ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԸՍՏ

"ՄԵԶ ԱՆԾԱՆՕԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ" ԳՐՔԻ

 


449 թ.սկիզբ Արքայից արքայ Հազկերտ Բ.-ի ա-նունից Միհրներսեհ Մեծ հազարապետը յատուկ նամակ է յղում Հայոց Մեծաց՝ կրօնափոխութեան առաջարկութեամբ:
449 թ.սկիզբ Արտա-շատում գումարւում է ժողով, որին մասնակցում են 17 նախարար՝ Հայաստանի մարզպան Վասակ Սիւնու եւ Հայոց կաթողիկոս Յովսէփ Ա.Հողոցմեցու (Վայոցձորցու) գլխաւորութեամբ: Ժողովը մերժում է զրադաշտականութիւն ընդունելու Հազկերտի առաջարկը: Հայերի հետ, բնականաբար համաձայնում են նաեւ վրացիներն ու աղւանները:
449 թ. գարուն Հայոց, Վրաց ու Աղւանից իշխանները կանչւում են Տիզբոն՝ պատասխանատւութեան: Մահապատժի սպառնալիքի ներքոյ նրանք դիմում են հաւատուրացութեան: Հազկերտ Բ.-ն մովպետան մովպետի գլխաւորութեամբ 700 մոգերի եւ հսկիչ զօրախմբի ուղեկցութեամբ նախարարներին արձակում է Հայաստան՝ մէկ տարւայ ընթացքում զրադաշտականութիւնը տարածելու յանձնարարութեամբ: Լուրը մեծ խռովութիւն է առաջացնում Հայաստանում: Եպիսկոպոսների ժողովը սրբազան պատերազմի կոչով դիմում է ժողովրդին:
449 թ. Սեպտեմբերի վերջ Անգղում մոգերը փորձում են եկեղեցին ատ-րուշանի վերածել: Ժողովուրդը Ղեւոնդ Երէցի գլխաւորութեամբ կոտորում է նրանց: Նմանօրինակ դէպքեր են տեղի ունենում նաեւ Զարեհա-ւանում:
449 թ. աշուն-450 թ. ձմեռ Սկսւում է ապստամբութիւնը: Հայոց զօրաբանակի հրամանատար է նշանակւում սպարապետ Վարդան Մամիկոնեանը: Ոչնչացնելով պարսկական կայազօրները, զօրահրամանատարներից ու երեւելիներից շատերին իբրեւ պատանդ են պահում: Հայաստանն ու Աղւանքն ամբողջովին ապստամբների իշխանութեան տակ են անցնում: Նոյնիսկ ներխուժումներ են կատարւում բուն պարսկական տարածք: Ռազմական դաշինք է կնքւում վրացիների, աղւանների, հետագայում նաեւ հոների հետ:
450 թ. սկիզբ Պատւիրակութիւն է գնում Բիւզանդիա՝ օգնութեան խնդրանքով: Մարկիանոս կայսրը մերժում է: Նման մի պատւիրակութիւն դիմում է նաեւ "Անտիոքի մեծ սպարապետին": Այս բոլոր թղթերը գրւում էին Յովսէփ Ա.Հողոցմեցու եւ Վասակ Սիւնու անունից եւ վաւերացւում վերջինիս մատանիով: Այսինքն՝ ապստամբութիւնը ղեկավարում էին նրանք՝ կաթողիկոսական տեղապահը եւ Հայաստանի մարզպանը:
450 թ. ամառ Բիւզանդիայից օգնութեան յոյսը կտրելուց յետոյ եկեղեցու սուրբ ուխտը, ինքնուրոյն գործողութիւնները կազմակերպելու նպատակով, Հայոց զօրքը բաժանւում է երեք գնդի: Առաջին գունդը մնում է ընդհանուր հրամանատարութեան ներքոյ՝ Վասակ Սիւնու գլխաւորութեամբ երկրի ամբողջական պաշտպանութիւնը ապահովելու, միւս գունդը Ներշապուհ Ռեմբոսեանի հրամանատարութեամբ ուղարկւում է "երկիրը պաշտպանելու Ա-տրպատական աշխարհի սահմաններին մօտիկ", իսկ երրորդը տրւում է "Հայոց Վարդան զօրավարի ձեռքը", որպէսզի նա մտնի Քարթլի՝ այնտեղից Աղւանքի պարսից զօրքին թիկունքից հարւածելու համար: Խաղխաղի մօտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը գլխովին ջախջախում են թւով իրենց գերազանցող պարսկական զօրաբանակին: Այնուհետեւ Վարդան Մամիկոնեանը ոչնչացնում է Ճորա պահակի պարսկական կայազօրը, ռազմական այդ կարեւոր յենակէտը յանձնում գործողութեանը մասնակցած աղւաններին՝ Աղւանից Վահան իշխանի պատասխանատւութեամբ, փոխօգնութեան դաշինք կնքում հոների հետ եւ վերադառնում Հայաստան:
450 թ. ամառ Պարսկական մի զօրաբանակ՝ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդութեամբ ճամբարում է Փայտակարանում՝ նպատակ ունենալով այնտեղից ներխուժել Հայաստան: Մինչ այդ, Միհրներսեհն իր մօտ է կանչում մարզպան Վասակ Սիւնուն: Պայմանաւորւածութիւն է ձեռք բերւում, որ հայերը դադարեցնեն ապստամբութիւնը եւ ընդունեն Սասանեան Պարսկաստանի գերակայութիւնը, իսկ պարսից արքունիքը խոստանում է չհետա-պնդել ապստամբներին, դաւանանքի ազատութիւն շնորհել, հարկերը թեթեւացնել եւ հայկական թագաւորութիւնը պիտի ապահովէր Վասակ Սիւնին: Միհրներսեհը չի մտնում Հայաստան:
450 թ. աշուն Արտա-շատում գումարւած ուխտապահ նախարարներն ու եպիսկոպոսները, ի հակակշիռ Հայաստանի մարզպան Վասակ Սիւնու, Հայոց տանուտէր ու սպարապետ են ընտրում Վարդան Մամիկոնեանին, եւ վերջինիս գլխաւորութեամբ հակադիր մի կառավարութիւն կազմում:
450 թ. վերջ - 451 թ. սկիզբ Հակապարսկական ընդհանուր ապստամբութիւնն աւարտւում է: Երկու գաղափարական անհաշտ ուժերի միջեւ Հայաստանում սկսւում է բացայայտ եւ զինւած պայքար: Հակամարտութիւնը վերածւում է քաղաքացիական պատերազմի: Եկեղեցին Հայաստանում իշխանութիւն նւաճելու համար իրեն հաւատարիմ նախարարական ուժերով դուրս է գալիս մարզպան Վասակ Սիւնու դէմ:
451 թ. գարուն Հայոց տանուտիրական կառավարութիւնը նախայարձակման որոշում է կայացնում: Ապրիլին 66 հազար կարգավարժ ռազմիկներ եւ աշխարհազօրայիններ գումարւում են Վասպուրականի Արտազ գաւառում:Մայիսին պարսկական 80-90 հազարանոց զօրքը ճամբարում է Արտազի Տղմուտ գետի ափին:
451 թ. Մայիսի 26 Աւարայր գիւղի մերձակայ դաշտում տեղի է ունենում մեծ ճակատամարտը: Պարսիկների կորուստը կազմում է բանակի շուրջ 20 տոկոսը, իսկ հայերինը` 8 տոկոսը: Մարտից յետոյ հայերը բարձրանում են լեռները եւ ամրանում բերդերում:
451 թ. ամառ-աշուն Պարտիզանական կռիւների ձեւով շարունակւում է Եկեղեցու ուխտի նախարարների պայքարը պարսկական եւ մարզպանական (Սիւ-նեաց) զօրքերի դէմ:
451թ.վերջ Պարսից արքունիքը, դժգոհ լինելով Վասակ Սիւնուց, նրա փոխարէն մարզպան է նշանակում Ատրորմիզդ Արշակունուն: Նա պէտք է մեղմացւած քաղաքականութեամբ խաղաղեցնէր ապստամբներին՝ նախարարների արտօնութիւնները կրկին ճանաչելու եւ բռնի կրօնափոխութիւնից հրաժարւելու վերաբերեալ Փայտակարանում տւած խոստումներն իրականացնելու միջոցով:
452 թ. սկիզբ Հազկերտ Բ.-ն Հայոց ապստամբութեան պատճառները քննելու եւ յանցաւորներին պատիժ սահմանելու համար իր ձմեռանոցում "հարցուփորձի ատեան է կազմում": Պատասխան են տալիս հայ հոգեւորականները եւ ապստամբ նախարարները: Դատը վարում է հազարապետը: Հակապետական խռովութիւն բարձրացնելու մէջ մեղաւոր ճանաչւած 35 նախարարներ դատապարտւում են երկարաժամկէտ (ցմահ) բանտարկութեան: Նախկին մարզպան Վասակ Սիւնին սկզբնական շրջանում ապստամբութիւնը փաստացի կազմակերպելու եւ ղեկավարելու, ապա պաշտօնական պարտականութիւնների մէջ թերանալու, ինչպէս նաեւ պետական հարկերը իւրացնելու մեղա-դրանքով Պարսից թագաւորի կողմից դատապարտւում է մահւան (Եղիշէ): Սակայն Փարպեցին ասում է, որ Վասակը, աստիճանազրկւած եւ պատւազրկւած՝ մի քանի տարի ապրում է արքունիքում եւ մեռնում հոգեկան ծանր ապրումներից: Անգղում եւ Զարեհաւանում մոգերին սպանելու եւ ատրուշանը ջրով հանգցնելու յանցանքն ապացուցւած համարե-լով՝ կալանւած հայ հոգեւորականները դատապարտւում են մահւան:
 

Յոյս թիւ 117

22 Փետրւար 2012