Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պարտականութիւնները եւ աշխատանքները

 

Մեր մի այլ պարտականութիւնը փոքրամասնութիւններին վերաբերւող գրքերի հրատարակման վերահսկումն է։ Որեւէ գիրք, որեւէ լեզւով, փոքրամասնութիւնների մասին քննարկւում է մեր կողմից։

Հարցազրոյց Իսլ. առաջնորդութեան ու մշակոյթի նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի վարիչ Սաիդ Թաղաւիի հետ

Ինչպէս գիտէք, այս տարի Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօները զուգադիպել էին Մոհառամ ամսին, երբ շիա մահմեդականները սգում են Էմամ Հուսէյնի նահատակութեան տարելիցը։ Բնականաբար քիչ թէ շատ բարդ վիճակ էր ստեղծւել։ Իրանի կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող պատասխանատու մարմինները այս տարի մեծ ջանք թափեցին, որպէսզի հայերն ու ասորիները կարողանան Նոր Տարի գիշեր իրենց հանդէսներն ունենալ։ Այս մասին յաւելեալ բացատրութիւններ ստանալու համար դիմեցինք Իսլ. առաջնորդութեան ու մշակոյթի նախարարութեան Կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի վարիչ Սաիդ Թաղաւիին. ահա նրա բացատրութիւնները.

Պարոն Թաղաւի, այս տարի Նոր Տարւայ եւ Ս. Ծննդեան տօները զուգադիպել էին Մոհառամ ամսին, երբ շիա մահմեդականները սգում են Էմամ Հուսէյնի նահատակութեան տարելիցը։ Բնականաբար մի քիչ բարդ վիճակ էր ստեղծւել։ Խնդրում ենք բացատրէք ձեր գրասենեակը ի՞նչ աշխատանքներ է տարել հաւանական դժւարութիւնները կանխելու ուղղութեամբ։
Ինչպէս գիտէք, փոքրամասնութիւնների տօնակատարութիւնների եւ հանդէսների արտօնութիւնը տըրւում է մեր կողմից, իսկ դրա պատճէնը ուղարկւում է իրաւապահ ուժերի ամաքեն բաժնին՝ առ ի գիտութիւն, որպէսզի նրանք կարողանան ինչպէս իրենց պարտականութիւնն է, պահպանել ձեռնարկի կարգն ու ապահովութիւնը, եւ մեր հայրենակիցները կարողանան առանց դժւարութեան իրենց հանդիսութիւնը կատարել։
Այս տարի Նոր Տարւայ գիշերը զուգադիպել էր Մոհառամի 3-ի գիշերւան։ Մենք նկատի առնելով այս հանգամանքը՝ արդէն երկու ամիս առաջւանից սկսեցինք բանակցութիւններ վարել բարձր պատասխանատու մարմինների հետ։ Բացատրեցինք, որ մեր քրիստոնեայ հայրենակիցները ցանկանում են տօնել Նոր Տարին, իսկ մեր մուսուլման քաղաքացիներն իրենց սուգով են զբաղւելու, հետեւաբար ինչպէ՞ս կարելի է համադրել, որ առանց իրար խանգարելու երկուսն էլ իրենց արարողութիւնն ունենան։ Պատասխանատու մարմինները ցանկանում էին երկրի քրիստոնեաները անպայման իրենց տօնակատարութիւններն ունենան, սակայն զգոյշ լինեն, որ խնջոյքների ձայնն ու աղմուկը դուրս չգայ սրահներից, որ Աստւած մի արասցէ, ժողովուրդը չբողոքի կամ իրաւապահ ուժերը ստիպւած չլինեն միջամտել։
Յամենայն դէպս, մենք Ամանորեայ տօնակատարութիւնների թոյլտւութիւնը փոխանցեցինք հայերին եւ միաժամանակ իրաւապահ ուժերին, եւ ամաքեն-ի պատասխանատուներին եւս տեղեկացրինք, որ նման արտօնութիւն տրւել է երկրի փոքրամասնութիւններին։ Սա վերաբերում է Թեհրանին, որից յետոյ մենք բանակցութիւններ սկսեցինք միւս հայաշատ քաղաքների պատասխանատուների հետ, քանի որ ինչպէս գիտէք, ամէն շրջան իր առանձնայատկութիւններն ունի, ասենք Թաւրիզում զգայնութիւնները տարբեր են քան Թեհրանում կամ Սպահանում, եւ գաւառների պատասխանատուներն էլ իրենց տարբեր կարծիքներն ունեն։ Նաեւ գիտէք, որ հայկական միութիւնների սրահները չի բաւարարում Նոր Տարւայ տօնակատարութեան համար, բացի Արարատ-ից, Րաֆֆի-ից եւ այլ միութիւններից, մենք թոյլատրել էինք նաեւ 6 հիւրանոցների՝ Թեհրանում ու Քարաջում, որպէսզի Նոր Տարւայ գիշեր իրենց դահլիճները յատկացնեն այս հանդիսութիւններին, եւ պարզ է, որ հայկական միութիւններից դուրս նման տօնակատարութիւնները, իր յատուկ զգուշութիւններն էր պահանջում։ Այդ հիւրանոցներում են բնակւում մուսուլմաններ, դրանք ունեն մուսուլման սպասաւորներ ու աշխատաւորներ։ Բացի դրանից, իրաւապահ ուժերը մտահոգւած էին նաեւ հիւրանոց մեկնողների՝ սգաւոր խմբերին հանդիպելու վերաբերեալ։ Ի վերջոյ մինչեւ տաս օր Նոր Տարւանից առաջ բանակցութիւնները շարունակւում էին իրաւապահ ուժերի, գաւառների պատասխանատուների, եւ հիւրանոցների հետ, որտեղ թէ մենք խօսք տւինք եւ թէ մեր հայ ու ասորի բարեկամները խոստացան, որ համապատասխան զսպւածութեամբ ու կարգապահութեամբ չխախտել հանրութեան ընդհանուր սգոյ մթնոլորտը։ Իհարկէ, պարզ է, որ իրենք էլ տարիներ ապրելով այս երկրում լաւ հասկանում էին դրութիւնը եւ նոյնիսկ առաջարկում էին, որ այս տարի որպէս յարգանք իրենց մահմեդական հայրենակիցների, հրապարակաւ չտօնեն Նոր Տարին, սակայն մենք մտածում ենք, որ երկարատեւ կողք-կողքի ապրելու արդիւնքներից մէկն էլ այս է, որ ով սգաւոր է, կարողանայ իր սուգն ունենալ, իսկ ով էլ տօն ունի, իր տօնակատարութիւնը կատարի։ Այսպիսի զուգադիպութիւններ կարող են առաջանալ եւ չպիտի իրար խանգարել։ Կարեւորն այն է, որ կողմերը միմեանց յարգեն։ Փառք Աստծոյ, ամէն բան լաւ ընթացաւ եւ մեր քրիստոնեայ եղբայրները կարողացան առանց որեւէ խոչընդոտի իրենց Նոր Տարին տօնել։ Ես էլ իմ հերթին լաւ տարի եմ մաղթում բոլոր հայ հայրենակիցներին։

Իսկ հետաքրքիր է իմանալ, թէ ե՞րբ է հիմնւել Կրօնական փոքրամասնութիւնների հարցերի գրասենեակը եւ որո՞նք են նրա պարտականութիւնները։ Երկրորդ՝ ի՞նչ ուրիշ պետական մարմիններ եւ հաստատութիւններ են զբաղւում փոքրամասնութիւնների հարցերով եւ գործերը ի՞նչպէս են համադրւում։
27-8 տարի է, ինչ այս գրասենեակը հիմնադրւել է Էռշադ նախարարութիւնում։ Դրա պարտականութիւններն են վերահսկել սահմանանդրական օրէնքով ճանաչւած կրօնական փոքրամասնութիւնների, այսինքն՝ քրիստոնեաների, զրադաշտականների եւ հրեաների, գեղարւեստական, մշակութային, քարոզչական, մամուլի եւ կրօնական աշխատանքները։ Այսպիսով, կրօնական փոքրամասնութիւնների աշխատանքների համարեա 90 տոկոսը գտնւում են այս գրասենեակի պարտականութիւնների շրջանակում։ Իհարկէ, կայ նաեւ Ներքին Գործերի նախարարութեան քաղաքական վարչութիւնը, որի ենթաբաժիններից մէկը զբաղւում է կրօնական փոքրամասնութիւնների հարցերով եւ հիմնականում վաւերացնում է միութիւնների եւ խորհուրդների ծրագրերն ու կանոնագրերը։ Փոքրամասնութիւններին յատկացւող բիւջէն բաժանելու համար կազմւած յանձնախումբը Ներքին Գործերի նախարարութիւնում է աշխատում եւ մենք էլ այդ յանձնախմբի անդամներից ենք։ Ուրեմն, բացի ընտրութիւնների եւ միութիւնների կանոնագրերին ու ծրագրերին առնչւող հարցերից, փոքրամասնութիւնների բոլոր աշխատանքները, այդ թւում գրքերի հրատարակութիւնը, մամուլը, օտարերկրացի քարոզիչների ելումուտը երկիր, ամբողջովին մեր գրասենեակի միջոցով է կատարւում։ Համարեա ամէն շաբաթ դիմումներ ունենք հայերի, զրադաշտականների եւ հրեաների կողմից՝ հանդէսներ եւ արարողութիւններ կազմակերպելու համար։ Իհարկէ, կրօնական կանոնաւոր արարողութիւնները եկեղեցիներում եւ այլ սրբավայրերում թոյլտւութեան կարիք չունեն, քանի որ դրանք կրօնական վայրեր են համարւում, ինչպէս մզկիթները, եւ դրանցում տեղի ունեցող շաբաթական ժողովները համարւում են կրօնական արարողութիւններ։ Իսկ ակումբներում ու միութիւններում կազմակերպւող,համերգների,Զատկական տօնակատարութիւնների, Վարդանանքի եւ ընդհանուր առմամբ մշակութային ձեռնարկների ու մարզական մրցութիւնների, եւ այլ միջոցառումների, ուր որ ժողովուրդ է հաւաքւում կամ երաժշտութիւն եւ նւագախումբ է լինում, այդ բոլորի թոյլտւութիւնը մենք ենք տալիս, եւ այդ մասին տեղեկացնում իրաւապահ ուժերին, որը եւ իր հերթին տւեալ ձեռնարկի կարգն ու անվտանգութիւնը ապահովելու, երթեւեկութեան ու թրաֆիկի եւ այլ հարցերի պատասխանատուն է։ Սա մեր հիմնական գործն է։ Մեր մի այլ պարտականութիւնն էլ փոքրամասնութիւններին վերաբերւող գրքերի հրատարակման վերահսկումն է։

Ձեր նպատակն այն գրքե՞րն են, որոնք հրատարակւում են փոքրամասնութիւնների միջոցով, թէ՞ այն գրքերը, որոնց բովանդակութիւնը նրանց մասին են։
Որեւէ գիրք, որեւէ լեզւով, փոքրամասնութիւնների մասին։ Օրինակ Նայիրի հրատարակչութեան տնօրէն՝ պարոն Ամիրխանեանը, իր հրատարակելիք բոլոր գրքերը ներկայացնում է մեզ քննարկման համար։ Հայաստանի պատմութեան, իրանահայերի պատմութեան, Իրանի քրիստոնեաների պատմութեան մասին բոլոր գրքերը, անկախ հեղինակի ազգային պատկանելութիւնից, այսինքն՝ հայ լինելուց կամ ոչ հայ, ուղարկւում է մեզ՝ Էռշադի գրքի բաժինը քննարկւելու համար։ Հետաքրքիր է իմանալ, որ վերջին 7-8 տարիների ընթացքին, այն գրքերի թիւը, որ հրատարակման թոյլտւութիւն չեն ստացել, 4-5-ից չի անցել։

Գրքերը ինչպէ՞ս են քննարկւում, նպատակս այն է, որ հայերէն գրքերի համար հայերէն իմացող փորձագէտնե՞ր ունէք։
Գրքերի մեծամասնութիւնը պարսկերէն են։ Միայն ձեր գրքերի մի մասն է, որ հայերէնով է հրատարակւում. դրանք էլ հիմնականում բանաստեղծութիւններ կամ վէպ ու պատմւածք են։ Միայն, երբ գիրքը պատմական կամ քաղաքական բովանդակութիւն ունենայ, հայ խմբակցութիւնների կամ կուսակցութիւնների մասին լինի, ուր կարելի է հեղինակը մի բան գրած լինի, որ որեւէ մէկին վիրաւորի, դրանք մենք տալիս ենք մեր հայ բարեկամներից մէկին, որ թէ հայերէն գիտի եւ թէ գրքի հրատարկման կանոններին է լաւածանօթ, եւ նա էլ որոշ բաժինները թարգմանում է պարսկերէնի եւ մեզ ներկայացնում, որպէսզի մենք էլ կարողանանք կարծիք յայտնել, որ արդեօք գիրքը ուղղումների կարիք ունի՞ թէ՞ ոչ։ Երբեմն էլ, ասենք մանկական գրքերի դէպքում, երբ պարոն Ամիրխանեանը գիրքը ներկայացնում է, միայն հարցնում ենք բովանդակութիւնն ի՞նչ է, եւ վստահելով նրա ասածին, գրքի հրատարակման իրաւունքը տալիս ենք։ Ունենք նաեւ հրեայ եւ զրադաշտական փորձագէտներ, որ մեզ հետ ուղղակի կապի մէջ են։

Այսպիսով, դուք լաւ վիճակագրական տւեալներ պիտի ունենաք այս բնագաւառում։

Իհարկէ, մենք տւեալներ չենք հաւաքում, բայց եթէ դուք դիմէք Խանէ Քեթաբ կայքին, ուր Իրանում հրատարակւող բոլոր գրքերը գրանցւում են, եւ փընտըռէք փոքրամասնութիւններ եւ հայեր բառերը, կարող էք մանրամասն իմանալ, թէ ինչ գրքեր են հրատարակւել այս բնագաւառներում։
Ինչ վերաբերում է մամուլին, թերթ հրատարակոլու համար փոքրամասնութիւններն էլ դիմում են Էռշադ -ի մամուլի ենթաբաժին եւ լրացնում են դիմումի հարցաթերթիկները, սակայն դրանց հետեւելը մեր պարտականութիւնն է։ Ինչպէս գիտէք, թերթ հրատարակելու դիմումների թիւը բարձր է, եւ յաճախ երկու-երեք տարի տեւում է, որ տւեալ դիմորդի հերթը հասնի։ Սակայն մենք յաջողել ենք փոքրամասնութիւնների թերթերի արտօնութիւնը շնորհել արտահերթ։
Մեր մի ուրիշ գործը օտարերկրացի քարոզիչների Իրան ելումուտ անելու գործերի կարգաւորումն է։ Դրանք հիմնականում քրիստոնեաներ են, հայեր ու ասորիներ։ Արտգործնախարարութիւնը քարոզիչների, կամ հոգեւոր հայրերի ու քոյրերի պարագայում, որոնք աշխատում են բարեգործական միութիւններում ու ծերանոցներում, մեզանից է խորհուրդ հարցնում, եւ մենք յայտարարում ենք, որ ասենք՝ պէտք է այսինչ եկեղեցում մի եպիսկոպոս Լիբանանից կամ Իտալիայից ներկայ լինի։ Նման հոգեւոր դէմքերը Իրանում երկարատեւ բնակութեան պարագայում ամէն տարի նորոգում են իրենց բնակութեան եւ աշխատանքի թոյլտւութիւնները, որոնց այս գործերը նոյնպէս մենք ենք հետապնդում երկրի Աշխատանքի եւ Ներքին Գործերի նախարարութիւններում։ Իսկ եթէ ցանկանան ճամբորդել օտար երկրներ, նրանց ելումուտի գործերը կարգադրւում է մեր միջոցով։ Այս հարցը մեծ աշխատանք է պահանջում մեզանից, քանի որ բացի հայ եւ ասորի եկեղեցիները, կան նաեւ ռուսերի, յոյների, գերմանացիների եւ իտալացիների եկեղեցիները, ուր նաեւ արտերկրացի հոգեւորականներ են գնում-գալիս։

Քանի՞ տարի է, ինչ զբաղեցնում էք այս պաշտօնը։

18 տարի է, որ աշխատում եմ Էռշադում, իսկ 12 տարի է, որ ստանձնել եմ կրօնական փոքրամասնութիւնների գրասենեակի պատասխանատւութեան պաշտօնը։

Վերադառնանք մամուլի հարցերին։ Յոյս-ը ցանկանում է լինել երկլեզւանի, այսինքն ունենայ նաեւ պարսկերէն էջեր, սակայն այժմ միայն հայերէն լեզւով հրատարակւելու արտօնութիւն ունի։ Պարսկերէն էջեր ունենալը մեզ համար շատ կարեւոր է, քանի որ այդ էջերով մենք կարող ենք ունենալ պարսիկ ընթերցողներ եւ այդպիսով ծառայել երկու մշակոյթների կապերի սերտացմանը, եւ երկրորդ՝ բարձրացնել մեր նոյնիսկ հայ ընթերցողների քանակը, քանի որ հայերից շատերն էլ պարսկերէնը աւելի հեշտ են կարող կարդալ։ Ինչո՞ւ թոյլ չի տրւում թերթը հրատարակել հայերէն եւ պարսկերէն լեզուներով։
Ինչպէս Յոյս-ի հրատարակման շնորհանդէսին էլ ասացի, թերթ հրատարակելու արտօնութիւն ստանալու դիմումների թիւը բարձր է. ներկայիս շուրջ 1500-ից 1700 սպասողներ կան։ Մամուլի վերահըսկման յանձնաժողովը (Հէյաթէ Նեզարաթ բար մաթբուաթ), որ կազմւած է Էռշադի, խորհրդարանի, եւ այլ պաշտօնական ներկայացուցիչներից, իր շաբաթական կամ երկշաբեայ ժողովներում, ամէն անգամ քննում է 3-4 թերթի դիմում, ուստի այդքան դիմումների քննարկումը երկար ժամանակ է պահանջելու։ Մենք փոքրամասնութիւնների մամուլի արտօնութիւնների համար, պատճառաբանելով, որ սրանք մի տեսակ մասնաւոր թերթեր են եւ ոչ ընդհանուր, խնդրում ենք, որ նրանց դիմումները արտահերթ քննարկւեն։ Եթէ թերթը երկլեզւանի հրատարակւի, այլեւս մասնաւոր համարւել չի կարող, եւ պիտի ընդունւած կարգով ու բոլորի պէս իր հերթին սպասի։ Ուստի գերադասեցինք միայն հայերէնով իր գործն սկսի, եւ մէկ-երկու տարի հրատարակւելից յետոյ դիմենք նաեւ պարսկերէն բաժնի արտօնութեան համար։ Այժմ ես ստացել եմ Յոյս-ի արտօնատէրի դիմումը այդ ուղղութեամբ, եւ յոյս ունեմ Էռշադ-ի մամլոյ բաժնի վարիչի հետ խորհրդակցելով, կարողանանք ստանալ այն։

Արդեօք փոքրամասնութիւնների հարցերը ճանաչելու եւ վերլուծելու ուղղութեամբ հետազօտական աշխատանքներ էլ կատարո՞ւմ էք։ Օրինակ գիտենք, որ վերջին տարիների ընթացքում մեծ թափ է ստացել հայերի արտագաղթը Իրանից, արդեօք սրա պատճառները բացայայտելու-գտնելու համար որեւէ ուսումնասիրութիւն կատարւո՞ւմ է։
Իհարկէ. այն իրականութիւնը, որ մեր քրիստոնեայ հայրենակիցների մի մասը իրենց գիտեցած պատճառներով գաղթում են երկրից, մտահոգիչ երեւոյթ է մեր եւ կառավարութեան համար։ Սակայն մեր պարտականութիւնները հիմնականում գործնական եւ վարչական են, ոչ հետազօտական։ Վերը նշւած գործերն արդէն մեծ ուժ է պահանջում եւ մենք մեր 3-4 հոգիանոց մարդուժով դժւար ենք հասնում կարգադրել այդ բոլորը։ Երբեմն ուսանողներին քաջալերում ենք իրենց մասնագիտական հետազօտութիւնները փոքրամասնութիւնների հարցերի վերաբերեալ կատարել։
Միւս կողմից մենք նաեւ կապի մէջ ենք Կրթադաստիարկչական նախարարութեան հետ, ուր անդամակցում ենք Կրօնական փոքրամասնութիւնների դպրոցների վերահսկման յանձանխմբին։

-Շնորհակալութիւն մեզ տրամադրած տեղեկու -թիւնների համար եւ յաջողութիւն այդ ծանր աշխատանքներում։

Յոյս թիւ 43
28 Յունւար 2009