ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆՔ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՄՈՒՍՈՒԼՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ
 

Վահրամ Աղաջանեան
"Երրորդ ՈՒժ" թերթի գլխաւոր խմբագիր



Մեզանում տարածւած է այն թիւր կարծիքը, թէ հայ ժողովրդի բոլոր դժբախտութիւնների աղբիւրը մահմեդականութիւնն է` իր ռազմատենչ գաղափարախօսութեամբ ու աշխարընկալմամբ, քրիստոնեայ ժողովուրդների հանդէպ պատմական չթաքնւած անհանդուրժողականութեամբ: Հայրենական որոշ հրապարակախօսներ իրենց բնորոշ կրքոտութեամբ սիրում են "մերկացնել" իսլամի կամ պանիսլամականութեան հայակործան վտանգաւոր էութիւնը` պահ անգամ չմտածելով, որ դրանով միայն նպաստում են մահմեդական երկրներում ազերի էմիսարների հակահայկական քարոզչութեանը եւ որպէս հետեւանք` հակահայկական տ-րամադրութիւնների աշխուժացմանը: Մինչդեռ 1915 թ. նաեւ արաբ մահմեդականներն են հազարաւոր հայերի կեանք փրկել: Չլինէր Իրանի բարիդրացիական կեցւածքը հայ ժողովրդի նկատմամբ, շրջափակւած Հայաստանն ու Ղարաբաղը կը յայտնւէին տնտեսական անհամեմատ ծանր վիճակում:
Տասնեակ հազարաւոր հայեր այսօր էլ բնակւում են արաբական եւ միջինասիական տարբեր երկրներում, որտեղ, հաւաստի աղբիւրների համաձայն, գոյութիւն ունեն ՀՀ-ի հետ սերտ համագործակցութեան պատրաստ հակաթուրքական բաւական ազդեցիկ ուժեր: Չօգտւել դրանից` նշանակում է չտեսնել կամ մոռանալ սեփական շահը:
Գաղտնիք չէ, որ պատմական հանգամանքների բերումով բազմաթիւ հայեր, հաշւեյարդարից փրկւելու յոյսով, դարասկզբին մահմեդականութիւն են ընդունել` պահպանելով, սակայն, ազգային աւանդոյթները: Իսլամ ընդունած հայազգի հազարաւոր քաղաքացիներ ներկայումս բնակւում են Թուրքիայում, Հիւսիսային Կովկասում: Չնայած շարիաթի օրէնքների խստութեանը` հաւատափոխ հայերին բնորոշ է կրօնական որոշակի ազատականութիւն, եւ որ ամենակարեւորն է, մեր հայրենակիցները չեն ձուլւել մահմեդական ժողովուրդներին, յիշում են իրենց ծագումը:
Յայտնի է, որ մահմեդական պետութիւններն ու համայնքները ամէն տարի գումարում են Իսլամական համաժողովի նիստ, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, կարգաւորւում է նաեւ մահմեդական այս կամ այն երկրին օգնութիւն (այդ թւում` ռազմական) ցուցաբերելու հարցը: Յայտնի է նաեւ, որ նշեալ համաժողովում Անդրկովկասի եւ Հիւսիսային Կովկասի մահմեդականութեան շահերը ներկայացնում է այդ տարածաշրջանների հոգեւոր առաջնորդ, ազգութեամբ ադրբեջանցի շէյխ-ուլ-իսլամ Ալլահշիւքիւր Փա-շազադէն, ում ելոյթների հիմնական մասն առնչւում է հայ-ադրբեջանական հակամարտութեանը: Հակազդեցութեան չհանդիպող ադրբեջանական ու թուրքական պատւիրակութիւններին յաջողւում է կրօնական բնոյթ հաղորդել ղարաբաղեան ճգնաժամին եւ դրամական հսկայական օգնութիւն ստանալ համաժողովի մասնակից երկրներից: Թէ ինչ նպատակներով են ծախսւում այդ գումարները, հասկանալի է բոլորիս: Հայազգի իսլամականների մասնակցութեան պարագայում, սակայն, ադրբեջանական եւ թուրքական պատւիրակութիւններին հազիւ թէ յաջողւի օգտւել այդ օգնութիւնից: Էլ չենք խօսում մահմեդական երկրներում հայամէտ ուժերի գործունէութեան անխուսափելի ակտիւացման մասին:
Այս առնչութեամբ ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս, թերեւս, նպատակայարմար կը լինէր նպաստել հայկական մահմեդական որեւէ կազմակերպութեան, ասենք` Հայ իսլամականների միութեան (անւանումը` ըստ ճաշակի) ստեղծմանը: Կանխատեսում եմ բարեպաշտ հայ քրիստոնեայ ընդդիմախօսների դժգոհութիւնը: Սակայն մենք հանդուրժում ենք հայազգի կրիշնայականներին, հայ բուդդայականներին, անգամ` հայ եհովականներին, որոնք արդէն փորձում են բանակ թափանցել` պատերազմող երկրում քարոզելով զինւած պայքարի անթոյլատրելիութիւն, եւ որոնք շատ յաճախ վնասից բացի հայրենիքին ոչինչ չեն տալիս: Հարց է ծագում. իսկ ինչո՞ւ չօգտւել հայ մահմեդականների ծառայութիւններից, մանա-ւանդ, որ մահմեդականների թիւն աշխարհում հասնում է 1 միլիարդի, եւ իսլամական մի շարք պետութիւններ, ասենք` Իրանը կամ Արաբական լիգայի մասնակիցները, թերեւս, սիրով աջակցեն այդ միութեան գործունէութեանը: Եթէ նոյնիսկ ՀՀ-ում յիշեալ կազմակերպութեան ստեղծումը կապւած է պատմահոգեբանական որոշ բարդոյթների հետ, ապա դրսում բնակւող հայազգի մահմեդականների կազմակերպւած գործունէութիւնը որեւէ խոչընդոտի չի հանդիպի:
Թւում է ամէն խնդրի, յատկապէս պետական շահերին առնչւող հարցերին պէտք է մօտենալ պրագմատիկ դիրքերից: Ցանկանում ենք, թէ ոչ, բայց հայ մահմեդականութիւնն այսօր իրողութիւն է: Մերժողական կեցւածքն այս փաստի նկատմամբ, մեղմ ասած, իրատեսական չէ, խարսխւած է զուտ զգացմունքային պատկերացումների վրայ: Մենք փաստօրէն օտարում ենք մեր ժողովրդի մի հատւածը, որը, ի վերջոյ, անխուսափելիօրէն կը յայտնւի այլ պետութիւնների ազդեցութեան տակ: Մինչդեռ հայկական իսլամական, թէկուզեւ խորհրդանշական որեւէ կազմակերպութիւն կարող է հայանպաստ լուրջ բեկում մտցնել իսլամական համաժողովներում եւ ընդհանրապէս մահմեդական երկրներում: Յիշեցնենք, որ ամենահամեստ հաշւարկներով հայազգի մուսուլմանների թիւը միայն Թուրքիայում հասնում է մի քանի հարիւր հազարի:

Աղբիւր՝ www.keghart.com

Յոյս թիւ 115

25 Յունւար 2012