանդական, իսկ միւսը՝ բացարձակ մոդեռն: Ռուզբեհ Մաշհադիզադեհի գործերից ցուցադրւած էին կալիգրաֆիկ նկարչութեան հետաքրքիր նմուշներ, որտեղ արւեստագէտն օգտագործել էր մոդեռն գունաւորում եւ ձեւաւորում: Ջամշիդ Լէյսին մասնագիտութեամբ ճարտարապետ է, բայց եւ նկարիչ, աչքի է ընկնում իր իւրօրինակ մտածողութեամբ: Նա թէյի տոպրակների՝ թղթի վրայ թողած պատահական հետքերի հիման վրայ ստեղծել է ինքնատիպ գծանկարներ: Ներկայացւած էին երկու լուսանկարիչներ՝ Շահրիար Ղադիրին, ում թեման աւանդական իրանական ճարտարապետութիւնն է եւ Ամին Մոհամմադին, ով ժամանակակից լուսանկարչական գործեր էր ներկայացրել: Ճանաչւած արւեստագէտ Ֆերէյդուն Աւի աշխատանքներից ցուցադրւած էր միայն video-art: Փառատօնի համադրող Շաքէ Ամիրեանի խօսքերով տեղափոխման խնդիրներն արգելք հանդիսացան,որ Երեւան բերեն նաեւ արւեստագէտի նկարչական աշխատանքները: Ընդհանուր առմամբ հեղինակները տասնչորսն էին՝ Մասթանէ Շոքրի, Ղոբադ Շիւա, Սանազ Շաֆաղի, Մոժգան Սադրի, Ամին Մոհամմադի, Ռուզբեհ Մաշհադիզադեհ, Ջամշիդ Լէյսի, Անիթա Հաշեմի, Արփա Յակոբեան, Շահրիար Ղադիրի, Թաննազ Դանեշմանդ, Ազարնուշ Էբրահիմի, Ֆերէյդուն Աւ եւ Ալի Անսարի: ՆՓԱԿ-ի մուտքի մօտ ներկայացւած էր նաեւ իրանական աւանդական "Հաֆթսինը" ("ս" տառով սկսւող եօթ բարիք): Ցուցահանդէսի այցելուները հետաքրքրւած դիտում էին աշխատանքներն ու միմեանց հետ կիսւում տպաւորութիւններով: Նախատեսւած էր նաեւ յաջորդ օրերին կազմակերպել իրանական կինոյի դիտումներ: Նշենք, որ այս տարի լրանում է ՆՓԱԿ-ի հիմնադրման 20-ամեակը եւ այս ցուցահանդէսը յոբելեանական միջոցառումների շարքին էր պատկանում, որը նաեւ համընկաւ Իրանի ու Հայաստանի բարեկամութեան 20-ամեակին եւ իրանական Նոր Տարուն:

 

 

Յոյս թիւ 119

2 Ապրիլ 2012