ԽՈՀԵՐ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Քարմէն Ազարեան

Իրանահայութեան գաղթը դէպի ԱՄՆ մեր առօրեայ զրոյցների անպակաս մասն է կազմում։ Հիւրասիրութիւններում, հայկական դպրոցներում ու միութիւններում, բոլորը իրարից հարցնում են, թէ ի՞նչ են արել։ Դիմե՞լ են, թղթերն ուղարկե՞լ են, փողը մուծե՞լ են, Աւստրիայի վիզան առե՞լ են, ... սակայն մամուլը եւ ընդհանրապէս գրաւոր ու պաշտօնական խօսքը շատ քիչ է անդրադառնում այս իրավիճակին։ Այսպիսով մամուլը հեռանում է իրական կեանքը արտացոլելու իր առաքելութիւնից։ Այսպիսի մտահոգութեամբ է, որ տպագրում ենք հետեւեալ յօդւածները, որոնք բնականաբար իրենց հեղինակների անձնական կարծիքներն ու տպաւորութիւններն են։ Ուրախութեամբ կը հրատարակենք այս մասին համայնքի մտաւորականների եւ մեր ընթերցողների նիւթերը։


ԼՈՒՍԱՄՈՒՏԻՍ ՏԱԿ ԳԱՂԹԻ ՈՒՐՒԱԿԱՆՆ Է ԹԱՓԱՌՈՒՄ
Վաղուց արդէն առօրեայ զրոյցի թեմա է դարձել գաղթը։ Բոլորը եւ ամենուր խօսում են այն մասին թէ լաւ է գնալ թէ մնալ։ Հէնց այնպէս յիշեցի Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ ստեղծւած տարօրինակ դրութիւնը։ Ճռռալով բացւել էին ծանր ու երկաթեայ ամուր դռները, իսկ ներսում փակւած մարդիկ իրար էին անցել։ Գաղթի ուրւականը թեւածում էր ամենուր եւ բոլորը միեւնոյն հարցն էին կրկնում՝ գնա՞լը կը փրկի թէ՞ մնալը։ Ոմանք, ընդ որում ոչ փոքրաթիւ մարդիկ, գտնում էին թէ՝ գնալը, իսկ աւելի յամառ հայրենասէրները պնդում թէ՝ մնալը, եւ վերջապէս գտնւեցին այն խորամանկ հաշւենկատները, որոնք գտնելով ոսկեայ միջինը յայտարարեցին՝ ոչ գնալը կը փրկի եւ ոչ էլ մնալը, այլ՝ գնալը-գալը, գնալը-գալը։ Այս խումբը նրանք էին, ովքեր այդ նեղ օրերին գնալ-գալով արտածում էին ինչ որ գտնէին, եւ ներածում ինչ որ ասես, եւ դրանով իսկ մեծ կարողութիւն իրացնում։
Ինչ խօսք, երեւում է մեզ՝ իրանահայերիս առաջ միակողմանի մի ելք է միայն թողնւել, որից հապըշտապ դուրս թռչել են ուզում արդէն ոչ այս կամ այն յատուկ խաւը, այլ՝ բոլորն անխտիր։ Սրանով էլ օրաւուր հալչում ու նոսրանում է երբեմնի մեծ ու հզօր համայնքը։
Ժամանակները շատ են փոխւել եւ դարեր դիմացած հայրենազուրկ իրանահայը, կարծես ի վերջոյ ստիպւած է լքել հայրենիքի հարեւանութեամբ գտնըւող այս անկիւնը եւ չւել շատ հեռաւոր ափեր, որտեղից, ըստ երեւոյթին, այլեւս վերադարձի յոյսեր չկան։

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆՈՒՄ
Ականջիս են ընկնում ծանօթ բառեր՝ Աւստրիա, յաճախ պարսկերէն արտասանութեամբ՝ Օթրիշ, վիզա, Գլենդէլ,.... Երեխաներ են զրուցողները.
- Մենք շատ ժամանակ է վիզայի ենք սպասում։
- Մերն էկելա, արդէն ապրանքներն էլ ծախել ենք։

Ներս են մտնում, մի տեսակ անվստահ ու տատանւող քայլերով մի զոյգ։ Մօտենում են քարտուղարուհու գրասեղանին։ Միջին տարիքի են երկուսն էլ 50-ի մօտ։ Կինը մի տեսակ հարցական հայեացքով նայում է ամուսնուն եւ նրա խեղճացած տեսքն ու լռութիւնը տեսնելով, հարցն ուղղում է քարտուղարուհուն.
- Կը ներէք, էստեղ մեծերի համար էլ դասարաններ ունէ՞ք։
- Այո, իհարկէ, Ձե՞զ համար էք ուզում, ինչքա՞ն էք իմանում, նախկինում էլ սովորե՞լ էք։
Կինը կրկին հայեացքն ուղղում է ամուսնուն։ Երեխայի դերում յայտնւած տղամարդը, դարձեալ լուռ է։ Հետեւաբար կինն աւելի ինքնավստահ փոխարինում է նրան.
- Ամուսինս է ուզում,- գլխով ցոյց է տալիս տղամարդուն ու շարունակում,- ոչինչ չի իմանում, A,B, C, D,-ից պիտի սկսի։
Քարտուղարուհին անյարմար դրութիւնն ասես զգալով, հարցն ուղղում է գլխիկոր, հայեացքը յատակին յառած տղամարդուն.
- Ի՞նչ ժամերի էք ուզում, որովհետեւ ձեզ նման մի քանիսն էլ կան, ուզում ենք առանձին դասարան կազմել, եթէ կարող էք սպասել, մի քիչ սպասէք, եթէ ոչ ստիպւած պիտի մասնաւոր ուսուցիչ վերցնել։
Այս անգամ տղամարդն է հարցական նայում կնոջը, որն անմիջապէս շտապում է ասել.
- Ժամանա՞կ,... ճիշտն ասած շատ ժամանակ չի մնացել, վիզայի ենք սպասում։

Մինչ նրանք շարունակում էին զրոյցը, հայեացքով հետեւում էի տղամարդու ընդունած դիրքին ու տեսքին եւ ակամայ լցւում խղճահարութեամբ ու մտածում՝ ի՞նչ է սպասում ովկիանների այն կողմում այսպիսիներին։ Արդեօք այս խղճուկ պաշարով ու A,B,C,D,-ով կարե՞լի է զարգացած աշխարհ մուտք գործել եւ վայելել այն բարիքները, որոնց կարօտից ելած կտրում են այս երկար ուղին՝ թողնելով ամենայն ինչ. այն բոլորն ինչ վաստակել են երկար տարիների ընթացքում։

Կինն ասես իմ հայեացքից թափանցեց հոգուս խորքն ու ընկալեց մտքերս, որով նայելով ինձ անսպասելիօրէն յայտարարեց.
- Ինչ արած, ուրիշ ճար չունենք, ամիսներ է կարգին գործ չունի, խանութ ունէր, թարհ-ի մէջ ընկաւ, դրանից յետոյ չի կարողանում ուրիշ տեղ գործ դնի։ Մտածանք Ամիրկայում ասում են գործ շատ կայ, դէհ, մենք էլ մնացածի նման, մի պատառ հաց էլ մեր համար կը ճարւի......

Աստւած իրենց հետ, թող որ հէնց այդպէս լինի...

Հեւիհեւ, արագ ներս է մտնում երիտասարդ ու գիրուկ մի կին՝ պատանի որդու ձեռքը բռնած.
- Անգլերէնի դասարանների համար ենք եկել, ե՞րբ են սկսում։
- Ո՞ւմ համար էք հարցնում, նրա՞,- ցոյց տալով տղային։
- Այո, ինձ համար էլ խօսելու՝ մոքալեմէի դասարան ունէ՞ք։
- Այո, առաւօտեան են լինում կանանց դասարանները, շաբաթը երեք օր։
- Յետոյ, կարծում էք ինչքա՞ն կը տեւի, որ ճանապարհ ընկնենք։
- Գոնէ 6 ամիս, իհարկէ դա էլ կախւած է ձեզանից ու ձեր գիտելիքներից։
- Վե՜ց ամի՞ս։ Բայց մենք մինչեւ երեք ամիս պիտի գնանք, կարծում էք չե՞նք հասցնի։
- Չեմ կարող ասել, բայց երեւի այդքանն էլ սովորէք, ոչնչից աւելի լաւ է։

Տարօրինակ է։ Միամիտ պատկերացումներով միամիտ մարդիկ՝ քամուց քշւած, որ թերեւս իրենք էլ չգիտեն, ինչպէս եղաւ, որ վիզան յայտնւեց իրենց ձեռքերում, երբ նոյնիսկ չեն հասցրել մի բառ սովորելու չափ նախապատրաստւել երազային աշխարհ գաղթելու համար։ Գիտի միայն այնքանը, որ հազիւ 10-12 տարին բոլորած տղան պիտի բարձրագոյն ուսում ստանայ զարգացած աշխարհում։
Աստւած նրանց էլ պահապան, բայց եւ այնպէս, սկսեցի մտքով սաւառնել վերջին 2-3 տասնամեակների ընթացքում Ամերիկայում հաստատւած հարազատներիս, հին ու նոր ծանօթներիս, ընկերներիս ու բարեկամներիս աշխարհում՝ փորձելով այդ մտաւոր մարդահամարի միջոցով պարզել, թէ քանի- քանիսն են բարձրագոյն ուսում ստացել, կամ գոնէ առանձին մի հմտութեամբ ու մասնագիտութեամբ փայլել։ Ցաւօք, արդիւնքը սպասածիցս էլ աւելի տխուր էր՝ մատնահաշւից էլ քիչ։ Այս ընթացքում զարմանալիօրէն նկատեցի, որ թէեւ շատերի հետ կապի մէջ եմ, բայց եւ այնպէս քչերի աշխատանքը գիտեմ։ Չէ՞ որ խօսքը այդ մասին դառնալիս, յաճախ զրուցակիցներս խուսափում են այն շարունակել։
Այդուհանդերձ, աղօթենք այսպիսիների համար եւս։ Թող, որ սրանք էլ գտնեն իրենց երազների աշխարհը, իրական աշխարհում։

ՎԱՍՏԱԿԱՒՈՐ ՈՒՍՈԸՑՉԻ ՀՐԱԺԵՇՏԸ
Բազմավաստակ ուսուցիչ, մտաւորական ու մշակութային գործիչ էր, տարիքն առած, թոշակի անցած։ Ամերիկեան հանրայայտ պտուտահողմերից մէկն ի վերջոյ նրան եւս կլանեց ու տարաւ՝ չգիտես ուր շըպըրտելու։ Սրտումս խիստ ցաւ զգացի նրան հրաժեշտ տալիս։ Նա կարծես ակամայ ենթարկւած իր ճակատագրին, թւում էր թէ գոհ է կատարւածից. ի վերջոյ, չէ՞ որ իր երեխաներին միանալու էր գնում։ Բայց եւ այնպէս զգացի, որ հոգու խորքում պատկերն այլ է, յատկապէս, երբ փորձեց ինձ մօտ նոյնիսկ արդարանալ (բայց միթէ նա մե՞ղք էր գործում), շեշտելով թէ՝ ախր արդէն տարիք ենք առել եւ առանց երեխաների այստեղ շատ մենակ ենք եւ...
Իհարկէ, ես շտապեցի նրան հանգստացնել.
- Իսկապէս շատ դժւար է, իրաւունք ունէք...
Եւ մտքումս սկսեցի ծամծմել այդ իրաւունք ունէք-ը, որը արտաբերել էի մի տեսակ մեծահոգաբար, հաստատելով իր որոշումը։ Բայց արդեօք դա ասելիս անկե՞ղծ էի, թէ՞... Արդէն բարի ճանապարհ էի մաղթել ու հրաժեշտ տւել, բայց դեռ մտքումս նրա արդարացում-ն ու իմ պատասխանած երկու բառերն էին, որոնք երեւի կասէի նոյնութեամբ, եթէ նոյնիսկ ինքն ասած լինէր՝ սիրտս ուզում է՝ գնում եմ, կամ ասենք՝ գնում եմ մի նոր աշխարհ տեսնելու։ Միեւնոյն է, ես լքել-հեռանալու այդ իրաւունքը տալու էի իրեն։ Բայց երանի յատկապէս նրան եւ նրապէսներին կարողանայի ասել՝ ոչ, եւ մի կերպ չթողնէի հեռանալ։ Չէ՞ որ նրանք իրենց ամբողջ կեանքում ապրել են ոչ միայն իրենց համար եւ բազում կապերով կապակցւած են եղել մեզ՝ համայնքի մէկ առ մէկ անդամներին։ Եւ հիմա...

Յոյս թիւ 58

9 Սեպտեմբեր  2009