Հարցազրոյց Պատգամաւորական Ժողովի 12-րդ եւ 13-րդ շրջանների պատգամաւոր Ալբերթ Քոչարեանի հետ
Բոլորս դէպի Ազատ, իրական եւ արդար ընտրութիւններ

 

Պատգամաւորական Ժողովի 13-րդ շրջանը մօտենում է իր աւարտին։ Ինչպէ՞ս էք գնահատում դրա աշխատանքները։
Բազմիցս խօսւել է Պատգամաւորական ժողովի կարեւորութեան մասին, նաեւ ձեր թերթում, յաճախ ասւում է, որ Պատգամաւորական Ժողովը մեր բարձրագոյն օրէնսդիր մարմինն է, որն անշուշտ ճիշտ է, բայց նաեւ կարեւոր է Պատգամաւորական Ժողովի գործունէութիւնը թեմիս ընթացիկ աշխատանքների վերաբերեալ, որն իմ կարծիքով վերջին տարիներին դրական առաջընթաց է ունեցել, այն իմաստով, որ այդ ժողովը աւելի ակտիւ եւ դերակատար է եղել։
Պատգամաւորական ժողովի աշխատանքները երեք ոլորտներում է կատարւում. նախ օրէնսդրական ոլորտն է, երկրորդ՝ գործադիր մարմինների, (օրինակ թեմական խորհրդի, կամ թեմական խորհրդի ենթակայ մարմինների) անձնակազմի ընտրութիւնը եւ դրանց գործունէութեան վերահսկումը, երրորդ, ծրագրաւորման որորտը, որին քիչ ուշադրութիւն է դարձւել, սակայն պահանջը, յատկապէս վերջին տարիներին խիստ զգացւում է։
Օրէնսդրական բնագաւառում ես 13-րդ շրջանի աշխատանքը դրական եմ գնահատում, օրինակ մշակւեց եւ հաստատւեց մասնագիտական յանձնաժողովների (քոմիսիոնների) կազմաւորման որոշումը։ Ունենք երեք յանձնաժողով, որոնք նախքան հարցերի քննարկումը Պատգամաւորական ժողովում ու-սումնասիրում են այս խնդիրները եւ իրենց եզրակացութիւնը ներկայացնում Պատգամաւորական ժողովին. դրանք են՝ բիւջէտային եւ տնտեսական հարցերի յանձնաժողով, հասարակական հարցերի յանձնաժողով, եւ կրթական, մշակութային եւ երիտասարդութեան հարցերի յանձնաժողով։ Սրանք միայն զեկուցում են Պատգամաւորական ժողովին եւ բնաւ գործադիր մարմիններ չեն։
Երկրորդ՝ որոշում կայացաւ կրօնական խորհուրդը աւելի սերտ կապի մէջ լինի Պատգամաւորական ժողովի հետ, զեկուցի Պատգամաւորական ժողովին, որով այս կարեւոր խորհրդի տեղը վարչական կառոյցում աւելի յստակեցւեց։
Երրորդ՝ ներքին կանոնակարգերի (Այիննամէ դախելի) մշակումն, որի ուղղութեամբ մեծ աշխատանք է տարւել, բայց գործը դեռ անաւարտ է։
Օրէնսդրական աշխատանքները թէեւ աւելի ներքին բնոյթ ունեն, բայց միաժամանակ շատ կարեւոր են։
Գործադիր մարմինների աշխատանքների բնագաւառում, ասեմ, որ Պատգամաւորական Ժողովը թեմական խորհրդի, ենթակայ մարմինների եւ հաշւեքննիչ մարմնի երկու տարի մէկ նշանակման գործը կատարել է նորմալ։ Ծրագրաւորման բնագաւառում դեռ շատ անելիք կայ. յոյսով կարողանանք աւելի հեռանկարային նայել հարցերին եւ մեր թեմի համար մշակենք հայեցակարգ եւ երկարատեւ ծրագրեր, ասենք՝ մինչեւ 2020 թւականի համար։
Լինելով նաեւ նախկին, 12-րդ , շրջանի պատգամաւորականի անդամ, գործող Պատգամաւորական ժողովի աշխատանքները համեմատաբար աւելի արդիւնաւէտ եմ գնահատում։ Խօսակցութիւնները աւելի պարզ էին, պատգամաւորները աւելի դերակատար էին որոշումների գործընթացում, աւելի շատ առիթ կար մտքերի ազատ արտայայտման ու փոխանակման համար, եւ ընդհանրապէս բանակցութիւնները բաւականին թափանցիկ էին։ Իհարկէ կային նաեւ թերութիւններ, դրանցից մէկը որոշ պատգամաւորների չափից աւելի բացակայութիւններն էին, որով աշխատանքը դժւարանում էր, կամ երբեմն էլ արծարծւում էին այնպիսի հարցեր, որոնք ըստ իս Պատգամաւորական ժողովի պարտականութիւնների շրջանակի մէջ չէին։

Օրինակ ի՞նչ հարցեր։
Օրինակ՝ մի քանի առիթներով որոշ միութիւնների հարցերն արծարծւեցին Պատգամաւորական ժողովում, մինչդեռ ես մտածում եմ, որ միութիւնները անկախ կառոյցներ են, դրանց աշխատանքների գնահատման կամ թէկուզ գոյութեան մասին, Պատգամաւորական Ժողովը չի կարող որեւէ գնահատական կամ որոշում տալ։
Յամենայն դէպս, գործող Պատգամաւորական ժողովի գործունէութիւնը ես բարձր եմ գնահատում, բայց դա չի նշանակում, որ թերութիւններ չեն եղել կամ անելիքներ չկան։ Գիտենք, որ մեր համայնքում ազգային իշխանութեան որոշ մարմինների կամ անհատների գործելակերպի դէմ բողոքներ կան, չարտայայտւած խօսքեր, եւ երբ առիթ է լինում խօսելու, բողոքողը շատ խօսքեր ունի ասելու, որոնք ծանրացել են նրա սրտի վրայ, հիմա այդ խօսքերը ինչքանով ճիշտ են կամ սխալ, դա ուրիշ հարց է, բայց պիտի առիթը լինի, որ մարդիկ կարողանան իրենց կարծիքն արտայայտել։ Պիտի մեխանիզմներ կիրառւեն այդ ուղղութեամբ։

Խօսւում է թեմի կանոնագրութեան վերամշակման մասին, ի՞նչ է ձեր կարծիքը։
Կարիք կայ նաեւ մեր թեմի կանոնագրութեան վերամշակման։ Իմ կարծիքով դա պիտի լինի թեթեւ վերանայում, ասենք 10-12 յօդւածների սահմանում։ Հիմնական կառոյցը նոյնն է մնալու։ Նախ որովհետեւ կարիքը չկայ, երկրորդ, որովհետեւ մենք չենք կարող մեր թեմի համար մշակել այնպիսի կառոյց, որ հակասի Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսեան կանոնագրութեան ոգուն։ Օրինակ երբեմն խօսք է գնում այն մասին, որ ՊԺ-ի ընտրութիւնները լինեն համամասնական եւ մեծամասնական եղանակներով (Հայաստանն ունենալով օրինակ), որը չի նախատեսւել Կիլիկիոյ կաթողիկոսութեան կանոնագրութիւնում։
Չպիտի մոռանանք նաեւ, որ մեր ազգային առաջնորդարանը եւ մեր թեմը նախ եւ առաջ կրօնական կառոյց է։ Մենք հասարակական կազմակերպութեան կամ մի անկախ երկրի օրինակով չենք կարող առաջնորդւել։

Գալիք ընտրութիւններն արդար ընտրութիւններ լինելու համար, ի՞նչ պիտի անել։
Գիտենք, որ ընտրութիւնները ժողովրդավարութեան հիմնասիւներից է։ Ընտրութիւնները պիտի լինեն ազատ, իրական եւ արդար։ Ընտրութիւնների արդարութիւնը շատ դժւար է մեկնաբանել, բայց այսօր այդ կապակցութեամբ մի հարց գոյութիւն ունի, այն է պատգամաւորների թւի հարցը, այսինքն՝ իւրաքանչիւր շրջան քանի՞ պատգամաւոր կարող է ունենալ։ Մեր թեմը բաժանւում է Թեհրանի եւ միւս քաղաքների ընտրաշրջանների։ Միւս կողմից, ՊԺ-ի անդամների մէկ-եօթերորդը հոգեւորականներ են։ Թեհրանը բաժանւած է հինգ թաղամասերի։ Իմ կարծիքով վերջին տարիներում ազգաբնակչութեան տոկոսային բաժանումը ինչ-որ չափով փոխւել է։ Թեհրանի հայ բնակչութեան տեղաշարժեր է տեղի ունեցել, որի հետեւանքով, ներկայացուցիչների թւային պատկերը փոխւել է։ Ներկայիս 41 պատգամաւորներ Թեհրանից են ընտրւում, 8 հոգի շրջաններից, եւ 8 հոգի էլ քահանաներ են։ Վերջին տարիներին Զէյթուն եւ Սասուն թաղամասերի բնակչութիւնների տոկոսային թիւը աւելացել է, բայց դրանց պատգամաւորների թիւը համապատասխանաբար չի բարձրացել։ ՊԺ-ի 13-րդ շրջանի ընտրութիւններում այսպէս է եղել՝. Սասուն թաղամաս՝ 13 պատգամաւոր, Կենտրոն (Ս. Սարգիս եկեղեցու շրջան)՝ 13, Զէյթուն՝ 9, Սարդարաբադ՝ 3, եւ Ս. Աստւածածին եկեղեցու շրջանը՝ 3։ Վերջին 8 տարիների ընթացքում տեղի ունեցած Պատգամաւորական Ժողովի եւ Իսլամական Խորհրդարանի ընտրութիւնները, ինչպէս նաեւ ծխականների, աշակերտութեան թիւը եւ այլ տւեալները ցոյց են տալիս, որ այս յարաբերութիւնը փոխւել է։ Աւելի ճիշտ կը լինի Սասունից 14, Կենտրոնից 11, Զէյթունից 10, Ս. Վարդանանց եւ Ս. Աստւածածին եկեղեցիների շրջաններից իւրաքանչիւրը՝ 2 պատգամաւորներ ներկայ լինեն Պատգամաւորական Ժողովում։

մեր համայնքում կան մեծ թւով անհատներ, որ չեն հետեւում այս քաղաքական գաղափարախօսութիւններին եւ աւելի ազատ, աւելի անկախ, բայց եւ ազգային են մտածում։ Սրանք, որովհետեւ որեւէ կազմակերպութեան չեն անդամակցում, աւելի թոյլ են քարոզչական իմաստով։


Այս բոլոր կանոնագրութիւններն ու օրէնսդրութիւնները վերջին հաշւով պիտի օգնեն մի շարք իրական հասարակական կամ քաղաքական հարցերի քննարկմանն ու լուծմանը, վերջին շրջանում ի՞նչ հարցեր են արծարծւել ՊԺ-ում։ Ձեր կարծիքով ի՞նչ կարեւոր հարցեր կան, որոնց քննարկման տեղն է։ Օրինակի համար ազգային կալւածների ճակատագիրը, նկատի ունենալով զանգւածային արտագաղթը, կամ ինքը արտագաղթի խնդիրը երբեւէ արծարծւե՞լ են ՊԺ-ում։

13-րդ շրջանում հիմնականում Պ.Ժ.-ի նիստերը ծանրացան թեմական խորհրդի գործունէութեան գնահատման կամ ծրագրերի հաստատման վրայ։ Եթէ թեմական խորհուրդը որեւէ առաջարկ ունի, ասենք կալւածների գնման ու վաճառման, ֆոնդերի կամ որեւէ այլ հարց, կարող է ՊԺ-ի դիւանի հետ համադրել, եւ օրակարգ դարձնել, այնուհետեւ դրա շուրջ նախ հարցումներ են տեղի ունենում, ապա ըստ էութեան կողմ եւ դէմ արտայայտութիւններ, եւ ի վերջոյ քւէարկութիւն։ Բայց չմոռանանք, որ ամէն հարց էլ ՊԺ-ի միջոցով չի կարելի լուծել։ Օրինակ, արտագաղթի հարցը, որ մտահոգում է բոլորին, այնպիսի բարդ հարց է, այնքան կողմեր ունի, որ դժւար, թէ լինի ՊԺ-ում վերջնական լուծում տալ։ Բայց եւ ՊԺ-ը կարող է դրա ուսումնասիրման կամ կասեցման համար յանձնախումբ կեանքի կոչել, կամ սեմինարներ կազմակերպել եւ այլն։

Ամէն դէպքում, անցեալ չորս տարիներում ի՞նչ հարցեր են քննարկւել ՊԺ-ում։
Ինչպէս ասացի, հիմնականում մեր գործադիր մարմինների առաջարկների քննարկումը, ասենք, կրթական, կրօնական կամ տնտեսական բնագաւառներում։ Օրինակ տարեկան բիւջէի քննարկումը մի քանի նիստ է պահանջում։ Իհարկէ, բացի տարեկան բիւջէն կան նաեւ յատուկ նախագծերի, ասենք շինարարական կամ դպրոցների վերակառուցման բիւջէներ, որոնք աւելի մեծ գումարներ են պահանջում։ Սրանք առանձին են քննարկւում։ Օրինակ վերջերս քննարկւեց մի քանի կալւածների վաճառման եւ ստացւած հասոյթից ուրիշ շէնքերի վերանորոգման կամ կառուցման մասին առաջարկութիւնը։ Դա տընտեսական բաւականին լուրջ հարց է։ Բարեբախտաբար առիթն եղաւ, որ ամէն պատգամաւոր իր խօսքն ասի։ Եւ իհարկէ վերջում քւէարկութեամբ հաստատւեց այն, թէեւ կային մի խումբ պատգամաւորներ, որոնք դէմ էին այդ կալւածների վաճառմանը։

Ասւում է թէ դուք ձեր մի շարք համախոհ մարդկանց հետ, մտադիր էք անկախ ցանկով ներկայանալ գալիք ընտրութիւններին։ Ի՞նչ կասէք այդ մասին։
Գիտէք, ցանկերը քարոզչութիւնը դիւրացնելու միջոցներ են։ Ընդհանրապէս կայ մեր աւանդական կուսակցութեան ցանկը, որն իհարկէ հրապարակւում են միութիւնների անւան տակ, բայց ժողովուրդն արդէն ճանաչում է եւ գիտի, թէ դա ինչ գաղափար կամ խօսք է ներկայացնում, յետոյ ասենք ընդդիմադիր կառոյցները, որոնք պահանջում են իրենց կարողութեան համապատասխան բաժինն ունենան ազգային իշխանութիւնում։ Բայց 12-րդ եւ 13-րդ շրջաններում եղել են մարդիկ, որոնք այսպիսի ցանկերի միջոցով չեն ընտրւել։ Այսինքն՝ մեր համայնքում կան մեծ թւով անհատներ, որ չեն հետեւում այս քաղաքական գաղափարախօսութիւններին եւ աւելի ազատ, աւելի անկախ, բայց եւ ազգային են մտածում։ Սրանք, որովհետեւ որեւէ կազմակերպութեան չեն անդամակցում, աւելի թոյլ են քարոզչական իմաստով։ Իմ անձնական ցանկութիւնն այն է, որ նման մարդիկ աւելի շատ ներկայ լինեն մեր ազգային կառոյցներում։ Սրանք մի մոռացւած խաւ են։ Նրանք ընդհանրապէս ունեն լաւ մասնագիտութիւններ, բայց որոշակի եւ յստակ քաղաքական դիրքորոշում չունեն։ Եւ դա չի նշանակաում, որ չպիտի մասնակցեն մեր համայնքի աշխատանքների մէջ։ Ես նախկին երկու շրջաններում անհատաբար եմ թեկնածութիւնս առաջադրել։ Երբ թեկնածուները առաջադրւում են ինչ-որ կուսակցութեան կամ միութեան կողմից, պիտի նկատի ունենան այդ հանգամանքը եւ այն ազատութիւնը, որ մի անկախ թեկնածու կարող է ունենալ, նրանք կարող է չունենան։ Շատ կարեւոր է, որ պատգամաւորը որեւէ կախւածութիւն չունենայ ոչ միայն քաղաքական առումով, այլ նաեւ ասենք բարեկամական կամ նիւթական առումով, որպէսզի կարողանայ ինքն իր սեփական խղճով ու մասնագիտութեամբ, եւ նկատի ունենալով ժողովրդի շահը, լաւագոյնը որոշի։ Սա իմ իդէալն է։
Մեր շրջակայքում այսպիսի անկախ թեկնածուներ կան եւ հաւանական է միանանք՝ քարոզարշաւը դիւրացնելու համար, եւ միասնական ցանկ ներկայացնենք, բայց դա չի նշանակում մենք ինչ-որ նոր հոսանք կամ շարժում ենք ընդդէմ ինչ-որ այլ ուժի։ Պարզապէս անկախ մարդիկ ենք, որ որպէսզի քարոզչութիւնը հեշտ լինի, միանում ենք իրար՝ պահպանելով իւրաքանչիւրի անհատական անկախութիւնը։ Այս թեկնածուները վստահ ինչ-որ գաղափարական ընդհանութիւններ ունեն միմեանց հետ, բայց նաեւ մօտեցումներով տարբերւում են իրարից։ Ընտրւելու դէպքում էլ նրանք կապւած չեն լինելու իրար եւ իւրաքանչիւրն իր կարծիքն է ունենալու։ Ժողովրդի մէջ էլ նման պահանջ կայ, որ աւելի մասնագէտ, աւելի ինքնուրոյն մտածող մարդիկ ներկայ լինեն։ Պատգամաւորական ժողովում որը միաժամանակ թէ՛ կրօնական եւ թէ՛ ազգային կառոյց է։

Շնորհակալութիւն։ Յոյսով ապագայում առիթ կունենանք աւելի մանրամասն զրուցելու անկախ եւ մասնագէտ թեկնածուների մասին ձեր արտայայտած մտքերի շուրջ։
Ստորեւ ներկայացւած աղիւսակների հիման վրայ, ՊԺ-ի մի շարք պատգամաւորներ առաջարկել են Թեհրանի ընտրատարածքների պատգամաւորների թիւը փոփոխութեան ենթարկել։



Յոյս թիւ 38
21 Նոյեմբեր 2008