Ո՞վքեր են իսկական մեղաւորները


ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹԵԱՆ ԱՃԸ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՐԻԱԼՆԵՐԸ

Կոլիա Տէր Յովհաննիսեան


Վերջերս "Շանթ" հեռուստաընկերութեան Հորիզոն հաղորդման մէջ ասւեց, որ Հայաստանում վերջին մէկ տարւայ ընթացքում երկու անգամով աճել է սեռական բռնութիւնների տոկոսը երեխաների ու կանանց նկատմամբ:
Հաղորդմանը կցւած տեսանիւթի մէջ, փողոցում հարցուփորձւող անցորդները տարբեր տեսակէտներ էին արտայայտում այս պախարակելի երեւոյթի մասին: Արտայայտած տարբեր կարծիքները մէկ ընդհանրութիւն ունէին. կենցաղային դժւար պայմանների ու զրկանքների հետեւանքով սրւում են մարդու բնազդային ու գազանային հակումները: Ոչ ոք չխօսեց (գուցէ նշւեց, բայց չսփռւեց) հէնց նոյն կամ այլ հեռուստակայաններից ցուցադրւող հայկական սերիալների հնարաւոր վատ ազդեցութեան մասին: Այստեղ, օրը ցերեկով, շատ հանգիստ աղջիկ են առեւանգում, մարդկանց պատանդ վերցնում, կանանց բռնաբարում, ծեծում են երեխաներին, իրար "լխկում" կամ "գիւլլում" են ու մնում` անպատիժ, իսկ եթէ պատժւում են, ապա սերիալի վերջին սերիաներում, այսինքն միջին հաշւով մէկ կամ երկու տարի յետոյ (խօսքը, յանուն շահի երկարող ու ձգձգւող սերիալի տեւողութեան մասին է), որի ընթացքում ոչ միայն մոռացւում են մէկի կատարած առաջին յանցագործութիւնները, այլեւ անպատիժ մնացած բացասական կերպարը հասցնում է գործել նոր մեղքեր:
Եթէ Հայաստանի կեանքին անծանօթ մէկին բախտ վիճակւի դիտել հայկական սերիալները, հետաքրքիր է, ի՞նչպիսին կը լինի նրա տպաւորութիւնը աշխարհում առաջինը քրիստոնեայ դարձած եւ դարաւոր մշակոյթ ունեցող այս երկրի մասին:
Դատելով սերիալներից, թւում է, թէ Հայաստանում մարդ չկայ, որ տանը զէնք չունենայ, որեւէ կերպ չառնչւի յանցագործ կլաններից մէկին, վթարի, ծեծւելու եւ արտառոց հիւանդութիւնների պատճառով հիւանդանոց ընկած չլինի եւ այլն, եւ այլն (բոլոր հիւանդանոց ընկածների վիճակն էլ սկզբում անյոյս է, բայց յետոյ "հրաշքով" ոտքի են կանգնում, կամ երբեմն մեռնում, նայած դերասանի ու տւեալ հեռուստաընկերութեան մէջ կնքւած պայմանա-գըրի): Յանցանքից յետոյ, առաջին հերթին, ոստիկանութիւնը չեզոքացւում է յանցագործների կողմից, օրինակ՝ զոհի հօրը բջջայինով յղւած սպառնալիքով, որն, ի դէպ, հնչում է լկտի, փողոցային ոճով, ծռւած բերանով կամ կարմրած աչքերի վայրենի արտայայտութեամբ.
-Դէ, հիմա ուշադիր լսի՝ ինչ եմ ասում, եթէ ձէն ես հանում կամ դիմում միլիցեքին, էրեխուդ սֆաթը էլ չես տենում...
Որքան էլ անհամոզիչ ու թոյլ են մատուցւած կադրերը, անհերքելի է դրանց բացասական ազդեցութիւնը մատաղ սերնդի վրայ: Ճիշտ է, ոմանք պնդում են, որ սերիալները ընդհանրապէս այնքան էլ հեռու չեն իրական լինելուց, բայց որքանո՞վ է անհրաժեշտ տւեալ անբարոյ տեսարանների ցուցադրումը, յատկապէս, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ ֆիլմերում գոյները, այսպէս թէ այնպես, խտացւած են: Առանց այն էլ, Հայաստանում բաւականին "պարարտ" է կանանց՝ սեռական բռնութեան ենթարկելու ենթահողը, որին նպաստում է տղամարդկանց կողմից կանանց երկրորդական համարելու հոգեբանութիւնը, "լաւ տղերքով" հաւաքւած՝ խմիչքի, յատկապէս օղու չարաշահումը, սեւ ապակիներով մեքենաները (մեծ մասամբ ջիպեր), որոնց մէջ ինչ էլ արւի, դրսից ոչ ոք ոչինչ չի նկատի, փողոցներում բաց հագնւած, մարմնի բարեմասնութիւնները գրգռիչ կերպով ցուցադրող "որսերը", եւ որ կարեւորն է, յանցագործների ուղեղներում բոյն դրած այն ճղճիմ գիտակցութիւնը, որ մղւած ամօթից կամ իր ապագան խորտակւած չտեսնելու մտահոգութիւնից, ինչպէս նաեւ արդարադատութեան օրգանների հանդէպ ունեցած անվստահութիւնից՝ ոչ մի կին, բռնաբարւելուց յետոյ, չի դիմելու ոստիկանութեանը, մէկ է, հարուստ կամ բարձր կոչում ունեցող հայրը կամ եղբայրը կը բացի քսակը, եւ ամէն բան կաւարտւի առանց պատժի:
Իսկ հայկական սերիալները ասես իւղ են լցնում կրակի վրայ՝ բորբոքելով կրքերն ու վատ հակումները: Վերցնենք օրինակ "Արմենիա" հեռուստաընկերութեամբ ցուցադրւող "Ո՞ւր է իմ տղամարդը" սերիալը, որի մէջ Էդիթայի հայրը խոստովանում է Վահագն անունով իրաւաբանին՝ իր աղջկան առեւանգողներին մի քանի հազար դոլար "չնչին" գումար վճարելու եւ պետական օրգաններին չբողոքելու իր ընդունած որոշման մասին: Կամ ասենք Հ1-ի "Աննա" սերիալում. դիսկոտեկից դուրս գալիս՝ երկու երիտասարդ առեւանգում ու բռնաբարում են Արեւիկին: Ճիշտ է, յանցագործները հէնց նոյն գիշեր մահանում են վթարի հետեւանքով (երեւի Աստւած է պատժում...), բայց եթէ այդ վթարը տեղի չունենար, Արեւիկի հայրը՝ պարոն Գնունին կամ եղբայրը՝ Նարեկը երբէք չէին դիմի ոստիկանութեանը: Դէպքի յաջորդ օրը նրանք նոյնիսկ տխրում եւ ափսոսում են, որ չկան յանցագործները, որպէսզի իրենց ձեռքով հաշւեյարդար տեսնեն ու "գրողի ծոցը" ուղարկեն նրանց... Դրական հերոսի այս ցանկութիւնը, արդեօ՞ք, օրէնքը շրջանցելու կամ արհամարհելու արտայայտութիւն չէ: Մէկն ասի՝ այս բոլորից ի՞նչ պիտի սովորի նոր կեանք մտած պատանին:
Հարց է առաջանում, երբ քաղաքական ոլորտում մասամբ կասեցւում է խօսքի ազատութիւնը, փակւում են ընդդիմախօս ԶԼՄ-ներ, ինչո՞ւ պետութիւնը, ի դէմս Մշակոյթի Նախարարութեան, չի վերահսկում կամ կասեցնում սնկի պէս շատացող, եթէ ոչ բոլոր, ապա հակադաստիարակչական ու անբովանդակալից սերիալների թողարկումը:
Այսպէս գնայ՝ երեխաների եւ կանանց նկատմամբ սեռական բռնութիւնների տոկոսը իջնելու փոխարէն, արդեօք, չի՞ արձանագրւի աւելի բարձր աճ:
Իսկ հասարակական այս տխուր փաստի մատնանըշումը "Շանթ"-ի կողմից, իրօք, սրտացաւութի՞ւն է, թէ՞ սերիալների վատ ազդեցութիւնը քօղարկելու անյաջող ճիգ:

 

Յոյս թիւ 101

29 Յունիս 2011