ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԿԱՐԾԵՍ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Նայիրա Հայրումեան

 


Արտահերթ ընտրութիւնների անցկացում պնդող Հայ ազգային կոնգրեսը Յունիսի 30-ին տեղի ունեցած հանրահաւաքի ժամանակ յայտարարել է իր ամառային արձակուրդի մասին եւ իշխանութիւններին մինչեւ Սեպտեմբեր ժամանակ է տւել, որպէսզի նրանք կողմնորոշւեն երկխօսութեանը մասնակցելու հարցում:
Սակայն արդէն ակնյայտ է, որ Սեպտեմբերից յետոյ արտահերթ ընտրութիւններից խօսելն անիմաստ կը լինի, քանի որ երկիրը կը մտնի նախընտրական շրջան` խորհրդարանական ընտրութիւնները կանցկացւեն 2012 թ. գարնանը:
Հանրահաւաքի մասնակիցները որոշեցին հերթական հանդիպումն անցկացնել Օգոստոսի 1-ին, սակայն շատերը կատակում էին, որ աւելի լաւ կը լինի հաւաքւեն Սեւանայ լճի ափին` միեւնոյն է, քաղաքական յայտարարութիւններ չեն լինելու, գոնէ հնարաւոր կը լինի հանգստանալ լաւ ընկերակցութեամբ: Երէկւայ հանրահաւաքն առանձնանում էր սակաւաթիւ մարդկանցով, ու թէեւ ընդդիմութեան առաջնորդները փորձել են բացատրել դա սեզոնային պասիւութեամբ, սակայն ակնյայտ է, որ Կոնգրեսի հանդէպ հետաքրքրութիւնը զգալիօրէն նւազել է` իշխանութեան հետ երկխօսելու փորձի պատճառով: Նախեւառաջ հիասթափւել է ընդդիմադիր զանգւածի աւելի արմատական տրամադրւած մասը, որը համոզւած է, որ իշխանափոխութեան հնարաւոր է հասնել միայն հասարակական ճնշումն ուժեղացնելով եւ իշխանութիւններին հարկադրելով հրաժարական տալ: Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանի խաղաղասիրական ժեստերը համոզել են նրա համախոհներից շատերին, որ Կոնգրեսը չի "ճնշում" եւ չի պատրաստւում յեղափոխութիւն անել: Բողոքող զանգւածի միւս մասը չի հասկանում, թէ ինչպէս Կոնգրեսը, որը մինչ օրս ներկայիս իշխանութիւններին թաթար-մոնղոլական էր անւանում, կարող է բանակցութիւնների գնալ այն մարդու հետ, որին մեղադրում են իշխանութիւնը բռնազաւթելու մէջ: Նոյնիսկ դաւաճանի համբաւ ունեցող Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարեանը մեղադրել է Լեւոն Տէր-Պետրոսեանին կոնիւնկտուրային քաղաքականութեան մէջ: 2008 թ. ընտրութիւններից յետոյ ընդդիմադիր թեկնածու Բաղդասարեանը կոալիցիա է մտել Սերժ Սարգսեանի հետ եւ մինչ օրս արդարանում է այդ քայլի համար: Նա յայտարարել է, որ Տէր-Պետրոսեանն այժմ անում է այն, ինչում է մեղադրում էր Բաղդասարեանին 3 տարի առաջ: Իշխանութիւնում էլ լուրջ չեն վերաբերւում Կոնգրեսի պահանջներին: ՀԱԿ-ին միանգամայն կարող է բաւարարել նշանակւած ժամկէտից մէկ շաբաթ ուշ անցկացւած ընտրութիւնների անցկացումը, միայն թէ դրանք "արտահերթ" կոչւեն: Այս մասին երէկ յայտարարել է ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլեանը: Նա ընդգծել է, որ դա արւում է միակ ընդդիմադիր ուժի գոյութեան տպաւորութիւն ստեղծելու համար: Իսագուլեանը յայտարարել է, որ իշխանութիւնը Կոնգրեսի մէջ չի տեսնում ընդդիմութեան մարմնացում: Կոնգրեսի նախկին եւ ներկայիս համախոհների համար ամենաանհասկանալի հարցը նրա նպատակն է: Տէր-Պետրոսեանը հանրահաւաքում հաւատացրել է, որ ՀԱԿ-ի նպատակը ոչ թէ անպայման իշխանութեան հասնելն է, այլ լեգիտիմ իշխանութեան ձեւաւորումը, աւելին, եթէ արդար ընտրութիւնների ընթացքում յաղթի որեւէ այլ քաղաքական ուժ, ապա ՀԱԿ-ը կը շնորհա-ւորի նրան: Դա նշանակում է, որ Կոնգրեսը չի բացառում, որ կարող է "համոզել" իշխանութեանը "արդար" ընտրութիւններ անցկացնել, որի ընթացքում կը յաղթեն ներկայիս իշխող ուժերը, որին Կոնգրեսը մեղադրում է ներքին եւ արտաքին քաղաքականութեան ձախողման, գաւառականութեան եւ դիլետանտութեան մէջ: Սոցիալական ցանցերում բուռն բանավիճում են այս հարցի առնչութեամբ, եւ դրա մասնակիցները հակւած են այն կարծիքին, որ Կոնգրեսի նպատակը ոչ թէ ներկայիս իշխանութիւնը փոխելն է, ինչպէս յայտարարւում էր աւելի վաղ (ինչն էլ մարդկանց ձգում էր դէպի ՀԱԿ), այլ խորհրդարանում ինչ-որ թւով մանդատներ ստանալը: Ու թէեւ երէկւայ հանրահաւաքում ընդդիմութեան առաջնորդները յայտարարում էին, որ Սերժ Սարգսեանին կարող է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի եւ Թունիսի նախկին նախագահ Բեն Ալիի ճակատագիրը վիճակւել, ակնյայտ է, որ Կոնգրեսն այս երեք տարիների ընթացքում զսպել եւ չափաւորել է հանրութեան ըմբոստութիւնը, եւ այժմ չի կարող յոյս դնել, որ հանրութիւնը արաբական երկրների պէս դուրս կը գայ փողոց` իշխանութեան հրաժարականի պահանջով: "Եթէ իշխանութիւնները սահմանւած ողջամիտ ժամկէտում երկխօսութեան չգնան, ապա մեր օրակարգում կը մնայ ընդամէնը մէկ պահանջ, այն է` նախագահ Սերժ Սարգսեանի եւ իշխող կոալիցիայի անվերապահ հրաժարականը",- յայտարարել է Տէր-Պետրոսեանը հանրահաւաքում: Սա նոյնպէս տարակուսանք է առաջացրել, քանի որ այս պահանջն ամէն անգամ առաջ է քաշւել 2008 թ. ընտրութիւններից յետոյ: Փոխարէնը` Տէր-Պետրոսեանը յայտարարել է, որ Կոնգրեսն ուշա-դրութիւնը կենտրոնացնելու է Մարտի 1-ի գործի բացայայտման վրայ: Նա ասել է, որ իրենց չի գոհացնում հետաքննութեան ներկայիս ընթացքը: Տէր-Պետրոսեանը կարծում է, որ անհրաժեշտ է հարցաքննել ոստիկաններին, որոնք հրազէն են կիրառել: Նրանք իրենց վրայ մեղք չեն վերցնի եւ կասեն, որ զէնք կիրառելու հրաման են ստացել վերե-ւից, եւ այդպէս գործը կը հասնի մինչեւ Սերժ Սարգսեան, ասել է Տէր-Պետրոսեանը: Ընդ որում նա յայտարարել է, որ քննութեան առարկան բախումների ժամանակ 10 մարդկանց սպանութիւն-ների բացայայտումն է: Դա նշանակում է, որ Կոնգրեսը չի պնդի, որպէսզի դատական քննութեան ընթացքում քննարկւի ընտրութիւնների կեղծման եւ իշխանութեան բռնազաւթման հարցը, որն էլ դարձել է յետընտրական հանրահաւաքների եւ բախումների պատճառ:


Հայաստանի լուրերի եւ վերլուծութիւնների աղբիւր` www.armenianow.com

Յոյս թիւ 102

13 Յուլիս 2011