Իրանահայ մամուլի խորհրդակցական հանդիպում


Յոյս երկշաբաթաթերթի եւ Իրանահայեր լրատու ցանցի նախաձեռնութեամբ, Սեպտեմբերի 11-ին Յոյս-ի գրասենեակում տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում, իրանահայ մամուլի հարցերը քննարկելու օրակարգով։ Ներկայ էին մի շարք թերթերի եւ վեբլոգների ներկայացուցիչներ, որոնք միանման մտահոգութիւններ յայտնեցին մամուլի նկատմամբ համայնքում տիրող մտայնութեան մասին։ Այդ մասին պատրաստւեց մի համատեղ յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ։
Ներկաները նաեւ յոյս յայտնեցին, որ գալիք նիստերին ներկայ լինեն բացակայ թերթերը՝ Ալիք-ը, Պայման-ը, Վարդան Դաւթեանի վեբլոգը եւ այլ հրատարակութիւններ, քանի որ իրօք համայնքի մամուլը, անկախ գաղափարական եւ քաղաքական տարբերութիւններից, ունի միանման հարցեր եւ դժւարութիւններ։

Կոչ ազգային իշխանութիւններին
 

Ճանաչել եւ յարգել մամուլի դերը իրանահայ համայնքի կեանքում
 

Նկատի ունենալով մամուլի կարեւորութիւնը ժամանակակից աշխարհում` որպէս չորրորդ իշխանութիւն եւ հասարակական կեանքը դիտող, քննարկող, արտացոլող եւ քննադատող ուժ, իրանահայ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ներքոյ ստորագրող ներկայացուցիչներս, գտնելով, որ ցաւօք մեր համայնքի ազգային իշխանութիւնների, ինչպէս նաեւ ընդհանուր առմամբ հանրութեան մօտ ճիշտ կամ ամբողջական պատկերացում գոյութիւն չունի լրատւամիջոցների դերի մասին, որն իր հերթին վնասում է մամուլի գործունէութեանն ու արդիւնաւէտութեանը, 2009 թ. սեպտեմբերի 11-ին կայացած խորհրդակցական հանդիպման ընթացքում որոշեցինք սոյն կոչով շեշտել հետեւեալ հանգամանքները`
Հարկ է ազգային իշխանութիւնները, միութիւնները եւ այլ հաստատութիւնները իրենց պատասխանատու զգան մամուլի նկատմամբ` մի կողմ թողնելով ծածուկ ու թաքուն աշխատելու ոճը` հանդէս գան աշխատանքային լիակատար թափանցիկութեամբ: Պարզ է, որ նման դրական աշխատելաոճով նրանք հնարաւորութիւն կունենան մամուլի միջոցով իրենց աշխատանքները ներկայացնել հանրութեանը, ապահովել հանրութեան մասնակցութիւնը, շահել նրա վստահութիւնը եւ հանդուրժողականութեամբ լսել հանրութեան ձայնը, որի արտայայտման ամենաազդեցիկ միջոցներից մէկն է մամուլը: Ուստի եւ անհրաժեշտ է յարգել ամենաառաջնային սկզբունքը` կազմակերպւած բոլոր ձեռնարկների եւ հաւաքների մասին տեղեակ պահել եւ հրաւիրել մամուլի ներկայացուցիչներին: Մինչ օրս, ոչ միայն չի յարգւել համայնքի կենսունակութիւնն ապահովող այս հրամայականը, այլ ընդհակառակը` յաճախ, խոչընդոտել են թղթակիցների եւ ֆոտոլրագրողների անկաշկանդ գործունէութիւնը:
Այս ուղղութեամբ հաւատացած ենք, որ մեր թեմերի պատգամաւորական ժողովների հանդիպումները, բացառութեամբ առանձին դէպքերի, պիտի լինեն դռնբաց, ինչպէս կարգն է աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններում. միթէ մեր պատգամաւորները իրենց ընտրողներից թաքցնելու բան ունեն կամ քննարկում են այնպիսի հարցեր, որոնք անվտանգութեան առումով աւելի զգայուն են, քան պետութիւններինը:
Ցանկանում ենք շեշտել, թէ որեւէ անձնաւորութեան, ձեռնարկի կամ աշխատանքի քննադատելը թշնամական վերաբերմունք չէ: Քննադատել չի նշանակում արհամարել կամ նոյնիսկ թերագնահատել ներդրւած ջանքն ու աշխատանքը: Ընդհակառակը, որեւէ երեւոյթ քննադատութեան խոշորացոյցի տակ առնելը նշանակում է լուրջ վերաբերման առարկայ դարձնել, արժեւորել կատարւածը, թերութիւնների սրբագրումով էլ աւելի արդիւնաւէտ դարձնել այն: Իսկ իրանահայ մամուլը տուժում է ազգային մարմինների եւ հանրութեան մօտ քննադատութեան մասին սխալ հասկացողութեան առկայութեան պատճառով:
Ներքոյ ստորագրողներս մտադիր ենք շարունակել մեր հանդիպումները վերոյիշեալ հարցերի համար բաւարար լուծումներ գտնելու նպատակով: Այսու հրաւիրում ենք պատասխանատու մարմիններին, նոյնպէս մեր բացակայ գործընկերներին, ներկայ գտնւեն իրանահայ մամուլի խորհրդակցական հանդիպումներին եւ ըստ արժանւոյն գնահատեն մեր կոչը եւ ասպարէզում ներդրւած ջանքը:

Յոյս երկշաբաթաթերթ
Իրանահայեր լրատւական ցանց
Արաքս շաբաթաթերթ
Լոյս ամսագիր
Նոր Ալիք վեբլոգ
papier de liberte վեբլոգ
Հայաստան-Իրան վեբլոգ

 

Յոյս թիւ 59

23 Օգոստոս  2009