ՄԱՍՈՒՆՔՆԵՐ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ
 

Լ. Բերբերեան

Մեր բոլորի կեանքում կան մանկութեան յուշեր, որոնցից որոշները առաւել քան եւս տպաւորւած են լինում մեր յիշողութեան մէջ։ Իմ կեանքում դա մի երգի յուշ է, որ հայրս յաճախ էր տխուր երգում իր մենութեան պահերին։ Ես այնքան էի լսել այդ երգը, որ անգիր էի արել բառերը։

Մենք անկեղծ զինւոր ենք, առանձին վիճակ,
Ուխտել ենք ծառայել, երկար ժամանակ,
Պարսկաստանի խորքից եկել է նամակ,
Գնում ենք բարով, կուշանանք տարով,
Արիւն սուր ու հուր, պատերազմի դաշտ
Կըսպասեն մեզի...

Այն, ինչ ինձ մտածել էր տալիս, այն էր, որ ինչու այդ երգը ուրիշ ոչ ոք չի երգում, որովհետեւ յաճախ էին կազմակրպւում խնջոյքներ եւ հարսանիքներ, որոնց մասնակիցները հանդէս էին գալիս երգելով, բայց ոչ երբեք այս երգով։ Մի երգ, որը պէտք է յետոյ իմանամ, ինչպէս իր ընկերների, դա նաեւ հօրս կենսագրական երգն էր
Յուշ երկրորդ։
Ես փոքր եմ, մենք դեռ ապրում էինք Թաւրիզում։ Այն ժամանակւայ ճաշասեղանները այսօրւանից տարբեր էին եւ կոչւում էին բացովի, որովհետեւ դրանք վերին եւ վարին մասում ունէին տախտակներ, որոնք երբ բացւում էին, սեղանը մեծանում էր, իսկ դա կատարւում էր երբեմն, երբ հիւրերի թիւը շատ էր լինում։
Ես եւ ընկերուհիս խաղում էինք ճաշասեղանի տակ։ Բացովի մասերը հաւաքւած են։ Դրանց արանքում իմ ուշադրութիւնն է գրաւում մի առարկայ, ես այն վերցնում եմ։ Մետաղից է եւ ծանր, տանում եւ ցոյց եմ տալիս մօրս եւ հարցնում՝ սա ի՞նչ է։ Մայրս ակնյայտ շփոթւում է, եւ արագ վերցնում է ձեռքիցս։ Հետագային պիտի իմանամ, որ դա ատրճանակ է, հօրս պատերազմի դաշտի վաղեմի ընկերը...
Յուշ երրորդ։
Մեր տնում կար մի կտորեղէն, որի գոյնը մուգ դեղին էր, իսկ միւս երեսը աւելի սրճագոյն։ Դա ունի լայն գործածութիւն, դրանից կարւած ունէինք մի տոպրակ շուրջ 75 սանտիմետր երկարութեանբ, որի մէջ պահւում էին չգործածւած մաքուր սաւաններ կամ այդ կտորից կարւել էր բարձի բմբուլի առաջին աստառը, որը բաղկացած էր երեխայի բաճկոնի կարկատաններից։ Մի անգամ մօրս հարցրի՝ այս ինչ կտոր է, որն ունի առօրեայ կտորներից տարբեր գոյն, եւ որն այնքան ներկայութիւն է մեր կեանքում։
Մայրս բացատրեց.
-Երբ մենք Վանից գաղթեցինք եւ եկանք Երեւան 1917 թւականին, ես ամուսնացայ հօրդ՝ Արմենակի հետ։ 1918-ին, երբ Թուրքիան յարձակւեց Հայաստանի վրայ, Արմենակը, որ Վանի հերոսամարտից ունէր ռազմական փորձ, գնաց Սարդարապատի ճակատամարտին մասնակցելու, նրան դարձրին տասնապետ։ Այդ օրերին գիշեր-ցերեկ ղօղանջում էին Երեւանի եւ հաւանաբար ամբողջ Հայաստանի եկեղեցիների զանգերը։ Մենք՝ կանայքս թիկունքում ուտելիք էինք պատրաստում ճակատ ուղարկելու համար։ Ահա այդ օրերից մէկում, բակի դուռը բախեցին։ Այցելուն Արմենակի ընկերն էր, որ գործով ճակատից Երեւան էր եկել եւ ի միջիայլոց Արմենակից իր հետ բերել էր մի մեծ կապոց, եւ մի փոքր թուղթ, որի վրայ գրւած էր՝ Սիրելի Արշալոյս, քեզ եմ ուղարկում երկու հրացան եւ մէկ վրան, որոնք թուրքերից եմ աւար վերցրել։ Հրացաններից մէկը վաճառիր քո ապրուստը հոգալու համար, իսկ միւսը պահիր, որ եթէ, Աստւած մի արասցէ, թուրքերը Երեւան մտնեն, կարողանաս պաշտպանւել, վրանի կտորն էլ գործածիր ինչի համար որ կուզես։
Մայրս շարունակեց.
- Ես այս Վանի կտորից ինձ համար բաճկոն եւ փէշ կարեցի, որը շատ համահունչ էր այդ օրերին ռազմականացած Հայաստանի մթնոլորտին, իսկ յետոյ՝ Յակոբի եւ Արծրունիի համար՝ տաբատ, բաճկոն, Սեդայի համար՝ հագուստ։ Այդ վրանի կտորը դիմացկուն լինելով, տասնամեակներ մնաց մեր տնում եւ լրացնում էր կտորեղէնի պակասը, որն այդ դժւար տարիներին թանկ էր ու անգտանելի,- իր խօսքն աւարտեց մայրս։
Իսկ ես պէտք է իմանայի, որ մայրս իր հագուստի մի մասը ձեւափոխել էր եւ դարձրել էր տոպրակ, որի վրայ պահւում էին կարաբաժիններում մնացած վաղեմի մուգ գոյնը, իսկ գործածւած տարածքները գունաթափւել էին եւ դարձել դեղնաւուն։
Նոյնիսկ ստեղծւել էր պատռւածք, որը խնամքով կարկատել էր մայրս։
Այդ մասունքը ինձ համար թանկ էր, այն վկան էր թուրքի դէմ տարած մեր յաղթանակի, այն տեսել էր հուր եւ սուր, եւ հասել էր մինչեւ մեր օրերը։ 80-ական թւականներին, Հայերէնագիտական-ում Յեղափոխական երգեր դաս տալու ժամին, ես յաճախ էի ցոյց տալիս ուսանողներին եւ յոյս յայտնում, որ երբ Հայաստանը անկախ դառնայ, դա թող լինի մեր եռագոյնի նարնջագոյն բաժինը։ Եւ ինչքան յարմար կը լինէր, եթէ այն փողփողար, մի երկրորդ Սարդարապատում՝ Արցախեան պատերազմում։
Այնուամենայնիւ Արցախում էլ կարւեցին շատ դրօշներ, իսկ այս մասունքը, 2004 թւականին ես ուղարկեցի Նոր Ջուղայի թանգարանին իբրեւ լուռ վկայ՝ անցած հերոսական օրերի

Յոյս թիւ 50
20 Մայիս 2009