ՈՉ ՄԻ ՀԱՅ ԻՐԱՒԱՍՈՒ ՉԷ ԱՌԱՆՑ ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ ԹՈՅԼՏՒՈՒԹԵԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՏԱՆԵԼ
 

Ռ.Ս.
 

Մայիսի վերջին օրերին, երբ միայն երկու շաբաթ էր մնացել Իրանի նախագահական ընտրութիւններին, ի վերջոյ Թեհրանի հայոց թեմի թեմական խորհուրդը գլխի ընկաւ, որ վատ չի լինի օգտագործելով ընտրութիւնների թէժ մթնոլորտը, հանդիպումներ կազմակերպել թեկնածուների հետ, համայնքի պահանջները նրանց ներկայացնելու նպատակով։ Այդ ժամանակ, իհարկէ, արդէն բաւական ուշ էր, եւ բնականաբար ոչ իրենք թեկնածուներն էին կարող համադրել իրենց սեղմ ժամանակացոյցը՝ այդ հադիպումներին անձամբ ներկայ գտնւելու համար, եւ ոչ էլ հնարաւոր էր ապահովել համայնքի պատկառելի դէմքերի ներկայութիւնը։ Արարատ-ի Շահբազեան փոքրիկ սրահն անգամ յաճախ լիքը չէր եւ ամէն ինչ խօսում էր այն մասին, որ այդ հանդիպումները կազմակերպւել են միայն մի բան արած լինելու եւ հաւանական քննադատութիւնները կանխելու համար, եւ ոչ թէ՝ ելնելով իրական համոզմունքից, որ համայնքը ամէն դէպքում պիտի մասնակցի երկրի հասարակաքաղաքական իրադարձութիւններին։
Եւ ահա, այսպիսի պայմաններում էր, որ Միր-Հոսէյն Մուսաւիի համակիր մի խումբ հայեր, իրենց հայ հայրենակիցներին հրաւիրում են Էթելաաթ օրաթերթի հաւաքատեղին՝ իրենց նախընտրելի թեկնածուի հետ հանդիպմանը մասնակցելու։ Այս միջոցառումը ինչպէս սպասւում էր անհետեւանք չի մնում եւ մեր ազգային իշխանութիւնների պաշտպան Ալիք-ը, իր Մայիսի 30-ի համարի առաջին էջում, հրապարակ է իջնում եւ խարազանում նախաձեռնողներին, թէ ինչպէս են համարձակւել շրջանցելով ազգային իշխանութիւնները, այդպիսի հանդիպում կազմակերպել։ Ալիք-ը գրում է, որ դա սանձարձակութիւն է, ազգափրկութեան ամբիցիաների տհաս դրսեւորում։ Ըստ Ալիք-ի դա անձնական քայլ է՝ համայնքի անունից։
Մի քիչ աւելի ծանրանանք այս վերջին գնահա-տականի վրայ։ Ի՞նչ է նշանակում անձնական, երբ պարզ է, որ դա մի խումբ մարդկանց գործն է, որոնք պարզապէս համակրում են Մուսաւիին։ Արդեօք դա չի՞ նշանակում, որ ցանկացած միջոցառում, հաւաքական կամ համայնքային կարող է համարւել, եթէ այն կատարւում է միայն եւ միայն ազգային իշխանութեան կողմից։ Ասես կայ մի հաւաքական միայն, եւ դա էլ նրանցն է։
Սակայն այստեղ ան-տեսւում է համայնքի ան-դամների՝ որպէս Իրանի քաղաքացի ունեցած ամենատարրական իրաւունքը։ Չէ՞ որ եթէ նոյնիսկ այս ազգային իշխանութիւնը իրապէս ներկայացնում է իրանահայութեանը՝ ամբողջութեամբ, բայց եւ այնպէս դա այն իմաստով չէ, որ երկրի մասշտաբով ընթացող նման իրադարձութեան պարագայում իրանահայերը չեն կարող բոլոր իրանցիների կողքին հաւաքական անկախ որեւէ աշխատանք կատարել։
Ի դէպ, հէնց Էթելաաթ-ի ձեռնարկին աւելի մեծ թւով մարդիկ էին մասնակցել, քան դրա միւս օրը Արարատ-ում կայացած Մուսաւիի ներկայացուցչի հանդիպմանը։ Դա ի՞նչ վնաս կարող էր բերել ազգային իշխանութիւններին։ Ալիք-ի յօդւածագիրը, ասես, ինքն էլ զգում է, որ ինչքան անտրամաբանական են իր խօսքերը եւ անընդհատ շեշտում է, որ՝ իհարկէ ընտրութիւնների մթնոլորտում նման բաներ բնական եւ ընդունելի են։ Սակայն այդ դէպքում էլ խօսքն ինչի՞ մասին է։
Ըստ իս՝ յիշեալ յօդւածից կարելի է երկու եզրակացութիւն կատարել.
Նախ ՝ համայնքը չպիտի պաշտպանի ոչ մի թեկնածուի (սրա մասին կարելի է երկար խօսել, սակայն մի ուրիշ գրութեամբ)։
Երկրորդ՝ որն աւելի կարեւոր է, այն, որ եթէ անգամ նախաձեռնութիւնը ճիշտ ու տեղին էլ լինի, ապա դա պիտի լինի մեր միջոցով, կամ առնւազն մեր թոյլտւութեամբ ու վերահսկողութեամբ։ Մի խօսքով, ճիշտ չէ, որ գտնւում են մարդիկ, որ գործում են առանց ազգային իշխանութեան հետ համադրելու (այսինքն՝ առանց նրա իրաւունքի), եւ որպէս հայեր փոխյարաբերութեան մէջ են մտնում լայն հասարակութեան հետ։
 

Յոյս թիւ 52
17 Յունիս 2009