ԵՐԵՒԱՆԸ ԳՐՔԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱ՞Ք

Կոլիա Տէր Յովհաննիսեան

 


 

Էջմիածնում բնակւող արձակագիր բարեկամուհիս շատ է սիրում Կոստան Զարեանին. "Ախր, ոնց չսիրեմ, - ասում է նա, - մի պարբերութեան մէջ համ պոէզիա է տեղաւորում, համ փիլիսոփայութիւն, համ հոգեբանութիւն, ու չքնաղ հայերէն` արեւելահայերէնի ու արեւմտահայերէնի էկլեկտիկա...":
Իսկ մի քանի օր առաջ ինձ գրել էր, որ Երեւանի Բիւրոկրատ գրախանութից գնել է Կոստան Զարեանի "Միացեալ Նահանգները": Զուգադիպաբար, նոյն օրը աղջկաս հետ այցելեցինք Գերմանիայի Էսլինգեն քաղաքի հինա-ւուրց, բայց նորագոյն միջոցներով վերանորոգւած՝ հանրային գրադարանը, որտեղից աղջիկս վերցրեց ժամանակակից ամերիկեան հանրայայտ գրողների (Դեն Բրաուն, Ջոն Իրուինգ եւ այլն) գրչին պատկանող, անգլերէն մի շարք գրքեր` առաւելապէս գեղարւեստական գրականութեան թեմայով եւ շատ մատչելի վարձակալութեամբ: Ինձ դուր եկաւ գրադարանի մթնոլորտը, յատկապէս այցելուները, որոնց մէջ, ի զարմանս ինձ, աչքի էին ընկնում երիտասարդ տղաներն ու աղջիկները, ընդ որում, նրանցից ոմանք՝ արդիական հագուկապով ու մազերի արտառոց յարդարանքով. նման "տիպերի" փողոցում հանդիպելիս, մտքովդ անգամ չի անցնի, որ նրանք ունակ են հետաքրքրւելու... գրքով: Գրադարանի սրճարանի մի անկիւնում մեծ թւով ու տարբեր լեզուներով օրաթերթերի ու այլ պարբերականների բաժինն էր. այստեղ ա-ւելի շատ հանգստի կոչւած, տարեց մարդիկ էին, որ մի բաժակ սուրճի ու գերմանական թխւածքի ընկերակցութեամբ աչքի էին անցկացնում կամ միասին քննարկում էին օրւայ նորութիւնները, քաղաքական ու հասարակական խնդիրները: "Այստեղ ծերերն ընթերցում են, իսկ մեզ մօտ իրար գլխի հաւաքւած նարդի են խաղում", անցաւ մտքովս: Աղջիկս ասաց, որ գիրքը գրադարանից վերցնելը աւելի ձեռնտու է, որովհետեւ նախ գիրքը թանկ է, երկրորդ` տանը տեղ է բռնում:
Այս մասին գրեցի բարեկամուհուս ու հարցրի, թէ ինչո՞ւ նա գիրքը գրադարանից վերցնելու փոխարէն գնում է: Յիշեցի, որ որոշ ժամանակ առաջ նա զոհողութիւնների գնով՝ գնել էր Ջէյմս Ջոյսի "Ուլիսես" գրքի Սամւէլ Մկրտչեանի հայերէն թարգմանութիւնը՝ 25000 դրամով: Ահա թէ ինչ պատասխանեց նա՝ ինձ մղելով այս ակնարկը գրելուն:
"Է՜, ինչ ասեմ, երանի ձեզ, որ կարող էք քաղաքային գրադարանում սուրճ խմել ու սիրած գիրքը ընտրել: Երեւում է, որ տեղեակ չես Հայաստանում գրադարանների վիճակի մասին: Սովետի փլուզումից յետոյ գրադարանները նոր գիրք ստանում են լաւագոյն դէպքում հեղինակների կողմից` մէկ-երկու օրինակ որպէս նւէր: Երեւանում, որքան ինձ յայտնի է, պետպատւէրով տպւած գրքերը պարտադիր ստանում է միայն Ազգային Գրադարանը (վստահ չեմ, բայց չեմ կարծում, որ որեւէ ուրիշ գրադարան նոյնպէս կանոնաւորապէս համալրւում է): Բայց, բնականաբար, այնտեղ Դեն Բրանունի մասին լսած էլ չեն լինի (ընկերուհիս էլ շատ է սիրում նրա գրքերը): Այսինքն` քիչ թէ շատ թարմացւող գրադարակներ կան միայն Ազգային գրադարանում, այնտեղից էլ գիրք չեն տալիս տուն, որքան ինձ յայտնի է, պէտք է նստեն տեղում կարդան: Յամենայն դէպս, մարզի բնակչին հաստատ չեն տայ: Ինչ վերաբերում է Էջմիածնի քաղաքային գրադարաններին, որոնք մի քանիսն են, բոլորն էլ աղէտալի վիճակում են, ամենանոր գիրքը այնտեղ 1990թ. հրատարակութիւն է (լաւագոյն դէպքում), հաւանաբար մէկ-երկու գիրք էլ կը ճարւի վերջին տարիներին տպւածներից` եթէ հեղինակն ինքն է նւիրել: Գրքերը հիմնականում մաշւած-քրքրւած են, վատ ջերմաստիճանային պայմաններն էլ նպաստում են աւելի արագ քայքայւելուն (ջեռուցում չկայ, ձմռանը աշխատողները հաւաքւում են մի փոքրիկ սենեակում` հիմնականում էլեկ-տրական պլիտայի շուրջ, իսկ ամռան շոգի մասին աւելորդ է խօսել): Մի քանի տարի առաջ չեմ յիշում ո՞ր քաղաքապետի հանճարեղ որոշումով բոլոր գրադարանները (անձամբ ես 4-ը կարող եմ թւարկել, բայց պէտք է, որ դրանից շատ լինեն) տեղափոխեցին իրենց զբաղեցրած շէնքերից (որտեղ հետագայում հաստատւեցին տարաբնոյթ օբիեկտներ) եւ տեղաւորւեցին մանկապարտէզների շէնքերում` մի քանի սենեակներում: Բացառութիւն կազմեց միայն Յովհաննէս Յովհաննիսեանի անւան կենտրոնական գրադարանը, որը հէնց նրա տուն-թանգարանի կողքին է գտնւում` հրապարակին կից: Այն մնաց իր տեղում, սակայն տարածքի մի մասը վարձով տւեցին ինչ-որ գործակալութեան:
Էլ չխօսեմ աշխատողների ցածր աշխատավարձի մասին: Նրանցից ոմանք վատ սոցիալական պայմանների հետեւանքով շատ չարացած են եւ առիթի դէպքում եղած գրքերը կարող են դուրս գրել որպէս անպիտան եւ մէկ-երկու կոպեկով վաճառել (ա-ւելին չեն էլ տայ գրքին): Սակայն մեծ մասը իսկական նւիրեալներ են, որ դողում են ամէն մի նորից պատռւած էջի կամ կազմի վրայ ու կարում-կարկատում... Ուսանող տարիներիս յաճախ էի լինում Էջմիածնի գրադարաններում, բայց վերջին երեք տարին գրեթէ լուր չունեմ ոչ ոքից:
Այնպէս որ, հայերէն գիրք կարդալու միակ ճանապարհը ինձ համար գնելն է` որքան էլ ֆինանսապէս դժւար վիճակում լինեմ: Այլ լեզուներով ոչ մի, կամ գրեթէ ոչ մի գիրք չեմ գնում, որովհետեւ ցանկացածս կարող եմ ճարել ինտերնետից եւ համակարգչով կարդալ, ինչը դժւար չէ ինձ համար: Իսկ հայերէն գնում եմ հիմնականում թարգմանութիւններ. ճիշտ է` քիչ, սակայն տարին մի քանի լաւագոյն նմուշներ թարգմանւում են համաշխարհային գրականութիւնից: Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆօ հրատարակչութիւնները անգնահատելի գործ են անում այս ասպարէզում (Կոստան Զարեանն էլ նրանք են հրատարակել) եւ իմ համեստ երազանքն է` կամաց-կամաց գնել նրանց լոյս ընծայած բոլոր գրքերը եւ կարդալ":
Ի՞նչ ասես. ահա, թէ ինչո՞ւ Հայաստանի յետխորհրդային հասարակութեան մէջ, գիրքը մղւել է յետին պլան: Ինչո՞ւ է խամրել սէրը գրքի նկատմամբ եւ ուշադրութեան կենտրոնում աւելի շատ հեռուստատեսային սերիալներն են, վիթխարի ծախսերի գնով կազմակերպւած հանրային (փողոցային) համերգները՝ զուգորդւած լոյսերի խաղերով ու հրավառութիւններով, ուր փայլում են մերօրեայ աստղերը՝ իրենց կողմ գրաւելով երիտասարդ սերնդի մասսաներին: Ո՞վ է պատասխանատու հանրային գրադարանների արդիականացման ու ակտիւացման համար: Երեւանը այս տարի յայտարարւած է որպէս գրքի համաշխարհային մայրաքաղաք. այդ ֆոնի վրայ աւելի ողբալի չի՞ դառնում Հայաստանի հանրային կամ քաղաքային գրադարանների առանց այն էլ տխուր իրավիճակը:
Գիրքը, մարդու լաւագոյն ընկերը եւ մշակոյթի հիմնաքարը, դարաւոր մշակոյթ ունեցող մեր երկրում մնացել է... որբ ու անօթեւան:

 

Յոյս թիւ 117

22 Փետրւար 2012