ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՔՐԷԱԿԱՆԱՑՄԱՆ ՕՐԷՆՔԸ

ՈՒՂԱՐԿՒԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 


 

Ֆրանսիայի ազգային ժողովում եւ ծերակոյտում (սենատում) վաւերացւած ցեղասպանութիւնների քրէականացման նախագիծը ուղարկւել է այդ երկրի սահմանադրական խորհուրդ: Դա նշանակում է, որ Ֆրանսիայի նախագահ` Նիկոլա Սարկոզին այժմ, մինչեւ այդ խորհրդի վճիռը, չի կարող ստորագրել այն: Այս մասին ՀՅԴ -ի Բիւրոյի "Հանրային կապերի գրասենեակ"-ը հրատարակել է մամլոյ հաղորդագրութիւն, ուր մանրամասն բացատրւած է այդ նախագծի վերջին դրութիւնը: Մեր ընթերցողների տեղեկութեան համար վերատպում ենք այդ հաղորդագրութիւնը:


Մամուլի հաղորդագրութիւն
Երեւան, 31 յունւարի, 2012 - ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի սենատի 76 անդամ դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ վիճարկելով Ֆրանսիայի կողմից ճանաչւած ցեղասպանութիւնները (ներառեալ՝ Հայոց Ցեղասպանութեան) ժխտումը Ֆրանսիայում քրէականացնող սենատի յունւարի 23-ին ընդունած օրինագիծը: Նոյն նպատակով Սահմանադրական խորհրդին են դիմել Ֆրանսիայի խորհրդարանի 65 պատգամաւորներ:
Ֆրանսիական օրէնսդրութեան համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին կարող էր խորհրդարանի եւ սենատի կողմից հաստատւած օրինագիծը ստորագրէր եւ օրէնքի վերածէր յունւարի 24-ից առ այսօր: Սակայն, Սարկոզին նախընտրել է սպասել մինչեւ իր իրաւասութեան 15-օրեայ ժամկէտի աւարտը, ինչն էլ հնարաւորութիւն է տւել, որ օրինագծի ընդդիմախօսները ակտիւանան եւ դիմեն Սահմանադրական խորհուրդ:
Ինն անդամներից (ներառեալ՝ հանրապետութեան նախկին երկու նախագահները, ի պաշտօնէ) բաղկացած Սահմանադրական խորհուրդը պարտաւոր է օրինագծի Սահմանադրութեան համապատասխանելու մասին իր տեսակէտը յայտնել մէկ ամսւայ ընթացքում: Սակայն, մէկ ամիսը կարող է փոխւել ութ օրւայ, եթէ կառավարութիւնը հանդէս գայ նման պահանջով: Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել երեք հնարաւոր որոշումներից մէկը.
1- Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրութեանը: Այս դէպքում հանրապետութեան նախագահի ստորագրութիւնից յետոյ՝ այն կը դառնայ օրէնք:
2- Օրինագիծը ինչ-որ մասով կամ մասերով չի համապատասխանում Սահմանադրութեանը: Այս դէպքում օրինագիծը կը վերադարձւի խորհրդարան, այն բարեփոխելու եւ Սահմանադրութեանը համապատասխանեցնելու համար: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մէկ ամսից Ֆրանսիայի խորհրդարանը կը մեկնի արձակուրդ, որպէսզի նախապատրաստւի նախագահական ընտրութիւններին:
3- Օրինագիծը ամբողջութեամբ հակասահմանադրական է: Այս դէպքում օրինագիծն այլեւս չի քննարկւի եւ օրէնքի ուժ չի ստանայ, եթէ հանրապետութեան նախագահը չպնդի, որ հարցը դարձեալ մտնի խորհրդարան:
Այսօրւանից սկսած, մինչեւ մէկ ամիս, մինչեւ Սահմանադրական խորհրդի որոշում կայացնելը, Սարկոզին չի կարող ստորագրել օրէնքը:
Սահմանադրական խորհրդին դիմող սենատի անդամների մեծ մասը ծայրայեղ ձախ կուսակցութիւններից (կոմունիստներ, մարքսիստներ, եւ այլն) եւ նախկին Կանաչներից (այժմ՝ Էկոլոգիականներ) են: Յաջորդ մեծ խումբը կենտրոն աջ կուսակցութիւններից են: Կան նաեւ Սարկոզիի իշխող կուսակցութիւնից (UMP) եւ սոցիալիստներից պատգամաւորներ: Ֆրանսիայի խորհրդարանի դիմողների մեծ մասը Սարկոզիի կուսակցութեան անդամ, բայց Սարկոզիի հակառակ խմբակցութեան պատկանող պատգամաւորներ են:
ՀՅԴ Բիւրոյի
Հանրային կապերի գրասենեակ

 

Յոյս թիւ 116

8 Փետրւար 2012