ՅՈՅՍ-Ի ԱՐՏՕՆԱՏԷՐ ԵՒ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՐԵԿԱՄՈԻԹԵԱՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԸ ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԸ ԵՐԿՊԱՌԱԿՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ԵՒ ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏԻ ՀԵՏ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Սրբազան Արք. Սեպուհ Սարգսեան
Հարցնում եմ ձեզանից, ինչու՞ որպէս թեմի առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի Թեհրան այցելութեան ժամանակ Յոյս երկշաբաթաթերթին որպէս իրանահայ մամուլի անդամ, չէիք հրաւիրել Արարատ մարզաւանում Հայաստանի նախագահի ընդունելութեան ձեռնարկին։ Ինչո՞ւ կրկին Յոյս-ին չէիք հրաւիրել Հայաստան-սփիւռք հայեցակարգը քննարկող համաժողովին, որը կազմակերպել էր Թեհրանի Թեմական խորհրդը, եւ ոչ էլ ՀՀ դեսպանի բարի երթի երեկոյին։ Այսպիսով ուզում էք համայնքային կեանքից մեկուսացնել Յոյս երկշաբաթաթերթը, որը արդէն երկու տարի է կանոնաւոր հրատարակւում է Իրանի Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան պաշտօնական արտօնութեամբ։ Այդպիսով, հեռանալով ձեր առաքելութիւնից, դուք ջլատում ու երկպառակտում էք մեր համայնքը, որը խիստ կարիք ունի միասնութեան։ Սակայն դրանով այլախոհներին համայնքի կեանքից մեկուսացնելու փոխարէն, դուք ինքներդ էք հեռանում համայնքի մի մասից։ Եթէ վերոյիշեալ միջոցառումները կազմակերպւած լինէին որեւէ միութեան կողմից, այդ ժամանակ ոչ մի խօսք, որովհետեւ դա այդ միութեան սեփական ձեռնարկը կը լինէր։ Բայց քանի որ դրանք կազմակերպել էր Թեմական խորհուրդը, որը ներկայացնում է ողջ համայնքը, դա նշանակում է, դրանք համարւում են ամբողջ համայնքի ձեռնարկներ եւ ոչ թէ միայն այս կամ այն հատւածի ։ Մենք մեր թերթի թիւ 48-ում անդրադաձանք այս հարցին, բայց ոչ մի պատասխան ձեր կողմից։ Ինչպէս ասում են, մեզ մարդի տեղ չդրեցիք եւ շարունակեցիք ձեր ընթացքը։ Գերաշնորհ սրբազան հայր, իմ տեսակէտից անընդունելի եւ դատապարտելի է ձեր կիրառած մօտեցումը։ Խնդրում եմ վերջ տւէք նման երկպառակտիչ քաղաքականութեանը։
Թոյլ տւէք աւելի պարզ խօսել։ Այն կազմակերպութիւնը, որն իր ձեռքն է առել ազգային մարմնների ղեկը, եթէ չի կարողանում հանդուրժել մի երկշաբաթաթերթի գոյութիւնը իր կողքին, հապա ինչպէ՞ս հայրենիքում մասնակցում է նախագահական եւ այլ ընտրութիւններին։ Որի՞ն հաւատանք։ Հայաստանում ժողովրդավարութեան մասին արտասանած ճառերին թէ՞ Թեհրանում կիրառած միապետական ընթացքին։
Մի երկու խօսք էլ Թեհրանի Թեմական խորհրդի ատենապետ Օր. Դոկտ. Այիդա Յովհաննիսեանին։ Սիրելի Այիդա, ես քեզ շատ լաւ եմ ճանաչում։ Դու ուսանել ես Անգլիայում, որ աշխարհի ամենաժողովրդավարական երկրներից մէկն է եւ դոկտորութեան վկայականդ ստացել ես այնտեղ։ Դու մի պայծառամիտ անձնաւորութիւն ես, որ նոյնիսկ եթէ ցանկանաս, չես կարող դիկտատորի դերը խաղալ։ Քեզ նման ուսում ունեցող անձնաւորութիւնը յանձնախմբերի խաղալիքը չպիտի դառնայ։ Բոլորը գիտեն, որ երբ այնինչ անձնաւորութիւնը ընտրւում է ընտրական յանձնախմբի նախագահ, այլեւս չի կարող խօսք լինել արդար ընտրութիւնների մասին, եւ երբ նա դառնում է թեմական խորհրդի անդամ, անպայման մի երկու ազգային կալւածներ վաճառւում են։ Հիմա այդ կարգի անձնաւորութեան նշանակումը որպէս ՀՀ նախագահի այցն Արարատ կազմակերպող յանձնախմբի նախագահ, շատ իմաստաւոր է։
Սիրելի Այիդա, Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան տնօրէնին գրած նամակիդ մէջ նշել էիր, որ Լեւոն Ահարոնեանին Ապրիլի 14-ին ՀՀ նախագահի հետ իրանահայութեան հանդիպմանը հրաւիրել էիք որպէս նախկին Թեմական խորհրդի ատենապետ։ Գիտես, այդ ժամանակւանից արդէն 23 տարի անցել է։ Ինչպէս պարսիկ պետական այրերն են ասում, այդ պաշտօնը արդէն լոնգէ համամ է, այսինքն բաղանիքի ցամքոց է, որը պաշտօնավարի փոփոխութեամբ անցնում է նոր պաշօտեային։ Ես թեմական խորհրդի լոնգը թողնելուց յետոյ, ինչպէս բնաւորութիւնս է, պարապ չեմ նստել։ Նախ մի խումբ ընկերներիս հետ ստեղծեցինք Իրան-Հայաստան առեւտրի պալատը, որը մեծ դեր է կատարել երկու երկրների տնտեսական յարաբերութիւնների զարգացման, ինչպէս եւ Արաքս գետի վրայ կամուրջի կառուցման գործում։ Այս ծառայութիւնների համար ես պարգեւտրւել եմ ժամանակի ՀՀ վարչապետ յանգուցեալ Անդրանիկ Մարգարեանի կողմից։ Իմ սեփական միջոցներով հրատարակել եմ Լոյս եւ յետոյ Յոյս պարբերականները, Հայաստանում ու ԱՄՆ-ում ստեղծել եմ Հայ Դպրոց հիմնադրամը, որը մինչեւ այսօր Հայաստանի սահմանամերձ շրջանների դպրոցների քսան հազարից աւել աշակերտների տրամադրել է նոր աթոռ-սեղաններ։ Երկու տարի է, ինչ մասնակցել եմ Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան հիմնադրման, որի հիմնադիրներից ես նաեւ դու։ Մի խօսքով, անդադար աշխատել եմ եւ 23 տարի չեմ մնացել հին լեյտենանտի պաշտօնում, հասել եմ գնդապետի պաշտօնի։
Կրկնում եմ խնդրանքս. աշխատէք համայնքում միասնութիւն ստեղծել։ Դա այնքան էլ դժւար բան չէ։ Ընդունեցէք, որ ուրիշներ էլ գոյութիւն ունեն ձեր կողքին։ Յարգէք իրանահայ մամուլը առանց խտրականութեան։

Լ. Ահարոնեան

Յոյս թիւ 50
20 Մայիս 2009