ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՋԻՆ ԱՆՑՈՒԴԱՐՁԵՐԸ


Դոկտ. Ռուբիկ Սարդարեան

ԹՀԹ-ի Պատգամաւորական Ժողովի անդամ


Իրանահայ մամուլի՝ մեր համայնքի կեանքի արտացոլման հարցը քննարկւելիք հարցերից է, միգուցէ տարբեր մօտեցումներ գոյութիւն ունենան այս կապակցութեամբ։ Որոշները գտնում են, թէ համայնքային կեանքը իբրեւ բաւարար ձեւով արտացոլւում է, որոշները՝ անբաւարար եւ որոշներն էլ մտածում են, թէ շատ մակերեսօրէն եւ ընդհանուր ձեւով է արտացոլւում։ Ես աւելի շատ հակւած եմ վերջին կարծիքին, այդ իսկ պատճառով կաշխատեմ անդրադառնալ մեր համայնքի կեանքի վերջին ամիսների կարեւոր մի քանի հարցերի, որոնք աւելի քիչ տեղ են գտել իրանահայ մամուլում։

Հայաստան-Սփիւռք համագործակցութեան նախագծի քննարկում
Հայաստան-Սփիւռք համագործակցութեան նախագիծ էր պատրաստւել ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից, որը համայնքում քննարկելու նպատակով ուղարկւել էր մեր համայնքի ազգային իշխանութեան գործադիր մարմնին՝ Թեմական Խորհրդին։ Նրանք այդ քննարկումն անց կացրին շատ փոքրաթիւ (ազգայինների ու կուսակցութիւնների) շրջանակում եւ համայնքը դրա մասին անտեղեակ մնաց։ Որոշ ժամանակ անց, մեր գործադիր մարմինը ստացաւ այդ նախագծի երկրորդ տարբերակը, այդ մասին տեղեկացրեցին միութիւնների նախագահներին կամ վարչականներին, սակայն նրանց չտրամադրւեց այդ նախագծի բովանդակութիւնը, այլ միայն յայտարարւեց, թէ ովքեր հետաքրքրւած են, կարող են առաջնորդարանից ստանալ։ Թեմական Խորհուրդը կազմակերպեց մի սեմինար, որտեղ նախօրօք տեղեակ պահելով կարող էին մասնակցել միութիւնների ներկայացուցիչներն ու հետաքրքւողները։ Սեմինարին նախագծի շուրջ տարբեր թեմաներով 5 զեկուցաբեր էին մասնակցում, որոնցից 4-ը կուսակցական էին՝ դոկտ. Լեւոն Դաւթեանը, որը Կիլիկիայի ազգային ժողովի ներկայացուցիչն է ԹՀԹ-ում, Ալիք օրաթերթի գըլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը, Արարատ կազմակերպութեան նախկին նախագահ Հենրիկ Խալոյեանը եւ ԹՀԹ-ի դիւանի փոխատենապետ Էմիլ Մնացականեանը եւ մէկը միայն անկուսակցական՝ Իրանահայ Ազգային ու Մշակութային Միութեան նախագահ եւ Թեհրանի Ազատ համալսարանի հայագիտական ամբիոնի վարիչ դոկտ. Անդրանիկ Սիմոնեանը։ Այդ սեմինարի մասնակիցների 80 տոկոսից աւելին ծանօթ չէին նախագծին, չնայած մինչ սեմինարը ՀՀ Սփիւռքի նախարարութեան կողմից լոյս էր տեսել նախագծի երրորդ տարբերակը, որի մասին տեղեակ չէին նոյնիսկ կազմակերպիչների մեծ մասը։ Ցաւալի երեւոյթ էր, որ այդ սեմինարին հրաւիրւած չէր իրանահայ մամուլը։ Սեմինարի մասին վերջնական եզրակացութիւնները կատարել է Թեմական Խորհուրդը, ուստի բացի իրենից, ոչ ոք տեղեակ չէ, թէ ինչ եզրակացութիւն է ներկայացւած Սփիւռքի նախարարութեանը՝ որպէս իրանահայերի մօտեցումների փաթեթ։ Այդ կապակցութեամբ ԹԽ-ի նախագահ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը նշեց, որ Սփիւռքի նախարարութեան կողմից շտապողականութիւն է եղել եւ նրանք դրա առիթը չեն ունեցել, սակայն հիմա կարելի է համայնքին տեղեակ պահել, թէ որն է մեր գործադիր մարմնի եզրակացութիւնները այդ սեմինարից։ Առաջարկում ենք, որ այն ներկայացւի իրանահայ մամուլին, որպէսզի համայնքը նոյնպէս տեղեակ լինի իր անունից ուղարկւած նիւթի մասին։

Իրանում ՀՀ դեսպանի գործունէութեան ժամկէտի աւարտը եւ մամուլի բացակայութիւնը
Իրանում ՀՀ դեսպանի գործունէութեան ժամկէտի աւարտի ու հրաժեշտի միջոցառումները նոյնպէս մեր համայնքում հետաքրքրութիւն ներկայացնող երեւոյթներից էին։ Շատ դրական պէտք է համարել Արարատ կազմակերպութիւնում կազմակերպւած ՀՀ դեսպանի հրաժեշտի միջոցառումը իրանահայերի հետ, սակայն այստեղ կրկին բացակայում էր իրանահայ մամուլը, որը կրկին հրաւիրւած չէր, որպէսզի կարողանային պաշտօնապէս արտացոլել այդ երե-
ւոյթը։

ՀՀ նախագահի այցը Իրան եւ իրանահայերի հետ հանդիպումը
ՀՀ նախագահի այցը Իրան եւ իրանահայերի հետ հանդիպումը նոյնպէս կարեւոր երեւոյթ էր մեր համայնքի համար։ Այստեղ նոյնպէս անտեսւած էր իրանահայ մամուլը եւ չէր հրաւիրւել այդ միջոցառմանը։ ՀՀ նախագահ Ս. Սարգսեանը Արարատ-ի իր ելոյթում խոստացաւ եւ ընդգծեց, որ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնները եւ սահմանի բացումը պայմանաւորած չէ Ղարաբաղի կամ ցեղասպանութեան հարցով եւ իրանահայութիւնը ծափողջոյններով դիմաւորեց եւ գնահատեց նախագահի մօտեցումը։ Սակայն, երբ Ապրիլ 24-ի նախօրէին հռչակւեց ժամանակներ առաջ սկիզբ առած հայ-թրքական բանակցութիւնների արդիւնքը կամ համաձայնագիր ճանապարհային քարտէզ անւանումով եւ երբ արդէն Դաշնակցութիւնը Հայաստանի իշխանութեան կոալիցիայից դուրս էր եկել, եւ այդ մասին տեղեակ էին միայն կուսակցականները եւ ընդհանուր յայտարարութիւն չէր արւել այդ մասին, կուսակցութիւնը չարաշահօրէն օգտագործեց համայնքում Մեծ եղեռնի ոգեկոչման միջոցառումները եւ սկսեց հարցականի տակ տանել Թեհրանում ՀՀ նախագահի արտասանած մտքերը, բացասական արտայայտութիւններ հնչեցին ՀՀ արտաքին քաղաքականութեան, յատկապէս Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների գործընթացի վերաբերեալ, որի հետ համաձայնւել էր նաեւ Դաշնակցութիւնը։ Այս երեւոյթի նկատմամբ ԹՀԹ-ի բարեխնամ Առաջնորդ Տ Սեպուհ Արք.Սարգըսեանը նաեւ զգաց, որ իր պարտքը պէտք է կատարի նախ կուսակցութեան հանդէպ եւ ապա արտացոլի իր մտահոգութիւնները, մինչդեռ երբ մեր Առաջնորդը եւ Թեմական Խորհրդի նախագահ դոկտ. Այիդա Յովհաննիսեանը դեռ լրիւ չէին տիրապետում Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հարցերի մանրամասնութիւններին, չպէտք է առաջնորդւէին կուսակցութեան դիրքորոշմամբ, չէ՞ որ նրանք ոչ թէ դաշնակցութեան, այլ իրանահայութեան ներկայացուցիչներն են եւ կարող էին որոշակի ժամանակից յետոյ արտացոլել իրենց գնահատականները կամ մտահոգութիւնները։ Խնդրեմ, հիմա նրանք թող ներկայացնեն եւ հիմնաւորեն իրենց մտքերը եւ ասեն, թէ որտեղ են նշւած այդ նախապայմանները Հայ-Թրքական յարաբերութիւններում։ Խորհուրդ կը տանք մեր սիրելի Առաջնորդին եւ գործադիր մարմնի ատենապետին շտապողականութիւն չցուցաբերեն եւ չուղղորդւեն կուսակցութեան դիրքորոշումներով, չէ՞ որ նրանք համայնքի ներկայացուցիչն են, իսկ Առաջնորդը, այդ ձեւով հարցականի տակ է տանում նաեւ իր հեղինակութիւնը, որը մեր համայնքի համար դրական երեւոյթ չէ։

Նոր Թեմական Խորհուրդ
Մայիս ամսին ԹՀԹ-ի գործադիր մարմնի՝ Թեմական Խորհրդի երկամեայ աշխատանքները աւարտւեցին եւ պէտք է Պատգամաւորական ժողովի միջոցով նոր Թեմական Խորհուրդ ընտրւէր։ Նախկին Թեմական Խորհրդի կազմում համայնքում առկայ բոլոր կողմերը նպատակայարմար էին գտել, որ երկու հոգի ոչ կուսակցական կամ ոչ էլ կուսակցութեան համակիր ընդգրկւեն ԹԽ-ի կազմում. որոշակի բանակցութիւններից յետոյ համաձայնութեան ստեղծման նպատակով այդպէս էլ արւեց։ Սակայն այս անգամ կուսակցութիւնը ոչ դաշնակցական շարքերում համախմըբւածութեան բացակայութիւնից օգտւելով որդեգրեց կոշտ դիրքորոշում եւ չցանկացաւ հանդուրժել որեւէ անկուսակցականի իր կազմում։ Միայն իրեն արդարացնելու կամ որոշների աչքին թոզ փչելու համար ԹԽ-ի կազմում ընդգրկեց դոկտ. Հրաչ Խաչատրեանին, որը, ըստ իրեն՝ Ոչ այս կողմ է եւ ոչ էլ՝ այն կողմ։ Այդպէս էլ է, եւ նա իր փորձը ցոյց է տւել նախկինում երկու տարի ԹԽ-ի անդամ լինելու ընթացքում։ Բայց չէ՞ որ մեր պահանջը եւ նախկին համաձայնութիւնը միասնականութեան կամ համագործակցութեան համար էր։ Կուսակցութեան նման կոշտ դիրքորոշումը բերեց նրան, որ Պատգամաւորական ժողովում ԹԽ-ի ընտրութիւնների ժամանակ մեր պետութեան ներքին գործերի նախարարութան ներկայացուցչի ներկայութեամբ, որպէս բողոք, պատգամաւորների 20 տոկոսը սպիտակ թերթիկ յանձնեցին։ Հետաքրքիր է մեր կուսակցութեան առաջնորդները կամ մեր հոգեւոր Առաջնորդը, որոնք իրենց լռութեամբ հաստատեցին կուսակցութեան կոշտ դիրքորոշումը, եզրակացնեն թէ, ո՞ր մոդելն է ձեռնտու մեր համայնքի շահերին՝ հանդուրժե՞լ երկու ոչ կուսակցականներին եւ հող պատրաստել միասնականութեան եւ համագործակցութեան համար, թէ՞ պետական ատեանների մօտ խայտառակ լինել։ Կուզենայինք կուսակցութիւնը որպէս քաղաքական ուժ, ներկայացնէր իր եզրակացութիւնը, այն կուսակցութիւնը, որ հայրենիքում դեմոկրատիայի եւ ժողովըրդավարութեան ու միասնականութեան ջատագովն է, թող նոյն մոդելով առաջնորդւի եւ դիրքորոշումներ անի նաեւ համայնքում։

Միութիւններում
Միութիւնների մասին, որպէս նորութիւն, պէտք է նշենք, որ ընտրւել է Սիփան ՄՄ միութեան նոր վարչութիւնը, որը իր դիրքորոշումներով տարբերւում է իր նախորդից։ Մաջիդիէ թաղամասի Նայիրի ՄՄ միութեան վարչութեան ընտրութիւնները նաեւ պէտք է տեղի ունենայ մօտ ապագայում։ Այդտեղ հետաքրքիրն այն է, որ դաշնակցականամէտ վարչութիւնը չի երկարացնում անդամակցութեան տոմսերը՝ անկախ կամ կուսակցութեանը կուրօրէն չենթարկւող անդամների, դրա վառ օրինակն է միութեան լեռնագնացների խմբի հարցը, որն աշխատում են լուծարել եւ անդամներին զրկել անդամակցութիւնից։ Այդ ուղղութեամբ արդէն նախապատրաստւում են, հող են պատրաստում, որպէսզի որեւէ ոչ կուսակցական կամ ոչ համակիր անհատ մուտք չգործի ապագայ վարչութեան կազմի մէջ։
Տեղի ունեցան նաեւ Իրանահայ Ազգային ու Մշակութային Միութեան պատգամաւորական խորհրդի ընտրութիւնները, որը ընտրում է միութեան վարչութեանը։ Այս միութեան շուրջ տարբեր կարծիքներ գոյութիւն ունեն։ Նախկին ընտրական շրջանում մի հսկայ խաւ տարբեր պատճառներով պասսիւացաւ եւ մասնակից չդարձաւ կամ մըթնոլորտը իրաւունք չտւեց մասնակցելու միութեան աշխատանքներին։

Լեւոն Ահարոնեանի յուշերը պարսկերէն լեզւով
Արդէն տեղեակ ենք, որ լոյս է տեսել մեր համայնքում եւ հայրենիքում յայտնի, մեծ բարերար, ազգային գործիչ, Յոյս ամսագրի արտօնատէր, Իրան-Հայաստան Բարեկամութեան միութեան նախագահ պրն. Լեւոն Ահարոնեանի յուշերը պարսկերէն լեզւով։ Նա իր երկհատորում արտացոլում է վերջին մի քանի տարիների ընթացքում եւ Իրանի Իսլամական Յեղափոխութիւնից յետոյ մեր համայնքի կեանքի տարբեր ծալքերը։
Շատ քչերն են համարձակութիւն ունեցել անդրադառնալու այս ժամանակահատւածի պատմական անցուդարձերին։ Այս գիրքը բարձր գնահատականների է արժանացել ու դրա հետ մէկտեղ տարբեր կարծիքների ու գնահատականների պատճառ դարձել։ Ոչ դաշնակցական թեւի մի խումբ ազգայիններ այն կարծիքի են, որ պրն. Լեւոն Ահարոնեանը այն երեւոյթների հետ, որ ինքն է շփւել արտացոլել է, անտեղեակ լինելով շատ իրականութիւններից, որի հետեւանքով ոչ իրական է ներկայացրել որոշ պատմական երեւոյթներ։ Պրն. Սուրէն Համբարչեանը մի կարճ կարծիք է յայտնել, բայց դա գնահատւում է շատ մեղմ եւ յատուկ տեղեկութիւններ չփոխանցող գրութիւն։ ԻԱՄ Միութիւնը պատրաստւում է սկզբից մի նամակով հանդէս գալ, յոյս ունենալով, որ հետագայում փոքրիկ գրքոյկով կանդրադառնայ այդ գըրքում արծարծւած տարբեր հարցերին եւ կը ներկայացնի որոշ իրականութիւններ, որոնց մասին պրն. Լ. Ահարոնեանը տեղեկացւած չի եղել կամ չի շփւել։ Սա դրական պէտք է համարել մեր համայնքի կեանքում, որ վերջապէս սկսւում է երկխօսութիւնը համայնքի պատմութեանը վերաբերւող տարբեր հարցերի շուրջ եւ յոյս պէտք է ունենալ, որ այս երկխօսութիւնները կը յանգեցնեն իրական պատկերի ու պատմութեան գրանցմանը մեր համայնքի կեանքում։

28.06.2009

Յոյս թիւ 54
15 Յուլիս 2009