ՇՆՈՐՀԱՒՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
 

Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետութիւնը բոլորեց իր քսան տարին: Սփիւռքում եւ Հայաստանում մեծ շուքով ու բազմաթիւ ձեռնարկներով նշւեց Հանրապետութեան 20-ամեակը: Դարերի ընթացքում, իրենց ինքնութեան գիտակցութեան հասած մարդկային խմբերը բնականաբար ձգտում են հիմնադրել իրենց ազգային պետութիւնը: Հայերը, որպէս այդպիսի գիտակցութեան տէր ժողովուրդ, դարեր շարունակ ապրել էին օսմանական, ռուսական եւ պարսկական կայսրութիւնների սահմաններում` զուրկ սեփական պետականութիւնից: Անցեալ դարի սկզբներին, առաջին աշխարհամարտի յետօրէին, առիթ ստեղծւեց արեւելեան Հայաստանի տարածքում հռչակել անկախ պետութիւն, որը գոյատեւեց միայն երկու տարի: Կրկին անգամ հայկական անկախ հանրապետութեան հռչակման առիթ ստեղծւեց 1991 թւականին՝ Խորհրդային միութեան փլուզումից յետոյ, որի արդիւնքն է այսօրւայ հայկական պետութիւնը: Անցեալ քսան տարիները Հայաստանի Հանրապետութեան համար եղել են փորձի եւ հասունացման տարիներ: Հայաստանի Հանրապետութեան 20-ամեակի առիթով հայաստանեան մամուլը անդրադարձել է անցեալ երկու տասնամեակների ձեռքբերումներին ու թերութիւններին:

 

 


Հայաստանեան մամուլը՝ ՀՀ անկախութեան 20-ամեակի մասին
 

Հայաստանեան մամուլի խմբագրականներն այսօր նւիրւած են ՀՀ անկախութեան 20-ամեակին: Թերթերը նշում են ինչպէս անկախ Հայաստանի ձեռքբերումների, այնպէս էլ բացթողումների ու սխալների մասին:
"Առաւօտ"-ի խմբագիրը գրում է. "Ինչպէ՞ս կընկալւէր առաջին եւ երկրորդ նախագահների որոշումը` մասնակցել տօնական միջոցառումներին: Բնականաբար, տարբեր ձեւով: Գուցէ թունդ ընդդիմադիրները դրանից հիասթափւէին: Գուցէ չարախօսներն ու բամբասողներն ուրախանային` "բա որ ասում էինք, որ նրանց միջեւ ախպերութիւն կայ": Բայց պետական աւանդոյթները ստեղծւում են ոչ թէ այսօրւայ հասարակական ընկալումների համար, այլ հակառակը` որպէսզի մարդիկ դուրս գան այսօրւայ թայֆայական-կենցաղային կարծրատիպերից: Այսինքն` որ անկախութեան 30-ամեակի առիթով կազմակերպւած շքերթի ժամանակ նրանք մտքում ասեն` մեր զօրքերը, մեր տանկերը, մեր նախագահները":
"Ազգ"-ի գրում է. "Ծնւել ու մեծացել է նոր սերունդը` 20 տարեկանների, անկախութեան տարեկիցների, ով այլ բան չի տեսել ու չի պատկերացնում, քան անկախութիւնը, անկախ Հայաստանի քաղաքացի լինելու փաստը: Ուրիշ բան, որ այդ ընկալմանը զուգահեռ, նա տիրոջ իրաւունքով, կարող է նաեւ քննադատել իր պետութիւնում առկայ բացերը, դժգոհել, հումորով կամ անհաշտ խօսել այնտեղ առկայ յոռի երե-ւոյթների մասին, սակայն` տիրոջ իրաւունքով, ունեցածը սթափ գնահատողի, ունեցւածք ու երկիր ունեցողի իրաւունքով":
"Երկիր"-ի խմբագրականում կարդում ենք. "Մենք ճիշտ չգնահատեցինք պատմականօրէն մեզ տրւած պահն ու հնարաւորութիւնը, որն ինքներս էինք ստեղծել եւ մեր անփոխարինելի երկու նւաճումները՝ անկախութիւնն ու երկու պետութիւնները չկարողացանք ամրապնդել տնտեսական, քաղաքական, բարոյական, մշակութային անհրաժեշտ բազայ ստեղծելով: Բաւարար համարեցինք ունեցածը եւ մեզ թւաց, թէ աշխարհը վաւերացնում է այն ու կորցնել ուղղակի հնարաւոր չի լինելու: Մենք հաւատացինք ձեռքբերածի ամբողջականութեանն ու ինքնաբաւութեանը, ու դա ինքնախաբէութիւն էր: Որովհետեւ իրականում մենք բթացրինք մեր զգօնութիւնը եւ թոյլ տւեցինք, որպէսզի միանայ մեր ներսում բոյն դրած ինքնաքայքայման մեխանիզմը: Հիմա աւելի շատ անցած ճանապարհի սխալները սրբագրելու խնդիր ենք լուծում, քան նոր նւաճումների մասին երազում: Իսկ դա դանդաղեցնում է ընթացքը: Մինչդեռ այդ իրաւունքը պարզապէս չունենք՝ քաղաքակրթութեան եւ պատմութեան անիւների տակ չյայտնւելու համար":
"Ժամանակ"-ը գրում է. "Անկախութիւնը մեզ համար նւէր չէր, պարգեւ չէր, շահում չէր: Անկախութիւնը մեր իսկ զրկանքների գնով, հազարաւոր հայրենակիցների կեանքի գնով ձեռք բերւած մի նւաճում էր, որի մասին դեռեւս այսօր երազում են շատ ու շատ ազգեր, անգամ հայերից աւելի բազմաքանակ: Դժբախտաբար, երբ մենք փորձում ենք համադրել արդէն քսանամեակի ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, խանդավառութեան եւ վաղւայ հանդէպ մեծ սպասումների հիմքերը սկսում են նւազել: Դժբախտաբար, մեր անկախութեան քսան տարիների ընթացքում մենք ունեցել ենք առնւազն ոչ պակաս ֆունդամենտալ սխալներ ու կորուստներ, քան ձեռքբերումներն էին":
"Հրապարակ"-ի խմբագրականում նշւում է. "Կախեալ պետութիւնը թերեւս նոնսենս է, անցած դարերին բնորոշ իրողութիւն, որը խորթ է բանական մարդու բնոյթին ու կերպին, եւ այդ պատճառով էլ մարդ էակն ամէն ինչ արեց, որ ազատւի դրանից: Ինչպէ՞ս կարող է մարդը չձգտել անկախութեան, չհասկանալչգնահատել անկախութիւնը: Ինչպէ՞ս կարելի է կասկածի տակ առնել անկախութիւնը: Նոյնն է, որ կասկածես մարդ էակի բանականութեանը, ստեղծական ոգուն, ապրելու ու զարգանալու կարողութեանը: Սակայն հասարակութեան մէջ, ցաւօք, կայ հատւած, որը թերահաւատ է, կասկածում է անկախութեան գաղափարին, եւ դա մեր բոլորի ամօթն է ու խարանը":

Tert.am

Յոյս թիւ 107

28 Սեպտեմբեր 2011