ՀԱՒԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐ


Նաիրա Հայրումեան

 


 

Մինչ հայ փորձագէտները քննարկում են երկրում ընտրութիւնների նախաշեմին ներքաղաքական զարգացումների հնարաւոր ընթացքը, քաղաքական գործիչները կանխատեսում են իշխող կոալիցիայի փլուզումը եւ նոր, անհնարին թւացող դաշինքների ստեղծումը:
Յաջորդ գարնանը խորհրդարանական ընտրութիւնների եւ 2013 թ. նախագահական ընտրութիւնների մօտենալը ստիպում է կուսակցութիւններին վերջնականապէս կողմնորոշւել եւ ընտրել ճամբարը: Արմատական ընդդիմութիւնը` ի դէմս Հայ ազգային կոնգրեսի, մէկշաբաթեայ նստացոյց է անցկացնում Ազատութեան հրապարակում եւ կոչ է անում մարդկանց հասնել իշխանութեան հրաժարականին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն յայտարարել է, որ չի բացառում մեծ քաղաքականութիւն իր վերադարձը: Բացի այդ, այն փաստը, որ ՌԴ գործող նախագահ Դմիտրի Մեդւեդեւն առաջարկել է Վլադիմիր Պուտինի թեկնածութիւնը նախագահի պաշտօնում, Հայաստանում զուգահեռներ անցկացնելու բուռն ցանկութիւն է առաջացրել: Առաւել յաճախ դիտարկւում է գործող նախագահ Սերժ Սարգ-սեանի եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի միջեւ ուղղակի առճակատման հաւանականութիւնը: Վերլուծաբանները կարծում են, որ Սարգսեանը կարող է նոյնիսկ դաշինք կազմել իր ներկայիս ընդդիմախօս, ընդդիմութեան ղեկավար ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ: Առաջին եւ երրորդ նախագահները կարող են ընդդիմանալ երկրորդ նախագահին՝ մեղադրելով նրան 2008 թ. Մարտի 1-ի հակասահմանադրական գործողութիւնների մէջ, երբ յետընտրական խաղաղ ցոյցերի ընթացքում սպանւեց 10 մարդ: Երկրորդ տարբերակը դարձեալ Սարգսեան-Քոչարեան առճակատումն է, սակայն այս դէպքում Լեւոն Տէր-Պետրոսեանի ղեկավարած ընդդիմադիր ՀԱԿ-ը ներկայանում է որպէս առանձին ուժ եւ, աշխատելով երկուսի դէմ, ստիպում է երկրում արդար ընտրութիւններ անցկացնել: Քանի որ մինչ օրս ընտրութիւնները կեղծւել են վարչական լծակների միջոցով, որոնք ապահովում են Հանրապետական կուսակցութիւնը եւ նրա կոալիցիոն գործընկերները, ապա նախկին գործընկերների միջեւ այդ լծակների ապակենտրոնացումը կարող է խթանել իրական մրցակցութիւն: Ու թէեւ Տէր-Պետրոսեանն ասում է, որ Քոչարեանը կուսակցական պյատֆորմ չունի, իշխող Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանի կարծիքով՝ նախկին նախագահ Քոչարեանի վերադարձը մեծ քաղաքականութիւն կարող է պառակտում մտցնել իշխող կոալիցիայում, եթէ Քոչարեանի թեկնածութիւնն առաջադրի կոալիցիոն կուսակցութիւններից մէկը` "Բարգաւաճ Հայաստանը" կամ "Օրինաց երկիրը": Սակայն մի տարբերակ էլ կայ, որն ամենաքիչն է քննարկւում՝ եթէ Սարգսեանը յօժարակամ հրաժարական տայ եւ ՀՀԿ համագումարում, Դմիտրի Մեդւեդեւի օրինակով, առաջադրի Ռոբերտ Քոչարեանի թեկնածութիւնը: Թէեւ ՀՀԿ-ն արդէն յայտարարել է, որ առաջիկայ ընտրութիւններում նախագահի իր թեկնածուն կը լինի իր առաջնորդ Սարգսեանը, այդուհանդերձ Ռուսաստանում քաղաքական վերադասաւորումը կարող է ազդել նաեւ Հայաստանի վրայ: Կը ցանկանա՞ն եւ կը կարողանա՞ն արդեօք ՀՀԿ անդամները, դիմակայել Քոչարեանի առաջադրմանը: Հաւանաբար, ոչ, քանի որ նրանց մեծ մասը կուսակցութեանն անդամագրւել է Քոչարեանի նախագահութեան օրօք:

 

Յոյս թիւ 108

12 Հոկտեմբեր 2011