ԼԵՒՈՆ ՏԷՐ-ՊԵՏՐՈՍԵԱՆ,

ԺՈՂՈՎՐԴԱՎԱ՞Ր ԹԷ՞ ԱՄԲՈԽԱՎԱՐ

 


Տէր-Պետրոսեանի անւան եւ մտածելակերպի հետ է կապւած Հայաստանի Հանրապետութեան հիմնադրման եւ քաղաքականութեան պատմութիւնը: Կողմ թէ դէմ, ոչ ոք կարող է հերքել այս իրականութիւնը: Նա թէեւ եկել է գիտութեան ոլորտից, սակայն հմուտ քաղաքագէտ է: Ահա նրա շեշտը ռէալ փոլիթիք -ի վրայ: Հէնց այստեղից է գալիս նաեւ նրա մօտեցումը Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորելու հարցին: Մերժել ամէն տեսակ զիջում նրա տեսակէտից անիմաստ բան է իրական քաղաքականութեան ոլորտում եւ կարելի է մեծ վնասներ բերել ցանկացած ժողովրդի համար: Նա իր մտքերը շարադրում եւ բացատրում է պարզ եւ հանգամանօրէն: Բայց միաժամանակ, նրա մէջ նկատելի է հակադեմոկրատական հակումը, որը երեւի արդիւնքն է սովետական շրջանում նրա անհատականութեան ձեւաւորման իրականութեան: Նա երբեմն այնքան պարզ է խօսում ժողովրդի հետ, որ հակառակորդները կարողանում են ժողովրդին դրդել նրա դէմ, ինչպէս օրինակ իր հրաժարականին յանգող մամլոյ ասուլիսում: Բայց եւ կարողանում է հրապարակ հանել եւ հրապարակում պահել մեծ թւով ժողովուրդ, հանգամանք, որ կարելի է բնութագրել որպէս ամբոխավարութիւն: Դաշնակցութեան գործունէութեան կասեցումը եւ երկրորդ շրջանում իր ընտրութեան դէմ բողոքներին ուժային խիստ վերաբերմունքը, նրա գործունէութեան մութ կէտերն են, որոնք մինչ օրս գործ են ածւում նրա դէմ: Ստորեւ կարող էք կարդալ Տէր-Պետրոսեանի գործունէութեան համառօտ ժամանակագրութիւնը, նրա բացատրութիւնները Ղարաբաղի հարցի փուլային կարգաւորման մասին (որն արդէն պատմական կարեւորութիւն ունի եւ անծանօթ ընթերցողը, առանց բուն գրութիւնը կարդացած լինելու, յաճախ ընդունում է Ղարաբաղը ծախելու մեղադրանքը նրա դէմ), ինչպէս նաեւ նրա բռնապետականութեան դէմ գրւած Վահան Իշխանեանի յօդւածը: Յուսով ենք, որ այսպիսով մեր ընթերցողին առիթ ընձեռնած կը լինենք իր անկախ դատողութիւնն ունենայ Հայաստանի քաղաքական ամենակարեւոր դէմքերից մէկի մասին:

Ռ.Ս.

Յոյս թիւ 110

9 Նոյեմբեր 2011