ԵՐԵՒԱՆԻ ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒՄԸ` ՀԱՐՑԵՐ, ԲՈՂՈՔՆԵՐ

 


 

Քաղաքները ժամանակի ընթացքում կերպարանափոխւում են: Կերպարանա-փոխւել է, եւ շարունակում է կերպարանափոխւել, նաեւ Երեւանը: Պատմական խոշոր իրադարձութիւնները իրենց հետքերն են թողնում քաղաքի բնական աւերման, դիտաւորեալ քանդման եւ կերտման ու վերակերտման վրայ: Նախասովետական Երեւանից շատ բան հնարաւոր չէ գտնել այսօրւայ Երեւանում, իսկ սովետական շրջանի Երեւանը, որն այն քաղաքն է, որ մենք ճանաչում ենք, արագօրէն կորցնում է իր ծանօթ տեսքը: Քաղաքի պողոտաների հեռանկարները ձեւափոխւում է հսկայ գովազդների իշխող կշռի ներքոյ, զբօսայգիները դառնում են բացօթեայ կաֆէներ, իսկ հին տուֆակերտ շէնքերը, անհրաժեշտաբար պիտի իրենց տեղը նոր շէնքերին տան: Հիւսիսային պողոտայի օրինակով, երեւի պիտի կերտւեն հսկայ նոր բլոկներ: Իսկ ամենուր ծլում են ժամանակակից բրենդներով մոդայիկ հագուստեղէն վաճառող խանութներ: Այսպիսի վերակառուցում ինչքանո՞վ է համապատասխանում Երեւանի քաղաքացու կարիքներին եւ ինչքանո՞վ է ծառայում նոր ձեւաւորւող տեղական եւ արտասահմանեան մեծ կապիտալի շահերին: Երեւանի վերակառուցումը ակամայ իր հետ բերում է լուրջ հարցեր, իսկ դրանք երբեմն յանգում են աղմկալի բողոքների, որոնք իրենց են յատկացնում լրատւամիջոցների առաջին խորագրերը:
Այսօրւայ Հիւսիսային պողոտայի վայրում գտնւող տների բնակիչները դէմ էին հին շէնքերի աւերմանը եւ պահանջում էին "վերանորոգում, քանդելու փոխարէն": Քաղաքի ճարտարապետական մշակութային հարստութեան ոչնչացման դէմ են բողոքում երիտասարդ ակտիւիստներից կազմւած միութիւնները, իսկ այսօր բնապահպանական մտահոգութիւններից ելած՝ սոցիալական խմբերը դէմ են քաղաքի պուրակներում շինարարութիւն ծաւալելուն: Ճիշտ այս օրերին նրանք բողոքում են Մաշտոցի այգում շէնքեր կառուցելու դէմ, եւ յաջողել են, գոնէ ժամանակաւոր, ընդհատել շինարարական աշխատանքները: Հարց է նաեւ, թէ նոր քաղաքի շինարարութեան գործում ինչքանո՞վ են նկատի առնւում քաղաքի հաշմանդամների կարիքները, որը ժամանակակից քաղաքի յատկանիշներից է:
Խօսք է գնում հին շէնքերի ֆասադների վերակառուցման մասին: Երբ քանդում էին քաղաքի մի շարք շէնքեր, համարակալւել են դրանց քարերը, եւ այժմ խոստանում են, որ պիտի ամռանը, իրօք, սկսւի այդ շէնքերի վերակառուցումը:
Սակայն հարցեր ու խնդիրներ դեռ շատ կան: Մի օր խօսք է գնում "Մոսկւա" բացօթեայ կինօթատրոնի աւերման եւ դրա տեղը եկեղեցի կառուցելու մասին, մի օր բողոքի ակցիա է անցկացւում այնինչ պատմական կառոյցի պահպանման համար, իսկ ոչ բոլորին ընդունելի է նաեւ գեր-մոդեռն արւեստի կոթողների տեղադրումը, ասենք, Կասկադի շրջափակում, նոյնիսկ եթէ դա լինի Բոթերոյի հսկայ կատուն, կամ երաժիշտ Առնօ Բաբաջանեանի այլանդակ արձանը Կարապի լճի ափին: Երեւանի փոփոխութիւնները, եւ դրանց շուրջ առաջացող հարցերը, արտացոլում են Երիտասարդ անկախ Հայաստանում ձեւաւորւած հակասական ճաշակները եւ երկրի հեռանկարի համար գոյութիւն ունեցող տարբեր կարծիքները, եւ իհարկէ նաեւ հասարակ ժողովրդի եւ օլիգախ մեծահարուստների շահերի հակասութիւնը:

Մ.Մ.

Յոյս թիւ 118

7 Մարտ 2012