ՕՍԼՈՅԻ ԱՀԱԲԵԿԻՉ` ԲՐԷՅՒԻԿԻ ՏԵՍԱԿԷՏՆԵՐԸ
ՆԱԵՒ ՀԱՅԵՐԻ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

 


Յուլիսի 22-ին, աշխարհի ամենախաղաղ երկրներից մէկը համարւող Նորւեգիան ցնցւեց այնպիսի ահաբեկչական յարձակումից, որն ամենաարիւնալին էր երկրում` Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Երկրի մայրաքաղաք Օսլոյի կենտրոնում գտնւող կառավարական մի շէնքի պայթիւն խլեց 7 զոհ, իսկ քաղաքի մօտակայ զբօսավայրում մի աշակերտական բանակումի վրայ յարձակման հետեւանքով սպանւեցին շուրջ 70 երեխաներ: Լրա-տւամիջոցներն սկսեցին մեղադրել իսլամական ծայրայեղականներին, սակայն շուտով պարզւեց, որ ահաբեկչութիւնը ծրագրել եւ գործադրել է քրիստոնեայ ֆունդամենտալիստ ... Բրէյւիկը, եւ սպանւած երեխաների մեծամասնութիւնը Նորւեգիայում ապրող գաղթականների երեխաներ են եղել: Բրէյւիկը աշխարհը եւ պատմութիւնը դիտում է որպէս շարունակական խաչակրաց արշաւանք եւ իր առաքելութիւնն է համարում ազատագրել Եւրոպան մահմեդականների գերիշխանութիւնից: Այսպէս է ասւած նրա 1500 էջանոց մանիֆեստում:
Այդ մանիֆեստում Բրէյւիկը գրել է տարիներ շարունակ, որտեղ էլ հէնց արձանագրել է իր ծայրայեղական գաղափարները, զէնք-զինամթերք ձեռք բերելու, ռումբ պատրաստելու մանրամասներն ու անձնական ապրումները:
Ընդ որում, օրագրից դատելով, Բրէյւիկը այնքան տարւած է եղել իր գաղափարներով ու ծրագրերով, որ անտեսել է այդ ահաբեկչութիւնների արդիւնքում հնարաւոր աւերածութիւններն ու կորուստները:
Անձնական կեանքի մասին յուշերում Բրէյւիկը պատմել է մահմեդական ներգաղթեալների հետ ունեցած իր շփումների, նրանցից ստացած վիրաւորանքների մասին, թէեւ յիշատակել է նաեւ, որ նրանց շրջանում ունեցել է նաեւ ընկերներ: Որոշել է համալսարան չընդունւել, զբաղւել է ինքնակրթութեամբ, տեւական ժամանակ ճանապարհորդել է, եղել է եւրոպական երկրներում, Փղոսկրի Ափում, Թուրքիայում ու Միացեալ Նահանգներում:
Բրէյւիկը օրագրում պնդում է, թէ պատկանում է մի քանի հարիւր մարդուց բաղկացած եւրոպական ազգայնականների "Խաչակիրների խմբին", որի անդամները մինչեւ 2083 թւականի Սեպեմբերի 11-ը պէտք է ազատագրեն Եւրոպան:
Նշենք, որ օրը պատահական չէ. 1683 թւականին Սեպտեմբեր 11-ին՝ Վիեննայի ճակատամարտում, Եւրոպան յաղթանակեց ու վերջ տւեց Օսմանեան կայսրութեան առաջխաղացմանը, եւ ահա, սրանից ուղիղ 400 տարի անց, ըստ Բրէյւիկի, երկրագնդի ամենահին մայրցամաքը կրկին պիտի տօնի իր յաղթանակը:
"Մենք պայքարում ենք յանուն բնիկ եւրոպացիների` պահպանելու համար մեր մշակոյթը, մեր ինքնութիւնը, մեր պետութիւնն ու քրիստոնէութիւնը", - գրել է Բրէյւիկը՝ պնդելով, որ մահմեդականների հետ "երկխօսելու ժամանակն արդէն սպառւել է":
Մանիֆեստում Բրէյւիկը ներկայացրել է նաեւ իր երկարաժամկէտ ու կարճաժամկէտ նպատակները՝ Եւրոպայից ամենավերջին մահմեդականի արտաքսումից մինչեւ Կոնստանդնուպոլսի ազատագրումը, Մեծ Հայաստանի, Յունաստանի ու Սերբիայի վերականգնումը: Ըստ Բրէյւիկի, Բոսնիան ու Ալբանիան պէտք է քարտէզից դուրս թողնւեն, թուրքերը բնակւեն միայն Կենտրոնական Անատոլիայում եւ պատասխան տան հայերի ցեղասպանութեան համար:
Հայերի, նրանց բնաջնջման ու Մեծ Հայքի վերականգման հարցը բաւական յաճախ է հանդիպում Բրէյւիկի օրագրում, մանրազնին ներկայացւած են ոչ միայն Պարսկաստանի, Օսմանեան կայսրութեան տիրապետութեան տակ հայերի կրած տառապանքները, այլեւ ղարաբաղեան պատերազմն ու դրա հետեւանքները:
"Խաչակրաց արշաւանք՝ Ալ-Ղաիդայի մեթոդներով", - փաստել է իտալական "Կորիերա դէ լա սերա" պարբերականը՝ ընդգծելով, որ մանիֆեստում բազմաթիւ ընդհանրութիւններ կան մահմեդական ծայրայեղական խմբաւորումների գաղափարախօսութիւնների հետ:
Արեւմտեան գերտէրութիւնները, ինչպէս նաեւ Հայաստանը խստօրէն դատապարտել են Նորւեգիայում տեղի ունեցած ահաբեկչութիւնները:

 

Յոյս թիւ 104

10 Օգոստոս 2011